С-400-ներով Թուրքիան ստանում է տարածաշրջանի ռազմական հետախուզության հնարավորություն

С-400-ներով Թուրքիան ստանում է տարածաշրջանի ռազմական հետախուզության հնարավորություն
12.07.2019 | 11:12

Թուրքիան, որ իբրև լուրջ ու անկախ պետություն չի հրաժարվում С-400-ները ձեռքբերելու որոշումից, չնայած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սպառնալիքներին, օրերն է հաշվում մինչև համակարգերը ստանալը: Շարունակվում են վեճերը, թե որտե՞ղ են տեղակայվելու С-400-ները և ակտիվ կլինե՞ն նրանց ռադարները: Ոմանք նույնիսկ պնդում են, որ այդ հրթիռներն օգտագործվելու են ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական օպերատիվ նպատակներով:
Ի՞նչ են նշանակում С-400-ները Թուրքիայի համար: Բոլոր այդ վեճերը իրականում ցույց են տալիս, թե որքան կարևոր են երկրի համար մի քանի С-400-ները: Հատկապես եթե հաշվի առնենք С-400-ների դերը ռազմական հետախուզության տեսակետից… Այսինքն՝ կործանիչների ու հրթիռային հնարավոր գրոհներից բացի այդ համակարգերը իրենց զգայուն ռադարներով ունակ են հետևել տարածաշրջանի ամբողջ ակտիվությանը և չեզոքացնեն անսպասելի հարձակման ռիսկը: Ահա ինչու է ԱՄՆ-ը այդպիսի աղմուկ բարձրացրել:


Եվս մեկ հարց, որ այս փուլում ակտիվորեն քննարկվում է՝ ինչպե՞ս և ումի՞ց են մեզ պաշտպանելու С-400-ները: Այս հարցին պատասխանել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հաքի Պեկինը: «Հնարավոր են օդային հարձակումներ Հունաստանի կողմից, իսրայելական կործանիչների ու բալիստիկ հրթիռների գրոհներ: Կա նաև Իրանը: Թեպետ մեզ հիմա թշնամի չէ, դուք չգիտեք՝ ինչ կլինի վաղը, վերջիվերջո նրանք 2000-2500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունեն: Չի կարելի բացառել Հայաստանը: Թուրքիան օդային պաշտպանական հովանոց չունի այս բոլոր հնարավոր սպառնալիքներից: Մենք ունենք Stinger-ներ՝ 7-8 կիլոմետր հեռահարությամբ, որ ուսից են կրակում և զենիթային զենքեր, բայց այս ամենն ապահովում է անմիջական հակաօդային պաշտպանություն ցամաքային զորամիավորումների համար: Կան համակարգեր, որ ապահովում են ռազմածովային ուժերի նավերի անմիջական պաշտպանությունը: Բայց ոչ բոլոր նավերի վրա: Ռազմաօդային ուժերում, ենթադրենք, դուք ունեք պատրաստի ինքնաթիռներ, ռմբակոծիչներ ու կործանիչներ: Այսինքն դուք օդ եք բարձրացնում ինքնաթիռներ ի պատասխան թշնամու գրոհին և ոչնչացնում եք նրա օդային կամ ցամաքային նպատակակետերը: Բայց հիմա պայմաններն այնքան են փոխվել, որ ինքնաթիռները կարող են 180-200 կիլոմետրից նետել ռումբերը: Օրինակ, Թել Ավիվից օդ բարձրացած ինքնաթիռը, ոչ մի սահման չխախտելով, հրթիռ կարող է արձակել Թուրքիայի ուղղությամբ 150-160 կիլոմետր հեռավորությունից: Հիմա պետք են համակարգեր, որ թույլ կտան կանխել այդօրինակ գրոհները, միայն ինքնաթիռներով դա անել հնարավոր չէ: Այսինքն՝ ով էլ լինի թշնամին, մենք հետևում ենք շուրջբոլորը և հասկանում՝ որտեղի՞ց է սպառնալիքը»: Իսկ կասկածնե՞րը հրթիռների սահմանափակ քանակի և Ռուսաստանից կախվածության մասին: «Ինչպես մենք կախված ենք դառնում ԱՄՆ-ից, երբ գնում ենք F-35-ներ ու Patriot-ներ, այնպես էլ կախված ենք լինելու Ռուսաստանից: Բայց Թուրքիան փորձում է զարգացնել իր հնարավորությունները: С-400-ների գնումով մենք ստանում ենք որոշակի տեխնոլոգիաներ: Տեխնոլոգիաներ ստանալով՝ Թուրքիան, հավանաբար, որոշ ժամանակից կունենա հակաօդային պաշտպանության սեփական համակարգը: Թուրքիան դա կանի, պետք է անի»: «Թուրքիան մտադիր չէ կռվել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը՝ ևս: Եթե նույնիսկ դա տեղի ունենա, Թուրքիան այլ միջոցներ կձեռնարկի, կնախատեսի պաշտպանության ասիմետրիկ համակարգ և ԱՄՆ-ին ավելի մեծ դժվարություններ կմատուցի: Այսինքն՝ ԱՄՆ հրթիռներ կնետի, բայց կփոշմանի հետևանքների պատճառով: Դա կդառնա ավարտը ԱՄՆ-ի գլոբալ գերակայության, որին նրանք այդքան ձգտում են»:
Թուրքիան գնում է С-400-ներ ոչ թե ինչ-որ մեկի հետ կռվելու համար, այլ իր ազգային շահերի պաշտպանության: Եվ ցանկանում է պատրաստ լինել հնարավոր անակնկալ հարձակումներին ու անսպասելի գրոհներին: Հետևաբար, այս հրթիռները ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի հզորության տեսակետից: Իհարկե, եթե ակտիվացվեն տեղակայման պահից:
Թունջա Բենգին, Milliyet


Հ.Գ. Մենք կեսբերան բողոքում էինք, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին և բացարձակապես անտարբեր եղանք հրապարակային մակարդակով, երբ Ռուսաստանը Թուրքիային վաճառեց С-400-ներ, այն էլ՝ տեխնոլոգիաներով: Պարզվում է՝ Թուրքիան պատրաստվում է С-400-ները գործի մեջ դնել նաև մեր դեմ, դա դեռ չարիքի փոքրագույնն է, С-400-ների ռադարներով Անկարան պատրաստվում է հսկել տարածաշրջանում զորաշարժը: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, խորին շնորհակալություն Ռուսաստանին Թուրքիային Հայաստանի դեմ ոչ միայն զինելու, այլև հետախուզական տվյալների հավաքման հնարավորություն տալու համար: Դա իսկապես ռազմավարական գործընկերոջ ազնիվ պահվածք է ու, կարևորը, վկայում է այդ գործընկերոջ հուսալիությունն ու հավատարմությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao