Այսօր Քրիստոսի մասին քարոզողները շատ են, իսկ Քրիստոսին քարոզողները` սակավ

Այսօր Քրիստոսի մասին քարոզողները շատ են, իսկ Քրիստոսին քարոզողները` սակավ
22.01.2019 | 00:37

Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծու՞ց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում:
Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ: Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտության Հոգին և խաբեության հոգին (Ա Հովհ. 4;1-3, 6)։


Այսօր Քրիստոսի մասին քարոզողները շատ են, իսկ Քրիստոսին քարոզողները` սակավ: Քրիստոսի մասին քարոզում են Սուրբ Գրքից քաղվածքներով, սեփական թյուր մեկնաբանություններով, Աստծո Խոսքի աղավաղմամբ` Քրիստոսին դարձնելով ոչ թե մարդկանց փրկության, այլ կորստյան պատճառ: Այդպիսի ընթացք ունեցող ինքնահորջորջ եկեղեցիները ժայռահիմն Եկեղեցի չեն, այլ ավազահաստատ, խարխուլ հյուղակներ: Եկեղեցին Աստծո արքայության անդաստանն է, և ամեն հավատացյալ մի հունդ է նրանում` արգասաբեր կամ անպտուղ, այնպես, ինչպես մարդու սիրտը անդաստան է Աստծո Խոսքի սերմերի համար: Քրիստոսին որպես Փրկիչ ընդունողները մեկ այլ մեսիայի չեն ակնկալում, համբերությամբ կրում են նեղություններ այս աշխարհում` հավիտենական հանգստի փափագով: Աստվածորդին ինքը դարձավ մարդու Որդի, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից. «Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և նրան մի՛ ողջունեք: Ով այդպիսի մեկին ասի՝ ողջու՜յն, մասնակից կլինի նրա չար գործերին» (Բ Հովհ. 1;10-11):
Քրիստոնեությունը համամարդկային մարդասիրություն քարոզելով հանդերձ, զգուշացնում է մեզ, որպեսզի մեր անշահախնդիր ու անկեղծ սերը դյուրահավատորեն չվատնենք խաբեության հոգու սպասավորների վրա: Եկեղեցին հաստատվեց ի հակադրություն աշխարհի, դրանք տրամագծորեն հակառակ են իրար: Եկեղեցին խելամիտ մարդկանց համախմբումն է. «Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է: Եվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք Նրան, Ով Ճշմարիտն է. և մենք Ճշմարտի` Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև Նա՛ է Ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք: Որդյակնե՛ր, հեռու՛ պահեցեք դուք ձեզ կռապաշտությունից» (Հովհ. 5;19-21):


Եկեղեցին փրկության տապան է, որի մեջ հանգրվանածները կոչվում են ներսիններ, իսկ բացակաները` դրսիններ: Որպես Եկեղեցու անդամ եկեղեցի ոտք դնելուց առաջ պետք է աշխարհը թողնել դրսում և չտանել ներս: Սակայն, որպես կանոն, քրիստոնյան եկեղեցի է հաճախում` աշխարհը իր սրտում:
Այսօր առավել հրատապ է քրիստոնյայի կողմից Եկեղեցու հանդեպ դիրքորոշման որոշակիացումը, որովհետև այսօր աշխարհը Քրիստոսի Եկեղեցու փոխարեն այլընտրանք ունի առաջարկելու, իսկ Ավետարանի փոխարեն` «ականջներին հաճելի» ամենաթողության քարոզ: Աստված ճանաչում է նրանց, ովքեր Իրեն են պատկանում, ճանաչում է և խնամք է տանում նրանց հանդեպ` հարգելով նրանց ազատությունը: Աշխարհը և նրա իշխանը խաբում են, լրտեսում, ճնշում, ահաբեկում` փորձելով խլել մարդուց նրա ազատությունը, հավերժ ուծացնել և կործանել:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao