ReAnimania 2019
 

«Երբ մարդ ներքին ազատություն ունի, դրսից ազատություն ստանալիս ոտնձգություն չի անում ուրիշի ազատության դեմ»

«Երբ մարդ ներքին ազատություն ունի, դրսից ազատություն ստանալիս ոտնձգություն չի անում ուրիշի ազատության դեմ»
20.03.2009 | 00:00

ՌԵԺԻՍՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ
-40 տարի քայլելով մտնում ես թատրոն, զգո՞ւմ ես քաղաքիդ համը: Երևանը մեր քաղաքն է, ավելի հարազատ չի լինում, ուղնուծուծով մերն է... Բայց կարծես խորթացել ենք իրար, թե՞ մեծացել ենք, մեր պատկերացումներն են փոխվել... Քաղաքի համը, քաղաքի հոտը, քաղաքի զգացողությունը բթացե՞լ են, թե՞ դու պահել ես...
-Հա, փոխվել են, ճարտարապետությունը, շենքերը...
-Չէ, ճարտարապետություն-շինարարություն` մի կողմ, ես ասում եմ օտար հարազատության մասին...
-Ինձ համար բոլորովին փոքր բան չէ փողոցը ճիշտ անցնելը. ես սպասում եմ կանաչ լույսին, ես, որպես քաղաքացի, պարտականություն ունեմ կիրթ լինելու, ամոթ ունենալու: Իսկ հիմա մարզերի փոքրիկ գյուղերում ամոթ հասկացությունը գուցե ավելի է պահպանվել, քան մեզ մոտ: Ես կարծում եմ, որ ներքին ամոթի զգացողություն ունեցողն արդեն կիրթ մարդ է: Բարձրագույն կրթություն չունի, բայց ներքին, արյան կրթվածություն ունի: Փոքր ժամանակ մի բան սխալ անեի, մայրս չէր ասի` չի կարելի, կասեր` ամոթ է, տղաս: Ես հասկանում էի, որ ամոթը շատ ավելի լուրջ բան է, քան «չի կարելին»: Հիմա այս «ամոթ»-ի հարցերն են աղավաղվել շատ-շատ տեղերում, նաև նիստուկացի մեջ: Շատ մարդիկ կան, որ շատ-շատ բաների ստրուկ կարող են դառնալ, բայց օրենքի ստրուկ դառնալ չեն ուզում:
-Շահավետ չէ, ոչինչ չեն ստանում դրա դիմաց:
-Ի՞նչ պիտի ստանան:
-Այլ պարագաներում ունեն փոխհատուցվող շահ, օրենքն ի՞նչ է տալիս` միայն պարտականություն, օրենքը չի պաշտպանում մարդուն, օրենքը կարգավորում է...
-Դե, պիտի հուսանք, որ վաղը-մյուս օրը սկսի պաշտպանել նաև մարդուն: Եթե սկսես օրինապահ լինել, նա քեզ կպաշտպանի: ՈՒզի-չուզի: Ես ուզում եմ հավատալ դրան:
-Ես էլ, բայց պիտի բոլորը հավատան, որ պաշտպանի: Օրենքը բոլորինը պիտի լինի, որ գործի:
-Մեր թատրոնում օրենքը գործում է:
-Հրաշալի է, իսկ թատրոնի օրենքի մասին ի՞նչ կարծիք ունես:
-Բայց այդ օրենքը դեռ նախագիծ է, 4-5 տարի մշակվում էր, հետո Ազգային ժողով մտավ` վերամշակվում է: Կարծում եմ` թատրոնի մասին օրենքը մի քիչ ավելի կոորդինացնող է լինելու, գլխավորը ՊՈԱԿ-ի մասին օրենքն է: Նախագծի մեջ կարևորը` ապահովված է թատրոնի բազմակացութաձևությունը` և՛ ղեկավարման իմաստով, և՛ տեսակների: Միևնույն է, խաղացանկային, ստացիոնար թատրոնները չեն կարող լուրջ ֆինանսավորում չունենալ պետության կողմից, այն էլ` մեր փոքրաթիվ բնակչության պայմաններում: Եթե հանդիսատեսի քանակը մեծ լինի, գումարն էլ մեծ կշահենք, քանակը փոքր է: Իսկ թատրոնների թիվը քչացնելով` մի ուրիշ թատրոնի հանդիսատեսի քանակը չես շատացնի: Ասում են` թատրոնները շատ են: Թատրոնները շատ չեն: Ասում են` ուրիշ երկրներում պետությունն այդքան թատրոններ չի ֆինանսավորում: Ճիշտ է, բայց դրանք մեծ բնակչությամբ և կայացած երկրներ են: Ռուսաստանի մասին դեռ ասում են` չկայացած պետություն, բայց մտեք Մոսկվա, տեսեք` քանի թատրոն է միայն Մոսկվայում պետությունը պահում: 12-միլիոնանոց քաղաքի մասին է խոսքը, որտեղ 2-3 միլիոն էլ մարդ է օրական ելումուտ անում: Մոսկվայում երկու ամիս առաջ նոր ներկայացման տոմսերն արդեն վաճառված են լինում: Հանդիսատեսի որակն էլ ուրիշ է: Օրինակ` մի քանի թատրոններում միաժամանակ Օստրովսկի է բեմադրվում, և հանդիսատեսը հնարավորություն ունի նույն գործը տարբեր թատրոններում տեսնելու. քիմքի հարց է` այստեղ ոնց են մեկնաբանել, այնտեղ ոնց են լուծումը գտել...
-Դա նաև դպրոց ստեղծող է:
-Այո, եթե կաղում ենք, կաղում ենք բոլորս մեր կրթության մեջ, ներքին կուլտուրայի մեջ, մշակութային ցանկությունների: «Այս մեկը ամենալավն է»` չի լինում: Ասում են` հանճարեղ Մենուհինին հարցրել են` այսինչ թավջութակահարը, Ձեր կարծիքով, ո՞ր տեղում է աշխարհում: Երկրորդ: Իսկ առաջին տեղում ո՞վ է: Օ, առաջիններ շատ կան: Մենք շատ ենք սիրում, որ ամեն ինչ միատեսակ լինի:
-Շինելի հոգեբանությունն է...
-Մեր ներքին ազատություններից է գալիս, ներքին ցանկություններից... Երբ մարդ ներքին ազատություն ունի, դրսից էլ ազատություն ստանալիս ոտնձգություն չի անում ուրիշի ազատության դեմ, որովհետև գնահատում է իր ներքին ազատությունը, հասկանում է` կաշկանդելը, վիրավորելն ինչ են նշանակում: Նա չի կաշկանդի, չի վիրավորի, չի նսեմացնի դիմացինի ազատությունը...
-Այո՞, այդպես կվարվի մարդը, ում մանկուց ասել են` «Ամոթ է, տղաս», «Չի կարելի»` չեն ասել, ոչ բոլորն են այդպես, շատերին այլ բան են ասել ու ասում...
-Չէ՛, ինչո՞ւ, եղել են դեպքեր, որ ինձ էլ են ասել` չի կարելի, հայրս է ասել: Ասաց` տղաս, չի կարելի սուտ ասել, ինչ-որ սուտ էի ասել` երևի փողոցի հետ կապված: Հայրս չգիտեր, որ ես փողոցի կյանք էլ ունեի, կարծում էր, որ ես այն եմ, ինչ ինքը պատկերացնում էր Սամվել Խանդիկյանի որդուն: Ասացի` բայց կա, չէ՞, սուտ խոսել, կա նման բան: Ասաց` կա, ասացի` ուրե՞մն... Ասաց` ուրեմն միայն թշնամուդ կարող ես սուտ ասել: Իսկ թշնամի նա մի բան էր պատկերացնում` մեր մոտակա հարևաններին: Ջարդից փրկված մարդ էր... Նա երկու նախագահ տեսավ. լինում էր` իր ներկայությամբ ընկերներս կամ ինչ-որ մեկը կոպիտ էին խոսում որևէ նախագահի հասցեին, հետո ինձ ասում էր` ասա նրանց, իմ ներկայությամբ նախագահին չհայհոյեն: Անուն-ազգանուն չէր ասում: Նա այս երկիրն էր եկել ոչ միայն հայրենասիրությունից: Հայրենասիրությունից կարող էր Բեյրութից զենքը վերցնել-գնալ Արևմտյան Հայաստան` հայրենիքը հետ գրավելու: Նա եկել էր Հայաստան, որովհետև պետություն էր ստեղծվել, նա պետականություն սիրող մարդ էր: Ո՞նց ապրենք: Ամերիկացին իր հայրենի՞քն է սիրում, թե՞ իր պետությունը: Դա միայն իշխանությունի՞ց է գալիս, թե՞ նաև մեզնից: Ես չգիտեմ, ես ուզում եմ պետություն սիրել, այն ժամանակ էլ հայրենիքս կսիրեմ: «Հայրենասիրության» մշուշի մեջ մենք շատ կարևոր հարցեր ենք թաքցրել, երկար-երկար... Թաքցրել ենք մշուշի մեջ ու քողարկվել ենք...
-Չե՞ս ուզում բեմ դուրս գալ...
-Եթե որևէ բեմադրիչ ինձ հետաքրքրող ինչ-որ բան առաջարկի, գուցե:
-Արմեն Խանդիկյանը չի՞ առաջարկում:
-Ես` ի՞նձ: Կան, իհարկե, բեմադրիչներ, որ խաղում են իրենց ներկայացումներում: ՈՒրիշին չեմ արգելի, բայց և խորհուրդ չեմ տա որևէ բեմադրիչի, եթե ստիպյալ վիճակ չէ, փրկելու վիճակ չէ: Համատեղելու համար չափազանց տարբեր գործեր են: Նույնն է, թե` ֆուտբոլի նույն խաղում դարպասապահին գլխավոր հարձակվող խաղացնես: Գիտես` թեկուզ հանճարեղ մարզիչները կարո՞ղ են այն խաղը խաղալ, ինչ պահանջում են ֆուտբոլիստից: Տարիքի հարց չէ: Չնայած փորձառությունը շատ կարևոր է ղեկավարելու համար: Եթե ինչ-որ բանի հասել եմ, կայանում կամ կայացել եմ, նաև փորձառություն է: Բացի հայաստանյան դպրոցից, ես Մոսկվայում էլ լուրջ դպրոց եմ անցել, ասիստենտություն եմ արել Էֆրոսին, Զավադսկուն: Պիտի ապացուցես, որ դու դու ես, դու քեզ ես նման և ուրիշին նման չես, ու քեզ նմանը զարգանալու իրավունք ունի:
-Գիրք չե՞ս գրելու:
-Գի՞րք, չգիտեմ, գուցե և փորձեմ: Լևոն Մութաֆյանի հետ մի պիես ենք ստեղծում` «Ձուկն առանց ջրի, կամ` ինքնասպանը»: Մտավորականի կեցվածքն ենք փորձում ճշտել` մտավորականը ոչ աջ, ոչ ձախ, ինքն իր նման պիտի լինի: Այդ ժամանակ ժողովուրդը կգա հարցում անելու և այդ հարցումը չի լինի` ինչո՞ւ մեր կողքին չես, այլ կլինի` իսկ ի՞նչ անենք: Առայժմ լուրջ մտավորականներին հարց են տալիս էս կողմից էլ, էն կողմից էլ` ինչո՞ւ մեր կողքին չեք: Կարծում եմ` արդեն հասկանում են, որ մտավորականը պիտի լինի այնտեղ, որտեղ ինքը կա, ուր Աստված է որոշել: Եվ ինքը չպիտի գնա, իր մոտ պիտի գան: Ինքը այնքան հետաքրքիր պիտի լինի, որ գան իր մոտ: Ես չեմ կարծում, որ մտավորականը պատրաստ կլինի գլոբալ հարցերի պատասխան տալ` իսկ ի՞նչ պիտի լինի երկրի վիճակը, քաղաքականության վիճակը... Ամենագլխավորը բեմադրիչի ու դերասանի համար, կարծում եմ, ներքին պատկերի գոյություն ունենալն է: Ներքին աչքի, որի անունը երևակայություն են դրել: ՈՒ երևակայությունը պիտի կարողանա բեմի «սև տուփի» մեջ իրագործել, տեսանելի դարձնել պատկերը` տեսալսողական արվեստ է թատրոնը
-Իսկ զգա՞լը:
-Եթե ներկայացման երևակայությունը հզոր է, հանդիսատեսը կզգա ու կգնա հետևից: 400 հոգու հետ նստած հանդիսատեսը պիտի հինգ րոպե հետո իրեն միայնակ զգա դերասանի հետ: Երբ չզգա, որ շուրջը մարդ կա, կզգա, որ բոլորի հետ է:
***
...Երբ մարում են դահլիճի լույսերը, բայց ներկայացումը դեռ չի սկսվել կամ արդեն ավարտվել է, բայց դահլիճի լույսերը դեռ չեն վառվել, կա անորսալի մի պահ թատրոնում` կարճ ու երկար, որ ինձ միշտ թվացել է ՌԵԺԻՍՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ-ը: Հարցազրույցի ժամանակ ես չհարցրի` ո՞րն է քո ժամանակը: Վախեցա, որ կպատասխանի` իսկ դու թատրոնում եղե՞լ ես:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao