Զոհրաբ Մնացականյան․Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է

Զոհրաբ Մնացականյան․Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է
12.07.2019 | 11:25

Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ ելույթ ունենալով Բաթումիի 16-րդ միջազգային համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ «Դրանք մեր ընդհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»՝ ասել է Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:


«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ 2018-ը կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան», - ասել է նա:


Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: Նա հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:


Նախարարն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են։ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ», - ասել է Մնացականյանը:


Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ է ունեցել նախագահ Դոնալդ Տուսկը։
Համաժողովը ուղեկցվել է ակտիվիստների բողոքի ակցիաներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով մեծ պաստառը ակտիվիստները փռել են գետնին և քայլել վրայով: Վրաստանի և Եվրամիության դրոշներով ցուցարարները կրկին պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարները ցանկանում են հանդիպել ԵՄ ներկայացուցիչներին՝ պատմելու, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում: Նրանք ասել են, թե միևնույն է կանգ չեն առնելու, բողոքի ցույցերը շարունակելու են, մինչև արյունալի գիշերվա համար պատասխանատու ներքին գործերի նախարարը հրաժարական չտա:
Բաթումիի համաժողովին շուրջ 400 մարդ է մասնակցում. Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների, եվրոպական երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, գործարարներ: Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը անհիմն է համարել ռուսական ավիաընկերությունների վրա դրված ագելքը՝ չվերթներ չկատարել Վրաստան: Համաժողովի իր ելույթում Դոնալդ Տուսկը հակադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարիներ առաջ արած հայտարարությանը, թե նախկին Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աղետն էր: «Վրաստանում այսօր ես ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աշխարհաքաղաքական աղետ չէր, դա օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ամբողջ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ռուսների համար», - Բաթումիում հայտարարել է Դոնալդ Տուսկը:


Վրաստանի ղեկավարները, իրենց ելույթներում ընդգծելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու անխախտ ձգտումները, ժողովրդավարական երկիր դառնալու անշրջելիությունը, անդրադարձել են Վրաստանի ամենացավոտ՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը Եվրամիության օգնության կարիքն ունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ նոր լարվածությունը ցույց է տալիս, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է և չի նպաստում երկարատև կայունությանը: Խնդրի լուծումը, Վրաստանի օկուպացիայի լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը խաղաղասեր երկիր է, 2008-ի պատերազմից հետո էլ բարյացկամ հյուրընկալում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, թե չնայած երկրում ստեղծված բոլոր դրական լիցքերին, Վրաստանը դեռ բախվում է սպառնալիքների և մարդու իրավունքների խախտումների օկուպացված տարածքներում:


Այս համաժողովը նաև մի առանձնահատկություն ունի, վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում սա ներդրումային առաջին համաժողովն է: Վեց երկրների մասնավոր և պետական ոլորտից ծրագրեր են ներկայացված, հույս ունենալով, որ դրանք ուշադրություն կգրավեն ու եվրոպական երկրների կամ Եվրամիության աջակցության ու ներդրումների միջոցով կյանքի կկոչվեն:

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao