Չինաստանի ԱԳ նախարարը նոր սառը պատերազմ է տեսնում

Չինաստանի ԱԳ նախարարը նոր սառը պատերազմ է տեսնում
25.05.2020 | 09:10

Չինաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են նոր սառը պատերազմի շեմին՝ երեկ հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին: Նա «ափսոսանքով հիշեցրել է», որ Վաշինգտոնի ու Պեկինի միջև լարումն աճել է COVID-19 կորոնավարակի պանդեմիայի պատճառով, և մեղավորը «ԱՄՆ-ի որոշ քաղաքական ուժերն» են: Վան Ին նշել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանից փոխհատուցում պահանջելը «մարդկային խղճից հրաժարվելու» օրինակ է: Վան Իի խոսքով՝ Չինաստանին հասցագրված մեղադրանքներն անհիմն են, այնուհանդերձ, իշխանությունները պատրաստ են «միջազգային անկախ հետաքննության»: «Կարևոր է, որ դա լինի մասնագիտական, անաչառ և կառուցողական գործընթաց», որ «պետք է հիմնվի գիտության վրա» և վարվի ԱՀԿ-ի վերահսկողությամբ՝ ըստ ԱԳ նախարարի: Նա նաև հայտարարել է, որ կորոնավարակի տարածման պատճառով Չինաստանին ներկայացված փոխհատուցման հայցերը «միջազգային իրավունքի խախտում են»: Հայտարարություններն արվել են խորհրդարանում սկսված նստաշրջանի շրջանակներում: AFP-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների վատացման համար Վան Ին մեղադրել է ԱՄՆ որոշ քաղաքական ուժերի, որ երկրներին հրում են նոր սառը պատերազմի շեմ: «Բացի նոր կորոնավիրուսի ավերիչ հետևանքներից, ԱՄՆ-ում տարածվում է քաղաքական վիրուս»՝ հայտարարել է ԱԳ նախարարը: France-Presse-ը ընդգծում է, որ Վան Ին չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը:
RFI


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոշտ հայտարարություններ է արել կորոնավիրուսի տարածման հարցում Չինաստանի պատասխանատվության վերաբերյալ: «Սա Պեռլ-Հարբորից վատ է, սեպտեմբերի 11-ից վատ է: Մեզ երբեք այսպես չեն գրոհել»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը, որ մի քանի ամիս չէր արտաբերում կորոնավիրուս բառը, այլ կրկնում էր «չինական վիրուսը»: Եվ նույնիսկ Պեկինին սպառնացել է պատժամիջոցներով ու չի բացառել բոլոր հարաբերությունների խզումը Չինաստանի հետ: Սպառնալիք, որ չի կարող իրականացնել առանց դոլարի ու ամերիկյան բիզնեսի շահերը խարխլելու: Սրանք ընթացիկ հայտարարություններ են՝ կորոնավիրուսի հետևանքների մեջ արտաքին մեղավոր որոնելու նպատակով՝ ԱՄՆ-ում արդեն 1,6 միլիոն վարակվածներ ու 100000 մահեր կան COVID-19-ից: Բայց մեղավորը որքան Սի Ձինպինն է, որ չկարողացավ, վիրուսը մեկուսացնել Չինաստանում, նույնքան Դոնալդ Թրամփը, որ հայտարարում էր՝ վիրուսն ԱՄՆ չի հասնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ