Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փողկապ ու ատրճանակ

Փողկապ ու ատրճանակ
27.07.2018 | 00:44

Ալարկոտ դարձնող շոգի մեջ ինչ-որ տեղ հեռուներում ծփացող ծովերում լողալու ցանկությամբ` անդրադառնալ քաղաքականությանն ու շաբաթվա անցուդարձին համարյա սխրանք է, իսկ զբաղվել քաղաքականությամբ ընդհանրապես վեր է սխրանքից: Բայց զբաղվողներ կան, ու այնքան շատ են, որ քաղաքականությունը դարձնում են զբոսավայր, որտեղ յուրաքանչյուրը իր նոր գաղափարները` ինչպես հանդերձները, ցուցադրելու համար պատրաստ է ժամերով ճեմել ու ճամարտակել: Միակ մխիթարությունը, որ կա քաղաքականություն ու կա մեծ քաղաքականություն: Քաղաքականության մեջ են բոլորը, մեծ քաղաքականության մեջ՝ նրանք, որ լծակներ ունեն ու գործում են առաջին դեմքով: Հետո քաղաքականության մեջ լողացողները նրանց մեկնաբանում ու վերլուծում են` ինչպես ու ինչքան կարող են: Նրանց գործն անշնորհակալ է ու հիմնականում կողմնակալ` համարեք անկապ նախաբան, որին ոչինչ չի հաջորդելու այդ թեմայով: Իսկ գուցե հաջորդելու է: Տողատակերում:


Փառք ու պատիվ ռուսական ռազմաբազայի ու հետախուզության զինվորներին. եթե նրանք հուլիսի 17-ին չներխուժեին Փանիկ, մի շաբաթ հետո ռազմաբազայի ղեկավարությունը փանիկցիների համար խորոված չէր անի` հանուն հաշտության: Ոչ էլ նվագախումբ կտաներ` կրակոցները մոռացնելու: Ոչ էլ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ում ռուսական էլիտայում հանձնարարված է հայամետի դերը, կզարմանար, որ Հայաստանում չեն դադարում Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ուսումնական վարժանքների քննարկումները: Ոչ միայն չէր զարմանա, այլև չէր ասի, որ ինչ-որ մարդիկ փորձում են ռազմաբազայի տեղակայման համաձայնագրում փոփոխություններ կատարելու ու հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու պատրվակներ գտնել. «Շատերը, այդ թվում` Հայաստանում, անվերջ կանխատեսում են հայ-ռուսական հարաբերությունների անկում նոր իշխանությունների օրոք: Ես չէի ցանկանա կիսել այդ մտահոգությունները: Շատերի համար դա կլիներ ցանկալի ելք, կարդարանար նրանց ցանկությունը: Իսկ նրանք ուզում են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան»:

Զատուլինը, այնուամենայնիվ, ասել է «շատերը»` առանց փակագծերը բացելու, «շատերը» ոչ այնքան Հայաստանում են, որքան Ռուսաստանում ու շրջակայքում: Հակառուսական տրամադրություններ Հայաստանում հարուցել ու հարուցում են միայն ռուսները, ու դա արդեն ոչ մեկին չի զարմացնում: Զարմանալին` Հայաստանը սկսել է հակադարձել: Այնքան զարմանալի, որ Զատուլինն իրեն չի զսպում ու հարցնում է. «Եղել են ավելի լուրջ դեպքեր: Հիշում եք, որ ռազմաբազայի զինծառայողը սպանել էր 5-հոգանոց ընտանիքի: Այդ ժամանակ կրքերը եռում էին, և ավելի շատ հիմքեր կային: Իսկ հիմա հայկական լրատվամիջոցները պատմում են, թե ինչ ահռելի հարված է հասցվել այդ ուսումնական վարժանքներից: Ինչ-որ մեկը մահացե՞լ է, ինչ-որ բան քանդե՞լ են, ի՞նչ է եղել»: Փաստորեն` նույնիսկ Պետդումայի պատգամավորը չի պատկերացնում, որ առանց նախազգուշացնելու ներխուժել բնակավայր ու կրակ բացել, թեկուզ «խալաստոյ» փամփուշտներով, սադրանք է, ու որոնում է, թե ովքեր են ուզում Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնել: Համենայն դեպս հիշեցնում է, որ չմոռանանք. «Միջազգային պայմանավորվածություններն ու համաձայնագրերը պետք է վեր լինեն կուսակցական հետաքրքրությունից, հատկապես, երբ խոսքը Հայաստանի նման երկրի մասին է, որը գտնվում է տարածաշրջանային բարդ կծիկի մեջ»:


Ընդունեք, որ նոր խոսք է` պարզվում է պաշտպանության նախարարը կուսակցական է: Իսկ Պնախարարը իր պաշտոնավարման կարճ ժամկետում արել է ավելին, քան իր նախորդները` Վազգեն Սարգսյանից հետո: Խնդիրը միայն ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը վերանայելու հայտարարությունը չէ: Այդ հայտարարությունը մի օղակ է տրամաբանական շղթայի, որի մեջ Դավիթ Տոնոյանը տեսնում ու վարում է պաշտպանության նախարարի իր քաղաքականությունը: Բնական է, որ նրան ոչ բոլորն են «հասկանում» ու պատրաստ են մեղադրել: Դավիթ Տոնոյանը գծել է սահմանագիծ, որի մի կողմում են Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցները, մյուս կողմում՝ Հայաստանի ինքնիշխանության հնարավորությանը չհավատացողներն ու վախեցողները:

Այդ սահմանագիծը օրեցօր ավելի հստակ է դառնում` սկսած նրա առաջին հայտարարությունից իբրև Պնախարար, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նախարարի կարգավիճակում կանի բանակի մարտունակությանն ուղղված ամեն ինչ, եթե հարկ է ընդհուպ ուժի դիրքից բանակցելու հնարավորություն ապահովելու համար:
Այն ժամանակ գուցե քչերն այդ նախադասությունը հիշեցին, բայց օրերս նա ասաց ավելին՝ «Եվրասիա դեյլիին» տված հարցազրույցում հայտարարելով, որ իբրև պաշտպանության նախարար իր խնդիրն է ապահովել Արցախի հարցի կարգավորման «ռազմական բարենպաստ պայմաններ»: Նա ընդգծեց, որ հատուկ անհանգստություն է առաջացնում Նախիջևանում ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ մինչ այժմ համեմատական անդորր էր: «Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կանդրադառնա նաև այլ տարածաշրջանային խաղացողների վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեր մեջ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»` ասել է Պնախարարը: Նման կոնկրետ հայտարարություն ՀՀ պաշտպանության որևէ նախարար վերջին 20 տարում չի արել` չստանձնելով պատասխանատվություն, երբ կար Գերագույն գլխավոր հրամանատար, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կարող իրենց նման հանդգնություն թույլ տալ` առանց Կրեմլի թույլտվության:


Սա արտաքին քաղաքականության փոփոխություն չէ, սա պետության ինքնագիտակցություն է: Միայն այդպես է հնարավոր զսպել կամ արժեզրկել Բաքվի ռազմաշունչ հայտարարություններն ու նրանց էֆեկտը միջազգային ասպարեզում: Ապացույցը` տասնամյակներով Բաքուն սպառնում է պատերազմով, միջազգային բոլոր կառույցներում Հայաստանը բողոքում է Բաքվի սպառազինման ու ռազմական հռետորաբանության դեմ: ՈՒ ոչինչ չի փոխվում: Դիվանագետի խոսքը ամենահամոզիչ դարձնող փաստարկը սեղանին դրված ատրճանակն է: Այդպես եղել է միշտ: Փողկապն ու ատրճանակը ճիշտ համադրություն են: Հավելեք` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ռուսաստանը ռեգիոնալ անվտանգության պատասխանատուն է և թույլ չի տա, որ Ադրբեջանը կասկածի տակ դնի անվտանգությունը: Խնդիրը վերաբերում է ամբողջ տարածաշրջանին, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, որի վերաբերյալ նման տեսակետը կարող էր նվազեցնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Բացահայտ ասվում է այն, ինչ կա դեֆակտո, թեև դեյուրե ձևակերպված չէ: Դա նույնպես նորություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Տարածաշրջանում: Աշխարհում: Քաղաքականության մեջ չկան ստատիկ վիճակներ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը (նաև ներքին) միշտ եղել է պատասխան քայլի շրջագծում, հազվադեպ են նախաձեռնությունները (թերևս միայն ցեղասպանության ճանաչման հարցում), առաջին քայլերը, որ ոչ թե պաշտպանվողի ու պատասխանողի կարգավիճակում են դնում, այլ թելադրողի ու ծրագրողի:

Աշխարհաքաղաքական փոփոխություններին պետք է ոչ թե հետևել ու բացասական ներգործությունները չեզոքացնելու ջանքեր գործադրել, այլ մասնակցել ու սեփական շահը առաջ մղել: Պետք չէ փոքր ու թույլ երկիր լինելու միֆով պաշտպանվել ու թերարժեքության բարդույթով մեկուսանալ: Ժամանակները ոչ միայն Հայաստանում, աշխարհում են փոխվում:
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բովանդակային փոփոխության անհրաժեշտություն, ու դա հիանալի գիտի Մոսկվան: Այլ հարց է` պատրա՞ստ է, թե՞, ոչ: Ամենայն հավանականությամբ` Կրեմլում ժամանակ են ձգում` հասկանալու, թե որքան հաստատուն է գործող իշխանությունը Հայաստանում, հնարավո՞ր է ռևերս (Կարեն Կարապետյանների «օգնությամբ»), թե՞ եղել է հեղափոխություն, ու Հայաստանը այլևս վասալ չէ: Կամ` ֆորպոստ: Հայաստանն ինքը պոստ է` Հայաստանում կայացվում են ինքնուրույն որոշումներ ու որոնում են գործընկերային հարաբերություններ: Մոսկվայի հինգերորդ շարասյունը այլևս Հայաստանում ավելորդ է` անկարող է ազդել իրավիճակի վրա: Սա ոչ թե երկկողմ հարաբերություն է, այլ արտաքին քաղաքականություն: Մտածողություն է փոխվել: Ի վերջո Կրեմլում պիտի ընդունեն` Մոսկվայի շահերից է բխում, որ Հարավային Կովկասում իր միակ ռազմավարական դաշնակիցը (թեպետ հրապարակային քաղաքական հարթության մեջ նաև Թուրքիան ու Ադրբեջանն են ռազմավարական դաշնակիցներ անվանվում) ուժեղ պետություն լինի ու միջազգային ասպարեզում ունենա դիվերսիֆիկացված հարաբերություններ: Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դեմ չէ: Գործընկերները պիտի միմյանց վստահեն և ունենան փոխադարձ պաշտպանված շահեր: «Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները» EADaily-ին տված հարցազրույցում՝ նաև ասել է Պնախարարը` կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից: Իսկ ընդհանրապես` պետք չէ սեպեր խրել վարչապետ-Պնախարար հարաբերություններում, դա անհեթեթ է, ԱԳ նախարարին է պետք այդ մակարդակին բարձրացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ հիմա համեմատեք` Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կուսակցություն են ստեղծում ու կոչով դիմել են` ի՞նչ եք կարծում` ու՞մ: «Սիրելի երիտասարդ, երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը և համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեզ հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը, լրացնելով հետևյալ հայտը»։ Լավ, ինչքա՞ն կարելի է «ազգայինը» շահարկել ու Հայկ Նահապետի ոսկորները լվալ համամարդկայինի անվան տակ: Իրական համամարդկայինը պաթետիկ կոչերով արևի տակ տեղ որոնելը չէ: Ինքնամեծարման պարույրհայրիկյանական այս սինդրոմից բուժվել է պետք: Հայրենիքին ծառայում են նաև լռությամբ: Հատկապես երբ ասելիք չկա: «Հիմնադիր խորհրդարանն» ու «ծռերը» պիտի շնորհակալություն հայտնեն, որ լուծվել է «Հարյուրամյակն առանց ռեժիմի» հարցը ու… գնան իրենց գործին: 90-ականները չեն, երբ ով չէր ալարում` կուսակցություն էր ստեղծում կամ թերթ էր բացում: Որևէ մեկը գնահատե՞ց` ինչու՞ ԱԺՄ-ն անհետացավ քաղաքական ասպարեզից, որովհետև հեռացավ ՀՀՇ-ն ու այլևս դեմ պայքարելու իմաստ չկար: «Բարձրունքները» նվաճված են, վերանվաճելու իմաստը չկա: Առավել ևս կեղծ ընդդիմությամբ: Չգիտեմ դուք ինչպես, ես նավթալինի հոտից փռշտացի ու գնացի լվացվելու:

Դիտվել է՝ 3610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ