USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Արամ Սաֆարյան. Հեռանկար, որի համար արժե անդուլ և համերաշխ աշխատել

Արամ Սաֆարյան. Հեռանկար, որի համար արժե անդուլ և համերաշխ աշխատել
03.09.2018 | 11:11

Ամռան վերջին օրը «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ու ակումբի անդամ Աշոտ Թավադյանը մամուլի ասուլիսում ամփոփեցին «Հայաստանի տնտեսությունը 2018-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում» ուսումնասիրության արդյունքները: Ներկայացվեց նաև տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի տնտեսագիտական հետազոտությունը: Ընդհանուր եզրակացությունն էր` հաջողված տնտեսական տարվա առաջին կիսամյակը թույլ է տալիս լավատեսությամբ նայել երկրի կայուն զարգացման հեռանկարին:


Թաթուլ Մանասերյանի կարծիքով` 2018 -ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսության զարգացման միտումները բացառիկ են: Աննախադեպ փաստ է, որ թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների և արագացրել է դրական զարգացումները` ավելացել է վստահությունը ոչ միայն նոր կառավարության, այլև բանկային համակարգի հանդեպ, որ արտացոլվում է ավանդների աճող քանակում: Թավշյա հեղափոխությունը բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը: 2018-ի հունվար-հունիսին գործարար ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8,9 % -ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա հունիսի համեմատ աճել է 9,6 % -ով, մայիսին տնտեսական ակտիվության աճը հունիսի համեմատ աճել է 5,4 % -ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 3.7 %, գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալը՝ 5.5 %-ով: Ռեկորդային աճ է գրանցվել շինարարության ոլորտում`13.5 %: Երկնիշ աճ (18,1 %) է գրանցվել ծառայությունների ոլորտում (առանց առևտրի - 9.1 %): Սպառողական գների աճի ինդեքսը կազմել է ընդամենը 2.4 %, որ նորմայի տիրույթում է: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 805 մլրդ դրամ, ներքին առևտրի շրջանառությունը` 1 257,7 մլրդ դրամ, ծառայությունների ոլորտում՝ 777,7 մլրդ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 269, 7 մլրդ դրամ, շինարարության ոլորտում`127,8 մլրդ դրամ: Աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը զգալիորեն նպաստում է եկամուտների աճը: Միջին ամսական աշխատավարձը աճել է 4.4 % -ով:

Աշխուժացել է արտաքին առևտուրը, այդ թվում` ի հաշիվ ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման: Արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 28.9 % ( 3 476.1 մլն դոլար), արտահանումը աճել է 20 % -ով, ներմուծումը` 33,9 % -ով: Հայաստանի ՀՆԱ-ն 2018-ի ապրիլ-հունիսին 2018-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 21.7 % -ով, աճը 2018-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, կազմել է 7.2 %: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5.1 միլիարդ դոլար: Համեմատության համար` 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն 2.2 տրլն դրամ էր կամ 4.5 մլրդ դոլար: Կիսամյակային ՀՆԱ-ի կառուցվածքում արտադրական ոլորտին բաժին է ընկել 11 % կամ 282.3 մլրդ դրամ, առ ևտրին՝ 11 % կամ 276.6 մլրդ դրամ, անշարժ գույքին՝ 10 % կամ 240.3 մլրդ դրամ, գյուղատնտեսությանը՝ 9 % կամ 229.3 մլրդ դրամ: Ըստ Կենտրոնական բանկի, ՀՆԱ-ի աճը 2018-ին կկազմի 4.5-6.5 %, Համաշխարհային բանկի հաշվարկներով` 4.1 %:


Նոր կառավարությունը կարծում է, որ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը` այս ճյուղի զարգացման համար նախադրյալներ կան ու ներդրումային հետաքրքրություն:
Հայաստանում կան հնարավորություններ հեռուստատեսության և կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում, բարձր տեխնոլոգիական երկիր դառնալը կհանգեցնի ռազմական արդյունաբերության զարգացման բնական պայմանների ստեղծմանը` ուղղված պաշտպանունակության բարձրացմանը, որ կանդրադառնա բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծման վրա: Անհրաժեշտ է զարգացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և փորձարարական արտադրության ոլորտը, իրացնել նոր գաղափարների առաջացման և փորձի արտադրության ոլորտում ներդրումներ ներգրավելու հնարավորությունը: Աշխարհում արագ զարգանում են կենսատեխնոլոգիաները, Հայաստանը կարող է նպաստել նման ձեռնարկությունների բացմանը: 3 ամսում բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ դրամով: Հունիսին, որը հետհեղափոխական ամիսն էր, արձանագրվել է տնտեսական ակտիվության 9.6 % աճ: Հայաստանի բանկերում ավանդներն աճել են 116 մլրդ դրամով կամ 250 մլն դոլարով: Առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է ավելի շատ միրգ և բանջարեղեն, քան ամբողջ անցյալ տարի: Ռուսաստանին բաժին է ընկնում գյուղմթերքների արտահանման մեծ մասը: Վերջին 3 ամսում հարկային մարմինների ջանքերով անցյալ տարվա համեմատ հավաքագրվել են 28,8 մլրդ դրամով ավելի շատ եկամուտներ, գերավճարների ծավալը կրճատվել է 26 մլրդ դրամով: Տնտեսության դրական միտումներին մեծապես նպաստում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների նշանակալի զարգացման, նշանակալի առաջընթաց քայլ կարելի է գնահատել ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների որոշումը՝ գազի, թվայնացման և ներմուծման փոխարինման միասնական շուկա ստեղծելու վերաբերյալ: Սակայն Հայաստանի տնտեսական մոդելն առայժմ արդյունավետ չէ, մենք շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, որտեղ քաղաքացիները չեն զգում տնտեսական աճը:

Նախկին մոդելը կփոխարինվի ներառական համակարգով, քաղաքացիները հավասար հնարավորություններ կունենան գործարարությամբ զբաղվելու և բոլորը հավասար կլինեն օրենքի և հարկային մարմինների առջև: Մենաշնորհներն ըստ վարչապետի` «քանդվել են իր իշխանության առաջին 45 րոպեում»: Նույնը կարելի է ասել կոռուպցիայի մասին, որի դեմ պայքարը տպավորիչ աջակցություն է ստացել հասարակության մեջ: Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական նվաճումներից է բյուջեից սուբսիդավորվող սոցիալական ծրագրերի մեծ մասում պետական բյուջեի բոլոր կետերի վերջնական կատարման մակարդակի բարձրացումը և պետական պաշտոնյաների կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը: Նոր քաղաքականության արդյունքը Հայաստան ժամանող և երկրից հեռացող քաղաքացիների դրական հաշվեկշիռն է` մայիսի 10-ից օգոստոսի 14-ը գրեթե 30 հազար մարդ: Կան դրական միտումներ արտերկրից կապիտալ ներգրավելու հարցում: Առաջին անգամ 11 միլիարդ դրամով (մոտ 23 միլիոն դոլար) կապիտալի ներհոսքի ծավալը գերազանցում է կապիտալի արտահոսքին: Մասնավոր տրանսֆերտների գծով արտերկրից եկամուտների ծավալը միայն 2018-ի երկրորդ եռամսյակում կրճատվել է 963 մլն ԱՄՆ դոլարով կամ 2017-ի համեմատ՝ նվազել է 55.02 %-ով: Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանը 2018-ին կկարողանա արձանագրել տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, մասնավորապես` 7.5-8 %-ի սահմաններում: ՀՀ պետական բյուջեի համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2018-ին սահմանվել է 4.5 %: ($ 1 - 480.6 դրամ), իսկ Համաշխարհային բանկի 2018-ի կանխատեսման համաձայն, ՀՆԱ աճը Հայաստանում գնահատվում է 4,1 %:


Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի խոսքով` ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման աճը։ Հիմնական գործոնը երկրի զարգացման սցենարն է: Առաջին սցենարը` մեծացնել ծառայությունների ոլորտը և ներքին սպառումը վարկերի, գրանտների, ռազմավարական հումքի վաճառքի միջոցով: Երկրորդ սցենարը՝ ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական ոլորտի, պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի միջոցով: Ընտրությունը ակնհայտ է: ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ հոդվածում՝ «Միության հիմնական նպատակները», նշված է, որ հիմնական նպատակն է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը, այլև ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, կոոպերացումը և մրցունակության բարձրացումը։ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ապրանքների և ծառայությունների արտահանման և ՀՆԱ 50 % հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017-ին արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդը, կազմելով` 2.2 մլրդ դոլար: 2017-ին ունենք 25 % արտահանման էական աճ: 2018-ի առաջին կիսամյակում արտադրանքի արտահանումը կազմել է 1,132 մլն դոլար` 20.6 % բարձր 2017-ից: Արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 28.5 %: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50 %, որ կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է արտահանման բազմատեսականացումը։ 2018-ի առաջին կիսամյակում արտահանումը ՌԴ աճել է 27.5 %, որը ԵԱՏՄ առանցքային գործընկերն է: ՈՒղղակի ներդրումները ՌԴ-ից կազմում են Հայաստանի տնտեսությունում ներդրումների 40 %-ը:

Այցելությունները Հայաստան 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի համեմատ աճել է 14 %, զբոսաշրջությունը 10,2 %: 2018-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելել է 686 000 զբոսաշրջիկ: 2018-ի առաջին կիսամյակում փոխանցումները ՀՀ կազմել են 692 մլն դոլար: Աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: ԵԱՏՄ-ն նպաստել է արտոնյալ վարկերի ստացմանը: Առաջին հերթին ՀՀ պաշտպանունակության ամրացման համար: Երկու արտոնյալ վարկ 300 մլն դոլարի չափով ուղղված են պաշտպանության ամրացմանը: Հայաստանը ՌԴ-ից ստացել է 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն գրանտ ատոմակայանի արդիականացման համար: ՀՀ տնտեսության աճը, այդ թվում նաև պատրաստի արտադրանքի արտահանման աճը փաստացի չի արտահայտվել այն ցուցանիշներում, որոնց միջոցով առաջին հերթին գնահատվում է բնակչության կենսամակարդակը: Խոսքը աշխատավարձերի, թոշակների, առաջին անհրաժեշտության ապրանքների գների, գործազրկության, իրական տոկոսադրույքների, միգրացիայի տեմպերի մասին է: Սպառողական զամբյուղը 51 000 դրամ է, նվազագույն աշխատավարձը` 55 000 դրամ, բազային կենսաթոշակը 16 000 դրամ է և դրանք մնում են անփոփոխ 2015-ից: Բանկային տոկոսադրույքները բարձր են, դա չի նպաստում ներդրումներին հատկապես միջին և փոքր բիզնեսում և իր բացասական հետևանք է թողում գործազրկության մակարդակի վրա: Մակրոտնտեսական ցուցանիշների աճը հիմնականում ապահովվում է այն պայմանների հաշվին, որոնք ստեղծվել են ԵԱՏՄ-ում: Սկսած մաքսատուրքերի վերացումից, գործառույթների պարզեցումից և գազի գնից: Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կորդինացումը այժմ հատկապես կարևոր է:

Կարևոր են հակամենաշնորհային և հակակոռուպցիոն պայքարի կոնկրետ ծրագրերի իրականացումը, առանց դրա անհնար է լիարժեք զարգացնել տնտեսությունը և օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի գնահատականով` Աշոտ Թավադյանի ու Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերի տնտեսագիտական հետազոտությունները միմյանց լրացնում են, տալով Հայաստանի տնտեսության կիսամյակային ամփոփիչ պատկերը, շեշտը դնելով եվրասիական ինտեգրման գործընթացին մեր երկրի մասնակցության վրա:


Նա հիշեցրեց, որ մայիսին արդեն իրենք գրել էին առաջին եռամսյակի տնտեսական զարգացումների մասին: Կիսամյակային կտրվածքով գործարար ակտիվության ցուցանիշն ավելի է բարձրացել է, նախորդ տարվա համեմատ ավելանալով 8,9 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3,7 %-ով, իսկ գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալը` 5,5 %-ով: Ռեկորդային աճ է գրանցվել շինարարության ոլորտում` 13,5 %: Ծառայությունների ոլորտում գրանցվել է 18,1 % աճ, առ ևտրի ոլորտում` 9 %: Աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը զգալիորեն նպաստում է եկամուտների աճը: Արտահանումը աճել է 20 %-ով, ներմուծումը` 33,9 %-ով: 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով հայկական արտադրանքի գլխավոր ներկրողներն էին Ռուսաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Գերմանիան, Իրաքը, Նիդերլանդները, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Ռումինիան: Կիսամյակի կտրվածքով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը, առաջին կիսամյակում արտահանումը դեպի ՌԴ անցյալ տարվա համեմատ աճել է 27,5 %-ով: ՌԴ արտահանման ծավալները աճում են առաջանցիկ տեմպերով:

Պարզ երևում է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճը: 2018-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ շուկաներ ՀՀ քիմիական ու դեղագործական արդյունաբերության արտադրանքի արտահանման աճը անցյալ տարվա համեմատ կազմել է 65,2 %, փայտից և փայտանյութերից արտադրանքի արտահանումն ավելացել է 40,2 %-ով, տեքստիլի արտահանումը 82,5 %-ով, սննդամթերքի պատրաստի արտադրանքի արտահանման աճը 20 %-ով: Ռուսաստան է արտահանվել ավելի շատ ծավալով պատրաստի արտադրանք: Ի՞նչ են հուշում ընթացիկ տնտեսական աճի ցուցանիշները: 2018-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելող արտասահմանցիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14 %-ով:

Համեմատելով վերջին տարիների արդյունքները, կարելի է կանխատեսել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարվա վերջում կհասնի 1,5 միլիոնի: Եթե այդ կանխատեսումն իրականանա, Հայաստանը կդառնա տարեկան առնվազն 1,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ սպասարկող երկիր, սա լուրջ ու արդիական քննարկման նյութ կդարձնի զբոսաշրջային ինդուստրիային նոր, էլ ավելի մեծ թափ հաղորդելու գերխնդիրը: 2018-ի առաջին կիսամյակում Հայաստան մտած տրանսֆերտների թիվը կազմել է 692 միլիոն դոլար: Աճը կազմել է 4,9 %: Պարզ կանխատեսումը հուշում է, որ նույնիսկ ռուսական ռուբլու օգոստոսյան արժեզրկման պայմաններում տարվա կտրվածքով մոտավորապես նույնն են լինելու դրսից ստացված ուղիղ փոխանցումները: Հայաստանում բոլոր հիմնական քաղաքական ուժերը հանդես են գալիս ԵԱՏՄ անդամակցության միջոցով տնտեսությունը զարգացնելու օգտին: Շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը այսօր հայտարարում են ԵԱՏՄ անդամ լինելու նպատակահարմարության մասին: Իրատեսական է թվում նաև ներդրումների գրավումը շինանյութերի արտադրության և մետաղաձուլարանների շինարարության, քիմիական արդյունաբերության ոլորտներում: Շատ կարևոր է, որ լուրջ թափ հաղորդվի գյուղատնտեսական մթերքների արտադրությանը: Այսօր բախվել են երկու իրողություններ: Աննախադեպ մեծացել է գյուղատնտեսական մթերքի արտահանումը ու աննախադեպ կրճատվել են Հայաստանի հանքատարածությունները: Այս երկու տվյալները ստիպում են լրջորեն խոսել ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնելու նոր հեռանկարային քաղաքականության մասին: Եթե նույնիսկ օբյեկտիվ բարդությունների պատճառով Ռուսաստանը մեծածավալ նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ չի կարող կատարել, բացելով իր շուկան տարեցտարի էապես ավելացող հայկական արտահանման համար, նա օբյեկտիվորեն լրջագույն օգնություն է ցույց տալիս Հայաստանի տնտեսական զարգացմանը և միաժամանակ պարզորոշ հուշում այն ոլորտները, որոնք մեր երկրում կարելի է հաջողությամբ զարգացնել տեսանելի հեռանկարում, որպես միջոց ընդունելով ռուսական առայժմ անսպառ շուկայի պահանջմունքը: Սա Հայաստանի ինքնիշխանությունը գործով ամրապնդելու բացառիկ հնարավորություն է: Տնտեսության առայժմ գործող մոդելը թույլ չի տալիս երկրի քաղաքացիներին զգալու տնտեսական աճի դրական հետ ևանքները: Խնդիր է կատարելագործել ՀՀ տնտեսական մոդելն այնպես, որ երկրի տնտեսության մեջ ներգրավված յուրաքանչյուր ոչ միայն մեծ, այլև միջին ու հատկապես փոքր դերակատար կենսականորեն շահագրգռված լինի երկրի տնտեսական աճի տեմպով: Չի կարելի գովեստի խոսք չասել առաջին կիսամյակի երկրորդ եռամսյակում սկսված կառավարության լուրջ պայքարով կոռուպցիայի դեմ, որի արդյունքները արդեն իսկ նկատելի են: Տնտեսագետները նշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային իրողություն դարձնելու համար անհրաժեշտ է ընդունել հակակոռուպցիոն կոնկրետ ծրագիր ու կենսագործել տարիներ շարունակ: Կար ևոր է հակամենաշնորհային պայքարը, ու արժե հիշել Հայաստանի վարչապետի խոսքը, որ որոշ մենաշնորհներ ինքը վերացրեց «45 րոպեի ընթացքում»: Իրատեսական սպասելիքի մասին` անցյալ տարվա վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի աճ այս տարվա վերջում 3,5 %-ի չափով:

Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 4,1 %-ով, իսկ Հայաստանի կառավարությունը` 4,5 %-ի չափով: Մեր տնտեսագետները լավատեսորեն են գնահատում տարվա տնտեսական զարգացումները: Մեր դրամի ամրությունը հաջողվեց պահպանել, երբ օգոստոսին փլուզվեց ռուսական ռուբլին, թուրքական լիրան և շարունակում է արժեզրկվել իրանական ռեալը: Նույնիսկ Ռուսաստանի տնտեսության մեջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դրսևորված որոշ բարդություններին ռուսական տնտեսությունը, մասնավորապես բանկային համակարգը մնում է կայուն ու սկզունքորեն կանխատեսելի: Ռուսաստանի իշխանությունները համարժեք լուծումներ են փնտրում արևմտյան արգելամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության աճը կայուն և առաջանցիկ դարձնելու նպատակով: Մեր տնտեսագետները համոզված են, որ 2018-ի բարենպաստ միտումների խորացման պայմաններում հնարավոր է ակնկալել ոչ միայն մինչ և 6 %, այլ և նույնիսկ 7-8 % ՀՆԱ աճ: Այս աճի պայմաններում 10 տարի նման տեմպ պահպանելու դեպքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Սա մի հեռանկար է, որի համար արժե անդուլ և համերաշխ աշխատել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ