Yerevan Perspectives International Music Festival
 

ԱՆ. ՍԴ անդամներին ներկայացվող առաջարկը չի կրկնօրինակում որևէ երկրի կարգավորում

ԱՆ. ՍԴ անդամներին ներկայացվող առաջարկը չի կրկնօրինակում որևէ երկրի կարգավորում
04.09.2019 | 10:54

Սահմանադրական դատարանի անդամներին օրենքով ներկայացվող տարբերակը չի կրկնօրինակում որևէ երկրի կարգավորում, այլ հետապնդում է միայն մեր իրողությանը հատուկ խնդրի լուծման նպատակ՝ կյանքի կոչել 2015-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականը՝ Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից` անդրադառնալով հարցին, թե որ երկրներում է կիրառվել առաջարկվող նախագծի կարգավորումը, ըստ որի` մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորները պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը, իսկ հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ:

«Առաջարկվող մոդելի և միջազգային կառույցների կողմից քննադատված կարգավորումների միջև կա էական տարբերություն. Արդարադատության նախարարության կողմից ներկայացված մոդելը հիմնված է կամավորության սկզբունքի վրա»,-ասված է պատասխանում: Արդարադատության նախարարությունից նշում են, որ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգերը բաժանվում են երկու խմբի՝ կամավոր և հարկադրական: «Տարբեր երկրներում գործում են նշված կառուցակարգերի տարբեր ձևաչափեր. հարկադրական կառուցակարգերը, որպես կանոն, կապված են դատական համակարգի փոփոխությունների (օրինակ՝ Հունգարիա, Լեհաստան) կամ այնպիսի հիվանդություն ձեռք բերելու հետ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու իր լիազորությունները, կամավորները՝ կենսաթոշակային համակարգի փոփոխության հետ (օրինակ՝ Իռլանդիայում 2012-ին կատարված փոփոխությունը, որը թույլ էր տալիս 65 տարին լրացած դատավորներին վաղ կենսաթոշակի անցնել), դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի ներդրման հետ (օրինակ՝ Ուկրաինայում 2014 -ից գործող կարգավորումը) և այլն»,-նշված է պատասխանում և ներկայացվում է, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Դանիայի, Ավստրալիայի օրինակները:


Դատավորի վաղ կենսաթոշակի անցնելու հարկադրական կառուցակարգերի մասին նախարարությունից նշում են, որ վերջին տարիներին ամենաշատը քննարկված այդպիսի նախաձեռնություններից են Հունգարիայի 2012-ի և Լեհաստանի 2018-ի օրենսդրական գործընթացները: Հունգարիայում 2012-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հիմնարար օրենքի համաձայն՝ դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի (աստիճանաբար բարձրանալով մինչև 65)՝ պարտադրելով նրանց 70-ի փոխարեն կենսաթոշակի անցնել 62 (65)-ում: Փոփոխությունը հանգեցրեց 274 դատավորների և դատախազների հարկադրական կենսաթոշակի անցնելուն, սակայն երկիրը հետո փոխեց կարգավորումը՝ առաջարկելով նշված անձանց վերականգնել իրենց պաշտոններում կամ փոխհատուցում տրամադրել նրանց։ Լեհաստանում 2018-ի ապրիլի 3-ին ուժի մեջ մտած Գերագույն դատարանի մասին օրենքում փոփոխությունները նախատեսում էին երկրի գերագույն դատարանի դատավորների 40%-ի հարկադրական վաղ կենսաթոշակի անցնելը: Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից: Հատկանշական է, սակայն, որ բոլոր քննադատությունները վերաբերում են դատավորների հարկադրական վաղ կենսաթոշակի անցնելու պայմանին։


«Դատավորի վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգը գործում է Ավստրիայում, որի հիմքերից մեկը կարող են լինել երկու տարի անընդմեջ դատավորի գործունեության գնահատականի՝ սահմանված պահանջներին անհամապատասխանությունը կամ այլ հանգամանքները, որոնք հաստատում են, որ դատավորն այլևս չի համապատասխանում դատավորի ընդունելության պահանջներին: Այս դեպքում նրան տրվում է գրավոր ծանուցում, որ նա պետք է դիմի վաղ կենսաթոշակի անցնելու համար ծանուցումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում»,-նշում է նախարարությունը:


Արդարադատության նախարարությունը նկատել է, որ առաջարկվող մոդելի և միջազգային կառույցների քննադատած կարգավորումների միջև կա էական տարբերություն՝ Արդարադատության նախարարության ներկայացրած մոդելը հիմնված է կամավորության սկզբունքի վրա: «Քննարկման առարկա նախագծերի փաթեթը միջազգային փորձաքննության կներկայացվի շրջանառության և հանրային քննարկման արդյունքներով լրամշակվելուց հետո»,-ասված է պատասխանում:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao