USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Սիրի՛ր, ապրի՛ր, ուրախացի՛ր և ուրախացրու՛»

«Սիրի՛ր, ապրի՛ր,  ուրախացի՛ր և ուրախացրու՛»
22.06.2018 | 09:56

Այն, ինչ չի կարող տեսնել մարդու աչքը, կարող է հավերժացնել նկարչի ֆոտոխցիկը։ Իսկ երբ լուսանկարիչը ոչ թե գործ է անում, այլ իր սերն է արտահայտում տվյալ պատկերը ֆիքսելիս, այն վերածվում է արվեստի և հնարավորություն է տալիս դիտողին տեսնելու այն, ինչ նա երբեք չէր կարող տեսնել, եթե չլիներ այդ լուսանկարը։


Վերջերս «Նարեկացի» մշակույթի կենտրոնում բացված «Հեռու ու մոտ բիբլիական Արարատ» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսում լուսանկարիչ ՎԻԿՏՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ բազմաթիվ մարդկանց ներկայացրեց մեր Արարատը նորովի։ 1000-ից ավելի աշխատանքներից այս ցուցադրությունում ներկայացված էին մի քանիսը։ Եվ քանի որ լուսանկարչի սերն Արարատն է, իսկ սիրո համար ժամ, պատարագ և դժվարություններ գոյություն չունեն, Վիկտոր Վարդանյանը խոստովանեց, որ բիբլիական սարը նկարել է Հայաստանի գրեթե բոլոր վայրերից և տարբեր եղանակային պայմաններում։ Այս մոտեցումն առավել հետաքրքրական էր դարձրել ցուցադրությունը։ Վիկտոր Վարդանյանի հետ զրույցում փորձեցինք ճշտել` արդյո՞ք նույն զգացողությունն է ունենում լուսանկարիչը, երբ լուսանկարում է Արարատը տարբեր դիրքերից։

-Յուրաքանչյուր անգամ, երբ նոր դիրքից եմ լուսանկարում կամ մեկ այլ վայրից, ինձ թվում է, թե Արարատի վրա մի նոր լույս է բացվում, և իմ խիղճը հանգստանում է։ Ամեն անգամ, մի նոր լուսանկար անելով, կարծես իմ երախտիքի տուրքն եմ մատուցում նախնիներիս և հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման զգացողություն եմ ունենում։
-Դուք տարիների մեծ վաստակ ունեցող լուսանկարիչ եք և միայն Արարատ լեռան 1000-ից ավելի լուսանկար ունեք։ Ինչու՞ մինչև հիմա չէիք ցուցադրում դրանք։
-Լուսանկարելիս երբևէ չեմ մտածել ցուցադրվելու մասին։ Երևի այս ցուցադրությունն էլ չլիներ, եթե չլիներ Արմեն Ամիրյանի համառ հորդորը։
-Ինչու՞ չեք ցանկացել ցուցադրվել։
-Ոչ թե չեմ ցանկացել, այդ ուղղությամբ երբևէ չեմ մտածել։ Բայց Արմեն Ամիրյանի հորդորից հետո մտածեցի` իսկապես, չէ՞ որ մեր Արարատը ոչ բոլորն են տեսել տարբեր դիրքերից։
-Հնարավո՞ր է, որ Ձեր այս ցուցահանդեսը Սփյուռք գնա, չէ՞ որ Արարատը նաև Սփյուռքի սերն ու կարոտն է։
-Հետաքրքիր առաջարկ արեցիք, այդ ուղղությամբ չէի մտածել։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, եթե մարդիկ զգան, որ դրա կարիքը կա, իհարկե, մեծ սիրով ձեռնամուխ կլինեմ։
-Բացի բիբլիական Արարատից, ո՞րն է Ձեր կյանքի հավատամքը։
-Սերը։ Դրանից մեծ արժեք չկա։ Սերը դիմացինի նկատմամբ։ Քայլիր նրա հետ, ապրիր։ Ամբողջ կյանքս և հիմա էլ այդ սկզբունքով եմ ապրում` սիրի՛ր, ապրի՛ր, ուրախացի՛ր և ուրախացրու՛։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao