Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր

Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր
26.03.2019 | 00:10

Եթե հաշվի չառնենք Մեղրու գնդում տեղի ունեցածը, իսկ հաշվի չառնել անհնար է, ապա, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել` հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական զարգացումները դադարի մեջ են ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների պատճառով, չնայած դրանցում նախորդ օրվանից ինչ-ինչ անորոշ հստակումներ եղան:


Նկատենք` Դոնալդ Թրամփի` ռուսական իշխանությունների հետ կապի մասին դատախազ Մյուլլերի ԱՄՆ արդարադատության նախարարություն ուղարկած զեկույցը, ըստ փորձագետների և Թրամփի, որևէ մեղսագրում չունի Թրամփին, և Թրամփն այն իր հաղթանակն է համարում: Ասել է` ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրված դեմոկրատ Բայդենի շանսերը բավականին թուլացան այդ զեկույցով (հիշենք` Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հանրապետական Թրամփը երկրորդ անգամ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ` հազար ու մի պատճառով):


Երկրորդ էական գործոնը ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում այն էր, որ Ռուսաստանը երկու ռազմական ինքնաթիռ է ուղարկել Վենեսուելա (առայժմ` երկու), ինչն արձանագրում է, որ Մոսկվան անելու է ամեն ինչ, որպեսզի ամերիկյան ֆավորիտ Գուայդոն այնտեղ չհաջողի իր «թավշյա, բռնի հեղափոխության մեջ»:


Այս համատեքստում էլ հայաստանյան կանգը արձանագրվում է Նիկոլ Փաշինյանի նոր գովազդային «հնարքներով»` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքը իր անձով, իր ավելով, իր «բիչոկահավաքմամբ» լցնելով, երկրորդ պլան մղելով բուն կատարվելիքը, ինչն անչափ գրագետ, ծանոթ «փիար-ակցիայի» դրսևորում էր: Եվ այն էլ` Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպման «ֆոնին»: Մինչ կխոսենք այն մասին, թե ինչպես Փաշինյանի շաբաթօրյակային «Օվերտոնի պատուհանը» փակվեց Մեղրու զորամասում տեղի ունեցող զարգացումներով, նկատառենք` Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը շատ երկար տևեց: Պատճառն անորոշությունն է: Զրո հեռանկարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում. կողմերի, հատկապես հայկական կողմի մոտեցումները տեղ չեն թողնում ավելին ակնկալելու: Ընդ որում, հայաստանյան կողմին չերևացող խաղարկումով օժանդակում է Ռուսաստանը` ընդդեմ ԱՄՆ-ի, որը շատ է շտապում Ղարաբաղյան հարցում:


ՈՒ հենց այդ փութանքի արդյունքներից մեկն էլ, թերևս, Մեղրու գնդում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք` գնդի հարյուր (որոշ տվյալներով` մի քանի հարյուր) զինվորներ ընդվզել են սպայական կազմի դեմ, չեն ենթարկվել սպայի հրամանին, լքել են զորամասը: Հիշենք` սա Մեղրին է, այն Մեղրին, որը, ըստ Պոլ Գոբլի հավերժական ծրագրի, պետք է փոխանակվի Լաչինի հետ, որպեսզի Թուրքիան (Նախիջևանը) ու Ադրբեջանն անմիջական կապ ունենան: Բայց այս մեգա-ծրագիրն ամենևին Թուրքիայի «սիրուն աչքերի» համար չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային «տիրապետման», Իրանը հսկողության տակ պահելու: Այո, իզուր չէր պարոն Բոլթոնը եկել Հայաստան և հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն հեղափոխությունն «ինչպես անելու», «ուժեղ» մանդատի, այլև Իրանի շուրջ իրենց ստեղծելիք աղեղի ու պատժամիջոցների մասին:
Պնդում ենք` Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար:
Հաջորդ զուգահեռն անցկացնենք. Մեղրու գնդի զարգացումներին գրեթե համընթաց ասպարեզ մտավ ոչ անհայտ Վահան Շիրխանյանը (սա առանձին, երկար խոսակցության թեմա է. բավարարվենք առայժմ մեկ բաղադրիչով) և «հիշեցրեց»` Քոչարյանը «համաձայնել» էր Մեղրին «տալուն» Լաչինի փոխարեն:


Այո, սա ևս ուրույն «Օվերտոնի պատուհան» էր. թվում էր` Շիրխանյանի ասածները հիմնականում Հոկտեմբերի 27-ին են վերաբերում, սակայն, 25-րդ կադրի սկզբունքով, այս միտքն էր նախ և առաջ շրջանառվում:
«Շրջանառման» գերնպատակը, մինչ բուն զարգացումներ, բանակը նշանառության տակ պահելն է, դեռ նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին գումարտակներից մեկը նույն տեխնոլոգրիայով ոտքի հանելն ու միտինգավոր դարձնելը, հեղափոխությունը հաղթանակի «տանելը» Վազգենի հիշատակի խաթարմամբ, նույն բանակի քայքայմամբ, բարոյալքմամբ:
Իսկ սա մեկ նպատակ է հետապնդում, ինչի մասին բազմիցս ենք ասել. «մենթալ պլանի» փոփոխումից հետո ցանկացած խնդրի լուծում զուտ տեխնիկայի հարց է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ