Amadinda
 

«Ամենավտանգավորն այն ղեկավարն է, որն իր պատասխանատվությունը գցում է հասարակության վրա»

«Ամենավտանգավորն այն ղեկավարն է, որն իր պատասխանատվությունը գցում է հասարակության վրա»
31.05.2019 | 01:38

ՀՀԿ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ անհանգստացնում է Հայաստան-Արցախ հարաբերություններում առկա մթնոլորտը, որը գնալով խիստ վտանգավոր է դառնում։ Տիկին Աճեմյանի հետ զրուցում ենք Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումներից։

-Ինչու՞ որոշակի շրջանակներ Հայաստան-Արցախ հարաբերություններում փորձում են սեպ խրել, ո՞րն է դրա նպատակը։
-Ինչ Փաշինյանն իշխանության է եկել, որդեգրել է բաժանելու, քանդելու, դավադրություններ հյուսելու, թշնամանք տարածելու քաղաքականություն։ Սա տարածվում է նաև Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա։ Չնայած Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հետ ոչ մի խնդիր չկա, բայց Մայիսի 28-ի տոնակատարությանն Արցախն առաջին անգամ չմասնակցեց, սա նշանակում է, որ իրականում ամեն ինչ իր ասածի հակառակն է։ Եթե եղածին հավելում ենք նաև Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները, կարծում եմ, շատ վտանգավոր կետի ենք հասել։ Փաշինյանը կամ մտածված է այս ամենն անում, կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին։ Նա մշտապես առաջնորդվել է դավադրություններ հրահրելով ու իբր դրանք հաղթահարելով, այսինքն արհեստական թշնամիներ ստեղծել և ամեն ինչ նրանց վրա բարդել։
-Բավական վտանգավոր հայտարարություններ են հնչում, որոնք պետք է անհապաղ ուժային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեին, սակայն դրանք օդում շարունակում են «թևածել»։ Այդ հայտարարություններից մեկն էլ այն էր, որ որոշ շրջանակներ ցանկանում են տարածք հանձնել և դա վերագրել Հայաստանի իշխանություններին։ Ինչու՞ մինչ այս պահն այդ դավաճանների անունները հանրությանը հայտնի չեն։
-Առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ են արվում։ Էլի պետք է անդրադառնամ Փաշինյանի ստերին ու մանիպուլյացիաներին։ Հնարավոր է` նրա մտքում ինչ-որ բան կա և դա փորձում է այլոց վրա բարդել։ Արցախում երբևէ ոչ մեկը նման մտադրություն չի ունեցել ու չի ունենալու, հակառակը, Արցախի իշխանությունները խոհեմ, իմաստուն գործողություններով ցանկանում են եղած թշնամանքը մեղմացնել, վերացնել։ Ադրբեջանական մեդիա դաշտում արդեն բազմաթիվ հոդվածներ կան, որտեղ արձանագրվում է, որ Հայաստանի և Արցախի միջև թշնամանք կա։
-Իմա՝ Ադրբեջանն օգտվում է մեր ներքին խժդժությունների՞ց։ Եթե այո, ապա դա ինչի՞ է հանգեցնելու։
-Իհարկե, օգտվում է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսպիսի դավադրությունների, մթնոլորտի պատճառով մեր երկիրը միայն թուլանալու է։ Ամենակարևորն այն է, որ ճակատագրական սխալներից խուսափենք, եթե, իհարկե, հաջողվի։ Իշխանություններն անմեղսունակության սինդրոմով են տառապում, սա վերաբերում է ԱԺ-ին, բոլոր ակտիվիստներին և քայլարածներին, որոնք կիլոմետրերով հեռու են արտաքին քաղաքականությունից։ Իրենց քայլերով մեզ մշտապես հեռացնում են մեր արտաքին բարեկամներից, համախոհներից։ Մենք մի իրականությունում ենք, որտեղ յուրաքանչյուր քայլ լի է վտանգներով։
-Ի դեպ, մեր բարեկամների մասին. օրերս ԵԱՏՄ հերթական նիստում Փաշինյանը միակն էր, որին չպարգևատրեցին ԵԱՏՄ 5-ամյակի առթիվ։ Ավելին, Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպումն էլ չկայացավ։ Սա ինչի՞ մասին է խոսում։
-Սա կոնկրետ վերաբերմունք էր։ Այդպիսի ձևաչափերում ոչինչ պատահական չի լինում։ Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։ Փաշինյանը գնաց ԵԱՏՄ, հոխորտաց, իրեն իբր հերոս հռչակեց, իրականում այս մեկ տարվա ընթացքում գործընկերների հետ հարաբերությունները փչացրեց, որոնք տարիների պատմություն ունեն, մեծ ջանքերի արդյունք են։ Մեր երկրի շահերն առաջ տանելու և այդ միջոցով արցախյան հարցում դիվիդենդներ շահելու փոխարեն մենք գործում ենք լրիվ հակառակ տրամաբանության մեջ։
-Նիկոլ Փաշինյանը խնդիրները լուծելու մեթոդներին հավատարիմ է մնում։ Ընդդիմադիր Փաշինյանն էլ, վարչապետ Փաշինյանն էլ իր նպատակին ցանկանում է հասնել՝ շրջափակելով այս կամ այն կառույցը։ Վերջին թարմ դեպքը դատարանների մուտքերի արգելափակումն էր։ Բոլորին է ակնհայտ, որ դատական ոլորտը լուրջ վերափոխման կարիք ունի, բայց ա՞յս ձևով։
-Ես 10 տարի ԱԺ պատգամավոր եմ եղել, երբևէ կոչ չեմ անի սահմանադրական կարգ խախտելով ինչ-ինչ հարցեր լուծել։ Եթե պատգամավորը, լինելով օրենքի ինստիտուտի ներկայացուցիչ, սահմանադրական կարգի տապալման փորձին ներկա է լինում, սա նշանակում է` այդ կառույցը դառնում է անլուրջ։ Հիմա ամեն օր մի քանի տեղ բողոքի օջախներ են ծնվում, բռնկումներ են, որոնք մի կերպ հանդարտեցվում են, սակայն ոչ մի հարցի այդպես էլ լուծում չի տրվում։
-Իշխանությունն այս քննադատությանը հակադարձում է, որ իրենք ստեղծել են ժողովրդավար պայմաններ, երբ ամեն քաղաքացի կարող է անարգել իր խնդիրները բարձրաձայնել և լուծումներ պահանջել։
-Իրենց ստեղծած պայմանները տանում են դեպի անարխիա, իսկ դա ժողովրդավարության հետ բացարձակապես կապ չունի։ Փաշինյանը տոտալիտար ռեժիմի ներկայացուցիչ է, միանձնյա որոշումներ կայացնելու մասնագետ, ավելին, որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնում։ Նա միայն կարող է վախենալ իր իշխանությունը կորցնելու վտանգից, ինչի պատճառով կարող է անել քայլեր, որոնք պետությունն անդունդ կգլորեն։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ նա իշխանությունը զավթեց, իսկ թավիշից, ժողովրդավարությունից, սիրուց, հանդուրժողականությունից խոսողները տարածում են միմիայն թշնամանք ու ատելություն։ Անկախության ողջ ընթացքում մեր ազգն այսքան պառակտված չեմ տեսել։ Չբավարարվելով Հայաստանում պառակտում սերմանելով, հիմա էլ Արցախում են դա անում։ Արցախի իշխանությունների խոհեմ վարքագծի շնորհիվ է, որ մենք դեռևս բախումներից խուսափում ենք։ Բայց նրա թիմի անմեղսունակ անդամների պատճառով կարող է իրավիճակն ամեն րոպե հսկողությունից դուրս գալ։
-Դուք խոսում եք պառակտումից, բայց Փաշինյանն ընդամենը վերջերս հայտարարեց, որ եթե այսօր լինեն ընտրություններ, նա նախկինից ավելի շատ ձայն կհավաքի։
-Հարցումների արդյունքն այլ բանի մասին է վկայում։ Սակայն ինձ ավելի անհանգստացնում է հանրության գիտակցության, բարեկրթության մակարդակը։ Մենք հենց դրա պատճառով խնդիրներ ունեցանք։ Ինչ-որ մի պահի կորցրել ենք հասարակության գիտակցության մակարդակը բարձրացելու մեխանիզմները։ Խնդիրը ոչ նախկին ու ներկա կուսակցությունների, ոչ էլ ղեկավարների մեջ է, այլ հասարակության։ Եթե այսօր այն մարդիկ, ում պատճառով նախկին իշխանությունները հասարակության հետ խնդիրներ էին ունենում, վարկաբեկվում էին, կանգնած են ներկա իշխանության կողքին, նշանակում է գործ ունենք հասարակական ընկալման, գիտակցության հետ։
-Ի միջ այլոց, նախկին օլիգարխներն այսօր կանգնել են իշխանության կողքին, դարձել են սեփականատերեր, իսկ հասարակությունն այլևս նրանց չի դատափետում։ Ավելին, նրանց թալանած միջոցներն էլ խնդիրներ չեն հարուցում, եթե դրանք ուղղվում են վարչապետի տիկնոջ հիմնադրամներին։ Երկակի ստանդարտների ժամանակնե՞ր ենք ապրում։
-Ոչ միայն երկակի ստանդարտներ են, այլև ցինիկ վարքագիծ։ Սա մեծ ցինիզմի հետևանք է։ Նախորդ տարիներին Փաշինյանն ասել է մի բան, բայց այսօր անում է դրա հակառակը, իսկ սա պարզապես մեծ ավանտյուրա է։ Հասարակությունը պետք է բարձր գիտակցություն ունենա, որպեսզի արկածախնդրությունը տարբերի պոպուլիզմից, ստից, մանիպուլյացիաներից։ Իսկ մեր դեպքում հասարակությունն ավելի շատ տուրք տվեց պոպուլիստական հայտարարություններին, հավատաց մի բանի, որը չկա ու չի կարող լինել։
-Հասարակության զգալի զանգված այսօր իր սպասումները բացատրում է հետևյալ կերպ. հնարավոր չէ տարիների քանդածը մեկ տարում կարգի բերել, ամեն ինչ կամաց-կամաց կլինի։ Ի՞նչ էր հնարավոր մեկ տարում անել, որ այս իշխանությունը չարեց։
-Հասարակության այդ հատվածը թյուրիմացության մեջ է և Նիկոլ Փաշինյանին պարզապես չի ճանաչում, դրա համար էլ հավատում է, թե ինչ-որ բան կփոխվի։ Անշուշտ, կփոխվի, բայց միայն բացասական առումով։ Կան մարդիկ, որ մեկ տարի առաջ հրապարակում կանգնած էին, սակայն այսօր հեռանում են երկրից՝ չունենալով այն պատասխանատվությունը, որ երկիրն այս վիճակին են հասցրել։ Ամեն մեկն իր արարքի համար պետք է պատասխանատվություն կրի, այնինչ եթե Նիկոլ Փաշինյանն է դրանից խուսափում, որևէ մեկից պատասխանատություն պահանջելն անիմաստ զբաղմունք է։ Երկրի փաստացի առաջին դեմքը բոլոր հարցերում, այդ թվում տնտեսական, Արցախի հիմնախնդրի վերաբերյալ պատասխանատվությունը գցում է հասարակության վրա։ Որևէ երկրում ժողովուրդը չի կարող հիմնախնդրի համար պատասխանատու լինել, որովհետև ծանոթ չէ բանակցությունների նրբություններին, քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները, որոնք տարիների փորձ են ձեռք բերում։ Ամենավտանգավորն այն ղեկավարն է, որն իր պատասխանատվությունը գցում է հասարակության վրա։
-Արցախյան հիմախնդրի առնչությամբ օրերս Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությանը տրված ժամանակը, որ բանակցությունների դետալներին ծանոթանան, արդեն սպառված է։ Սրան զուգահեռ նրանք առաջնագծում մեծ թափով ինժեներական աշխատանքներ են կատարում, լայնամասշտաբ զորավարժություններ անում, ի՞նչ է կատարվում հիմնախնդրի շուրջ։
-Հայաստանում կատարվող իրադարձություններն Ադրբեջանը չի կարող շրջանցել։ Հայաստանցի-արցախցի բաժանումը կարող է մի հանգրվանի բերել, երբ կթուլանան մեր դիրքերը, ինչից արագ կօգտվի հակառակորդը։ Ի տարբերություն մեզ, այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ոչ մի խաղասիրական ակտ առաջ չի քաշել։ Հակառակը՝ օր օրի սահմանում իրավիճակը լարվում է, հազարավոր զինվորներ, զինտեխնիկա են կուտակել առաջնագծում, լուրջ պատրաստվում են, իսկ այս ամենն անհետևանք չի անցնելու։ Նրանք չեն էլ թաքցնում իրենց նկրտումները, արդեն խոսում են Շուշին գրավելու մասին, իրենց ձևակերպմամբ, «գրավյալ տարածքների» մասին խոսք չկա, որովհետև ողջ Արցախի հանդեպ մեծ ախորժակ ունեն։
-Իսկ մենք ի՞նչ ենք անում։
-Մենք արտաքին աշխարհից «իզգոյանում» ենք, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում միայն հետընթաց ենք արձանագրում։ Խոսքերով կարող ենք ասել, թե ամեն ինչ լավ է, բայց բոլորն էլ հասկանում են, որ իրականությունն այլ է։ Այն ուժերը, որ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն, ներքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ անում են, որ մեր դիրքերն առավել թուլանան բոլոր հարթություններում՝ ազգային դիմագծի, ընտանիքի ոչնչացումից սկսած մինչև այլասերված բարքերի ներդրում։ Սրան զուգահեռ Ադրբեջանն ուժեղացնում է իր դիրքերը։ Մենք միայն հայտարարում ենք, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, բայց ոչ միայն դրա համար ոչ մի քայլ չենք անում, այլև Արցախին, արցախցուն, Արցախի հերոսներին հեղինակազրկում ենք, ոչնչացնում։ Սա միակ բանն է, որը Նիկոլ Փաշինյանի մոտ գերազանց է ստացվում։
-Ձեր խոսքում նշեցիք, որ դրսի աշխարհի հետ մեր հարաբերություններն այս իշխանությունը թուլացրել է, սակայն վերջին իրադարձությունների ժամանակ, երբ արգելափակվեցին դատարանների մուտքերը, միջազգային կառույցները բավական մեղմ էին արտահայտվել, չնայած այլ պարագայում նրանք բավականին էլ կոշտ են արձագանքում։
-Ամեն ինչ իր գինն ունի։ Դրա համար հավանաբար Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան պետք է վճարի, հետագայում կիմանանք, որն էր դրա գինը։ Սա արտառոց երևույթ էր։ Եվրոպական ցանկացած երկրում, օրինակ, հնարավոր չէ դատարանները արգելափակել և ազատության մեջ ման գալ, քանի որ դա սահմանադրական կարգի տապալում է։ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը կարող էր ավելի կոշտ լինել, բայց այդուհանդերձ, հնչեց միտք, որ սահմանադրությունը պահպանելն ամենակարևորն է։ Այս ամենը պետք է դիտարկել այն համատեքստում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մնում իշխանության, ում է դա ձեռնտու, որ ուժերն են շահագրգիռ մեզ թուլացնելու և արցախյան հարցը լուծելու իրենց ցանկալի սցենարով։ Այս իրավիճակում գործ ունեն անելու արտախորհրդարանական ուժերը, որովհետև կարծում եմ՝ ողջ խորհրդարանն է անմեղսունակ։ Քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, մենք միայն ջլատվելու ենք, կորցնելու ենք, հասարակական հարաբերությունների սարսափելի անկում է լինելու։
-Եվ այսօրվա ամենաարդիական հարցը. վեթինգի են ենթարկվելու դատավորները, բայց մյուս կառույցների դեպքում էլ, ինչպես երևում է, չի բացառվելու դա։
-Համոզված եմ` դա լինելու է ընտրովի։ ՈՒմ ուզեն վեթինգի կենթարկեն, ում՝ ոչ, չեն ենթարկի։ Վեթինգն այնքան էլ դրական երևույթ չէ, երկիրը դրանով հետ է գնում, սա բնորոշ է հետամնաց երկրներին։ Նախ համապատասխան մասնագետների մեծ անհրաժեշտություն կա, հետո էլ չի կարելի այս ձևով հեղինակազրկել դատական իշխանություններին։ Կարծում եմ` սա հերթական շոուն է, չեն խորանալու խնդրի մեջ։ Վերջին շրջանում ինչ-որ հարցեր պարբերաբար սրվում են, հետո մոռացվում։ Կոռուպցիոն դրսևորումներ հենց իշխանության ներսում կան, որոնք իբր բացահայտվում են, բայց այդ թեմաներն էլ են քնում, այսինքն չկա հետևողականություն։ Պարզապես հասարակության ուշադրությունը զբաղեցնելու, տրամադրություններ շոշափելու քայլեր են արվում։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao