Yerevan Perspectives International Music Festival
 

Առողջարան-քաղաքի մշակութային լռությունը

Առողջարան-քաղաքի մշակութային լռությունը
19.07.2019 | 02:00

Կազդուրիչ հանքային ջրեր, առողջարաններ, հյուրանոցային թանկարժեք համալիրներ, ռեստորան-քարանձավ, ջրվեժ, գողտրիկ, ծառաշատ, հյուրընկալ ու զովաշունչ քաղաք: Խոսքը Ջերմուկի մասին է:


Առողջարան-քաղաք Ջերմուկի մշակութային կյանքի մասին ջերմուկցիները խոսում են անցյալով: «Մշակույթ գիտե՞ք, թե երբ է եղել այստեղ. երբ քաղաքապետարան չի եղել, եղել է քաղսովետ,- ասում է ՀԳՄ Վայոց ձորի բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ:- Մշակութային միջոցառումներ, գրական մրցանակաբաշխություններ էին տեղի ունենում, հանդիպումներ գրողների հետ, Պարույր Սևակը, Ստեփան Ալաջաջյանը, Վազգեն Մնացականյանն այստեղ սեմինարներ էին անցկացնում»:


Վարդգես Խանոյանը ՀԳՄ Վայոց ձորի բաժանմունքի ղեկավար է անցյալ տարվա նոյեմբերից: Մինչ օրս տարածքի փնտրտուքի մեջ են: Միության անդամները չունեն հավաքատեղի: Հույս ունեն, որ քաղաքապետարանում մի սենյակ կտրամադրեն: Դիմել է նորանշանակ մարզպետին: Ասել է՝ շուտով, բայց դեռ հարցին լուծում չի տրվել:
Ջերմուկի Աջափում (քաղաքը երկու մասի է բաժանված Արփա գետի կիրճով՝ Ձախափ և Աջափ), չկա ոչ գրադարան, ոչ գրախանութ: Ասում են` գրադարանն օտարելով՝ տարածքի խնդիր են լուծել: Փաստն այն է, որ գիրք ընթերցելու համար Աջափի բնակիչները պետք է Ձախափ հասնեն: Ջերմուկցիներին վրդովեցնում է այն, որ փակվել է քաղաքի առաջին գրադարանը: Ասում են՝ երբ այս գրադարանը հիմնվել է, դեռ Ձախափը գոյություն էլ չուներ:
Գրախանութի տեղում հյուրանոց է: Փակվել է այն տարիներին, երբ սկսվեց գրախանութների սպանդը: Խոստացել են, որ գրքերի տաղավար կբացեն (մրգերի, բույսերի, մուրաբաների ու հուշանվերների կողքին կարող են հատուկենտ գրքեր հայտնվել): Վարդգես Խանոյանն ասաց, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տարիներ առաջ գրություն է ուղարկել քաղաքապետին, որ տարածք տրամադրեն գրախանութի համար: Խոստացել են, բայց սայլը տեղից չի շարժվել: Գրողի, գրականության համար տարածք այստեղ չկա: Ձախափով անցնելիս գրախանութ եմ նկատում. վարորդը բացատրում է՝ գրենական պիտույքներ են վաճառում, էստեղ գիրք ո՞վ է կարդում: Կարծես բոլոր հարցերի պատասխանը տրված է: Գիրք չեն կարդում: Նույն պատճառաբանությամբ ժամանակին գրախանութները կոշիկի խանութ դարձան:


Հետխորհրդային շրջանը բնորոշող մի խորհրդանշական կառույց էլ կա Ջերմուկում: Մեծ երկհարկ շինությունը կապույտ ցելոֆանով է պատված, հավանաբար քամուց, անձրևից պաշտպանելու կամ խայտառակությունը գոնե մասնակի ծածկելու համար: Ժամանակին հանրապետության լավագույն մշակութային կենտրոններից մեկը հիմա ավերակ է հիշեցնում: Պատմում են, որ այստեղ կինոդահալիճ է եղել, լողավազան, սրճարան, երկհարկանի գրադարան, խաղահրապարակ, պարասրահ: Դասական պատմություն է: Շենքը վաճառել են, վերավաճառել, քանդել, թալանել, չեն խնայել ո՛չ հատակը, ո՛չ պատերը, ո՛չ էլ հայ մեծերի կիսանդրիները: Հովհաննես Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Հրաչյա Ներսիսյանի և հայ մյուս մեծերի կիսանդրիները ավեր տարածքի սպիտակ ուրվականների են նման, մեկը աչք չունի, մյուսը՝ քիթ ու ականջ: Հին սովորությամբ այս տարածքին տեղացիները մշակույթի տուն են ասում, իրականում այն ո՛չ հասցե ունի, ո՛չ անուն, ո՛չ կարգավիճակ: Դրամատիկ տեսարանն ամբողջացնում է տապալված կաղնին: Ասացին, որ Նորայր Գրիգորյանը «Հրապարակ» օրաթերում տպագրված հոդվածում գրել էր շինության դիմաց ընկած այս ծառի մասին, հորդորել՝ քանի ուշ չէ, բարձրացնել հսկա կաղնին, որ շարունակի ապրել: Մեր այցի ժամանակ ծառը կտոր-կտոր էր արված:


Ջերմուկում հանդիպեցինք հին, գեղեցիկ անտերունչ շինությունների: Ի՞նչ ճակատագիր է սպասում դրանց, պարզ չէ: Փոխարենը նոր շինություննների ուրվագծեր կային, հարիր կլինե՞ն Ջերմուկի դիմագծին, էլի պարզ չէ:
Պետք է արդար լինել և ասել, որ Ջերմուկի անտառային կածանում է գտնվում ֆիդայիներին նվիրված արձանաշարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Մուրադյանը:
Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների աշխատանքներ, կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ:


Մշակութային լռությունը խախտվում է այնքանով, որքանով...
Հարցնում եմ.
-Ի՞նչն է այստեղ անխաթար, դրական, բարի:
Բանաստեղծ Խանոյանը պատասխանում է.
-Բնությունը։
Նայում եմ Ջերմուկի լիճը ցանկապատող մետաղասյուների արանքում հյուսված սարդոստայններին: Եթե մարդկային ձեռք չդիպչի, սարդերն այստեղ «ապարանք» կհյուսեն:
Տունը, որտեղ գիշերում էինք, անտառի եզրին էր: Կուսական, վայրի: Երեկոյան գիրք եմ վերցնում ձեռքս: «Ո՞վ է էստեղ գիրք կարդում»-ը, վատ երաժշտության պես, սղոցում է ականջս:
Տունդարձի ճանապարհին քաղաքի մուտքի մոտ ականատես ենք լինում Իսրայել Օրու հուշարձանի պատվանդանի վերանորոգման աշխատանքներին: Ասում են՝ Օրին երկար է խարխլված հիմքի վրա բազմել, և պատահական չէ, որ հուշարձանն ուշադրության է արժանացել. այստեղով լրագրող է անցել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

Լուսանկարներ

. .
  • Վարդգես Խանոյան
  • Կտոր-կտոր արված կաղնին
  • Ջերմուկի մշակույթի կենտրոնն այսօր այսպիսի տեսք ունի
Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao