Yerevan Perspectives International Music Festival
 

«Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ պիտի ցույց տան»

«Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ պիտի ցույց տան»
02.04.2019 | 01:04

«Պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից» (Բ Տիմ. 4; 3-4)։


«Եհովայի վկաներ» անվանյալ աղանդի ղեկավարության հրատարակած գրականությունը իրական հեքիաթի է նման, իր հավիտենական երջանիկ կյանքի խոստումներով, կյանք, որ պիտի հաստատվի Երկիր մոլորակի վրա:
Սակայն այդ հեքիաթի պատրանքը ցնդում է, երբ բացում ես Սուրբ Գիրքը (ո՛չ նրանց կողմից նենգափոխված) և հասկանում, որ մեր մոլորակը արդեն չափազանց մոլորված է, և մարդիկ, որ դուրս են Եկեղեցուց` փրկության տապանից, շեղվել են ճանապարհից, կորցրել են ճշմարտությունը և դադարել են ապրելուց:


Դեռևս Եկեղեցու հիմնադրումից առաջ, երբ Տերը երկրի վրա էր, չէր փառավորվել և չէր առաքել Իր Սուրբ Հոգին, Նա զգուշացնում էր մեզ. «Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ պիտի ցույց տան` Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի», «բայց դուք զգու՛յշ եղեք, ահա սկզբից ձեզ ամեն ինչ ասացի» (Մատթ. 24; 24, Մարկ.13; 23): Եկեղեցու հիմնադրումից հետո աստվածախոս Պողոս առաքյալը, որ սկզբում նախանձախնդրորեն հալածում էր Սուրբ Եկեղեցին, իսկ մեր Տեր Հիսուսի մի հայտնությունից հետո նույն նախանձախնդրությամբ հալածվում նրա Եկեղեցու թշնամիների և հակառակորդների կողմից, մարգարեանում է բաներ, որ մեր ժամանակներում արդեն անժխտելի իրականություն են. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա», «քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների ետևից» (Ա Տիմ. 4;1, Բ. Տիմ 4;3-4):

Իսկ առաքյալի այս խոսքը կարծես վերաբերում է Եհովայի վկաներին. «Նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում մեղքերով ծանրաբեռնված կանանց». (Բ Տիմ. 3; 6): Մեր դռները ծեծող Եհովայի վկաների մեծ մասը «գերված» կանայք և աղջիկներ են: Համաձայն սուրբ առաքյալի, այն մարդը, որ դեմ է Եկեղեցու դավանությանը. «գոռոզամիտ է և ոչինչ չգիտի», այլ բռնված է «մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց» ստոր կրքերի և արարքների դրդելու մոլուցքով, «մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում աստվածպաշտությունը» (Ա. Տիմ. 6; 4-5): Այդպիսին են մեր ժամանակների բոլոր աղանդների հիմնադիրները: Եհովայի վկաները հակառակ են մեր Սուրբ Եկեղեցու դավանած բոլոր հիմնարար ճշմարտություններին. Սուրբ Երրորդությանը, Սուրբ Հոգուն, Հիսուս Քրիստոսի Աստվածությանը և հենց Եկեղեցուն: Մենք մտադիր ենք շարունակել նրանց գաղափարների լուսաբանումը մեր հետագա համարներում (Աստծո Անունը, Սուրբ Հոգին, Հոգու անմահություն, խաչ և այլ խորագրերով)` ներկայացնելով նրանց դիրքորոշումները, իսկ մեկնաբանության համար կդիմենք Սուրբ Գրքին, նրա ճշմարիտ վկայությունների լույսով մերկացնելով և դատապարտելով նրանց խավարամիտ դատարկաբանությունները: Մեր խոսքը ավարտենք սուրբ Պողոս առաքյալի հորդորներով. «Իսկ դու, ո՛վ մարդ Աստծո, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածպաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության հետևից, հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր» (Ա Տիմ. 6;11):

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Գորիս

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao