«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               

Մեր ծուխը շատ է լինելու և ծիրանի է լինելու

Մեր ծուխը շատ է լինելու և ծիրանի է լինելու
01.03.2019 | 02:26

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ցանկանում եմ խորհրդի կարգով մի հուշում անել: Ինչպես գիտենք, արգո նախարարը խիստ «ֆաշիստաբար» է տրամադրված ծխախոտի հանդեպ: Ինչ խոսք, լավ է անում, չնայած, թույլ տամ ինձ ասել, որ Հիպոկրատի երդումը դրժող բժիշկն ավելի վտանգավոր է, քան ծխախոտը։ Ինչևէ, նախարար Թորոսյանը ծխախոտի դեմ պայքարում շրջանառության մեջ է դրել «Անծուխ Հայաստան» կարգախոսը, և հենց այստեղ է, որ չեմ կարող չասել. պարոն Թորոսյան, նախարար մարդ եք, չգիտե՞ք, որ հայերս ծուխը միշտ նույնացրել ենք օջախի, տան, ընտանիքի հետ, դիցուք` ծխամատյան, ծխական դպրոց, ծխահարկ և այլն:


«Գյուղերից միայն յոթնի անուններն է հիշում, բայց այդքանը ևս շատ բան է ապացուցանում այն ժամանակի վիճակագրության համար: Ես կկարդամ ձեզ նրանց անունները, թե յուրաքանչյուրը քանի երդ, այսինքն ծուխ ուներ»:


Սա Րաֆֆու «Կայծեր» վեպից մի հատված է, որ գալիս է ապացուցելու, թե մեր պատմության մեջ ծուխ հասկացությունը ինչ հիշողություն է արթնացրել և հիմա էլ արթնացնում է: «Անծուխ Հայաստան» բառակապակցությունն անթույլատրելի, նույնիսկ ամոթալի կարգախոս է, ամեն անգամ լսելիս պատկերացնում եմ անտուն, քանդված, ավեր Հայաստան:


Անհապաղ փոխեք այդ կարգախւս կոչվածը, պարոն նախարար, դա անեծքի է նման, մեր ծուխը շատ է լինելու և ծիրանի է լինելու:
Միայն մի խնդրանք` հիմա էլ չդարձնեք «Անմուխ Հայաստան», որովհետև «մուխ» բառը ևս կարևոր դեր ունի մեր խոսակցական լեզվում, Ավետիք Իսահակյանն էլ ժամանակին գրել է. «Վայ, Ջոջանց խելառ, մուխըդ չմարի»:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao