«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Կորցնելով Սևանա լիճը, մենք Հայաստանն ենք կորցնելու

Կորցնելով Սևանա լիճը, մենք Հայաստանն ենք կորցնելու
16.07.2019 | 02:16

Սևանա լիճը, որն առանց այն էլ ոչ կայուն, փխրուն էկոհամակարգ ունի, այս տարի ևս կանաչել է: Հունիսի 20-ից հետո լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների բուռն աճ: 2019 թ. ամռանը կատարված Սևանա լճի արբանյակային լուսանկարները վկայում են, որ լիճը սաստիկ կանաչած է ջրիմուռներով: Այս առումով լիճը հիմա ավելի աղետալի վիճակում է, քան նույնիսկ անցյալ տարի: Լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը շարունակվելու է նաև օգոստոսին, համենայն դեպս, օգոստոսի առաջին կեսին:


ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի կատարած լաբորատոր ուսումնասիրություններով արդեն պարզվել է, որ լճի գույնը փոխած կապտականաչ ջրիմուռները պատկանում են դրանց այն տեսակին, որը խիստ վտանգավոր թունավոր նյութեր է արտադրում և արտազատում լիճ:
Ի սկզբանե ընդգծենք. Սևանա լճի ճահճացումը՝ էվտրոֆիկացիան, որը հիմա մեր աչքերի առջև ընթանում է, կորուստը որպես քաղցրահամ ջրի աղբյուր, որի ջուրը կարելի է օգտագործել ոռոգման ու ձկնաբուծության նպատակով, հանգեցնելու է Հայաստանի կորստին, այլ կերպ ասած, առանց Սևանա լճի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ:
Այսօր Սևանա լիճը գտնվում է վերոնշյալ աղետալի իրավիճակի եզրին և աղետի մեջ է այն առումով, որ որսագողության, ինչպես նաև չվերահսկված արդյունագործական որսի պատճառով լճում եղած բոլոր ձկնատեսակների և խեցգետնի պաշարները գրեթե ամբողջությամբ վերացված են, այդ և այլ պատճառներով լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է։ Վերջին տասնամյակում լճից անթույլատրելի հավելյալ ջրառի (2012, 2014 և 2017 թթ.) պատճառով 2013, 2015, 2018 թվականներին արձանագրվել է լիճ լցվող և լճից դուրս եկող ջրային ծավալների բացասական հաշվեկշիռ։


Լճից անթույլատրելի, հանցավոր կերպով հավելյալ ջրառ կատարվեց նաև 2018 թվականին: Ցավոք, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների օրոք ևս ՀՀ կառավարության որոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովը, ի վերջո, գնաց Սևանա լճից 40 մլն խմ (ի հավելումն նախատեսված 170 մլն խմ-ի) հավելյալ ջրառ թույլ տալու անթույլատրելի քայլին, երբ անցյալ ամռանն արդեն իսկ կանաչած, էկոլոգիապես կաթվածահար վիճակում գտնվող լճից նույնիսկ 30 մլն խմ ջրի բացթողումը պետք է անթույլատրելի համարվեր: Թե լճի մակարդակի ինչ փոփոխություններ կլինեն այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, դեռ հայտնի չէ, սակայն առաջին կիսամյակի ընթացքում դարձյալ գրանցվել է լճի բացասական հաշվեկշիռ: 2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, ինչը դեռևս 9 սանտիմետրով ցածր էր մնում 2018 թ. ապրիլի 15-ին գրանցված նիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թ. հուլիսի 1-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հուլիսի 1-ին գրանցված 1900 մետր 83 սանտիմետր նիշի դիմաց, այսինքն` լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ին գրանցված նիշից ցածր է եղել 2 սանտիմետրով:


Մեկ այլ և առանձին հարց է, թե բաց թողնված ջրի քանի՞ տոկոսը հասավ գյուղատնտեսներին և էական ինչ օգուտ տվեց նրանց, և քանի՞ տոկոսը կորավ ճանապարհին… Կորուստն ահռելի է եղել և, ընդհանրապես, շատ բարձր է նաև հիմա, ինչպես և նախկինում: Այս առումով քննադատության չի դիմանում անցյալ տարի «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի ասածը, թե իրենք ստիպված էին համաձայնել Սևանա լճից հավելյալ ջրառին, ստեղծված իրավիճակում գյուղացուն չէր կարելի միայնակ թողնել։ Հանձնաժողովի նախագահն այս կերպ փորձել է արդարացնել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ընդգծենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն, Սևանա լճից հավելյալ ջրառն անթույլատրելի է այն դեպքում, եթե, ըստ հաշվարկների, դա հանգեցնելու է լիճ լցվող և լճից դուրս եկող ջրային ծավալների բացասական հաշվեկշռի: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն (նախկինում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե) 2012, 2014, 2017 և 2018 թվականներին ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովին ներկայացրել է հաշվարկներ, որոնց համաձայն, Սևանա լճից հավելյալ ջրառը չի հանգեցնելու լճի բացասական հաշվեկշռի ու մակարդակի անկման:


Սակայն չնայած նրան, որ 2012, 2014 և 2017 թթ. ներկայացված հաշվարկները սխալ կամ կեղծ են եղել, նշված թվականներին հաջորդած տարիներին արձանագրվել է լճի բացասական հաշվեկշիռ (ամիսներ հետո նույնը կարող է պարզվել նաև 2018 թ. ներկայացված հաշվարկների առնչությամբ), ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը չի գտնվել իր դերում, չի նկատել կամ չնկատելու է տվել վերոնշյալ հաշվարկներում առկա սխալը կամ կեղծիքը (եթե, իհարկե, ընդհանրապես ուսումնասիրել է դրանք), ինչի արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ (օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից ավելի) թույլատրելու համար դրական եզրակացություն է տվել: ՈՒշագրավն այն է, որ հանձնաժողովը որևէ հետևություն չի կատարել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թ. պարզվել է, որ 2012 թ. դրական եզրակացություն է տված եղել կոմիտեի սխալ հաշվարկներին` Սևանա լճից 280 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այս փաստը վկայում է այն մասին, որ հանձնաժողովն արդեն վերածված է եղել ձևական մարմնի և իշխանության կամակատարի:


Ավելին. վերը նշվածի պատճառով Սևանա լճի ջրի որակը օրգանական նյութերի, ֆոսֆորի և քիմիական այլ տարրերի բարձր պարունակության, ինչպես նաև ջրի բարձր ջերմաստիճանի և թթվածնի անբավարարության պատճառով էլ ավելի է վատացել: Եթե Սևանա լճի մակարդակը բավականաչափ բարձրացվեր, ապա լճի ջերմաստիճանը կնվազեր, լիճը թունավորող կամ առնվազն աղտոտող վերոնշյալ նյութերի պարունակությունը ջրում կնոսրանար, դրանց խտությունը չէր լինի այն մակարդակի, որ հանգեցներ կապտականաչ ջրիմուռների 2018 թ. և այս տարի առկա աճին:
Ի վերջո, արդեն անընդմեջ երկրորդ տարին է, որ արձանագրվում է լճի ճահճացման վկայություն հանդիսացող, ջրի որակի վրա խիստ բացասաբար ազդող կապտականաչ ջրիմուռների բուռն աճ, որոնք, ինչպես նշեցինք, խիստ վտանգավոր թույներ են արտադրում և արտազատում լիճ։ Ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի, անցյալ տարվա ամռանը լճում բուռն կերպով աճած թունավոր ջրիմուռների մնացորդների պարունակած մեծ քանակությամբ ֆոսֆորն այժմ լճում մեծ թափով աճող կապտականաչ ջրիմուռների համար սնունդ կամ աճի հավելյալ խթան է հանդիսանում՝ հանգեցնելով նշված ջրիմուռների էլ ավելի հզոր աճի։


Ավելին. Սևանա լճում այժմ աճող կապտականաչ ջրիմուռների մահից, քայքայումից հետո, գիտնականի հավաստմամբ, լճի հատակում վերոնշյալի պատճառով ֆոսֆորի՝ անցյալ տարվանից էլ ավելի մեծ պարունակություն է լինելու, ինչն, իր հերթին, հաջորդ տարի կապտականաչ ջրիմուռների այս տարվանից էլ ավելի հզոր աճի խթան կարող է լինել՝ նույնիսկ այն դեպքում, երբ Սևանա լճի մակարդակը, ջրի ջերմաստիճանը և բոլոր մյուս գործոնները նույնը լինեն։
Ընթացել և ընթանալու է լճի հատակում ֆոսֆորի շարունակական կուտակման գործընթաց, ինչը սպառնում է հաջորդ տարիներին ևս կապտականաչ ջրիմուռների բուռն աճով ու լճում դրանց արտադրած թունավոր նյութերի քանակի ավելացմամբ։ Սևանա լիճը քիմիապես աղտոտված է, աղտոտված է ֆոսֆորով, նաև ազոտով և այլ տարրերով, օրգանական նյութերով, ինչի հետևանքն է կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը վկայում է լճի էվտրոֆացման ինդեքսի բարձր լինելու մասին: Այո, լիճն այժմ ճահճացման գործընթացում է, ինչի մասին արդեն ահազանգել են մասնագետները, էկոլոգները:


Բացի Սևանից կատարված անթույլատրելի և մի քանի տարի լճի բացասական հաշվեկշռի հանգեցրած հավելյալ ջրառից, Սևանա լճում թունավոր ջրիմուռների բուռն աճի պատճառներից մեկն էլ այն է, որ Սևանի ավազանի կոյուղու կոլեկտորի կառուցման աշխատանքներն այդպես էլ ավարտին չհասցվեցին, կատարված հսկայական ծախսն ու աշխատանքը, ինչպես ասում են, ջուրը լցվեցին, իսկ թե ինչ եղան կոյուղու խողովակները, թերևս իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է… Այսօր Սևանա լիճ լցվող շատ գետեր վերածված են դրանց մոտ գտնվող բնակավայրերի կոյուղատարերի, որոնցով կոյուղուն բնորոշ ամեն աղտեղություն լցվում է լիճ, ներառյալ օրգանական նյութերն ու քիմիական լվացամիջոցները: Կարծես այս ամենը քիչ է, Սևանա լիճն աղտոտվում է նաև ափերի մոտ գտնվող բազմաթիվ ռեստորանների, հյուրանոցների, հանգստավայրերի, նմանաբնույթ այլ հաստատությունների կոյուղաջրերով:


Պատճառների թվում առանձնակի բացասական դերակատարություն ունի ՀՀ բնապահպանության նախարարության, նրա ենթակայությամբ գործող «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում Սևանա լճի սիգի ապօրինի ու կարասի չվերահսկված որսը, որը կատարվել է ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների օրոք: Սիգի նախկին պաշարները լճում վաղուց այլևս չկան, նույնը կարելի է ասել նաև մյուս ձկնատեսակների և խեցգետնի առնչությամբ, իսկ նրանց կերերը լճում բնական գործընթացների արդյունքում առաջանում են, իհարկե, բնավ «չհարցնելով», թե իրենց սպառող ձկներն ու խեցգետինները կա՞ն, թե՞ ոչ: Չսպառված կերը (օրգանական նյութի հսկայական զանգվածը) նեխում է, քայքայվում և աղտոտում լիճն այնպիսի նյութերով, որոնք անցյալ տարի և այժմ կապտականաչ ջրիմուռների բուռն աճի պատճառ են:


Հաջորդ պատճառը Սևանա լճի ջրահավաք ավազանում գյուղատնտեսական պարարտանյութերի կիրառումը չարգելելն է, ֆոսֆորական և ազոտական պարարտանյութերը հողին տրվելուց հետո անձրևաջրերի, ձյան հալոցքաջրերի հետ որոշ չափով հասնում են գետակներ ու գետեր, ապա դրանց միջոցով հասնում Սևանա լիճ: Նույնը կարելի է ասել նաև գոմաղբի առնչությամբ:
Իհարկե, պատճառների թվում են նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից առաջ ափերի մաքրման նախապատրաստական աշխատանքների անբավարար կատարումը, ինչպես նաև Երկրի մթնոլորտի և ջրի ջերմաստիճանի գլոբալ տաքացումը:


Սևանա լիճն այսօր կանգնած է աղետի առջև, ինչը թույլ չտալու համար, ի թիվս այլ միջոցառումների, անհրաժեշտ էր և անհրաժեշտ է բարձրացնել լճի մակարդակը (իհարկե, ափերը նախապես մաքրելով), ընդհանրապես արգելել արդյունաբերական ձկնորսությունը, լիճ լցվող խոշոր գետերի վրա կառուցել քիմիական, կենսաբանական մաքրման կայաններ: Ի վերջո, պետք է ոչ թե խոսքով, այլ գործնականում պայքարել կոռուպցիայի դեմ, մինչդեռ ներկայիս իշխանությունների կողմից նույնպես արվում է այս ամենի ճիշտ հակառակը։ Սևանա լճի ներկայիս իրավիճակի առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ինքն է հանրապետության թիվ 1 կոռուպցիոները։
Գուցե շատերին թվում էր, թե Սևանա լճի ներկայիս` առնվազն տագնապալի իրավիճակը պետք է արժանանար այսօրվա իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության օպերատիվ և համարժեք արձագանքին, քանի որ առանց Սևանա լճի, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, սակայն կառավարության այդ արձագանքը չեղավ, ինչը, համենայն դեպս, տողերիս հեղինակի համար բնավ զարմանալի չէ…
ՀՀ առողջապահության նախարարությունը Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն աճի ու դրա պատճառով լճի կանաչելու վերաբերյալ ս.թ. հուլիսի 3-ից (եթե ոչ ավելի վաղ) սկսած ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, ահազանգերից ավելի քան մեկ շաբաթ հետո, հուլիսի 11-ին քաղաքացիներին վերջապես խորհուրդ տվեց չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ:


Նկատենք, որ ըստ արբանյակային լուսանկարների, Սևանա լիճը գրեթե ամբողջությամբ կանաչած է, պարզապես ափից ջրիմուռների կանաչը երևում է միայն այն վայրերում, որտեղ դրանց աճն ավելի հզոր է ու դրանք ավելի խիտ են (Մարտունու, Վարդենիկի, Լիճքի, Ձորագյուղի, Վարդաձորի, Երանոսի, Նորաշենի և այլ բնակավայրերի դիմաց):
Քանի որ նախապես, նույնիսկ առանց լաբորատոր հետազոտությունների, թեկուզ անցած տարվա փորձից ելնելով, հայտնի էր, որ կապտականաչ ջրիմուռները կարող են թունավոր լինել, այսինքն` խոսքը լճի կանաչած հատվածներում լողացողների, հնարավոր է նաև Սևանա լճից որսված ձկներով սնվողների առողջությանը սպառնացող վտանգի մասին էր, առողջապահության նախարարության վերոնշյալ արձագանքը, անշուշտ, չի կարելի համարել օպերատիվ արձագանք:


«Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:- Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու պատճառքով։


Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես բերանի և քթի շուրջը, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
. չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում են ջրիմուռներ,
. արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
. վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
ՈՒստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»:


Թե ՀՀ առողջապահության նախարարությունը հստակ զգուշացման փոխարեն, որ լճի կանաչած հատվածներում չի կարելի լողալ, դա վտանգավոր է լողացողների առողջության համար, ինչու՞ է ընդամենը հորդորում, խորհուրդ տալիս խուսափել լողալուց այդ հատվածներում, վախեցա՞ծ է ինչ-որ մարդկանցից, պաշտոնյաներից, ինքը պետք է պարզաբանում տա: Հավանաբար զգուշանում է Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների վարձակալների, տնտեսավարողների բիզնես շահերին դիպչելուց, նրանց զայրույթից ու բողոքի ակցիայից, որոնք տուժում են լճի ափին հանգստացողների քանակի նվազելուց, սակայն մարդկանց առողջությունը շատ ավելի կարևոր է, քան ոմանց բիզնես շահերը: Հիշենք, որ 2018 թ. ՀՀ առողջապահության նախարարության նույնաբնույթ հայտարարությունից և վտանգի առնչությամբ բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո Սևանի ափամերձ հանգստյան գոտիների վարձակալները, տնտեսավարողները բողոքի ակցիա էին իրականացրել, մասնավորապես` Փաշինյանից և «թավշյա հեղափոխականներից» ընդօրինակելով, Սևան-Երևան մայրուղու Գագարինի հատվածում ճանապարհն էին փակել կամ սպառնում էին փակել:


Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն աճը ՀՀ ղեկավարության, համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, ոմանց կողմից ընդհանրապես լռություն է, ոմանց կողմից էլ` ոչ համարժեք արձագանք: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների բուռն աճը:
Ըստ կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանի, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների, մասնավորապես` ցիանաբակտերիաների (անաբենա) բուռն աճը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը նոր ու շատ խոշոր մարտահրավերի մասին: 1998 թ. Միացյալ Նահանգների բնապահպանական գործակալությունը ցիանաբակտերիաները և դրանց արտադրած թույները ներառել է աղտոտիչների ցանկում որպես առաջատարներ, այսինքն` առավել վտանգի աղբյուրներ: Ցիանաբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտրիտների ու նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ… Կապտականաչ ջրիմուռների արտադրած նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, դերմատոտոքսինները գրգռում են մաշկը և լորձաթաղանթները:


Արմեն Ավագյանի տեղեկացմամբ, Սևանա լճում առկա անաբենայի (կապտականաչ ջրիմուռի տեսակ է) արտադրած նեյրոտոքսինային ալկալոիդները մարդու համար մահացու են ջրի 1 լիտրում 20 միկրոգրամ պարունակության պարագայում, աֆանատոքսիններն առաջացնում են շնչառական մկանների կաթված: Մարդկանց, անասունների, թռչունների, ձկների, խեցգետինների, ընդհանրապես ջրային ֆաունայի թունավորումը, գիտնականի հավաստմամբ, կարող է տեղի ունենալ ինչպես հիշյալ ջրիմուռների բուռն աճի շրջանում թույներ պարունակող ջրի հետ շփման կամ այդ ջուրը խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված գյուղմթերքի օգտագործման պատճառով: Այլ կերպ ասած, թունավորման վտանգի տակ են նաև Սևանա լճի ձկներն ու դրանցով սնվողները:


Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որին ականատես ենք այժմ, Արմեն Ավագյանի հավաստմամբ, կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում, այն մեր ազգային անվտանգության նկատմամբ խոշոր մարտահրավեր է, քանի որ սպառնալիքի տակ է նաև մեր սննդի անվտանգությունը, ձկները, երբ որ այդպիսի թունավոր նյութեր են կլանում, այն մտնում է նրանց մեջ, մարդը սնվելով այդ ձկներով, անուղղակիորեն է ստանում այդ տոքսինները (թույները):
«Տարիներով մենք ասել ենք` եթե շարունակեք այսպես վերաբերվել լճին, ժամանակի ընթացքում մենք ճահիճ կունենանք,- դեռ 2018 թ. փաստել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «SOS Սևան» հասարակական նախաձեռնության անդամ Կարինե Դանիելյանը:- Եվ այդ ջուրն այլևս ո՛չ ոռոգման համար կկարողանանք օգտագործել, ո՛չ ռեկրեացիայի»:


Տիկին Դանիելյանը հավելել է, որ ինքը Սևանա լճի գունափոխությունն ընկալում է որպես օգնության ճիչ, իսկ լճի «ծաղկումը» ցույց է տալիս, որ Սևանում ճահճացում է սկսվել։
Այսօր ՀՀ բնապահպանության բոլոր նախկին նախարարները` Վարդան Այվազյանից սկսած, այդ շրջանից պաշտոնավարած «Սևան» ազգային պարկի տնօրենները, բնապահպանության ներկայիս նախարարն ու «Սևան» ազգային պարկի տնօրենը, ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն իր ղեկավարով հանդերձ պատասխանատու են Սևանա լճի ներկայիս ծանր էկոլոգիական իրավիճակի համար: Այս առումով անձամբ ես, միանգամայն բավարար հիմնավորումներով, որևէ հույս չեմ կապում կոռուպցիայի դեմ պայքարից և օրինականությունից ձևականորեն խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև Փաշինյանի նշանակած ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ: Երանի հարցնեին` ինչու՞, կդիմեի Հանրային հեռուստաընկերությանը, միասին հանդես գալու հնարավորություն կխնդրեի և հենց իրենց ներկայությամբ հրապարակայնորեն կպատասխանեի այդ հարցին, եթե, իհարկե, վերոնշյալ պաշտոնյաները չխուսափեին իրենց հարցի պատասխանն այդ ձևաչափով ստանալու տարբերակից:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao