ReAnimania 2019
 

«Նա միշտ մարդկանց մեջ էր»

«Նա միշտ մարդկանց մեջ էր»
05.04.2019 | 04:03

ԳՈՒՐԳԵՆ սարկավագ ՂԱԼԱՄՅԱՆԻ մասին լսել եմ ընկերներիցս: Գորիսի հիվանդանոցի միջանցքներում, հիվանդասենյակներում շրջող սևազգեստ մարդու մասին անդրադարձ կար նաև «Գորիսն այսօր» ֆեյսբուքյան էջում, ասվում է, որ սկզբում զարմանում են` տեսնելով նրան, հետո զարմանքը փոխվում է սփոփանքի, սիրո և հավատի մի զգացողության. «Նա խոնարհ շարունակում է իր աստվածահաճո խոսքն ու հոգատարությունը ամեն երեկո հասցնել կարիքավորներին։ Շնորհակալ ենք և ցանկանում ենք, որ հայ հոգևորականի օրինակելի այս մոտեցումը վարակիչ լինի ամենուր»։


«Իրատեսի» հետ զրույցում սարկավագն ասաց, որ հոգևոր հովիվը պետք է ճանաչի իր հոտը: Ինքն էլ, հետևելով աստվածաշնչյան այդ պատգամին, շրջում է մարդկանց մեջ: Ասաց, որ չկա եկեղեցական հատուկ օրենք, կարգ՝ տներ կամ հիվանդանոցներ այցելելու, բայց կա Հիսուսի օրինակը. նա միշտ մարդկանց մեջ էր: Հետաքրքրվեցի՝ ինչպես են գորիսեցիներն արձագանքում «իրենց մեջ շրջող» հոգևորականին, մանավանդ, կա տարածված կարծիք, որ այդ կողմերի ժողովուրդը «հավատացյալ չէ»:
«Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեության առաջին ուսուցիչներն են եղել Հայաստանում: Նրանցից մեկը Սյունիքում է գործել, մյուսը` Արցախում, և այս տարածաշրջաններում ժամանակի ընթացքում եղել են ուժեղ հոգևոր կենտրոններ։ Դա են վկայում հարուստ քրիստոնեական ժառանգությունը, վանքերը, եկեղեցիները,- ասաց Գուրգեն սարկավագ Ղալամյանը, նշելով, որ եկեղեցուց, հավատքից մարդիկ հեռացել են ավելի ուշ՝ հանգամանքների բերումով:- Խորհրդային Հայաստանում տարածում էր գտնում անկրոնությունը՝ աթեիզմը: Գործող եկեղեցիներն էլ երեքն էին՝ Էջմիածին քաղաքում՝ Մայր աթոռ Սուրբ էջմիածինը, Սուրբ Սարգիս եկեղեցին՝ Երևանում և Գյումրիի Յոթ վերք եկեղեցին: Մնացած բնակավայրերում ավելի շատ արմատներ էր գցում անհավատությունը և տեղիք տալիս սնահավատության: Այսօր արդեն շատ բան դրականորեն փոխվել է, օր օրի եկեղեցի այցելողները շատանում են»:


Սարկավագը մատնանշում է նաև գորիսեցիների՝ ընկածին օգնելու պատրաստակամությունը, վստահեցնում, որ գորիսեցին իր հացից բաժին է հանում նրան, ով ունի դրա կարիքը: Պատահական չէ, որ Գորիսում գրեթե չկան մուրացկաններ:
Գուրգեն սարկավագ Ղալամյանի՝ հիվանդանոցներ այցելելու գաղափարը ողջունել են, ընդառաջել ու տվել իրենց օրհնությունը Սյունիքի հոգևոր առաջնորդ հայր Մակարը և Գորիսի քահանա տեր Ահարոնը, որը մեծ դերակատարում է ունեցել գաղափարի շարունակականությունը ապահովելու գործում:


Սկզբնական շրջանում, հիմա էլ, երբ առաջին անգամ մտնում է հիվանդների մոտ, տարօրինակ է նրանց համար, բայց մի քանի օրից արդեն սպասում են նրա այցին: Բժիշկների կողմից արգելք, դժգոհություն երբեք չի եղել, ընդհակառակը, մեր զրուցակիցն ասաց, որ հիվանդանոց գնում է ոչ միայն հիվանդների համար, այլև բժիշկների, հոգևոր զրույցներ է ունենում նրանց հետ: «Աստվածաշունչը պատգամում է. «Բժիշկ, բժշկիր ինքդ քեզ»։ Շատ կարևոր է, որ բժիշկներն էլ հոգևոր առողջություն ունենան, ժպիտ, ուրախություն ունենան, որ հիվանդին մխիթարող լինեն,- ասում է ու հավելում.- հին ժամանակներում բուժքրոջ դերը ստանձնել են միանձնուհիները: Նրանց քույր էին կոչում: Հիմա էլ պահպանվել է այդ անվանումը: Բժիշկը, հոգևորականը, բուժքույրը օրվա ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում, պետք է հիվանդի կողքին լինեն: Բժիշկը հարցերի, հետազոտման միջոցով պարզում է` ինչ առողջական խնդիր ունի հիվանդը, հոգևորականն էլ գտնում է մարդու հոգու մեջ եղած խնդիրը»: Խոսելով հոգու և մարմնի կապի մասին, սարկավագը նշեց, որ հոգու մխիթարանքով կարելի է դիմակայել առողջական խնդիրներին: Պատահել է՝ այցելելով հիվանդին, չորս օր շարունակ միայն ծանր շնչառություն է լսել, շատ քիչ հույս է եղել, որ նա կապրի, բայց մի քանի օր հետո հիվանդն աչքերը բացել է ու շնորհակալություն հայտնել:
Մեր զրուցակիցը առաջին մասնագիտությամբ կիբեռնետիկ է, առնչվել է բժշկական նշանակության սարքերի, արտադրատեսակների պատրաստման հետ: Հասկացել է, սակայն, որ բժշկությունը կարող է կանխել հիվանդությունը, դրա սրացումը, մինչդեռ կատարյալ առողջության համար հոգու բժշկություն է պետք:


«Մեր օրերում գործում են սոցիալական աշխատողի ինստիտուտներ: Կարելի՞ է ասել, որ ինչ-որ ժամանակ սոցիալական աշխատողի դերը հոգևորականերն են ստանձնել». այս հարցին ի պատասխան սարկավագն ասաց, որ հոգևորականները միշտ, բոլոր ժամանակներում նաև սոցիալական աշխատողի դեր են կատարել. «Եկեղեցու նպատակը մարդկանց, ընտանիքների ամրացումն է, առողջացումը: Մենք չորս կողմից շրջապատված ենք թշնամիներով: Եկեղեցին պատգամում է՝ մի վախեցիր: Հարկ եղած դեպքում հոգևորականն ինքն էլ զենք է վերցնում: Հոգևորականը երկու զենք ունի՝ խաչ և սուր, մեկը հոգևոր ուժերից, մյուսը արտաքին թշնամուց պաշտպանվելու համար»:
Հիվանդներին այցելության գնացող եկեղեցականը հույս ունի, որ Գորիսը մեկ ընտանիք կդառնա: Եվ մեկնաբանում է մեկ ընտանիքի գաղափարը. «Երբ եկեղեցի ենք գալիս, ասում ենք՝ Հայր Աստված: Բոլորիս Հայրը մեկ է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao