Yerevan Perspectives International Music Festival
 

Նախածնողների մեղսագործության պատճառով մարդկության ճանապարհը շեղվեց Աստծո նախանշած ուղուց

Նախածնողների մեղսագործության պատճառով մարդկության ճանապարհը շեղվեց Աստծո նախանշած ուղուց
02.04.2019 | 01:07

«Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է ու գրավիչ` ըմբռնելու համար: Նա առավ նրա պտղից, կերավ ու տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան» (Ծննդ. 3; 6)։


Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ և տվել է ազատ կամք, ինչը նրան տարբերում է մնացած կենդանի արարածներից:
Հաճախ մարդիկ գանգատվում են, թե ինչու է Աստված մեզ ազատ կամք տվել, որի պատճառով մենք մեղք ենք գործում: Բայց այդ գանգատն արդարացի չէ. այն դեմ է գնում մեզ այսպիսին ստեղծելու պատճառին: Աստված մեզ ստեղծեց Իր պատկերով, որովհետև Աստված Սեր է և Նա սիրում է մեզ: Նա ուզում է, որ մենք Իրեն սիրենք: Մենք Աստծուն մեր Հայրն ենք կոչում. ամեն ծնող ուզում է, որ իր զավակն իրեն սիրի ազատորեն: Սերը հիմնված է ազատության վրա: Եթե այդ սերը կաշառքով է կամ ստիպողաբար, ապա այն չի կարող իրական լինել: Այդ պատճառով Աստված մեզ տվել է ազատություն: Մենք կարող ենք Աստծուն սիրել կամ չսիրել: Կարող ենք նաև առաքինության գործեր կատարել կամ մեղք գործել. դա մեր ձեռքին է: Բայց, երբ մենք մեղք ենք գործում, դա ապացույցն է այն բանի, որ մենք Աստծուն չենք սիրում ազատ սիրով: Մեղքը հաղթահարելու համար Աստծուն պետք է սիրենք մեր բոլոր կրքերից ու ցանկություններից առավել:


Ցավոք, մեր նախածնողներն ի չարս օգտագործեցին աստվածատուր այդ ազատությունը: Եվ առաջին քայլն արեց կինը: Եվան սխալվեց, որովհետև նրա միտքը հստակ չգործեց. չկարողացավ տեսնել չարի խաբկանքը: Շատ արագ միտքը դարձավ կամք և գործ: Եվան, ընդունելով օձի կործանարար խորհուրդը, ոչ միայն անարգեց Աստծու տված օրենքն ու խախտեց պատվիրանը, այլև չբավարարվեց դրախտի բոլոր մնացած ծառերի պտուղներով, ագահացավ ու ճաշակեց այն միակ պտղից, որն Աստված արգելել էր ճաշակել, դրանով իսկ իր համար ընդունելով, որ օձի տված խորհուրդն ավելի արժանահավատ է, քան Աստծո տված պատվիրանը: Բացի այդ, Եվան անարգեց այն տիրական վիճակը, որ Աստված տվել էր մարդուն բոլոր կենդանիների վրա` ընդունելով խորհուրդ նրանից, ով իր տիրապետության ներքո էր և չէր կարող իր համար խորհրդատու լինել: Ավելին, ոչ միայն ինքն է ընկնում, այլև պատճառ է դառնում անկման նրա համար, ում օգնականը պիտի լիներ ինքը: Եվան շտապեց ճաշակել ամուսնուց առաջ, որպեսզի գլուխ դառնա նրա համար, ով իր գլուխն էր, հրամանատար դառնա նրա համար, ումից ինքն էր պարտավոր հրամաններ ընդունել, աստվածությամբ ավագ լինել նրանից, ումից կրտսեր էր մարդկությամբ:


Գայթակղեցնող խոսքն այդքան դյութիչ չէր լինի գայթակղվողների համար, եթե նրանց համար առաջնորդող չլինեին իրենց իսկ ցանկությունները: Հույս ունենալով հասնել ամենամեծ փառքին, նրանք միասին ընկան անարգության մեջ: Իսկ դևը, որ տվեց այդ կործանարար խորհուրդը, խնդում էր ու ցնծում նրանց վրա` իբրև արդեն իր նման անկյալների: Եվ ինչպես ուժեղ թույնն է մարդու մեջ ընկնելով ոչնչացնում նրա բոլոր օրգաններն ու մահ պատճառում նրան, այնպես էլ չարի տված խորհուրդն ախտահարեց նախածնողների միտքը, իսկ ճաշակած պտուղը փոխեց նրանց աստվածապատկեր բնությունը` այն դարձնելով մահկանացու և ժամանակավոր: Թեև նրանք փորձում էին իրենց համար արդարացում գտնել օձի խորհուրդ տալու մեջ, բայց այդ խորհրդից առավել նրանց վնասել էին հենց իրենց ցանկությունն ու կամքը: Ճաշակելիք պտղի մեջ նախածնողները տեսնում էին ոչ թե այն, ինչ դա կար իրականում, այլ այն, ինչն իրենք էին ցանկանում տեսնել: Երբ դևը կարողացավ ոչ միայն ոչնչացնել նախածնողների մեջ մահվան վախը, այլև արթնացնել ամեն ինչ իմանալու և ամենակարող դառնալու փառասիրական նկրտումները (ինչպես աստվածներ), ապա նրանց հոգիներում արդեն իսկ տեղի ունեցավ մտային անկման գործողությունը: Մնում էր միայն, որ այդ մեղսական տրամադրվածությունն ի հայտ գար արտաքնապես, արտահայտվեր հանցավոր արարմունքով:


Այսպիսով, նախածնողների մեղսագործության պատճառով մարդկության ճանապարհը շեղվեց Աստծո նախանշած ուղուց, բայց մեկ բան մնաց հարատև. դա մարդուն տրված աստվածային պարգևն էր` ազատ կամքը, որն այսօր էլ հատուկ է ամեն մի ադամորդու համար: Բայց միայն կամք ունենալը բավական չէ. պետք է սովորել այն ճիշտ օգտագործել նախածնողների սխալը չգործելու համար: Ինչպե՞ս պիտի մարդը ճիշտ գործադրի իր ազատ կամքը: Կամքն ուղղակիորեն կապված է մտքի հետ. կամքն ու միտքը միասին են գործում: Մարդը նախ մտորում է, ապա գործադրում: Իր մտքերը կառավարել իմացող մարդը կարողանում է նաև իր կամքը կառավարել: Իսկ թուլակամ մարդն ինքն իրեն է կապում` ենթարկելով իր միտքն ու կամքը մեղքին և կրքերին: Իր վրա իշխող ուժն ավելի հզոր է, քան իր կամքի ուժը: Այս վիճակը նման է ստրկության. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8; 34): Իրական ազատության արժեքը հասկանալու համար մարդը պիտի ազատվի այդ ստրկական վիճակից և լուսավորվի: Իսկ ստրկության մեջ մարդը չի կարող գնահատել իր ազատությունը, որ ստացել է Աստծուց:


Կամքի գործն է` ուղղել մարդու միտքը դեպի այն ուղղությունը, որտեղ մարդն ուզում է հասնել` ընտրություն կատարելով: Ընտրությունը հիմնականում երկու տարբերակի միջև է լինում. բարու և չարի, լավի ու վատի: Կամքը միայնակ չի կարող հասկանալ` որն է բարի, որը` չար: Հասկանալու համար հարկավոր է միտքը, որին պիտի հնազանդվի կամքը: Մարդու միտքը պետք է լուսավորված լինի Աստծո պատվիրաններով, Սուրբ Գրքի խոսքով, որպեսզի կարողանա իշխել կամքի վրա: Երբ բարու մեջ է ձևավորվում մարդու կամքը, մարդն ուժեղանում է, քաջանում է, վստահություն է ձեռք բերում, անպարտելի է դառնում: Սակայն կարող է լինել նաև ճիշտ հակառակը: Մարդը պիտի զգուշանա իր չար մտքերից. դրանք կարող են խոսքեր դառնալ: Պիտի զգուշանա իր խոսքերից. դրանք կարող են գործեր դառնալ: Պիտի զգուշանա իր գործերից. դրանք կարող են սովորություն դառնալ: Պիտի զգուշանա իր սովորություններից. դրանք կարող են բնավորություն և խառնվածք դառնալ: Այսպես աստիճանաբար էլ տեղի է ունենում մարդու կործանումը: Երբ մարդը կամենում է այն, ինչն իր ես-ն է ուզում, և այդ ես-ի մեջ չկա խոհեմություն, չկա լուսավորություն, աստվածային լույս, ապա այդ ես-ը մարդուն տանում է դեպի անկում: Դրա համար Տերն ասում է, որ մարդը պիտի ուրանա իր ես-ը, առնի իր խաչն ու գնա Իր հետևից (Մատ. 10; 38): Պետք է ուրանալ ոչ թե աստվածատուր ազատ կամքը, այլ չարից ախտահարված եսակենտրոն կամքը:

Աստվածատուր ազատ կամքը տեսնելու համար մարդը պետք է հեռանա չարից և ենթարկվի Աստծո կամքին: Միայն այդպես մարդը կարող է հասկանալ, թե ինչն է իր համար իսկապես օգտակար, իսկ ինչը` վնասակար: Այս անձնուրացության ճանապարհով մարդը կարող է հասնել խաղաղության: Այդ խաղաղության մեջ է իրական խոնարհությունը, դրա մեջ էլ` ազատությունը:


Իբրև վերջաբան հիշենք առաքյալի խոսքերը. «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին` հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեք ձեզ ի ծառայություն Աստծու» (Հռոմ. 6:12-13): ԱՄԵՆ:


Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao