«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Նոր մարտահրավերներ

Նոր մարտահրավերներ
01.03.2019 | 03:10

Աշխարհում երևի թե միայն Հայաստանն է, որ չունի գյուղատնտեսության նախարար, բայց ունի գյուղատնտեսության նախարարի տեղակալ, չունի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, բայց ունի նախարարի տեղակալ։ Որքա՞ն այս աբսուրդը կշարունակվի, երևի այնքան, մինչև վերջնականապես կհաստատվի կառավարության կառուցվածքը։ Իսկ մինչ այդ մեզ հետաքրքրեց` հաշվարկվա՞ծ են արդյոք, թե ինչպիսին կլինեն արդյունքները հատկապես տնտեսական հատվածում` կառավարության նոր կառուցվածքի հաստատումից հետո։

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԼԱՎ ԿԼԻՆԻ»

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ (վարչապետի աշխատակազմի ղեկավար)
-Պարոն Աղաջանյան, հաշվարկե՞լ եք այդ քաղաքականության արդյունավետությունը։
-Կառավարության կառուցվածքի փոփոխության տրամաբանությունը հետևյալն է` կրճատել կրկնվող գործառույթները։ Այդպիսով հնարավորություն կստեղծվի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու։
-Էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների գործառույթները կրկնվո՞ղ են, որ պետք է միացվի առաջինը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, իսկ գյուղատնտեսությունը` էկոնոմիկայի և ներդրումների զարգացման նախարարությանը։
-Այո, իհարկե, օրինակ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշակի կապ ունի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։ Եվ ընդհանրապես, մինչ այդ քայլին գնալը մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել և ըստ դրա ենք մեր քաղաքականությունը կառուցել։ Այն նախարարությունները, որոնք միաձուլվելու են, դրանց գործառույթները հաճախ խաչվում են միմյանց հետ։ Եվ միայն դրա արդյունքում է, որ մի քանի նախարարությունների միաձուլման որոշում է կայացվել։
- Իսկ դա օգու՞տ կտա, թե՞ վնաս։
-Իհարկե օգուտ. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հաշվի առնելով, որ կրկնվող գործառույթները կբացառվեն, միանշանակ այդ քաղաքականությունն օգուտ կտա հատկապես աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում։ Եթե նկատի ունեք ֆինանսական առումով կշահե՞նք, թե՞ ոչ, ապա...
-Ես Ձեզ ընդհատեմ. նկատի ունեմ, թե տնտեսությունը որքա՞ն կշահի դրա արդյունքում։
-Խոսքը տվյալ պարագայում պետական համակարգի արագ աշխատելու մասին է։ Մեր նպատակն է, որպեսզի պետական համակարգն արագ արձագանքի բոլոր գործընթացներին։ Այդ գործընթացի արագ կազմակերպումը կնպաստի տնտեսական հատվածում գործընթացների զարգացմանը։
-Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք։
-Վստահ եմ, որ լավ կլինի։

«ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ, ԵՎ ՆԵՐՈՒՄ-ԲԵԿՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ (պետական վերահսկողության ծառայության ղեկավար)
-Պարոն Սանասարյան, թեև Դուք հերքում եք կոռուպցիոն գործընթացներին Ձեր մասնակցության մասին լուրերը...
-Ձեզ ընդհատեմ. գերեզմանում էլ լինեմ` հերքելու եմ այդ խոսակցությունները։
-Այնուհանդեձ, այդ խոսակցությունները մեկ շաբաթից ավելի է շրջանառվում են։ Ինչպես ասում են` չկա ծուխ առանց կրակի։
-Դրանք խոսակցություններ են ընդամենը. մարդիկ երազներ են տեսնում, իսկ դրանք ես չեմ մեկնաբանելու։
-Ամեն դեպքում Դուք ասացիք, որ կոռուպցիոն գործընթացի մեջ մեղադրվող ձեր երկու աշխատակիցները եղբոր տղաներ են, և Դուք եք նրանց նշանակել այդ պաշտոններին` հաշվի առնելով մասնագիտական կարողությունները։ Հիշեցնենք, որ երբ Դուք ընդդիմություն էիք, քննադատում էիք իշխանություններին ԽԾԲ սկզբունքով պաշտոններ բաշխելու հարցում և ճիշտ էիք անում։ Նախկին իշխանություններն էլ, երբ մեղադրվում էին բարեկամներին աշխատանքի տեղավորելու մեջ, հավաստիացնում էին, թե առաջնորդվել են տվյալ մարդկանց պրոֆեսիոնալիզմով։
-Ադյանները իմ բարեկա՞մն են։ Նրանք ինձ ոչ ազգական են, ոչ խնամի։ Այո, նորից եմ կրկնում. ես նրանց աշխատանքի եմ վերցրել` հաշվի առնելով բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իսկ ընդհանրապես, ինչ-որ մարդիկ իրար բարեկամներ կարող են լինել՝ մարդկություն է, ազգ է։
-Պարոն Սանասարյան, մինչ այժմ ձեր կառույցի իրականացրած ստուգումներն ավելի շատ առնչվում են նախորդ տարիներին իրականացված աշխատանքներին, նույն հետևողականությամբ ուսումնասիրություններ իրականացնելու՞ եք ներկայիս պաշտոնյաների մոտ։
-Այո, մենք ավելի հետևողական ենք լինելու, որովհետև նախկին ժամանակներով և իշխանություններով չենք ապրում, մեր խնդիրն է զարգացնել մեր տնտեսությունը, մեր պետությունը։ Այնպես որ, այն պետական պաշտոնյաները, ովքեր այսօր անում են նույն սխալը, ինչ արվել է նախկին կարգերի ժամանակ, իմ կարծիքով ավելի խստագույնս պետք է պատժվեն, և ներում-բեկում չպետք է լինի։
-Ձեր կառույցը ուսումնասիրություններ է սկսել գնումների ոլորտում, նաև գյուղատնտեսությունում։ Կա՞ն արդեն որոշակի արդյունքներ, նոր բացահայտումներ։
-Այո, մենք գնումների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնում ենք, և կարող եմ ասել այն, ինչ ասել եմ մամուլում. առաջին հերթին դիտարկել ենք աղմուկ հանած պարգևատրումների հարցը։ Գնումների ոլորտում ուսումնասիրությունների ամբողջական ավարտից հետո մենք արդյունքները կներկայացնենք հանրությանը։ Այս պահին կարող եմ ասել, որ պարգևավճարները սահմանված են օրենքով և իրենց բնույթով համարվում են աշխատավարձ։ Կարծում եմ` պարգևատրումների թեման արհեստական է։ Ի վերջո, համաձայնեք, որ 120 հազար դրամով լուրջ մասնագետը չի գա պետական համակարգ։ Սա նկատի ունենալով է, որ երեք ամիսը մեկ գործում է պարգևատրման մեխանիզմը, որը վաղուց ի վեր դրված է։
-Ճիշտ եք ասում, սակայն ստացվում է, ռուսերեն ասած, «палка о двух концах»։ Նույն ՊԵԿ-ի աշխատողը վիրաբույժի համար ասում է. «Ինչքան շատ գումար է վերցնում, արածն ի՞նչ է, օրգանը կտրում գցում է, ինչու՞ է այդքան շատ փող վերցնում»...
-Կներեք, Ձեզ ընդհատեմ, չեմ ուզում մտնել այդ մանրուքների մեջ։
-Սա մանրուք չէ, սա մտածողություն է, որի արդյունքում ձևավորվում է յուրաքանչյուրիս առօրյան։ Օրինակ, ուսուցչի արած գործը պակաս կարևոր չէ, քան ՊԵԿ-ի աշխատակցինը, և հենց դրա համար է, որ առաջանում է սոցիալական անարդարության խնդիրը, ինչն էլ զայրացնում է մարդկանց։
-Այդպիսի խնդիր չկա, ես չեմ ցանկանում խոսել այլ կառույցների մասին, կխոսեմ մեր կառույցից։ Վերահսկողական ծառայության աշխատողը գործ ունի ռիսկերի հետ, անվտանգության ապահովման խնդիր ունի, քանի որ իր գործունեության արդյունքում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում։ Հիմա այս իրավիճակում ասել` ում գործն է կարևոր, կարծում եմ, ճիշտ չէ։ Իհարկե, ուսուցիչների գործը շատ կարևոր է, բայց ռիսկերը տարբեր են։


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao