Ֆրանսիան աշխատանքային միգրացիայի քվոտաներ է սահմանում

Ֆրանսիան աշխատանքային միգրացիայի քվոտաներ է սահմանում
07.11.2019 | 10:32

Ֆրանսիան աշխատանքային միգրացիայի քվոտաներ է սահմանում՝ հոկտեմբերի 5-ին ասաց աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն BFM-TV-ի եթերում: Նրա խոսքով՝ սահմանափակվելու է արտասահմանցիների թիվը, որ կարող են աշխատանքային կեցության վկայական ստանալ՝ կախված մասնագիտությունից ու Ֆրանսիայում բնակության վայրից: Մյուրել Պենիկոն հայտարարեց, որ կառավարությունը 2020-ի ամռանը կներկայացնի մասնագիտությունների ցանկը, որոնց վրա տարածվում են քվոտաները, համակարգը կաշխատի 2021-ից:

«Զբաղվածության կենտրոնը և վիճակագրական ծառայությունը կսկսեն իրավիճակը վերլուծել արդեն մի քանի շաբաթից: Նրանք կպարզեն՝ որ ոլորտներում աշխատողները չեն հերիքում: Դրանից հետո մենք կստուգենք՝ ինչ են արել բոլորը, որ թափուր տեղերն առաջարկեն գործազուրկներին ու փախստականներին: Միայն դրանից հետո մենք կսահմանենք քվոտաները՝ ըստ շրջանների ու մասնագիտությունների»՝ բացատրել է նախարարը: Նա հավելել է, որ մասնագիտությունների ցանկը ամեն տարի կնորացվի: Հիմա գործատուն արտասահմանցուն աշխատանքի ընդունելիս պետք է ապացուցի, որ չի կարողացել այդ տեղում աշխատակից գտնել Ֆրանսիայում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մրցակցության ու աշխատուժի համար պատասխանատու շրջանային ծառայությունը (DIRECCTE) պետք է քննարկի դիմումները 2 ամսում, գործնականում սպասումը կարող է կես տարի տևել: Քվոտաների համակարգը պետք է պարզեցնի արտասահմանցիների աշխատանքի ընդունումը գործազրկության ցածր մակարդակով ոլորտներում: Միգրանտների իրավունքների պաշտպանության ասոցիացիան հայտարարել է, որ կառավարության առաջարկն «անօգուտ ու ապարդյուն է»:

«Ես կասկածում եմ, որ այդ խոստումի իրականացումը, որ նախկինում էլ հնչել է, արդյունավետ կլինի»՝ France-Presse-ին ասել է France Terre d’Asile ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պիեռ Էնրին: Իրավապաշտպանները նշում են, որ 2017-ին նախագահ Էմանուել Մակրոնը դեմ էր քվոտաներ սահմանելուն, իսկ կառավարության որոշումը միայն պատասխան է աջ ընտրախավին նոր ընտրություններից առաջ: Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Աննի Ժենևարը RFI-ին ասել է, որ ընդդիմության կարծիքով՝ կառավարության առաջարկը չափազանց համեստ է: «Մենք այդ մասին արդեն խոսել ենք նախագահի ընտրության ժամանակ՝ չարժի սահմանափակվել քվոտաներ սահմանելով միայն աշխատանքային միգրանտների համար: Աշխատանքային կացության վկայական Ֆրանսիայում ստանում է միգրանտների միայն 13%-ը»՝ ասաց Ժենևարը: Աջ հանրապետականների ներկայացուցիչը ընդգծեց, որ Ֆրանսիան պետք է սահմանափակի միգրանտների ընդհանուր թիվը, որ չափազանց մեծ է: 2019-ին Ֆրանսիան 250 000 կացության վկայական է տվել միգրանտներին, որ ԵՄ քաղաքացի չեն, նրանցից միայն 33000 են եղել աշխատանքային միգրանտներ:
RFI


Հ.Գ. Կարդացեք այս հրապարակումը իբրև բացատրություն, թե ինչու՞ է Ֆրանսիան դեմ վիզաների ազատականացմանը: Այդ թվում՝ Հայաստանի համար: Իսկ պատճառը Ֆրանսիայի չափազանց գրավիչ սոցիալական փաթեթն է՝ տուն, ֆրանսերենի ուսուցում, պարենային ապահովում, սոցիալական վճար ու աշխատատեղ: Ֆինանսական պատճառներով պետությունը այլևս չի կարողանում ապահովել փաթեթի բոլոր ծառայությունները, իսկ ժողովրդագրական պատկերը ստիպում է տնտեսության համար դիմել միգրանտների ծառայությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao