Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ոսկե ծիրանը» երիտասարդ, բայց և որակյալ փառատոն է»

«Ոսկե ծիրանը» երիտասարդ,  բայց և որակյալ փառատոն է»
20.09.2013 | 11:26

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ցուցադրվեց պարսիկ երիտասարդ ռեժիսոր ՆԱՎԻԴ ՄԻԽԱԿԻ (լուսանկարում` ձախից) «Մարուսյա» ֆիլմը` նվիրված իրանահայ թատրոնի դերասանուհի, բեմադրիչ, 93-ամյա հասակում անգամ չափազանց հմայիչ հայուհի Մարուսյա (Մարիամ) Վահրամյանին:

Ես հանդիպեցի ֆիլմի ռեժիսորի հետ իբրև թարգմանիչ փառատոնին հյուրընկալված մեր հայրենակցին` ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որը թարգմանչի առաքելությամբ մասնակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Նշեմ նաև, որ «Մարուսյա» ֆիլմում հնչում է դաշնամուրային երաժշտություն, որի հեղինակը և կատարողը Մարուսյայի որդին է` ճանաչված իրանահայ երիաժիշտ Վարդան Վահրամյանը:
Իմ զրուցակիցը սկզբում միայն Կարենն էր, ապա զրույցին միացավ ֆիլմի ռեժիսորը: ՈՒստի «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի այս հրապարակումը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից, որովհետև այստեղ ոչ թե երկխոսություն է, այլ երեք մարդու զրույց:

«ԻՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ»


ԹՂԹ.- Կարեն, ո՞վ է Նավիդ Միխակը:
Կ. Ս.- Նավիդ Միխակն ավարտել է Թավրիզի համալսարանի կինոռեժիսորական ֆակուլտետը: 29 րոպե տևողությամբ «Մարուսյան» ռեժիսորի երրորդ ֆիլմն է: Եվ այնքան հաջողված է, որ կարողացավ գալ-հասնել «Ոսկե ծիրան»:
ԹՂԹ.- Խնդրում եմ` հնարավորինս ամփոփ ներկայացրեք Մարուսյայի կերպարը և նրա մասին ֆիլմ նկարելու` պարսիկ երիտասարդի շարժառիթները:
Կ. Ս.- Երիտասարդ ապագա ռեժիսորը` Նավիդ Միխակը, որ դեռ ուսանող էր, սկսել էր հետաքրքրվել իրանահայերի կյանքով: Մի օր, գալով Թավրիզի հայկական թաղամաս, մտավ իմ խանութ, որտեղ հրուշակեղեն է վաճառվում: Նրան արդեն տեղեկացրել էին, որ իր փնտրած շատ հարցերի պատասխաններ կարող է ստանալ ինձնից: Նավիդը խնդրեց ինձ պատմել իրանահայության, մասնավորապես` Թավրիզի հայկական թատրոնի մասին: Քանի որ ես մասնագիտությամբ հնագետ եմ, իրեն պատմեցի ոչ միայն թավրիզահայ թատրոնի այսօրվա, այլև անցյալի, սկզբնավորման ժամանակների, անցած երկար ճանապարհի մասին: Թավրիզում հայ թատրոնն ստեղծվել է 1870-ական թվականներին` ավելի շուտ, քան Թեհրանում և Սպահանում կստեղծվեին այդպիսիք: Թավրիզն ավելի մոտ էր գտնվում Հայաստանին, շփումներն առավել ակտիվ էին նաև Ռուսաստանի հետ: Հաճախակի էին լինում հայաստանցի և ռուսաստանցի հայերի այցելությունները Թավրիզ: Արդյունքում զարկ է տրվում հայ թատերական արվեստին, ինչպես և արվեստի այլ ձևերին Թավրիզում: Ընդհանրապես, Իրանում հայերը միշտ էլ մեծ դերակատարություն են ունեցել մշակութային կյանքի զարգացման գործում, նկատելի հաջողությունների են հասել կերպարվեստի, թատրոնի, երաժշտության, հետագայում` կինոյի ասպարեզներում: Հայազգի մեծ արվեստագետներ ենք ունեցել Իրանում` թե՛ ծնունդով իրանցի, թե՛ 1920-ականներին Հայաստանից և Ռուսաստանից վտարանդիների հետ Իրան տեղափոխված: Նրանք պարզապես ծաղկեցրել են այդ երկիրն իրենց արվեստով, իրենց տաղանդով: Կարելի է շատ անուններ թվարկել: Օրինակ` դրանցից մեկն է եղել թատերական բեմադրիչ Մանվել Մարությանը, որ 1921-ին Թավրիզ է տեղափոխվել Հայաստանից: Այդ մեծանուն արվեստագետների մեջ են եղել նաև ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, շատ այլ դեմքեր: Բազում անվանի հայ ճարտարապետներ նպաստել են Թավրիզ քաղաքի կառուցմանը: Մարուսյա Վահրամյանը (օրիորդական ազգանունը` Առաքելյան) այն սերնդի ներկայացուցիչն է, որը Ռուսաստանից է տեղափոխվել Հայաստան, իսկ ավելի ուշ` Թավրիզ: Մարուսյայի ամուսինը` Գրիգոր Վահրամյանը, նույնպես այդ սերնդից էր: Լինելով զտարյուն հայ` նա ծնվել էր Ռուսաստանում, ապա տեղափոխվել Թավրիզ: Կերպարվեստի հայտնի ներկայացուցիչ էր Թավրիզում և ուներ իր գեղանկարչական դպրոցը: Մարուսյան եղել է այդ դպրոցի սանուհիներից մեկը: Հետո սիրահարվել են, ամուսնացել: Կերպարվեստին զուգահեռ` Մարուսյան նաև դաշնամուրով է զբաղվել, երեխաներին ուսուցանել է դաշնամուր նվագել: Ես էլ նրա աշակերտն եմ եղել 12 տարեկանում: Միաժամանակ աշխատել է նաև տարբեր հայկական թատերախմբերում, նախ` իբրև դերասանուհի, իսկ հետո` իբրև բեմադրիչ:
ԹՂԹ.- Փաստորեն, Մարուսյային աշակերտելու հանգամանքն է նպաստել, որ Դուք դաշնամուրային կատարումներով հանդես գաք Մարուսյայի հեղինակած թատրոններում:
Կ. Ս.- Այո՛: Ես 14-15 տարեկանից խաղացել եմ նաև Մարուսյայի ղեկավարած թատրոններում: Տարբեր դերերով եմ հանդես եկել: Բայց 2008-ին, երբ Մարուսյան որոշեց բեմադրել «Կոմիտաս» ներկայացումը Թավրիզի հայ թատրոնում, ինձ վստահվեց ամենապատասխանատու դերը` Կոմիտասի կերպարը: Ես նվագում եմ դաշնամուր, ունեմ մորուք, ինչ-որ չափով արտաքինս հիշեցնում է Կոմիտասին: Այս ամենը հաշվի առնելով` Կոմիտասի դերն ինձ վստահեցին` մտածելով, որ լավ կխաղամ: Բարեբախտաբար, այդպես էլ ստացվեց: «Կոմիտաս» ներկայացումը դիտել են բազմաթիվ նշանավոր հյուրեր, այդ թվում` Իրանում Հայաստանի դեսպանը: Այն մեծ իրադարձություն էր Թավրիզի հայ մշակութային կյանքում: Թեև Կոմիտասն ինձ համար անհայտ մեկը չէր, նրա ստեղծագործություններից շատերը վաղուց նվագում էի, բայց չափազանց մեծ պատասխանատվությամբ սկսեցի աշխատել դերիս վրա: Մոտ մեկ ամիս ուսումնասիրեցի Կոմիտասի կյանքը, օր ու գիշեր ապրեցի նրա կերպարի մեջ, որպեսզի կարողանամ ինձ վստահված գործն իրականացնել:
ԹՂԹ.- Վերադառնանք «Մարուսյային»: Ինչպե՞ս արձագանքեց ֆիլմին Մարուսյան:
Կ. Ս.- Մարուսյան 93 տարեկան է ֆիլմում: Եվ հենց այդ տարիքում էլ` ֆիլմի նկարահանման ընթացքում, նա մահացավ:
ԹՂԹ.- Այսինքն` չտեսա՞վ ավարտված ֆիլմը:
Կ. Ս.- Ո՛չ, ցավոք, նա չհասցրեց ֆիլմը տեսնել: Իր կյանքի 93 տարիներից 70-ը թատրոնին նվիրած այդ կինն այլևս մեզ հետ չէ:
ԹՂԹ.- Ի՞նչ ճանապարհ է անցել «Մարուսյա» ֆիլմը, մասնակցե՞լ է այլ փառատոների:
Կ. Ս.- Ո՛չ, «Ոսկե ծիրանը» առաջին կինոփառատոնն է, որին մասնակցում է «Մարուսյան», բայց Երևանում գտնվելու օրերին մենք ծանոթացանք շատ կինոռեժիսորների, կինոպրոդյուսերների հետ, ովքեր դիտեցին ֆիլմը և հետաքրքրվեցին նրանով: Սա հնարավորություն է ընձեռում, որ մենք ունենանք այլ կինոփառատոների հրավերներ, լինենք նաև ուրիշ երկրներում: Իսլամական երկրում ապրող հայերի մասին պատմող այս ֆիլմը ուշագրավ է նրանով, որ պատկերացում է տալիս իր մշակույթը պահպանող, զարգացնող քրիստոնյա ազգի մասին: Սա վկայությունն է այն բանի, որ Իրանում այսօր ծաղկում է հայկական կյանքը:
ԹՂԹ.- Սփյուռքում ապրող հայերի հեռանկարը, ի վերջո, ուծացումն է: Այս են վկայում տարբեր հայկական գաղթօջախների ճակատագրերը: Կարելի՞ է ասել, որ իրանահայ համայնքն այս առումով բացառություն է:
Կ. Ս.- Կարող եմ համարձակությամբ և հարյուրտոկոսանոց վստահությամբ հայտարարել, որ իրանահայերը, իսկապես, բացառություն են: Իրանահայ ընտանիքներում դաստիարակության հիմքը հայրենասիրությունն է: Այս արժեքները մեր երեխաների մեջ դաստիարակվում են մանկապարտեզից և շարունակվում հասուն տարիքում: Յուրաքանչյուր հայ երեխա մեծանում է` իր մեջ կրելով հայկական շունչը, ոգին: Մեր դպրոցներում դասավանդվում են հայոց լեզու, հայկական կրոն, պատմություն: Այս բոլոր հնարավորություններն ստեղծված են Իրանում հայկական համայնքի համար:
ԹՂԹ.- Դուք իրանահայ գերդաստանի ո՞ր շառավիղն եք։ Քանի՞ սերունդ է Ձեր ընտանիքից ապրում Իրանում:
Կ. Ս.- Թե՛ հորս, թե՛ մորս կողմը, իրենց պապերից սկսած, Իրանում են ապրել:
ԹՂԹ.- Ձեր սերնդի ներկայացուցիչների համար օրինաչա՞փ է այսքան վարժ հայերեն խոսելը:
Կ. Ս.- Այո՛, բոլորն են այսպես հայերեն խոսում:

«ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒՆԵՑԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»


ԹՂԹ.- Ես հասկանում եմ, որ ձգտում եք մեր զրույցի մեջ ներգրավել նաև Նավիդ Միխակին և անցնել Ձեր բուն պարտականություններին` թարգմանությանը: ՈՒստի հարցս կուղղեմ նրան: Նավի՛դ, Դուք մասնակցում էիք Արտավազդ Փելեշյանին «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությանը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք քրիստոնեական հոգևոր կենտրոնում` իբրև իսլամադավան մարդ:
Ն. Մ.- Շատ տպավորված եմ Էջմիածին կատարած այցելությամբ: Նախկինում նաև Իրանում եմ առիթ ունեցել մասնակցելու հայկական եկեղեցական արարողությունների. ունեմ համապատասխան արտոնագիր` այդ մասնակցությունների համար: Դա համարում եմ հիանալի հնարավորություն` մոտիկից ճանաչելու հայ ազգը, հայկական սովորույթները:
ԹՂԹ.- Ինչո՞ւ որոշեցիք Ձեր ֆիլմը ներկայացնել «Ոսկե ծիրանին»:
Ն. Մ.- Վաղուց էի լսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին, և երբ արդեն «Մարուսյայի» նկարահանումները կիսով չափ արված էին, որոշեցի ավարտելուց հետո այն ներկայացնել փառատոնի մրցութային ծրագրին: Կասկածներ ունեի` կընդունվի՞, չի՞ ընդունվի: Բարեբախտաբար, ընդունվեց:
ԹՂԹ.- Ի՞նչ տպավորություն ստացաք «Ոսկե ծիրանից»:
Ն. Մ.- Առաջին բանը, որ կարող եմ ասել, այն է, որ «Ոսկե ծիրանը» երիտասարդ, բայց և որակյալ փառատոն է: Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանը չունի էներգետիկ մեծ ռեսուրսներ, տնտեսական հզորություն, ֆինանսական լուրջ միջոցներ, շատ գնահատելի է, որ կարողանում է այսպիսի փառատոն կազմակերպել և աշխարհի տարբեր երկրներից նման հեղինակավոր մարդկանց հրավիրել այստեղ: Տասը տարվա ընթացքում շատ նշանավոր մարդիկ են եղել Հայաստանում «Ոսկե ծիրանի» շնորհիվ, և դա շատ բարձր գնահատականի արժանի փաստ է: Ձեր երկիրը, ուրիշ հարցերում համադրելի չլինելով այլ հզոր երկրների ու նրանց փառատոների հետ (Կանն, Վենետիկ, Բեռլին և այլն), շատ շքեղ ու գեղեցիկ է կարողանում ներկայանալ աշխարհին «Ոսկե ծիրանով»: Հատկապես գնահատելի է փառատոնն այն իմաստով, որ ինձ նման երիտասարդ ռեժիսորներն այստեղ կարողանում են իրենց առաջին քայլերն անել: Ինձ համար սա մեծ պատիվ է: Ես շատ բարձր կարծիքի եմ փառատոնի կազմակերպիչների մասին, հրաշալի յոթ օր ապրեցինք Երևանում, շփվեցինք կինեմատոգրաֆիայի աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ: Ես ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր ծանոթներ, նոր փորձառություն, ստացա նոր առաջարկություններ` կապված ֆիլմիս հետ: Եվ ինձ համար չափազանց կարևոր այս առաջին ձեռքբերումներն ունեցա Հայաստան աշխարհում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ