Amadinda
 

«Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողություններն էլ քննող հանձնաժողով ստեղծեն, տեսնենք ի՞նչ կբացահայտեն»

«Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողություններն էլ քննող հանձնաժողով ստեղծեն, տեսնենք ի՞նչ կբացահայտեն»
07.06.2019 | 00:27

Յուրաքանչյուր երկրի առաջնագիծն առավել ամուր է լինում, երբ թիկունքն ապահով, ուժեղ է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի ներքին կյանքը. պառակտված հասարակություն, հայաստանցի-արցախցի ջրբաժան, տնտեսական անմխիթար վիճակ, կառավարման կաթվածահար համակարգ։ Այսպիսի վիճակում գտնվող պետության սահմանները կարո՞ղ են անվտանգ լինել։ Քաղաքական, պետական գործիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ այսօր հայկական երկու պետականությունների միայն թուլացման քայլեր է տեսնում, որոնք, ըստ նրա, վտանգավոր զարգացումների են բերելու։ Այս համատեքստում տեղին է հիշեցնել նաև, թե նախօրեին ինչպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը, որն ուղիղ հաստատում է նաև մեր զրուցակցի մտահոգությունները։ Անդրադառնալով նախկինում հայտարարած իր այն մտքին, թե կան դավադիր ուժեր, Փաշինյանն ասաց. «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»։ (Ի դեպ, Բակո Սահակյանի պատասխանը չուշացավ)։ Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ զրուցում ենք պարոն Շահնազարյանի հետ։

-Ադրբեջանն այսօր իր չունեցածն է փորձում առաջ մղել, մինչդեռ մենք մեր իրական արժեքները ոչնչացնում ենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցության սեղանի շուրջն է նստում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ներկայացուցիչը, իսկ մենք դեռ հայտարարությունների մակարդակում մշտապես խոսում ենք Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին։ Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը։
-Փաշինյանի` արցախյան հակամարտության շուրջ վարվող քաղաքականության մասին բազմիցս եմ խոսել։ Իշխանության գալու առաջին իսկ շաբաթներից այդ քաղաքականությունը չի սպասարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերը և այն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի նպատակներին։ Նախ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներն առաջին անգամ չէին հանդիպում համանախագահների հետ, դա պարբերաբար եղել է։ Սակայն տարածաշրջանային վերջին այցից հետո նրանց հայտարարությունում հավասարության նշան դրվեց, ինչպես համանախագահներն են նշել, «ԼՂ-ի de facto իշխանությունների» և «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» միջև։ Սա Փաշինյանի քաղաքականության հերթական, խիստ բացասական հետևանքն է: Այս համատեքստում պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում դավադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել և տարածքներ հանձնել։ Սա Հայաստանի և Արցախի անվտանգությանը ծանր հարված է և այստեղ տեսնում եմ քրեական պատասխանատվության տարրեր։ Նվերներն Ալիևին շարունակվում են։ Հայաստանում քծնանքի այս աստիճանի բարձր մակարդակ երբեք չի եղել։ Քրեական պատասխանատվության նշածս տարրերը տարածվելու են նաև այն ծափահարողների վրա, որոնք հասկանում են այն ահռելի վտանգները, որոնք Փաշինյանը հասցրել է Արցախին, բայց շարունակում են քծնել։
-Փաշինյանի այսպիսի քաղաքականության նպատակը ո՞րն է։
-Ոչ միայն, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանելու Արցախ, թուլացնելու հայկական երկրորդ պետությունը, այլև զինված ուժերը թուլացնելու։ Դրա վառ ապացույցն է նաև ԱԺ-ում 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։
-Ինչո՞վ է վտանգավոր այդ հանձնաժողովը։
-Եթե դա լիներ միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ լինեին զորահրամանատարներ, ռազմական գործի մասնագետներ, կարելի էր հասկանալ։ Բայց այս հանձնաժողովը քաղաքական մարմին է, որտեղ որևէ մասնագետ չկա։ Սա ոչ միայն Արցախին, այլև զինված ուժերին մեծ վնաս է հասցնելու։ Չեմ զարմանա, որ այս հանձնաժողովը, ի վերջո, նույնիսկ եզրակացություն անի, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է 2016-ի ապրիլին նախահարձակ եղել՝ հրահրելով պատերազմ։
-Ասել է` այս հանձնաժողովի անաչառությանը լրջորեն կասկածում եք։
-Այդ հանձնաժողովն ամբողջությամբ քաղաքական, կուսակցական մարմին է։ Սա ցանկացած երկրում խայտառակություն կլիներ։ Խորհրդարանն ընդհանրապես չպետք է խառնվի զինված ուժերի խնդիրներին և գործողություններին։ Սա ուղղակիորեն հարվածելու, վարկաբեկելու է զինված ուժերը, ինչով զբաղված է այս իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից։ Իսկ ինչու՞ հանձնաժողով չի ստեղծվում, որը պարզի, թե այս մեկ տարվա ընթացքում Նախիջևանի հատվածում քանի հազար հեկտարի վրա է Ադրբեջանը լրացուցիչ վերահսկողություն սահմանել։ Մի քանի անգամ շատ տարածքների մասին է խոսքը, քան այն 800 հեկտարը, որը թմբկահարում են։ (Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր. «Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, այդ միջդիրքային տարածքը սկսած մայիս ամսից էապես կրճատվել է: Արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հա-ն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Ի՞նչ է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումից հետո. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են արդեն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին պետք Դուշանբեի այսպես կոչված պայմանավորվածությունները: Այնտեղ արդեն ամբողջովին ճանապարհներ են կառուցվել, տեխնիկա է աշխատել, չեմ խոսում այն մասին, որ գնդակոծվել են թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղերին պատկանող տարածքները: Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»:- Ռ.Խ.) Ապրիլյան պատերազմն իրականում Արցախի պաշտպանության բանակի հերոսական էջերից մեկն է, որն այսօր ամբողջությամբ փորձում են վարկաբեկել։ Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողություններն էլ քննող հանձնաժողով ստեղծեն, տեսնենք ի՞նչ կբացահայտեն։
-Անկախության այս տարիների ընթացքում հայ հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել, ազգային արժեքները սասանող քայլերն այսքան մեծ չափերի չեն հասել, հայաստանցի-արցախցի բաժանումն այսչափ վտանգավոր չի եղել։ Այս զարգացումներն ինչի՞ մասին են հուշում։
-Ցանկացած նոր իշխանություն փորձում է հասարակության երկփեղկվածությունը վերացնել, իսկ այս իշխանությունն առաջին իսկ օրից արել է հակառակը։ Երբ անցյալ տարվա ապրիլին իշխանազավթում դեռ չէր եղել, մի քանի քաղաքական գործիչների շրջանակում հայտարարել եմ, որ Հայաստանում կա մի զանգված, որն Արցախը համարում է թշնամի, Հայաստանի վզից կախված քար։ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել այսպիսի անհանդուրժող իշխանություն։ Այս անցումային արդարադատություն` վեթինգ, կոչվածով էլ ուղղակի պետական կառույցներն են քանդում։ Հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրականում այդպիսի բան չկա։ Ավելին, այս իշխանությունը լավ էլ կոռումպացված է, իսկ մենիշխանություն հաստատելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, իրեն չպաշտպանողներին օտարելու վարվող քաղաքականությունն ակնառու է։ Հեռու եմ այն մտքից, թե իշխանությունը չգիտակցված է այս ամենն իրականացնում, շատ լավ էլ հասկանում է, սա ծրագրավորված քաղաքականություն է, որը Փաշինյանն իրականացնում է։ Հայաստանում մեկ անձի իշխանություն է և դատարանների վրա հարձակումը նպատակ ուներ այդ մենիշխանությունը տարածել նաև իշխանության այդ թևի վրա։ Այս պատասխանատվությունը ոչ միայն Փաշինյանն է կրելու, այլև իրավապահ համակարգի ղեկավարները, որոնց ուղղակի պարտականությունն էր ապահովել դատական իշխանության բնականոն և անխափան գործունեությունը, մինչդեռ նրանք հանցավոր անգործությամբ նպաստեցին այդ հակաօրինական գործողություններին։ Այսօր ապրում ենք անկախության տարիների ամենավտանգավոր շրջանում, երբ մեծ վտանգներ կան և՛ մեր պետականության, և՛ Արցախի հարցում։ Ցավոք, այս վտանգը ոչ թե դրսից է, այլ ներսից։ Ի դեպ, երբևէ Հայաստանի ոչ մի ղեկավար այսքան մեծ ու անձնական իշխանություն չի ունեցել։
-Դուք նշեցիք Փաշինյանի վտանգավոր հայտարարություններից մեկը` տարածքները հանձնելու մասին։ Մյուս աղմկահարույց հայտարարությունն էլ հնչեց Իրանում օտարերկրյա գործակալների մասին։ Այս հայտարարությունները մինչ օրս օդում են թևածում։ Չպե՞տք է իրավապահ համակարգը դրանց պատշաճ անդրադառնար, անուններ բացահայտեր։
-Իհարկե, համապատասխան արձագանք պետք է լիներ, բայց իրավապահներն ամբողջովին Փաշինյանին են ենթակա, նրանց աշխատանքի արդյունավետությունը շատ ցածր է։ Այսօր մենք ապրում ենք, իրենց խոսքով ասած, հեղափոխական՝ նոր Հայաստանում, որի նպատակն է թուլացնել Հայաստանի, Արցախի պետականությունը, բանակցությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները ոչնչացնել։ Ադրբեջանը չէր էլ կարող երազել այն ամենի մասին, ինչն այսօր նրան տրվել է։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ