Yerevan Perspectives International Music Festival
 

«Զբոսաշրջիկներին մենք շփոթեցնում ենք. մեկն ասում է՝ դամբարանադաշտ է, մյուսը՝ աստղադիտարան»

«Զբոսաշրջիկներին մենք շփոթեցնում ենք. մեկն ասում է՝ դամբարանադաշտ է, մյուսը՝ աստղադիտարան»
23.07.2019 | 00:59

«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում տարիներ շարունակ ապօրինի հիմունքներով գործող շինությունը ապամոնտաժվել է, տեղափոխվել սեփականատիրոջը պատկանող հողատարածք: «Բետոնային հիմքով առևտրի տաղավարը 2005-ից մինչ օրս առանց վարձակալության պայմանագրի է գործել: Ապամոնտաժվել է 188-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նախատեսված ժամկետում ապօրինի կառույցը հուշարձանի տարածքից հեռացնելու հրամանը չկատարելուց հետո միայն,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի օգնական ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, նշելով, որ առևտրային կրպակը տեղադրելիս հիմք է փորվել, բետոնային հատվածներ են եղել, ինչն անթույլատրելի է:- Այդ հարցով զբաղվելու են իրավապահ մարմինները: Փոխարենը լրջորեն քննարկվում է հուշարձանի տարածքում սպասասրահ և սանհանգույց ունենալու նախագիծը: Սպասասրահը թանգարան դարձնելու» հեռահար ծրագիր կա:


Պատմամշակութային տարածքն ազատելու լուրը միանշանակ չընդունվեց: Ոմանց կարծիքով՝ կրպակը ապամոնտաժում են հուշարձանը հեշտությամբ ոչնչացնելու համար, (կարելի է կարծել` առևտրային այդ կետը «Զորաց քարերի» պահպանման գործառույթ է իրականացրել):


Նորից գլուխ է բարձրացնում աղմկահարույց հարցը՝ Զորաց քարե՞ր, թե՞ Քարահունջ, աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ: Ինչու՞ են մեկը մյուսին անխնա մեղադրում հուշարձանն արժեզրկելու, անգամ վնասելու փորձի մեջ: Ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունն այս հարցում:
Դավիթ Դանիելյանը նկատեց, որ կառավարության որոշմամբ՝ դա աստղադիտարան է, տարիներ շարունակ տարբեր հնագետներ կարող են տարբեր կարծիքներ հայտնել, բայց պետությունը մեկ դիրքորոշում պետք է ունենա, նախարարությունն էլ պետության մի մասնիկն է. «Հնարավոր է շուտով ճանապարհին տեղադրվեն «Զորաց քարերի»՝ աշխարհի ամենահին աստղադիտարանը լինելու վարկածը հաստատող ցուցանակներ: Զբոսաշրջիկներին մենք շփոթեցնում ենք. մեկն ասում է՝ դամբարանադաշտ է, մյուսը՝ աստղադիտարան»:


Շփոթության պատճառ է նաև «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծված, հնավայրի՝ չափերով ավելի փոքր կրկնօրինակը: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը ևս մի անգամ ապակողմնորոշվել է՝ տեսնելով դա: Այդ մտահղացման հեղինակը արգելոցի նախկին տնօրենն է: ՊՈԱԿ-ի տարածքից դա դուրս է, լիազորություն չունեն, բայց եթե պարզվի, որ անթույլատրելի է հուշարձանը այդ կերպ պատճենելը, այդ հարցով էլ կզբաղվեն: Նախկին տնօրենը հայտնի է նաև իր տեղադրած քարերի տարածքում ծիսակատարություններ իրականացնելու փաստով, սակայն այլևս լիազորություններ չունի: «Զորաց քարեր» մասնաճյուղը նոր վարիչ ունի. Աշոտ Ավագյանին փոխարինել է Սպարտակ Սաֆրազյանը: Նախարարությանը տեղեկություն է հասել նաև, որ նախկին տնօրենը մայրուղու մոտ խանութ ունի, որտեղ հնագիտական իրեր է վաճառում: Իսկ տաղավարը նկատել են դեպի մարզեր հերթական այցի ժամանակ. նախարարը տեսել է տաղավարը և հրահանգել անհապաղ զբաղվել այդ հարցով:


Ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ են հնչում, որ հնագետները պեղումներն իրականացնում են օրենքի խախտումով՝ միտումնավոր ոչնացնելու համար «Զորաց քարերը»: Մտադի՞ր եք բողոքի հետքերով գնալու և պաշտոնական եզրակացութուն տալու՝ վերջակետելով անհարկի խոսակցությունները կամ, հակառակ դեպքում, կանխելով վանդալիզմը: Մեր այս հարցերին ի պատասխան Դավիթ Դանիելյանն ասաց, որ տեղում ուսումնասիրել են խնդիրը, նաև հրահանգել են՝ պարզել, թե ինչ է կատարվում իրականում. «Հիմա շատ ավելի խիստ է լինելու հսկողությունը: Մի քանի օր առաջ գիտամեթոդական և փորձագիտական նիստ անցկացրինք մասնագետների հետ՝ նախարարի ղեկավարությամբ: Լրջորեն քննարկել ենք բոլոր այդ խնդիրները: Պետք է էլեկտրոնային եղանակով արձանագրվի պեղումների ընթացքը, որպեսզի բազա ունենանք, և այդ ամենը հասնի եկող սերունդներին: Կա նաև մեկ այլ հանգամանք. հնագետներն իրավունք չունեն ամբողջը պեղելու, մի հատվածը պեղում են, մնացածը պետք է հաջորդ սերունդն անի՝ ավելի զարգացած տեխնոլոգիաներով: Մենք լուրջ թիմով զբաղվում ենք պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, վստահ եմ, որ արդյունավետ աշխատանք է արվելու»:


Հետաքրքրվեցի նաև «Ամբերդ ամրոցի» ճակատագրով, որի հարևանությամբ իրականացվող աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են, ճշտելու համար՝ ի՞նչ փուլում է գործընթացը: «Իրավական դաշտում է գործընթացը, համապատասխան մարդիկ օրենքով սահմանված կարգով պատասխան պետք է տան: Մեզնից պահանջվում էր կասեցնել շինարարությունը: «Ամբերդ» դեռ չենք հասցրել գնալ, բայց ծրագրում ենք»,- ասաց Դավիթ Դանիելյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao