...Քանզի պատվիրանի գխավորը սերն է` բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից (Ա Տիմ. 1:5)

...Քանզի պատվիրանի գխավորը սերն է` բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից  (Ա Տիմ. 1:5)
01.02.2019 | 01:25

Այս աստվածաշնչյան համարը վերցված է Պողոս առաքյալի` Տիմոթեոսին ուղղված առաջին նամակից, որն առաքյալի «Հովվական» կոչվող նամակներից մեկն է:
18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակներն ուղղված են եկեղեցու հովիվներին: Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս Տիմոթեոսին և մեկը` Կրետեի եպիսկոպոս Տիտոսին: Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն արտահայտում է կարևոր մտահոգություն. այն ազդարարում է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման մասին: Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով` հրաժարվելով ամուսնությունից:
Կարո՞ղ ենք մենք ճանաչել ճշմարտությունը: Որտե՞ղ է այն գտնվում: Կարո՞ղ ենք այն ստուգել տրամաբանությամբ: Կա՞ արդյոք իրականում ինչ-որ անկասկած և կատարյալ մի բան, որը կարող է շարժել մեր կյանքը և ամբողջ աշխարհը: Ո՞րն է կյանքի իմաստը: Ինչու՞ ենք մենք այստեղ: ՈՒ՞ր ենք գնում: Այս կենսական հարցերին կեղծ ուսմունքը տալիս էր հավատից կտրված և մտացածին պատասխաններ:


Կա իրականում տարբերություն «առասպելների», «ծագումնաբանությունների», «ենթադրությունների» և հավատի միջև: Հավատը հիմնված է Ավետարանի պատմական ճշմարտության վրա, այլ ոչ թե տեսությունների: Հավատը գալիս է Աստծո խոստումներից, այլ ոչ թե մարդկանց փիլիսոփայական գրականությունից: Մեկը հիմնված է հայտնության վրա, մյուսը` մարդկային ենթադրությունների: Մեկը մեծարում է Աստծուն, իսկ մյուսը մեծարում է մարդ մտածողին: Աստծո հայտնությունը տարբերվում է մարդկային պատճառներից, շահարկումներից և հայտնագործություններից: Հավատացյալները կանչված են սիրելու Աստծուն իրենց մտքով: Հոգևոր ապրումն իրենից ենթադրում է բաց լինել Աստծո առաջ և հեշտությամբ ընդունել Աստծո ասածները: Մարդու մեջ պետք է լինի ծարավ Աստծո հանդեպ, Նրան ճանաչելու և Նրան ծառայելու հանդեպ: Այս գործընթացը ներառում է աղոթք, խոստովանություն և կյանքը փոխելու պատրաստակամություն: Անկեղծ հավատն ունի իսկական, իրական ու անկեղծ արտահայտություն, որը հակասում է կեղծ ուսմունքին:
Այս կեղծ ուսմունքին հակադարձելու համար Պողոսը պատվիրում է ամուր պահել Աստծո պատվիրանը: «Պատվիրանի գլխավորը սերն է». առաքյալը «պատվիրան»-ի տակ այստեղ պարզորոշ նկատի ունի քրիստոնեական բարոյախոսությունը, որն ուրվագծում է քրիստոնյայի կենսակերպը: Այդ ուսմունքն իբրև իր նպատակ ունի քրիստոնյայի սրտում Աստծո և մերձավորի հանդեպ սիրո արմատացումը, որը կարող է աճել միայն կատարյալ մաքուր սրտից, այլ ոչ թե որևէ պիղծ շարժառիթից: Իսկ մաքուր սիրտն իր հիմքում ունի բարի խիղճն ու անկեղծ հավատը, որոնք կարող են ծնվել միայն կատարյալ սիրուց: Եվ դրանք բոլորն անբաժանելի են. մեկը մյուսի մեջ է մտնում, մեկը մյուսին աջակցում է և վերադարձնում: Սերը դրախտային բազմապտուղ ծառն է, իսկ այդ ծառի սնուցման ու փարթամացման համար անհրաժեշտ հողը, մթնոլորտը, ջերմությունը, լույսն ու խոնավությունը, սրտի մաքրությունը, խղճի հանգստությունն ու անսակարկ հավատն են: Ահա թե ինչի համար է պետք նախանձախնդիր լինել, և ահա թե ինչի վրա է պետք ուղղել ողջ կարողությունն ու խնամքը. այս է ամենի լրումը: Հավատացյալների համար այս է բարոյական ձգտումների վերջնական նպատակը, իսկ հովվի համար` Կտակարանի (ՈՒխտի) լրումը. հովվական ուսուցումների, խորհուրդների, կարգադրությունների, ջանքերի ու խնամքի: Հովիվն այս բանին պետք է ուղղի իր գործունեությունը, և երբ իր հոտը դարձնի այնպիսին, որ նշյալ արժանիքները (մաքուր սրտից բխած սերը` բարեխղճությամբ ու հավատով ողողված) կազմեն նրանց բարքի որոշիչ գծերը, այնժամ հովիվը կներկայանա իբրև բարի հովիվ` առանց ամոթի: Այդժամ ոչ մի կեղծ ուսմունք չի թափանցի նրանց մեջ, և նրանք ոչ մի առասպելով չեն տարվի:
Կեղծ ուսմունքն առաջացնում է բաժանում ու հերձված: Եթե հոտի մեջ արմատավորվի սերը, ապա որևէ քայքայող ուսմունք նրա մոտ տեղ չի գտնի: Մարդկային սերնդին ոչինչ այնքան վնաս չի բերում, որքան ընկերային հարաբերությունների հանդեպ անտարբերությունն ու դրանց պահպանման համար ոչ բավարար խնամքը: Մինչդեռ այսպիսի անտարբերությունն ու անհոգությունն են պատճառ դարձել շատ հերձվածների համար:
Առաքյալն ասում է, որ Կտակարանի (ՈՒխտի) լրումը սերն է: Բայց ինչպիսի՞ սերը: Բոլորանվեր` և՛ Աստծո, և՛ մերձավորի հանդեպ: Աստծո հանդեպ սերը նախանձախնդիր է Աստծո փառքի համար, հետևաբար` և այն բանի համար, որ ամենուր թագավորի Աստծո ճշմարտությունը: Հենց այդպիսի նախանձախնդրությունը թույլ չի տա, որ ինչ-որ տեղ գլուխ բարձրացնեն Աստծո ճշմարտությանը հակադրվող սուտն ու կեղծիքը: Մերձավորների հանդեպ սերը նախանձախնդիր է նրանց ժամանակավոր բարեկեցության, դրանից առավել` նրանց հավիտենական բերկրանքի համար: Եվ քանի որ վերջինը պայմանավորված է հավատքի մաքուր և անաղարտ պահպանմամբ, այդ սերը նախանձախնդիր է, որ ոչ մի ուրիշ ուսմունք չվնասի հավատացյալների հավատի մաքրությանը:


Սեր` մաքուր սրտից բխած. որովհետև լինում է նաև ոչ մաքուր սրտից բխած սեր, և այնպիսին, որ հենց ինքն է սիրտը դարձնում անմաքուր: Դա մարմնական սերն է: Լինում է եսակենտրոն սեր, որը սիրում է ոչ թե սիրելիի բարիքի համար, այլ իր համար: Այդ պատճառով էլ, երբ անհրաժեշտ է լինում ինքնուրացաբար զոհողության գնալու, այն չի դիմանում փորձությանն ու հետ է նահանջում: Իրական սերը լցնում է ողջ սիրտն ու սիրում է առանց որևէ հաշվարկի` չսահմանափակվելով միայն զգացմունքով, այլ միշտ շտապելով դեպի գործ:
Ի՞նչ սիրո մասին է խոսում առաքյալը. անկեղծ սիրո մասին, որ չի սահմանափակվում միայն խոսքով, այլ բխում է հոգևոր միտվածությունից, բարեմտությունից և կարեկցությունից:
Սեր` բարի խղճմտանքից. այնպիսին, որը թույլ չի տալիս, որպեսզի խիղճն իրեն մեղադրի այն բանում, որ ոչ ամեն բան է արված` ինչ որ նա պահանջում էր սիրելիի համար, կամ էլ այնպիսին, որ ողջ պատրաստակամության ու ջանքերի պայմաններում անում է ամեն բան դիմացինի բարիքի համար, միաժամանակ թույլ չտալով որևէ բան, որ հակառակ է խղճի պահանջներին կամ ուղղակի դեմ է Աստծո պատվիրաններին: Այն սիրում է եղբորը, բայց ոչ ավելի, քան Աստծուն, այլ հանուն Աստծո, Որի կամքի հետևում միշտ կանգնած է խիղճը` դրա կրողը:


Բոլորը, բնականաբար, կսիրեին միմյանց փոխադարձ սիրով, եթե մեղքով անկման պատճառով չառաջանար եսասիրությունը, որը սիրո և հավատի մեջ մտցնում է կեղծիք: Աստված ամեն բան տեսնում է, և ամեն բան, որ Իր հանդեպ եղած սիրով գործվում է եղբայրների համար, ընդունում է այնպես, կարծես դա գործվել է անմիջապես Իր համար: Այս բանին հավատացողն ինչպե՞ս չի շտապի եղբոր ձեռքերի միջոցով պահանջվածը դնել Աստծո ձեռքերի մեջ: Աստծո Որդին, մարմնանալով, Իրեն մատնեց. այս բանին հավատացողն արդյո՞ք կափսոսա Նրան զոհաբերել պահանջվածը եղբայրներին օգնելու համար` հանուն Աստծո: Հավատը ներշնչում է, որ եղբոր համար զոհաբերվածը հավաքվում է Աստծո հավիտենական օթևանների մեջ, որպեսզի հետո հենց զոհաբերողի համար ծառայի իբրև գանձ Աստծո Արքայության մեջ: Այսպես սերը սրբագործվում է, բազմապատկվում և զորանում է անկեղծ հավատով:


Սերն այն «ճանաչողություններից» մեկն է, որ ձեռք է բերվում միմիայն «փորձառությամբ»: Չափազանց խոր փորձառություն է, որի խորքերն անհասանելի ու աննկարագրելի են պարզ իմացական գիտության համար: Պետք է դեմ առ դեմ հանդիպել սիրո հետ, մենամարտի բռնվել նրա հետ և ...ենթարկվել: Միայն այսպիսի ճանաչողության խորություններից կարելի է հասնել սիրո գիտությանը: Ոչ միայն նրան, ով նկարագրում է սերը, անհրաժեշտ է այս խոր փորձառությունը, այլ նաև նրան, ով ունկնդրում է: Մարդիկ լինեն բարեկամ, թե չարակամ, Քրիստոսին նմանվել կամեցողի համար նրանց հանդեպ միակ հնարավոր կեցվածքը սերն է: Մարդկանցից ոչ մեկն արժանի չէ ատելության, և ոչ իսկ Քրիստոսի թշնամիները, ոչ էլ հերձվածողներն ու հալածողները: Միայն սատանան, այսինքն` չարը, արժանի է ատելության: Ատել պետք է մեղավորի գործերը, բայց ո՛չ իրեն: Ճշմարիտ հավատացյալը նախ պետք է գոտեպնդվի Աստծո սիրո մեջ: Սերն է Աստծո երկյուղի փառավոր լրումն ու կատարելության լիությունը: Սիրո մեջ ամբողջ Օրենքը գործադրվում և կատարելագործվում է, իսկ արդարության ընթացքը նրանում հասնում է իր հանգրվանին: Հավատն ու հույսը, սիրո միջոցով, կարողանում են հաստատուն և պաշտպանված մնալ. սերը մեծ է և գերազանցում է նրանց:


Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանիհոգևոր հովիվ

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao