Yerevan Perspectives International Music Festival
 

Քոչարյանը «պայթեցնում է» Ծառուկյանին

Քոչարյանը «պայթեցնում է» Ծառուկյանին
07.06.2019 | 01:02

«Իրատեսը» նախորդ համարում «Քանի մարդու է պարտական» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որը բավական մեծ արձագանք ունեցավ։ Մեր ընթերցողները, սակայն դժգոհեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գրքում շատ ավելի կարևոր հատվածների, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանին, չենք անդրադարձել։ Այսօր կփորձենք շտկել բացթողումը։

Նախ մեջբերումը. «Օրինաց երկրի»՝ իշխանությունից դուրս գալուց հետո քաղաքական հարթակում թափուր տեղ մնաց... խորհրդարանական մոտալուտ ընտրությունները (խոսքը 2007-ի խորհրդարանական ընտրությունների մասին է- Ռ.Խ.) սրեցին այն ընկալումը, որ իշխանությանը պետք է պոպուլիստական ուղղվածությամբ նոր կուսակցություն, որը քաղաքական դասավորության մեջ կփոխարիներ ՕԵԿ-ին և իր վրա կվերցներ նրա գործառույթները։ Այդ դերին ամենահարմարը ԲՀԿ-ն էր, որը առաջիկա ընտրություններին ընդառաջ ակտիվ գովազդ էր սկսել»։ Այսինքն, ԲՀԿ-ն պետք է դառնար 2-րդ ՕԵԿ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 2-րդ Արթուր Բաղդասարյան։ Այսպես էր որոշել Ռոբերտ Քոչարյանը, որ նախապես արդեն այդ կուսակցության ուղղվածությունն էլ էր ընտրել՝ «պոպուլիստական»։ Իր գրքում Քոչարյանը խոստովանում է, որ այս երկու կուսակցությունները ստեղծվել են մեկ նպատակով՝ ընդդիմություն խաղալ, բողոքական զանգվածի ձայները փոշիացնել, Հայաստանի բոլոր կեղծված ընտրությունները լեգիտիմացնել՝ մարդկանց «տուկի թել» ու մուրաբա բաժանելով։


Նախորդ համարում մենք արդեն ներկայացրել էինք այն հատվածը, թե ինչպես Իշխան Զաքարյանը Քոչարյանից «դաբրո» է պահանջում, որպեսզի Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած, «գնի» Զաքարյանի ստեղծած կուսակցությունը, որն այն ժամանակ «Հաղթանակ» էր կոչվում։ Քաղաքականությունից հեռու Ծառուկյանը, փաստորեն, ընդամենը «փողի տոպրակ» կամ շարքային գանձապահ է եղել Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին է վկայում նաև այն, որ Քոչարյանի հավանությամբ, Զաքարյանի ստեղծած այս կուսակցության ոչ անվանակոչման, ոչ կուսակցության ծրագրի, ոչ կանոնադրության փաստաթղթերի հետ Ծառուկյանը կապ չի ունեցել։ Դրանց հեղինակը նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է եղել։


Հաջորդ ուշագրավ մեջբերումը. «Ես շահագրգռված էի, որ ԱԺ հաջորդ ընտրությունների արդյունքներով ունենամ ինձ հետ համագործակցող խորհրդարանական մեծամասնություն, իսկ դա առանց մեծ ջանքերի կարող էի ստանալ ոչ միայն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, այլև 3-րդ կուսակցության առկայության դեպքում, որը կարող էր դառնալ ԲՀԿ-ն։ Այսպես ավելի վստահելի էր... Օբյեկտիվ իրավիճակը դարձավ ԲՀԿ-ի ասպարեզ մտնելու իրական պատճառ. ծագեց ընդդիմադիր զանգվածը համախմբելու անհրաժեշտություն, ինչպես նաև ի հայտ եկավ քաղաքական նկրտումներ ունեցող մարդ (խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է- Ռ. Խ.)»։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած փաստերից տպավորությունն այն է, որ քաղաքական դաշտի գծագիրը նա է կազմել և ամեն մեկին իր դերն է տվել, իսկ ընդդիմադիր դաշտի «պատասխանատու» կամ արհեստական ընդդիմություն է դարձրել ԲՀԿ-ին։
Անդրադառնալով 2007-ի ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանը գրում է. «Ծառուկյանը գումար չէր խնայում նախընտրական արշավի վրա, որը կառուցվում էր հենց իր անձի շուրջ։ Կուսակցությունը հանդես էր գալիս պարզ ու հասարակ, ժողովրդական կարգախոսներով, առանց սուր քաղաքական քննադատության։ Իր առաջնորդներից հիասթափված ընդդիմադիր զանգվածը փնտրում էր նոր ապաստան, և շատերը սկսեցին հույսեր կապել Գագիկի հետ»։ Այսինքն, ԲՀԿ-ն իրեն վերապահված դերը լավ կատարում էր։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, թե ինչպես է ներկայացնում Քոչարյանը Ծառուկյանին՝ «Գագիկի հետ»։


Եթե ամփոփենք Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, ԲՀԿ-ն ստեղծվել է բացառապես իր քաղաքական շահերը սպասարկելու նպատակով, քանի որ ընդդիմադիր զանգվածը համախմբելու անհրաժեշտություն կար, և ի հայտ եկավ «քաղաքական նկրտումներով մարդ»։ Քոչարյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ 2007-ից Ծառուկյանը «ջրի երեսին» է մնում բիզնեսմենի և պատգամավորի երկատվածությամբ։ Իսկ նրա քաղաքական ուժի՝ խորհրդարանում պարբերաբար հայտնվելու պատճառը շատ պարզ է. նա «ցավը տանեմ» է ասել Ռոբերտ Քոչարյանին, «նախագահ ջան»` Սերժ Սարգսյանին և «ցավը տանելով» հեղափոխություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիրավի ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։


Հավարտ նշենք` ճիշտ է, Քոչարյանն իր գրքում այդ մասին չի գրել, բայց հստակ տեղեկություն կար, որ 2007-ին ԲՀԿ նախընտրական ցուցակը կազմել էր այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ Քոչարյանի անմիջական վերահսկողությամբ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao