Amadinda
 

«Դատաիրավական համակարգում խնդիրներ կան, բայց ամեն բան պետք է իրականացվի օրենքի ու Սահմանադրության տառին համապատասխան»

«Դատաիրավական համակարգում խնդիրներ կան, բայց ամեն բան պետք է իրականացվի օրենքի ու Սահմանադրության տառին համապատասխան»
04.06.2019 | 01:47

Հայաստանի նոր իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեցին նոր «հեղափոխության» մասին: Խոսքը դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին է, որի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց՝ դատարանների մուտքերը փակելու աղմկահարույց կոչով, ինչին հաջորդած դեպքերից հետո հասարակությունն ակտիվորեն սկսեց քննարկել վեթինգի (անգլերեն՝ vetting-ստուգում, զտում») թեման: Փաշինյանի կոչով մարդիկ վաղ առավոտից բողոքի ակցիաներ էին կազմակերպում դատարանների մոտ, դատավորներին ու դատարանների աշխատակիցներին արգելում շենք մտնել, կաթվածահարում նրանց աշխատանքը: Մի քանի ժամ տևած ակցիայից և ուժային կառույցների ղեկավարների, կառավարության անդամների, պատգամավորների և օմբուդսմենի հետ անցկացրած խորհրդակցությունից հետո Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց «հեղափոխության» նոր փուլի մասին: Ի վերջո, ո՞րն է վեթինգի էությունը. հանրությունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա դատավորի քաղաքական կապերի ու դրանց ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հեռանան կամ հեռացվեն պաշտոններից, իսկ բոլոր այն դատավորները, որ ներքուստ համոզված են՝ անաչառ և օբյեկտիվ լինել չեն կարող, պետք է հրաժարական տան։ Փաշինյանի ու նրա թիմի տեսլականով՝ այս ամենի համադրումն է, որ պետք է հանգեցնի անկախ դատական համակարգի ստեղծմանը։


«Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության պատգամավոր ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դատարանները շրջափակելու վրա սևեռվելն արհեստական է համարում: «Հաշվի առնելով միջազգային արձանագանքն ընդհանուր գործընթացին, որ հիմնականում դրական է եղել, մյուս կողմից, վարչապետի հայտարարությունն ու դրանում հնչած շոշափելի շեշտադրումները համադրելով, կարող եմ ասել, որ որոշակիորեն սուբյեկտիվ է մոտեցումը, երբ սևեռվում են միայն դատարանների շրջափակման գործընթացի վրա: Եթե անձը վարչապետի հայտարարությունը՝ կոնցեպտուալ կետերով, բաց է թողնում, ապա ես այդտեղ սուբյեկտիվություն եմ տեսնում, և այդ համատեքստում եթե երկու իրադարձությունները համեմատում ենք՝ վարչապետի ելույթն ու դատարանների մուտքերը փակելը, ապա վերջինս փոքր երևույթ է՝ ի համեմատություն հայտարարության»- «Իրատեսի» հետ զրույցում ասաց նա, ընդգծելով, որ ուշադրություն են դարձնելու նաև ԵԽԽՎ-ի գործընկերների հայտնած մտահոգություններին: Ինչ վերաբերում է վեթինգին, Գրիգորյանը կողմ է դրան, ավելին` գործընթացը պատշաճ իրականացնելու համար համապատասխան կամք ու պատրաստակամություն ունեն. «Տիկին Մակունցի՝ «նախագիծը գրեթե պատրաստ է» հայտարարությունը գնահատողական դատողություն է, դեռևս պատրաստ չեմ դրա վերաբերյալ հստակ պատասխան տալու ու ասելու, թե ինչ չափանիշներով է վեթինգ իրականացվելու: Մի բանում վստահ եմ, որ բոլոր ջանքերը գործադրելու ենք գործընթացը միջազգային չափորոշիչներին ու մարդու իրավունքներին համապատասխանեցնելու համար»:


Ազգային ժողովի ընդդիմադիր բևեռը միանշանակ բացասաբար է վերաբերվում դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչին: ԲՀԿ-ական պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆՆ ընդգծում է՝ Հայաստանում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Իսկ այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով: «Դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Փոխադարձ ատելության դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Ոչ ոք կասկածի տակ չի կարող առնել այն հանգամանքը, որ իրավունքի գերակայությունն այլընտրանք չպետք է ունենա, սակայն դրա ապահովման ճանապարհը պետք է քաղաքակիրթ լինի: Ո՞վ է հերքում, որ դատաիրավական համակարգում խնդիրներ կան, բայց ամեն բան պետք է իրականացվի օրենքի ու Սահմանադրության տառին համապատասխան: Իսկ տիկին Մակունցի՝ «վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է» հայտարարությունն անակնկալ էր մեզ համար, առավել անհասկանալի՝ հորդորը, թե առաջարկություններ ներկայացրեք, երբ չգիտենք՝ ինչի մասին է խոսքը: Որևէ մեկն այդ նախագիծը չի տեսել, ու եթե տևական ժամանակ դրա շուրջ աշխատել է խորհրդարանական մեծամասնությունը, ապա ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին այդ ժամանակ կարելի էր ներգրավել, ոչ թե պոստֆակտում: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու երբ կծանոթանանք նախագծին, այդ ժամանակ էլ կանենք մեր դիտարկումներն ու առաջարկությունները»:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ նույնպես անընդունելի է համարում դատարանի դռները փակելն ու արդարադատություն իրականացնելու խոչընդոտումը, հստակեցնում՝ հակասահմանադրական ու հակաիրավական վարքագիծ է: Հավելում՝ դատական համակարգի` որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը երբեք չի օգնի, որ առողջանա այդ համակարգը, ու դա հատկապես այն դեպքում, երբ հասարակությունն էլ իր հերթին է հեղինակազրկում դատական համակարգը: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, Տարոն Սիմոնյանն իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առաջին իսկ օրվանից ասում է` դատավորներից շատերն անհամապատասխան են զբաղեցրած պաշտոնին ու կարգավիճակին: Եվ հենց դա է պատճառը, որ հնարավորինս շուտ պետք է առողջացնել համակարգը` ազատվելով մասնագիտական ցածր գիտելիքներ ու մարդկային ցածր որակներ ունեցող դատավորներից: Դառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն ու այդ կապակցությամբ իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արտահայտած զարմանքին, նշում է. «Նախ՝ պետք է հասկանանք` քննարկման առարկան ինչն է, որովհետև վեթինգ կոչվածը բավական մեծ հասկացություն է: Հենման կետեր պետք է ունենանք, թե ինչն է մեզ համար նախընտրելի, ինչը` ոչ: Եթե տեղյակ չենք, թե ինչ փաստաթղթի շուրջ է կառուցվում ամբողջ համակարգը, ինչպե՞ս կարող ենք առաջարկություններ ներկայացնել: Գոնե մինչ այս ներգրավեին գործընթացներում, կամ եթե պատրաստ է այդ փաստաթուղթը, տան մեզ, մենք կարծիք հայտնենք դրա հետ կապված: Ինձ համար, օրինակ, հարցական է, թե ով պետք է զբաղվի դատավորների մասնագիտական ու բարոյական գնահատականով: Մտավախություն ունեմ, որ եթե փորձեն այդ գործիքն օգտագործել, առաջինն ինքնակամ հեռանալու են ամենալավ դատավորները։ Հայաստանում դժվար կլինի գտնել մի իրավաբանի, որը կհամաձայնի ստուգելու դատավորների գիտելիքները: Ես անձամբ կհրաժարվեմ: Կարծում եմ՝ մասնագիտական կարողությունների գնահատումը պետք է բացառել կամ այնպիսի գործիքակազմ կիրառել, որը կբացառի մարդ-մարդ շփումը: Ես կողմ կլինեի, եթե ինչ-որ վեհ անձինք փորձեին բացահայտել դատավորների մասնագիտական հմտությունները, բայց Հայաստանում աստվածներ չկան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ