Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կամ, կամ-ը պետք է փոխարինվի և, և-ով»

«Կամ, կամ-ը պետք է փոխարինվի և, և-ով»
27.03.2013 | 18:03

«Ես կամ, կամ-ի հարց չէի դնի: Հայաստանը պետք է հնարավորության սահմաններում մանևրի, որպեսզի կարողանա համագործակցել և´ ՌԴ-ի, և´ Եվրամիության անդամ երկրների հետ»,-այսպես պատասխանեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ irates.am-ի հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանն այն բանից հետո, երբ պաշտոնական Բրյուսելը զգուշացրել է, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ, քանի որ դրանք հակասում են իրավաբանորեն:
Արման Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի համար շատ դժվար է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը:
«Հայաստանը պետք է այնպես վարվի, որ այս երկու կազմակերպությունները կարողանան համագործակցել մեր տարածաշրջանում»,- ասաց նա, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը փորձում է համագործակցել թե´ Եվրոպայի, թե´ ՆԱՏՕ-ի հետ և հնարավորության դեպքում համագործակցում է:
Արման Նավասարդյանի կարծիքով` ցանկալի է, որ այդ միջազգային կազմակերպությունները փոխեն իրենց կանոնադրություններն այնպես, որպեսզի Հայաստանը, որպես աշխարհագրական կարևոր դիրք ունեցող երկիր, կարողանա համագործակցել երկուսի հետ միաժամանակ:
«Չկա այնպիսի կազմակերպություն, որն ունենա քարացած օրենքներ և կանոնադրություն»,- ասաց նա:
Նա համաձայն չէ այն տեսակետին, որ ինտեգրացիոն գործընթացներն անցել են Հայաստանի կողքով, և մենք հիմա վայելում ենք դրանց դառը պտուղները:
«Եթե սատանայի հետ էլ պետք լինի համագործակցել (նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը-Թ.Հ.), ապա պետք է դիմել այդ քայլին: Բայց Բաքու-Ջեյհանն ու Նաբուկոն փակված են մեզ համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Արման Նավասարդյանը նշեց, որ Եվրասիական միության ստեղծումն հեռահար նկրտումներ է պարունակում իր մեջ` Չինաստան, Հնդկաստան, Իրան, և պետք չէ այդ ամենը շրջանցել: Ըստ դեսպանի` Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարող է հոյակապ խաղալ միջնորդի դեր, և հայկական դիվանագիտությունը պետք է օգտվի այդ հանգամանքից:
«Տեսեք` կա եռանկյունի` Մոսկվա-Թեհրան-Վաշինգտոն: Արդյոք մենք կարողանո՞ւմ ենք մանևրել այդ եռանկյունում, մեր շահերը ներկայացնել: Կան երկրներ` Դանիան, Շվեդիան, Ավստրիան, որոնք խաղում են այդ միջնորդի դերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է խաղա այդ դերը: Դա միջնադարից եկող քաղաքականություն է»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ