Միայն գեղեցիկ կոստյումեր հագնելով՝ ՀԱՊԿ նիստեր չե՛ն կազմակերպում

Միայն գեղեցիկ կոստյումեր հագնելով՝ ՀԱՊԿ նիստեր չե՛ն կազմակերպում
05.11.2019 | 21:21

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի կազմակերպչական աշխատանքները եթե մեկ բառով նկարագրելու լինենք, ապա այսպես կստացվի՝ «յաբախտի»:

Լիագումար նիստն անցկացվում էր պաշտպանության նախարարությունում, թե կոնկրետ որտեղ, որ մասնաշենքում, որ հարկի որ դահլիճում, հայտնի չէր ոչ ոքի: Լրագրողներիս ՊՆ անցակետում միայն ասացին՝ 5-րդ հարկում է: Մինչև գտանք, թե որտեղ է միջոցառման անցկացման վայրը, առանց չափազանցնելու 3 կմ այս ու այն կողմ քայլեցինք, մի քանի հարկ իջանք ու բարձրացանք: Մի կերպ գտնելով միջոցառման վայրն ու փորձելով մեր աշխատանքը կատարել՝ այժմ էլ պարզվեց, որ ձայնագրելու հնարավորություն չկա: Կազմակերպիչները սկսեցին այս ու այն կողմ վազել, «դինամիկներ» հայթայթել: Միջոցառումը նախատեսված ժամից մոտ մեկ ժամ ուշ սկսվեց՝ ըստ երևույթին կազմակերպչական առկա հարցերը դույզն-ինչ կարգի բերելու պատճառով:


Լրագրողների համար նախատեսված սրահում աշխատելու համար ոչ հարմարավետ պայմաններ էին՝ ինտերնետի լիակատար բացակայությամբ: ՀԱՊԿ-ի վեհաժողովը մեր երկրում լուսաբանելու եկած արտասահմանցի լրագրողները մեզ նման նույն «անկապ» վիճակում էին: Չգիտեին՝ որտեղ ինչ կարող են գտնել: Տհաճ էր նաև, որ վեհաժողովին մասնակցող հյուրերի համար հատուկ «սուփռա էին բացել», սուրճի հյուրասիրություն կազմակերպել ու հրահանգել՝ լրագրողներին թույլ չտալ մոտենալ սեղաններին, դա բացառապես հյուրերի համար է: Հուսով եմ՝ գոնե արտասահմանի մեր գործընկերներին միջոցառման ավարտից հետո մեկ գավաթ սուրճ, այնուամենայնիվ, հյուրասիրել են: Հուսով ենք նաև՝ Ազգային ժողովի աշխատակազմը հաջորդ անգամ ի գիտություն կընդունի, որ միջոցառումները (այն էլ՝ միջազգային ձևաչափի) չպետք է «յաբախտի» կազմակերպել, յուրանքաչյուր հարցին ու դետալին լուրջ պետք է վերաբերել, ապահովել լրագրողների բնականոն աշխատանքը և այլն: Ի վերջո, միայն գեղեցիկ կոստյումեր հագնելով ու վստահ հայացքով այս ու այն կողմ քայլելով միջոցառում չեն կազմակերպում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao