Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իբրանոսյան

Իբրանոսյան
20.07.2018 | 10:13

(Նախորդ մասը)

Երկու եղբայրներն էլ ամուսնացան անգրագետ աղջիկների հետ: Անգրագետ, կրթություն չստացած, որովհետև Ամասիայում պարզապես գոյություն չուներ իգական վարժարան: Եփրեմի կինը համեստ ընտանիքից էր, իսկ Մարուքեինը` ամասիացի մեծահարուստ Ներգիզ օղլուի դուստրը: Ավագ եղբայրն ունեցավ երեք որդի, Մարուքեն` երկու դուստր:
1890-ական թթ. Եփրեմն ընտանյոք տեղափոխվեց Կ. Պոլիս և սկսեց զբաղվել մանուֆակտուրայի ու գործվածքների առևտրով: Իսկ Մարուքեն` իր բացառիկ, բնատուր առևտրական հանճարի շնորհիվ, ներգրավեց եղբորը և կարողացավ Օսմանյան կայսրությունում հիմնել մի ամբողջ բիզնես-կայսրություն` «Իբրանոսեան եղբարք» անվամբ:
Հետևենք այս մարդու կյանքի ընթացքին:


Մարուքեն սկզբում հարեց Հնչակյան կուսակցությանը և նույնիսկ լուսանկարվեց «մարտին» հրացանով, կրծքին ու մեջքին փամփշտակալներով և դաշույններով: Բայց երբ մահափորձեր իրականացվեցին Ս. Չյոմլեքճյանի (այս մարդուն դեռ կանդրադառնամ), դպրապետ Գյուլյանի և պետական գանձապահ Ճեմեկյանի նկատմամբ, ի թիվս այլոց որպես կասկածյալ ձերբակալվեց նաև Մարուքեն և ուղարկվեց Սեբաստիա` դատական պատասխանատվության ենթարկվելու: Սակայն ամենակարող կաշառքի շնորհիվ կարողացավ խուսափել պատժից, ինչից հետո մեկընդմիշտ հրաժարվեց հեղափոխական, կուսակցական գործունեությունից և ընտանյոք մեկնեց Կ. Պոլիս:


Եղբայրներն Ամասիայում` Ներգիզ օղլուի ժառանգներից գնված ահռելի տանը, ունեին բամբակի, մետաքսի և մետաքսաթելի գործարաններ, որոնց արտադրանքն իրացնում էին ամբողջ օսմանյան Թուրքիայում: Ինչպե՞ս:
Զարմանալի է, բայց փաստ. առաջին բանը, որ Մարուքեն արեց, Ամասիայում դպրոցներ հիմնելն էր: Ինքն անգրագետ լինելով` հասկացավ, որ բարձրորակ կադրեր են պետք հե՛նց իր ֆիրմայում աշխատելու համար:


Ի հիշատակ իրենց հոր, եղբայրներն Ամասիայի Սբ Նիկողայոս եկեղեցու ընդարձակ բակում կառուցված ազգային վարժարանի վերին հարկաբաժնում բացեցին «Իբրանոսեան եղբարք» նախակրթարանը, որը 1898-ին վերածեցին «Իբրանոսյան» առևտրական վարժարանի: Նույն շենքի առաջին հարկում գտնվում էր ծաղկոցը` մանկապարտեզը, որտեղ եղբայրները հիմնեցին «Իբրանոսյան» իգական վարժարան: Երկու վարժարանների սաներն էին ինչպես հարուստ, միջին կարողության, այնպես էլ աղքատ դասի երեխաները, որոնց համար ծնողները մի փոքրիկ տարեվճար էին մուծում: Ամեն տարի հուլիսի 7-ին Սբ Հակոբա մեծ եկեղեցում տեղի էր ունենում ուսումնական ամավերջի փառաշուք հանդես, որին մասնակցում էր Պոլսից ժամանած Մարուքեն, հրավիրելով նաև իր ֆիրմայի Թոքատի, Տրապիզոնի ու Մարզվանի մասնաճյուղերի տնօրեններին: Նույն օրվա երեկոյան իր հայրական մեծ տան բակում տալիս էր ճոխ ճաշկերույթ, որի ժամանակ ասվում էին բազմաթիվ բաժակաճառեր, հնչում էր երգ-երաժշտություն: Խրախճանքին մասնակցում էին ոչ միայն այդ, այլև նախորդ տարիների շրջանավարտներ: Մարուքեն երանության մեջ էր…


Փաստորեն, Իբրանոսյան եղբայրներն իրենց ձեռքն առան Ամասիայի ուսումնական գործը և ապահովեցին կրթության, դաստիարակության, կենսական նշանակության գիտելիքների տրամադրումը մի ամբողջ քաղաքի:
Եղբայրները մտադիր էին գերարդիական, բոլոր հարմարություններով օժտված երկսեռ ուսումնական կենտրոն հիմնել Ներգիզ օղլուից գնված տանը, իսկ իրենց գործարանների համար նոր շենք կառուցել: Խանգարեց 1915 թ. ցեղասպանությունը:
1919-ին նրանք մտադրվեցին Երևանում կառուցել առևտրական նորագույն վարժարան, բայց խանգարեց եղբայրների մահը:
Վերևում հիշատակեցի մի քանի մասնաճյուղեր, այնինչ Մարուքեն մինչև 1915-ը ուներ այդպիսի 48-ը։ Քիչ ավելի մանրամասն անդրադառնամ դրանց գործունեությանը և աշխատանքի կազմակերպման մեթոդներին:


Բոլոր մասնաճյուղերի պաշտոնյաները Ամասիայի «Իբրանոսյան» առևտրական վարժարանի շրջանավարտներ էին, իսկ աշխատողները` գտնվելու վայրի տեղացի հայեր: Միմիայն հայեր, մինչև 1915 թ. այլազգիների պաշտոն կամ աշխատանք չէին տալիս: Մասնաճյուղերը բացվել էին Անատոլիայի խոշոր քաղաքներում, սակայն սրանցից յուրաքանչյուրն ուներ մեկից ավելի ենթամասնաճյուղեր գավառի այլ, համեմատաբար փոքր քաղաքներում, որտեղի շուկաների խանութներում իրականացվում էր մանուֆակտուրայի և հումքի փոքրաքանակ վաճառք:
Մասնաճյուղերում տիրում էր խստագույն կարգապահություն ու վերահսկողություն: Այսպես, յուրաքանչյուրն ուներ առաջին ու երկրորդ տնօրեն, միմյանց վերահսկող երեք հաշվապահ, գրագիրներ: Վաճառքը կատարվում էր թե՛ մեծաքանակ, թե՛ փոքրաքանակ` նախասահմանված գներով, սակարկություն չկար: Խստիվ արգելված էր հաճախորդին որևէ կերպ խաբելը, նման բան անողներն անհապաղ հեռացվում էին:


Արգելված էր նաև հեղափոխական, կուսակցական գործունեությամբ զբաղվելը: Դիցուք, 1902-ին Տրապիզոնի մասնաճյուղի տնօրենը, պաշտոնյաներից մեկին կասկածելով կուսակցական զբաղմունքի մեջ, խուզարկում է նրա գրասեղանի գզրոցները, հայտնաբերում «Դրօշակ» ամսագրի մի համար և տեղնուտեղը աշխատանքից ազատում:
Մի խոսքով, Մարուքե Իբրանոսյանն իր առևտրային տաղանդի շնորհիվ ստեղծել էր հրաշալի, անխափան գործող մի բիզնես-մեքենա, որով ապրուստ էին վաստակում առնվազն 5 հազար հայ ընտանիքներ կամ շուրջ 25 հազար հոգի:


Մ. Իբրանոսյանն ուշադրությամբ հետևում էր նաև ժամանակի բիզնեսի հևքին: 1908 թ. նա հիմնեց «Առևտուր» եռալեզու (հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն) շաբաթաթերթը, որտեղ տպագրվում էին տարրական բիզնես-գիտելիքներ, զանազան ապրանքների միջազգային սակարանային գներ, հայապատկան առևտրի մասին շահեկան տեղեկություններ: Խմբագիրներն էին տաղանդավոր մարդիկ` վերոհիշյալ Ս. Չյոմլեքճյանը և Ա. Գալբագճյանը. ափսոս, որ հայ մամուլի այդ եզակի հրատարակությունը կարճ կյանք ունեցավ, լույս տեսավ ընդամենը 11 թողարկում:


Մասնաճյուղերն ունեին ևս մեկ առանձնահատկություն` դրանք կաշառության իսկական օջախներ էին: Բանն այն է, որ Անատոլիայի բոլոր նորանշանակ թուրք գավառագլուխները` գայմագամները, և նահանգապետերը` մյութեսարիֆները, իրենց պաշտոնատեղիներ մեկնելուց առաջ անպայման այցելում էին Իբրանոսյանների` Պոլսի գլխավոր գրասենյակ: Գիտնալով, որ եղբայրները բոլոր խոշոր բնակավայրերում մասնաճյուղեր ունեն, նրանք, նախ, համակրանքի խոսքեր էին շռայլում, ապա ճանապարհածախս խնդրում, իբր` պարտք: Ոչ ոք չէր մերժվում, ամեն մեկին տալիս էին 50 ոսկե լիրա: Սակայն դրանով կաշառությունը չէր ավարտվում: Տեղ հասնելուն պես մյութեսարիֆն առաջին հերթին ընդունում էր Իբրանոսյանների մասնաճյուղի տնօրենին, գովում ու փառաբանում եղբայրներին և պատրաստակամություն հայտնում ըստ ամենայնի աջակցել: Տնօրենն էլ, իր հերթին, առաջարկում էր հարկ եղած պետքի համար (հագուստ, կահ-կարասի և այլն) մարդ ուղարկել ու զեղչ գներով ստանալ: Դժվար չէ կռահել, որ ոչ ոք չէր վճարում: Բացի այդ, տնտեսական անմխիթար վիճակում գտնվող օսմանյան կառավարությունը մշտապես ուշացնում էր պետական պաշտոնյաների աշխատավարձերը, և կրկին «օգնության» էին հասնում մասնաճյուղերի տնօրենները: Օգտվելով այս իրավիճակից, Իբրանոսյանները կաշառեցին թուրքական ամբողջ պետական վերնախավը, փոխարենն ստանալով զանազան առանձնաշնորհներ ու դյուրություններ:


«Իբրանոսեան եղբարք» ֆիրմայի շարժիչ ուժը, անշուշտ, Մարուքեն էր, մարդ, որը քնում էր 4-5 ժամ, և որի ուղեղն զբաղված էր բացառապես նոր բիզնես-ծրագրեր հղանալով և դրանք իրականացնելով: Բայց նա ուներ թերություններ` առասպելական ժլատություն և ազգակիցների ապագայի հանդեպ անտարբերություն, որոնց համար էլ հատուցեց հետմահու:
Իր մասնաճյուղերի պաշտոնյաներին նա վճարում էր չնչին գումարներ, ինչի պատճառով էլ շատերը հեռանում էին այլ գործատուների մոտ: Բայց դա Մարուքեին ամենևին չէր մտահոգում` Ամասիայի «Իբրանոսյան» առևտրական վարժարանը պատրաստում էր նորանոր բարձրակարգ շրջանավարտներ, որոնք փոխարինում էին հեռացածներին:
1896 թ. Թոքատի մասնաճյուղի մի պաշտոնյա Մարուքեի հանձնարարությամբ մեկնեց Պոլիս ու ճանապարհին սպանվեց սուլթան Համիդի ոստիկանների կողմից: Հաջի աղան հրաժարվեց որևէ նյութական օգնություն տրամադրել զոհվածի մորը, այրուն և անչափահաս երեխաներին:


Դրան զուգահեռ, ամավերջի դպրոցական հանդեսին մասնակցելու համար Պոլսից Ամասիա ժամանելով, Սբ Նիկողայոս եկեղեցու բակում գտնվող հոր մարմարյա շքեղ դամբանի վրա կատարել էր տալիս հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին նաև դպրոցի աշակերտները: Արարողության ավարտին նրանք երգում էին «Եթէ տժգոյն մահու հրեշտակ» մահերգը, և Մարուքեն չէր կարողանում արցունքները զսպել:
Ահա այսպիսի հակասական կերպար էր Մարուքե Իբրանոսյանը` մարդկային տարրական առաքինություններից զուրկ հանճարեղ վաճառականը։

Վրա հասավ ազգային ողբերգությունը` 1915 թ. ցեղասպանությունը: Իբրանոսյանների կայսրությունը փլուզվեց: Հուլիսին ինչպես Անատոլիայի, այնպես էլ Ամասիայի հայ տղամարդիկ ձերբակալվեցին, բանտերում դաժան խոշտանգումների ենթարկվեցին, ապա թե՛ նրանք, թե՛ կանայք, ծերերը, երեխաները տեղահանվեցին ու ձորերում, կիրճերում անասելի տանջանքներ կրելուց հետո կոտորվեցին:


Երբ ձերբակալեցին «Իբրանոսեան եղբարք» ֆիրմայի Կեսարիայի մասնաճյուղի տնօրենին, խուզարկության ժամանակ հայտնաբերեցին 5 լիրայի մուրհակ` տրված կուսակցություններից մեկի կողմից: Քանի որ Եփրեմը Նյու Յորքում էր, ապա Պոլսում ձերբակալեցին Մարուքեին և պահակների հսկողությամբ փոխադրեցին Կեսարիայի բանտ: Նրան սպառնում էր կախաղան: Բայց բախտը ժպտաց` հայտնվեց բարի «հրեշտակը»: Կեսարիայի մյութեսարիֆ Սուլեյման Սըրրին, որ կերակրվել էր Իբրանոսյանի կաշառքներով, որոշեց փրկել նրան: Հաշվարկը պարզ էր` մեծահարուստ Մարուքեի մահով նահանգապետը ոչինչ չէր շահի, ընդհակառակը` կկորցներ եկամտի առատ աղբյուր: Կեսգիշերին մյութեսարիֆն այցելեց բանտ և Մարուքեին առաջարկեց կախաղանից փրկվելու համար մահմեդականություն ընդունել: Մարուքեն համաձայնեց, կրոնափոխ եղավ ու սկսեց կոչվել Իբրանոս Զադե Սուլեյման Սըրրի բեյ:
Մահապատժից խուսափելով, Իբրանոս Զադեն մեկնեց Պոլիս և ձեռնամուխ եղավ… բիզնես-կայսրության վերականգնմանը: Թեպետ մասնաճյուղերի ամբողջ հայ պաշտոնյաներն ու աշխատողները ոչնչացվել էին, այդուհանդերձ ունեցվածքը դեռևս չէր հայտարարվել լքյալ գույք ու չէր պետականացվել: Բացի այդ, որոշ տնօրեններ ու պաշտոնյաներ իսլամանալով փրկվել էին: Իբրանոս Զադեն Թալեաթից մի հրաման ձեռք գցեց և իսլամացածներին նշանակեց նախկին պաշտոններին, ապա սկսեց բուռն գործունեություն ծավալել:


Արդյունքը եղավ այն, որ 1915-1918 թթ. նախկին 48-ի փոխարեն Իբրանոս Զադեն հիմնեց 50 մասնաճյուղ: Եթե մինչև Ցեղասպանությունը նրա ունեցվածքը գնահատվում էր կես միլիոն լիրա, ապա երեք տարվա ընթացքում Իբրանոս Զադեի հարստությունը հաշվվում էր 16 միլիոն լիրա: Նման կերպ հարստանալու պատճառը հետևյալն էր. պատերազմի պատճառով ներմուծումը գրեթե դադարել էր, իսկ արտահանվող ապրանքների գները մեծ անկում էին ապրել: Դիցուք, եթե մինչ պատերազմ մեղրը արժեր 3 ղուրուշ, ապա ներմուծված իտալական ծաղկամեղրը` 115 ղուրուշ: Իբրանոս Զադեն, օգտագործելով միջազգային առևտրային կապերը, կարողացավ թե՛ ներմուծել, թե՛ արտահանել:


1918 թ., Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, նա դեն շպրտեց գլխի փաթթոցը, դարձավ նախկին հավատին, ընդունեց նախկին անունը և առևտրական հաստատությունները հռչակեց «Իբրանոսեան եղբարք» ֆիրմային պատկանող:
Սակայն Դուք, հարգելի ընթերցող, հուսով եմ` չեք մոռացել, որ Մարուքե Իբրանոսյանի անթաղ դին թողել ենք Բերայի Սբ Երրորդություն եկեղեցու խցում փակված:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ