ReAnimania 2019
 

«Նովակն ու Ռաֆան նախկինի պես շատ ուժեղ են»

«Նովակն ու Ռաֆան նախկինի պես շատ ուժեղ են»
12.07.2019 | 02:40

«ՈՒիմբլդոնի» մրցաշարի մեկ քառորդում Քեյ Նիսիկորիի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Ռոջեր Ֆեդերերն անդրադարձել է կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալի հետ այսօր կայանալիք մրցակցությանը։ Սակայն, մինչ այդ զրույցը ներկայացնելը, մի երկու դիտարկում՝ կապված այս մեծանուն մարզիկի հետ ու ոչ միայն: Նախ ասենք, որ լոսանջելեսյան երեկ կայացած հանդիսավոր արարողությունում աշխարհահռչակ շվեյցարացին տղամարդկանց անվանակարգում ճանաչվել է լավագույնը՝ շրջանցելով սերբ Նովակ Ջոկովիչին, իսպանացի Ռաֆայել Նադալին, հույն Ստեֆանոս Ցիցիպասին (կանանց շրջանում լավագույնն է ճանաչվել ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսը, որն առաջ է անցել ռումինուհի Սիմոնա Հալեպից, ճապոնուհի Նաոմի Օսալայից, չեխ Պետրա Կվիտովայից):
Երկրորդ նշանակալից իրադարձությունն այն է, որ վերը հիշատակված Քեյ Նիսիկորիի նկատմամբ տոնած հաղթանակը Ռոջեր Ֆեդերերի համար դարձավ կոնկրետ մեկ մրցաշարի հաշվարկով տոնած հարյուրերորդ հաղթանակը։ Այս ցուցանիշով «Ուիմբլդոնի» ութակի չեմպիոնը դարձավ աշխարհի թիվ մեկ մարզիկը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ արդյունքը պատկանում է Ջիմի Քոնորսին։ Նա Ամերիկայի բաց առաջնությունում հաղթել է 98 խաղում։ Երրորդ ցուցանիշը դարձյալ պատկանում է Ռոջեր Ֆեդերերին, որը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է 97 անգամ։ Առաջին քառյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը։ «Ռոլանդ Գարոսում» 12 անգամ անընդմեջ հաղթած այս ֆենոմենալ մարզիկը հեղինակավոր այս մրցաշարում տոնել է 93 հաղթանակ։


-Ըստ Ձեզ, Ձեզ հետ խաղերում ո՞րն է Ձեր մրցակիցների գլխավոր դժվարությունը։
-Այդպես մտածելը վնասակար է, քանզի այդկերպ կարելի է մտածել, որ իբր խաղում ես ինքդ քեզ հետ, իսկ դա սխալ է, որովհետև իմ հակառակորդների ուժեղ ու թույլ կողմերն այնպիսիք չեն, ինչպիսիք իմն են։ Օրինակ, ես գնդակի մատուցում-նախահարվածն ուղղում եմ մրցակցի մարմնին, որ նրանք չցանկանան նույնն անել։ Սակայն դա էլ է սխալ. կորտում պիտի անես այն, ինչ ուզում ես։ Միշտ պետք է խաղալ քեզանից, քո ուժեղ դիրքերից ու ոչ թե մրցակցի։
-Ո՞րն է Ռաֆայի հետ խաղերի գլխավոր դժվարությունը։
-Դե դուք առաջին օրը չէ, որ աշխատում եք, նրա մասին գիտեք ամեն ինչ, ինչպես որ ես (ժպտում է)։ Այս ծածկի վրա նա շատ է ավելացրել ու հիմա խաղում է բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես ավելի վաղ։ Մենք վաղուց չենք խաղացել խոտածածկի վրա։ Նա հիմա գնդակը մատուցում է բոլորովին այլ կերպ, շատ ավելի ուժեղ, միավորները շատ ավելի արագ է ձեռք բերում։ Հաճելի է տեսնել, թե որքան երկար է նա հանդես գալիս այս մակարդակի վրա, որովհետև նրա մասին արդեն 2008-ին էին ասում, թե դա վերջն է, ինչպես որ իմ մասին էին ասում 2009-ին։ Իսկ մենք դեռ այստեղ ենք, ու հաճելի է, որ այստեղ ենք։
-Անցյալի ձեր խաղերից ո՞րը կարող է ցուցադրական լինել այն իմաստով, թե մեզ ինչ է սպասում ուրբաթ (կրկին հիշեցնենք, որ այսօր Ֆեդերեր-Նադալ դիմակայությունն է՝ Մ. Հ.)։
-Դե, հուսով եմ, ոչ վերջին «Ռոլան Գարոսը» (ժպտում է)։ Ինչպես հիշում եք, պայմաններն այնտեղ մի փոքր այլ էին։ Անտանելի քամիներ էին։ Չեմ լսել, որ վաղը չէ մյուս օրը սպասվում է նման բան։ Հուսով եմ, որ չի էլ լինի։ Այլապես ուրախ կլինի։ Դե չգիտեմ։ Ասենք՝ ոնց որ Australian Open-ի եզրափակիչ։ Իսկ ընդհանրապես ի՜նչ տարբերություն։ Նշանակություն ունի միայն ընթացիկ մարզավիճակը՝ իմ ու իր։
-Դուք վերջերս ասացիք, որ «ՈՒիմբլդոն 2009»-ից Ձեզ մոտ ցանց է մնացել, ու դա Ձեր սիրելի հուշանվերն է։ Որտե՞ղ է այն, ինչ է եղել դրա հետ։
-Նույն կերպ փաթաթած-դրած է։ Ես մտածում էի դա ինչ-որ մի հարմար տեղ դնել՝ դե հո հյուրանոցի պատուհանից չես կախի։ Հատուկ ինչ-որ բան է պետք։ Ես մտածում էի դրան տեղ տալ ավտոտնակում, սակայն վերջնահաշվում այնտեղ ուրիշ բան արեցի։ Չգիտեմ՝ գուցե երբևէ կախեմ սեփական կորտում, սակայն ընդհանրապես ցանկալի է ինչ-որ առանձնահատուկ բան անել, որովհետև այն հուշ է կախարդական օրվա մասին։
-Ձեր կյանքի որքա՞ն ժամանակն եք անցկացնում միայնության մեջ։
-Ոչ շատ։ Ինձ դուր չի գալիս մենակ լինելը։ Ես դրանից չեմ վախենում, պարզապես ինձ դուր է գալիս լինել ընկերներիս, ընտանիքիս հետ։ Դա է ինձ համար ցանկալին։ Ես սիրում եմ շփվել։ Բացի այդ՝ չորս երեխաների հետ ի՞նչ միայնություն։ Ինձ համար դա իդեալական է։ Ես շատ երջանիկ եմ։
-Ձեզ համար ի՞նչ է նշանակում «ՈՒիմբլդոնում» հարյուր խաղում հաղթելը։
-Դա ինչ-որ առանձնահատուկ բան է։ Հավանաբար։ Դրանց հետևում շատ տարիներ են կանգնած։ Սակայն այսօր կորտում ես այդ մասին ոչ մի անգամ չմտածեցի։ Իսկ հետո ես կորտում ստորագրություններ էի տալիս, ու մի երկրպագու ասաց. «Շնորհավորում եմ հարյուրերորդը»։ Իսկ ես՝ օյ, իսկապես, իսկ ես մոռացել էի։
Այդ ո՞վ կարող էր մտածել, որ ես «ՈՒիմբլդոնում» կշահեմ հարյուր խաղ։ Հաստատ ո՛չ ես։
-Մարդիկ ապշած են, որ գործող խաղացողներից ոչ մեկը 28 տարեկանից պակաս հասակում չի խաղացել «Սաղավարտի» եզրափակչում, էլ չասենք հաղթելու մասին։ Հաշվի առնելով այն, որ այդ տարիքում դուք հաղթել էիք 15-ում, Ձեզ չէ՞ր թվում, որ գերակայության այդ ժամանակը պետք է վաղ ավարտվեր։
-Ի՞նչ ասել։ Տղամարդկանց թենիսում հիմա ոչ սովորական ժամանակ է։ Անհնար էր ենթադրել, որ ես, Ռաֆան ու Նովակը կխաղանք այսքան երկար ու այսքան հաջող։ Այնպես որ, նախ և առաջ, մենք շատ տղաների մոտ չթողեցինք մեծ հաղթանակներին։ Երկրորդ՝ արդյո՞ք նրանք այնքան տաղանդավոր էին, որքան Ռաֆան, Նովակը, ես։ Գուցե չեն եղել։
Գումարած՝ վարկանիշային միավորների բաշխումը. այնտեղ պիտի ընդհանուր ցանցից լավ հեռու լինես, որ վարկանիշային սանդղակով կարողանաս վեր բարձրանալ։ Դրա համար էլ դժվար է դարձել հասնել ու ութնյակում մնալ, որը թույլ կտա «Սաղավարտներում» լավ ցանց ունենալ։ Էլ չասենք քառյակի մասին. այն մշտապես զբաղված է։ Ստացվում է փակ շրջանակ. այնտեղ հայտնվելու համար հարկավոր է հաղթել «Սաղավարտում»։ Այն փոխարինել կարելի է թերևս «Մաստերսներով». սակայն Ռաֆան հարցերը լուծում է հողածածկում, Նովակը հաղթում է բոլոր արհեստականներում, ես ինչ-որ բաներում եմ ինձ դրսևորում, բացի այդ, կան Մարեյը, Սթենն ու այլ տղաներ, որոնք ավելի ուշ բացահայտվեցին ու բացվեցին, դել Պոտրոն։ Արդյունքում ստացվում է, որ ուրիշ մեկը չկա էլ, որ բռնես։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ այստեղ գործոնների կոմբինացիա է։ Սակայն ամեն ինչ կարող է փոխվել։ Ես, օրինակ, դեռևս հիշում եմ բոնուսների համակարգը. «Սաղավարտում» հաղթեցիր թիվ 1-ին՝ պլյուս 100 միավոր, մեկ այլ մրցաշարում նույնն արեցիր՝ պլյուս 50 միավոր։ Այնպես որ՝ մի երկու մեծ արդյունք, ու դու կարող էիր բարձրանալ վարկանիշայինում։ Բացի այդ, մյուս տարի քեզ կարող էր բաժին չհասնել միավորները պաշտպանելու հնարավորություն, եթե նման ցանց բաժին չհասներ։ Կարճ ասած, հիմա չափազանց դժվար է թափանցել թոփ, որովհետև Նովակն ու Ռաֆան նախկինի պես շատ ուժեղ են։

Հ. Գ. Ի լրումն հարցազրույցի, ասենք, որ համաշխարհային սպորտում միայն մեծ թենիսում չէ, որ հայտնվում է ուժեղագույն մարզիկների մի սերունդ ու, այսպես ասած, անգոյության կամ հարաբերական անգոյության մատնում մի ողջ սերնդի։ Հիշենք, թե շախմատային երկնակամարում ամերիկացի Ռոբերտ Ֆիշերի կողքին Անատոլի Կարպովի հայտնվելը ինչ բնութագրականի արժանացավ այն ժամանակների տաղանդավոր շախմատիստների, Ռոմանիշինի կողմից, 80-ականներն այդ նույն շախմատում ինչպիսի դիկտատուրայի ժամանակներն էին ի դեմս այդ նույն Կարպովի ու Կասպարովի: Այդպես կարող ենք վկայակոչել ծանրամարտը, վկայակոչել բռնցքամարտը, բազում այլ մարզաձևեր։ Այնպես որ, անբնական ոչինչ չկա, երբ նման բաներ են լինում: Միշտ էլ ժամանակները սիրում են անակնկալի բերել միապաղաղ կյանքի վարժվածներին՝ նրանց հանելով լեթարգիական քնից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao