Հրաչը՝ Վարդանի օրինակով ու դեռ մի բան էլ ավելի

Հրաչը՝ Վարդանի օրինակով ու դեռ մի բան էլ ավելի
09.07.2019 | 01:53

Գրելիքս ինչու՞ հենց այսպես, ինքնաբուխ վերնագրվեց։ Անունները արդյոք պայմանակա՞ն են, թե՞ կան կոնկրետ ազգանուններ, և կրողները գործող անձինք են։ Կոնկրետանանք։ Առաջինը ազգային գրադարանի տնօրեն Սարիբեկյանն է, երկրորդը՝ ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Մկրտչյանը։ Երկուսն էլ երիտասարդ են, բնավորությամբ իրար շատ մոտ, գործելաոճով՝ մի մկրատի կտրած, դուխով՝ առայժմ առաջամարտիկ։ Հրաչ Սարիբեկյանը մասնագիտությամբ (բանասեր) գուցե տաղանդավոր է, Վարդան Մկրտչյանը՝ դերասան և ոչ պակաս։ Հնարավոր է էս ջահելներն ունեն այլ շնորհներ ու առավելություններ ևս, բայց եղած-չեղածները դեռևս բավարար չեն, որպեսզի այսօրվա դրությամբ հաջողակ և հարգված գործատուներ կոչվեն, մանավանդ, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը՝ չունեն ոչ միայն խոսուն կենսագրություն, ինչպիսին իրենց ենթականերից ոմանք, այլև կոլեկտիվին և ոլորտը հասկանալու ցանկություն, գուցե և հմտություն։ Բայց մի հարցում, ինչպես պաշտոնավարող նորաթուխներից շատերը, նույն «քթից ընկած» են՝ պինդ սխալականությամբ, իրենց մտածումները օրենքի շրջանցումով առաջ տանելու անդրդվելի ցանկությամբ։ Արդյունքը...
Վարդանը, օրինակ, մեկ տարվա տնօրենության ընթացքում իր արած-չարածների համար քանի՜ ամիս է կրակն է ընկել իրար հաջորդող ստուգողներից և պարբերաբար կանչող ուժային կառույցներից. 4 դատական պատմություններից մեկում վերջնականապես պարտություն է կրել, 3-ը շարունակական փուլում են, և դեռ պարզ էլ չէ, թե առաջիկայում ինչ է սպասվում։
Փորձառուից ոչ մի քայլով հետ չի մնում Հրաչ Սարիբեկյանը։ Ընդհակառակը, դեռ մի բան էլ ավելին է։ 2018 թ. վերջերին աշխատանքի անցնելով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում որպես բաժնի վարիչ, չանցած 3 ամիս, նշանակվել է տնօրենի պաշտոնակատար, առաջիկայում հիմնավորվելու նպատակով։ Թե որոնք են ցայտունության դրսևորումները, կարևոր չէ։ Էականն այն է, որ թամբին նստելիս ինչպես Վարդանը սունդուկյանցիներին է սաստել («Ես պատահական մարդ չեմ, Սերժի դաբրոյով եմ այստեղ»), այնպես էլ Հրաչը՝ կոլեգաներին, միայն թե առանց անուններ տալու և հստակ ձևակերպմամբ. «Ես էս կոլեկտիվի հետ չեմ աշխատի, փոխելու եմ»։ Ասել ու տղամարդավարի գործի է անցել։ Ասում են 5 ամսվա ընթացքում հասցրել է ամենատարբեր պատճառներով աշխատանքից ազատել տարբեր տարիքի և զբաղմունքի, պաշտոններ զբաղեցնող 20-ից ավելի աշխատակիցների, որոնցից շատերը կոլեկտիվում հարգանք վայելող մասնագետներ են։


Բարեփոխումներին, սերնդափոխությանը, անշուշտ, կողմնակից է մի ամբողջ ստվար բանակ, եթե այն արդարացվող է, տեղին և առանց ցնցումների։ Իսկ եթե մեկը, հայտնված սպիտակ ձիով, աջ ու ձախ «սրի է քաշում հպատակներին», անհետևանք չի կարող մնալ։ Ի՞նչ կանեին վարդանմկրտչյաններն ու հրաչսարիբեկյանները, եթե իրենց ծնողների կամ ընտանիքի ցանկացած անդամի հետ վարվեին այնպես, ինչպես իրենք են անում առանց աչքունքի նայելու։ Այսօրինակ պաշտոնյաները մի՞թե զուրկ են դիմացինի արժանիքները նկատել-գնահատելուց։ Գլուխը քարը։ Գոնե հյուլեաչափ նրբանկատ լինեն ու մեկ-մեկ էլ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը թերթեն։ Ի՞նչ է մտածել Հ. Սարիբեկյանը տնտեսական գծով իր տեղակալին ազատման հրաման տալուց առաջ։ Որքան հասկանում եմ, 113 հոդվածի 6-րդ կետի կիրառումը և դրա տակից դուրս գալը հեշտերից չեն։ Ասացին՝ կայացվել է անշշուկ-անձայն։ Մեղադրվողը՝ իրավաբանի և տնտեսագետի մասնագիտությամբ Ռազմիկ Առաքելյանը, որ հասակակիցն է գործատուի, նմանակելով, սուսուփուս ծանոթացել է հրամանին և առանց խոսք անգամ փոխանակելու քայլերն ուղղել է դեպի դատարան։ Ազատվածներից առայժմ միակն է ընտրել օրինականության ճանապարհը՝ տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջի հայցով։ Անդրանիկ նիստը վաղն է։ Խմորը շատ ջուր է քաշելու, բայց դիմումատուն լիահույս է, որ ուշ թե շուտ արդար վճիռ կկայացվի։ ՈՒ թե հեռացվելուց հետո Ռազմիկ Առաքելյանը անգործ չի մնացել, վատ չի զգում նոր և ավելի հնչեղ աշխատավայրում՝ Ազգային ժողովում, բայց նախորդում 10 տարվա արած-դրած ունի, հոգու կանչ և արժանապատվության խնդիր։ Միակ երկմտանքը կապված է օգոստոսին կայանալիք տնօրենի մրցույթի հետ. ո՞վ պատվով դուրս կգա՝ այսօրվա գործատու՞ն, թե՞ մեկ ուրիշը։ Սարիբեկյանի հետ 7 ամսվա համատեղ աշխատանքի տեսուճանաչության ընթացքում, ճիշտ է, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, ոչ անձնական հարց և ոչ էլ տարաձայնություն, բայց...
Նախկին մեկ այլ աշխատակցի համար բացարձակ նշանակություն չունի, թե ով կլինի վաղվա տնօրենը, կարևորը արդարությունն է։ Այս կարծիքին և սպասմանն է հակված օրեր առաջ գործազուրկների շարքերը համալրած տնտեսական բաժնի պետը, մարդ, որ Ռազմիկ Առաքելյանի նման բարեխիղճ է, փորձառու և հարեհաս։ Չտեսանք, չլսեցինք մեկի, որ դրվատանքով չարտահայտվեր Սաշա Ալթունյանի մասին, և միայն երկուսն էին տեղյակ կատարվածից։ Իսկ 20.06.2019 թ. թիվ 225-Ա հրամանն ավելի տարողունակ է. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, տնտեսական բաժնի պետի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ և ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով հունիսի 21-ից լուծել Սաշա Ալթունյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»։


Գործատուն, իհարկե, իրավունք ունի աշխատողի հետ լուծելու ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, եթե աշխատողն աշխատանքի վայրում գտնվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ։ Բովանդակությունը դաժան է, ցավոտ, կողմերի հիմնավորումները՝ ոչ դյուրին ու նետահարող։
Մեր լրագրողական հետաքննությունը թույլ է տալիս ասել, որ հրամանը խոցելի է, ոչ իրավաչափ։ Չկան իրավական հիմքեր Ս. Ալթունյանի իրավիճակի, գործողություններում թույլ տված հետևանքների և օրինազանցությունների մասին, առավել ևս վկաներ։ Ավելին, տնօրենի ժ/պ-ին պարետն առաջարկել է կանչել մասնագետների, տեղում իր վիճակը ստուգելու-արձանագրելու, ինչն անտեսվել է։ Եթե անգամ ընդունենք տնօրենի բանավոր կարգադրությունն այն մասին, թե իբր պարետի կողմից հունիսի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում առանձին հարկաբաժինների դռներն ու պատուհանները բաց վիճակում թողնելը նկատողության առիթ է դարձել, միևնույն է, դատարանում չի կարող միանշանակ ընդունվել, քանի որ արդեն իսկ առկա է օրենքով նախատեսվող նկատողության գործընթացը խախտելու հանգամանքը։ Իզուր կլինեն բացը վերականգնելու, իրենց գործողություններում այսօրվանից շտկում-լրացումներին ուղղված ջանքերը, քանի որ դրանք վաղը չեն կարող չդիտվել որպես միակողմանի, պաշտոնական դիրքի չարաշահման արդյունք։ Բացառված է հարց չառաջանալը. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ինչպե՞ս, ի՞նչ գործիքների օգտագործմամբ և ի՞նչ պայմաններում է հանգել նման եզրակացության, ինքը մասնագե՞տ է, որ ոտքի վրա ախտորոշել է անսթափ վիճակ՝ խմիչքի, թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի օգտագործումով։ Այդ մասին մենք այլ տեղեկություն ստացանք կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների հետ պայմանագրային կարգով անվտանգության ծառայություն մատուցող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության ավագ սերժանտ Գառնիկ Գրիգորյանից։ Այդ օրվա հերթափոխի պետը նշեց, որ «Սաշա Ալթունյանը եղել է վատառողջ, կարող էր, բայց չդիմեց շտապօգնություն և մենք միասին մինչև ժամը 19.00, ինչպես հարկն է, կատարել ենք հանձնում-ընդունում»։


Մեզ հաջողվեց ճշտել, որ համապատասխան մատյանում չկա բացասական գրառում, ինչը հաստատումն է օրինախախտության բացակայության։ Եվ միայն հաջորդ օրը, երբ Սաշա Ալթունյանը «պարտիզանություն» արեց՝ մերժեց հարցազրույցիս առաջարկը, ասելով, որ դիմելու է հիմնարկի արհմիութենական կազմակերպությանը, կենսագրական որոշակի տվյալներ կորզեցինք. 1985 թ. ավարտել է ճարտարապետաշինարարական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի անցել Երևանի Խորհրդային շրջսովետի բնակվարչությունում որպես ինժեներ։ 1990-ից նորաստեղծ տարբեր ջոկատների հետ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի և Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և ռազմական գործողություններին, եղել Սյունիքի աշխարհազորի կազմի 5-րդ ջոկատի հրամանատար։ 1992 թ. հոկտեմբերի 24-ին վիրավորվել է Հոչազ գյուղի դիրքերում, 2-րդ կարգի հաշմանդամ է, 1994-95 թթ. աջակցել է Քաշաթաղի և հարակից տարածքների վերաբնակեցմանը։ Չի կարելի մեջբերում չանել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և Սյունիքի աշխարհազորի հրամանատար Նորայր Խանզադյանի տված ծառայողական բնութագրից. «Սաշա (Սասուն) Ալթունյանը շատ արագ ըմբռնել է մարտի տակտիկան, տիրապետել խոշոր տրամաչափի զենքերին, հաճախ օրինակ ծառայել մարտական ընկերներին և երբեք չի խուսափել առաջին գծից։ Հայրենասեր է, անձնվեր զինվոր, ունի մեծ հարգանք»։ Տեսնես տնօրենի ժ/պ Հրաչ Սարիբեկյանը որքանո՞վ է տեղյակ նախկին պարետի և աշխատանքից ազատվածների կենսագրությանը, գործիմացությանը, հնարավո՞ր է հայրենիքի համար մարտնչած զինվորի պատասխանատվությանն ու մաշկի վրա զգացած բեռը պաշտոնյան անվնաս կրի իր ուսերին, որքանո՞վ է արդարացի և շահեկան անփորձներով գրադարան լցնելը, հեռացվածներից քանի՜ քանիսը ֆինանսական հնարավորություն ու համբերություն կունենան պայքարելու իրենց շահերի պաշտպանության համար։ Կասկածից վեր է՝ Սաշա Ալթունյանը կլինի այն հերթականը, որ կգնա մինչև վերջ հանուն ճշմարտության և կպայքարի օրինականության դաշտում, որպեսզի ոմանց համար դաս լինի։


Անգամ եթե ինչ-որ տեղ նախկին պարետը թույլ է տվել կարգապահական խախտում, կարծում եմ, աշխատանքային առաջին նկատողության և թիվ 225-Ա հրամանի փոխարեն Հ. Սարիբեկյանի կողմից խոհեմ կլիներ մարդկային մոտեցումը՝ հաշվի առնելով Ս. Ալթունյանի առողջական վիճակը (հանրապետության ՊՆ-ի սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Հարությունյանի վավերացրած 08.06.2010 թ. թիվ 36/1598 տեղեկանքը բովանդակում է. «ՀՀ սահմանները պաշտպանելիս զինծառայող Սաշա Ալթունյանը 24.10.1992 թ. ստացել է կոնտուզիա...») կարող էր սրտացավ զրուցելուց հետո ճանապարհել այլ հոդվածով կամ սեփական դիմումի համաձայն, ու վարկանիշային սանդղակում քայլ առաջ գրանցել, ոչ թե հետընթաց։


Վիրավորանքն է խեղդել պատվոգրերի, դրամական և այլ խրախուսանքների, իսկ 2006-ի հունվարի 27-ին ՀՀ նախագահի կողմից մարտական ծառայության մեդալի արժանացած թոշակառու աշխատակցին, որպեսզի վիճահարույց հարցը քննարկեն տան պատերի ներսում։ Ինչպիսին կլինի արհկոմի պատասխանը, կանդրադառնանք առաջիկայում, բայց դժվար չէ կռահել պատասխանը։ Ձևավորված մերժողական կարծիքս կարծրացավ Սրբուհի Կիզիրյանի հետ ունեցած հեռախոսազրույցից, նրա կցկտուր «բացատրությունից», դողդոջ և կաշկանդված վիճակից. «...այլևս ոչինչ չեմ կարող ասել, տնօրենի հետ պարզաբանեք»։ Նման պատասխանից հետո չի բացառվում, որ մուրճի և զնդանի արանքում հայտնվածը նոր և լուրջ խնդիրներ ունենա։ Ինչպե՞ս վարվի. մի դեպքում, որպես արհկոմի նախագահ կոչված է պաշտպանելու աշխատողի շահերը, իսկ մյուս կողմից՝ գործատուի աջ թևն է պաշտոնի բերումով. որպես աշխատակազմի ղեկավար տնօրինում է կադրային խնդիրները, հրամանների ձևակերպում-համաձայնեցումը կամ հակառակը՝ խոնարհաբար կատարումը։

Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ աշխատակազմի ղեկավար Սրբուհի Կիզիրյանը, որը միաժամանակ արհկոմի նախագահն է, լարվածության արդյունքում արդեն ազատված է աշխատանքից այն բանից հետո, երբ մուտքագրել է Սաշա Ալթունյանի դիմում-բողոքը՝ տնօրենի ժ/պ Հրաչ Սարիբեկյանի թիվ 225-Ա հրամանի առնչությամբ։ Մանրամասներ իմանալ ավելին չկարողացանք. Սրբուհի Կիզիրյանը գերադասեց ժամանակավոր լռությունը, իսկ նույն քմահաճությանն արժանացած Հասմիկ Ղազարյանը, ընդհակառակը, բարձրաձայնեց իր հերթական քայլերի մասին՝ գործատուի հիմնազուրկ հրամանը (աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում) անվավեր ճանաչելու ուղղությամբ։ Մինչ դատական հայց ներկայացնելը, գիտական գծով փոխտնօրենը (17 տարեկանից գրադարանում է, 20 տարի եղել է բաժնի վարիչ) լարված, անառողջ մթնոլորտի, կոլեկտիվի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, անձնական վիրավորանքներ շռայլելու և ոլորտին չտիրապետելու մասին ահազանգել է ոչ միայն նախարարությանը, այլև իր մտահոգությունները հայտնել օրենսդիրի ղեկավարությանը։
Հասմիկ Ղազարյանը պատրաստվում է «Իրատեսի» միջոցով առաջիկայում զրուցելու հանրության հետ։ Եվ նա միակը չէ։ Շատերի սրտացավությունը սթափեցնող կոչ է իշխանություններին. մի՞թե հասու չեն, որ կադրային գենոցիդը ընդլայնում է արտագաղթը։

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao