USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Միջոցներն ուղղվելու են պահպանման ծախսերին, աշխատավարձերին»

«Միջոցներն ուղղվելու են պահպանման ծախսերին, աշխատավարձերին»
20.07.2018 | 09:57

Առողջապահության նախարարի հայտարարությունը, թե «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հայտնաբերված խախտումների մասով գործը փոխանցվել է դատախազություն, բողոքի ալիք է բարձրացրել տվյալ կլինիկայում և դժգոհություն` առողջապահական հանրության շրջանակներում։ Սա, թերևս, բնական է, քանի որ, ինչպես ասում են, «բռնված չէ, գող չէ»։ Այո, շատ հավանական է, որ ոչ միայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այլև այլ բուժհաստատություններում, այդ թվում` մասնավոր հատվածում, նախարարի խոստացած ուսումնասիրություններից հետո խախտումներ հայտնաբերվեն։ Սակայն որքանո՞վ է ճիշտ նախապես կլինիկաների ղեկավարներին պիտակավորելը։

Չպետք է մոռանալ, որ այդ մարդիկ զգալի ավանդ ունեն առողջապահության զարգացման, պետության կայացման, մասնագետներ պատրաստելու գործում։ Չի բացառվում, չէ՞, որ քննությամբ պարզվի, որ ներկայացված խախտումներն այնքան էլ խախտումներ չեն և ունեն իրենց հիմնավորումները։ «Մենք չենք պիտակավորում որևէ մեկին, կարծում եմ, մամուլն է պիտակավորում։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա ամեն ինչ հնարավոր է, և այդ բոլոր հարցերի վերջնական պատասխանը կտան իրավապահ մարմինները»,- կառավարության երկվա նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ Թե ինչպես կզարգանան նշված խնդրին առնչվող գործընթացները, առաջիկայում պարզ կլինի, իսկ մինչ այդ նախարարի հետ զրուցեցինք էլեկտրոնային առողջապահության խնդրի շուրջ։


-Պարոն նախարար, երբ ստանձնեցիք այս պաշտոնը, մեզ հետ ճեպազրույցում ասել էիք, որ պետք է վերանայել կլինիկաների կողմից «Արմեդին» փոխանցվող վճարների չափը և ճշտել` կուտակվող գումարներն ու՞ր են ուղղվելու։ ՈՒսումնասիրե՞լ եք հարցը և ի՞նչ կարող եք ասել։
-ՈՒսումնասիրության ընթացքում պարզել ենք, թե տարեկան մոտավորապես որքան գումար է ծախսվում, ըստ այդմ, դա կազմում է 700 մլն դրամ, որից 500 մլն-ը սուբսիդավորվում է պետբյուջեից։ Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող հարցերից մեկն էլ դրան էր նվիրված` պետք է կարողանանք մինչև տարեվերջ ապահովել վճարների անխափանությունը։ Գումարների վերանայման մասով ևս աշխատանքներ տարվում են, և մեր նպատակն է վերանայել գների տրամաբանությունը։
-Գների տրամաբանություն ասելով նկատի ունեք դրանց չափի նվազեցու՞մը։
-Բացատրեմ. այժմ տարբեր տեսակի վճարումներ են իրականացվում` օգտագործողների թվի, դեպքերի, քանակի և այլ տեսակի վճարումներ։ Սակայն կարող է լինել մեկ այլ տրամաբանություն, օրինակ, երբ ֆինանսներից տոկոս է հաշվվում, ենթադրենք պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայություններից իքս տոկոս։ Այս մոտեցումը ավելի տրամաբանական կլինի։ Դրա հետ մեկտեղ, այդ տոկոսը վերջում չպետք է հանգեցնի նրան, որ որոշ բուժհաստատություններում այդ վճարումներն ավելանան, իսկ մյուսներում` պակասեն։ Կարծում եմ` հաջորդ տարվանից այդ հարցը կվերանայենք։ Բայց այն, որ «Արմեդը» պետք է Հայաստանի Հանրապետությանը, որ էլեկտրոնային առողջապահությունն անհրաժեշտություն է, փաստ է, և երկիրը գնալու է այդ ուղղությամբ։
-Երբ էլեկտրոնային առողջապահության մասին օրենքն ընդունվեց, այդ ժամանակ էլ պարզ չէր, թե կլինիկաներից հավաքագրված գումարները «Արմեդն» ինչ նպատակներով է ծախսելու։ Դուք ճշտեցի՞ք` ինչ նպատակներով։
-Հայտնի է, որ այդ միջոցները հիմնականում ուղղվելու են պահպանման ծախսերին, աշխատավարձերին, ինչպես նաև շատ-շատ փոքր շահույթին։ Այս ամենն իրենց աուդիտում ֆիքսված է, ինչն էլ հրապարակային է։
-Այսինքն, մինչև այս տարվա վերջը բժշկական կենտրոններն «Արմեդին» վճարելու են հաստատված բարձր գներով։
-Դրանք բարձր գներ չեն, քանի որ պետությունն այդ գումարի 70 %-ը սուբսիդավորում է։
-Ասում եք` գումարները մեծ չեն, սակայն ես կարող եմ հակառակը փաստել։ Նախկին նախարար Լևոն Ալթունյանը մեզ հետ զրույցում ինքն էլ զարմացավ, երբ հեռախոսազանգով ճշտեց, որ իրենց պատկանող «Վարդանանց» կլինիկան ամսական 300 հազար դրամ է փոխանցում «Արմեդին»։ «Վարդանանց» կենտրոնը փոքր հաստատություն է, բնականաբար, մեծ կլինիկաների փոխանցած գումարները շատ ավելի են։
-Եթե չեմ սխալվում, Ձեր նշած 300 հազար դրամն ամբողջական գումարն է, որի 70 %-ը պետությունը սուբսիդավորում է։ Եթե ամբողջ գումարը կազմում է 700 մլն դրամ, ապա 500 մլն դրամը սուբսիդավորվում է։ Հետևաբար, բուժհիմնարկների համար այդ բեռը շատ ցածր է ստացվում։ 2019-ի պետբյուջեով այդ սուբսիդավորումը հավանաբար կշարունակվի որոշակի վերանայումներով, այսինքն, կլինեն բուժհիմնարկներ, որոնց սուբսիդավորումն ավելին կլինի, քան մյուսներինը։
-Վերանայումից հետո բուժհիմնարկների համար որքանո՞վ կիջնի փոխանցվող գումարի չափը։
-Դժվարանում եմ հիմա ասել. եթե ենթադրենք, որ մի բուժհիմնարկ վճարում է ամսական 100 հազար դրամ, ապա սուբսիդավորման հետ մեկտեղ նա կվճարի 30 հազար դրամ։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ. Փաստորեն, պետական միջոցները, սուբսիդավորման տեսքով, կլինիկաները փոխանցելու են «Արմեդին», որպեսզի վերջինիս աշխատակիցները լավ ապրեն։ Իսկ մենք հույս ունեինք, որ այդ միջոցները կրկին կուղղվեն առողջապահությանը` զարգացնելով ոլորտը։ Փաստորեն, շահողը դարձյալ անհատներն են լինելու։

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ