ReAnimania 2019
 

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը մեծագույն փորձաքար է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու բոլորիս համար

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը մեծագույն փորձաքար է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու բոլորիս համար
23.07.2019 | 00:41

Որոշ տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա վերջին շրջանում, ուղղակիորեն թե անուղղակիորեն, տարբեր ակնարկներով փորձ է արվում ճնշում գործադրել, որպեսզի վերջինս կրավորական կամ ծայրահեղ դեպքում մեղմ վերաբերմունք դրսևորի, կոշտ հայտարարություններով ու գործողություններով հանդես չգա ՀՀ կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելու պարագայում:


Այդպե՞ս է, թե՞ ոչ, դժվարանում ենք ասել, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա, բայց առկա փաստերը վկայում են, որ մի շարք հայ հոգևորականներ, Արարատյան Հայրապետական թեմը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, համենայն դեպս, մինչ վերջերս սկզբունքային դիրքերից մերժողական, քննադատական կեցվածք են դրսևորել Ստամբուլյան կոնվենցիայի, այլասերության ու անբարոյականության, մեղքի ակտիվացած քարոզի, Հայաստան եվրոպական կամ արևմտյան հայտնի «արժեքների» ներթափանցման, իբրև «նոր և ազատամիտ» հրամցվող չակերտյալ «հավասարությունների», «առաջադեմ գաղափարների», օտար ու խորթ վարք ու բարքի դեմ:


Ավետարանում կարդում ենք Հիսուսի խոսքը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16.24):
Քրիստոսի այս խոսքը վերաբերում էր Քրիստոսի աշակերտներին, վերաբերում է նաև նրանց գործի շարունակողը հանդիսացող հոգևոր դասին, ինչպես նաև ժողովրդին, բոլորիս: Իսկ ո՞վ է ասել, որ Քրիստոսին հետևելը կամ մեր երկրային կյանքի մեծագույն քննությունը հանձնելը հեշտ է… Դրա համար պետք է վերցնել խաչը ու գնալ ճշմարտության փշոտ ճանապարհով` վտանգների, փորձությունների, անձնվիրումի, անձնուրացության, զոհողությունների, անհրաժեշտության դեպքում` նույնիսկ անձնազոհության: Երանի նրանց, ում սերը մեր Աստծո հանդեպ այնքան մեծ է, և նրան հետևելու կամքն այնքան ամուր, անսասան, որ համարձակություն, խիզախություն կունենան վերցնելու իրենց խաչն ու գնալու ՆՐԱ հետևից:
Հայաստանի կողմից Ստամբուլյան կործանարար կոնվենցիայի վավերացումը, որին պատրաստվում են ՀՀ ներկայիս իշխանությունները (համոզվելու համար կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համապատասխան հայտարարություններին) մեր ժամանակներում ողջ հայ ժողովրդի և, առաջին հերթին, նրա հայաստանաբնակ հատվածի համար մեծագույն փորձաքար է լինելու: Այն ցույց է տալու, թե արդյոք պատրա՞ստ ենք այդ կոնվենցիայի վավերացումը թույլ չտալու նպատակով դուրս գալու այն վավերացնել փորձողների դեմ վերցնել սեփական խաչն ու գնալու Հիսուսի հետևից։ Խոսքը Հայաստանը սոդոմական կործանարար մեղքի ճանապարհով տանող կոնվենցիայի մասին է:
Վերը շարադրվածը, անշուշտ, վերաբերում է նաև մեր հոգևոր ողջ դասին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գլուխ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:


Մեր հոգևորականներից ոմանք (օրինակ` Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայող տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Երևանի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում ծառայող տեր Թովմա քահանա Անդրեասյանը, Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում ծառայող տեր քահանա Մարկոս Մանգասարյանը, այժմ արտերկրում գտնվող տեր Սերոբ քահանա Ազարյանը, տեր Նշան քահանա Ալավերդյանը) հրապարակայնորեն հանդես գալով Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, արդեն դրսևորել են ոչ միայն արժանապատիվ ու մեր ազգի բարոյական նկարագրից բխող կեցվածք, այլև իրենց խաչը վերցնելու և Հիսուսի հետևից գնալու պատրաստակամությունն ու խիզախությունը (հայ հոգևորականը, եթե նա իսկապես ծառան է Աստծո և իր հոտի, այլ կերպ չի կարող, ի դեպ, քրիստոնյան կամ հայ մարդը նույնպես այլ կերպ չեն կարող): Նույնն ակնկալվում է նաև մեր բոլոր մյուս հոգևորականներից, առանց բացառության, քանի որ եկել կամ շատ մոտ է մեր ժողովրդի կյանքում մեծագույն փորձության պահը, հոգևոր Ավարայրի կամ Սարդարապատի պահը (կարող եք համարել նաև Ստալինգրադյան ճակատամարտի):
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն օրերս «Ֆեյսբուքի» իր էջում զետեղելով իրենց որդեգրած երեխաների հետ միասին միասեռական զույգերի` արվամոլների և իգացողների (գեյերի և լեսբուհիների) լուսանկարներ, կատարել է հետևյալ գրառումը.
«Եթե սա չենք ուզում, ուրեմն կտրականապես ո՛չ ենք ասում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիային։


Հիշեցնեմ, որ ես` իբրև քրիստոնյա հայ մարդ, կտրականապես դեմ եմ բռնությանը։
Խնդրում եմ տարածել, թող մարդիկ իրազեկ լինեն, թե ինչ է իրենց սպասում։
Առաջիկային ավելի մանրամասն կներկայացնեմ այս ապազգային կոնվենցիայի վտանգները և դրա դեմ պայքարի եղանակները»։
Հիշենք, որ 2019 թ. ապրիլի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը մեկ այլ առիթով հայտարարությամբ հանդես գալով պղծությունների, այլասերության ու դրանց քարոզի դեմ, ըստ էության, անուղղակիորեն հանդես եկավ նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ: Նախ, Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունը հայտնեց «վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ», հիշեցրեց, որ «Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը»:


«Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բևեռացնում է մեր ժողովրդին,- նշված է Արարատյան Հայրապետական թեմի հայտարարության մեջ:- Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբևէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային և հոգևոր արժեքներով»:
Արարատյան Հայրապետական թեմն իր հիշյալ հայտարարության մեջ դատապարտել է նաև այլասերության քարոզի բոլոր դրսևորումները, կոչ արել «մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգևոր արժեքների պահպանության առաքելության շուրջ»:
Հիշենք նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջույնի ընդարձակ խոսքը (https://www.youtube.com/watch?time_continue=3&v=dKPrSQJzP-Q) Հայաստան եվրոպական կամ արևմտյան հայտնի «արժեքների» ներթափանցման դեմ, որը Երևանում, Կինոյի տանը 2013 թ. դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» համաժողովի ընթացքում հրապարակեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը.
«Հարգելի ներկաներ, պատիվ է մեզ համար այսօր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անունից ողջունելու «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը: Այս հավաքը բացահայտ վկայությունն է այն բանի, որ ազգի միասնական գիտակցությունն ու կամքը կենդանի են մեր ժողովրդի մեջ, պատրաստ արթնանալու վտանգի պարագային, ըմբոստանալու և դեմ կանգնելու ամենայն օտարամուտ, արհեստածին երևույթներին: Իրականում այս ոգուն է պարտական հայ ժողովուրդն իր համառ պայքարի հարուստ պատմությամբ:
Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք՝ հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ: Բացառություն չէր նաև անցնող տարին իր մարտահրավերներով, որոնց թեև միշտ չէ, որ արձագանքեցինք հրապարակավ՝ ի լուր ամենքի, սակայն դեմ եղանք և արեցինք Մեր ուժերի ներածն ու ամենայն հնարավորը, բնավ կարիք չզգալով ամբոխավարական բնույթ տալու Մայր Եկեղեցու, Հոգևոր դասի և անձամբ մեր գործերին ու ջանքերին:


Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է և է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե դարում Պարսից Հազկերտ Բ-ն ջանք չէր խնայում հավատափոխ անելու Հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ Եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ Ավարայրի քարոզից, այն նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:


Ամեն Հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում՝ վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ Առաքելական Եկեղեցի առանց Հայ ժողովրդի, չկա Հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև Հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:
Կարիք չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը՝ անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը… մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եվ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն են մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնելու կամ շեղելու մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու. նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը:


Սիրելի՛ ներկաներ, ողջունելով ձեր նախաձեռնությունը, Մեր լիակատար աջակցությունն ու օժանդակությունն ենք հայտնում և աղոթք ենք վերառաքում առ Աստված, խնդրելով մի բան միայն. որ անշարժ և անսասան մնանք մեր նախնյաց ավանդներին՝ ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր-մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին»:


Օտարամուտ, արհեստածին երևույթների դեմ, հայի ինքնության անաղարտ պահպանումն անցյալում ու ներկայում Հայոց Եկեղեցու գերակա առաքելություն հայտարարող, այդ ինքնության անաղարտ պահպանման դեմ հանդես եկողներին «թշնամի» բառով որակող, Ավարայրի «Մահ իմացեալ անմահութիւն» քարոզը երեկ, այսօր և հավիտյան Հայ Եկեղեցու քարոզը համարող, մերթ մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող», իբրև «նոր և ազատամիտ» հրամցվող չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքն անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ և իրականում Սատանայի չափ հին բնութագրող (անուղղակիորեն նաև Բելիարի մոլորեցուցիչ ու կործանարար գաղափարների, հնարքների հետ համեմատող) Ամենայն Հայոց Կաթողիկոսի այս շատ կարևոր խոսքն, ըստ էության, դեռ այն ժամանակ ասված խոսք է նաև Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման դեմ, խոսք, որն այսօր պարտավորեցնում է ինչպես իրեն, մեր ողջ հոգևոր դասին, այնպես էլ մեզ բոլորիս:
Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա է դարձել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա), Կաթողիկոսն իր մտահոգություններն է առաջ քաշել Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ:


Տեղեկացնենք նաև, որ դրանից 3 օր առաջ` հուլիսի 16-ին, Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից տեղեկանում ենք հետևյալը.
«Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:
Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մեջ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։


Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:
Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանեցին նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ:
Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն»։
Տեսնենք, ինչպես ասում են, վերջը բարի լինի…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao