«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Արսեն Թորոսյանի sugar tax-ը

Արսեն Թորոսյանի sugar tax-ը
07.03.2019 | 14:43

«Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր»` Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը:


Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»` գրել է նախարարը: Մի կողմ թողնենք նախարարի գրառման քերականական ու ոճական սխալները: Ավելորդ կամ պակաս ստորակետները, կրկնակի ենթակաները, բայի սխալ խոնարհումը, գոյականների սխալ հոլովումը ոչ մեկի ֆիզիկական առողջությունը չեն վտանգել դեռ, անդրադառնանք հարցի հոգեբանական ու ֆինանսական կողմին: Նախարար Արսեն Թորոսյանը, դատելով նրա հրապարակային գործունեությունից, խորապես համոզված է, որ առողջության պահպանման լավագույն տարբերակը առողջությունը վտանգող նյութերի թանկացումն է: Սկսեց սիգարետից ու հասավ շաքարին: Ունի՞ առողջապահության նախարարը իր ցանկությունները հիմնավորող ուսումնասիրություններ ու վիճակագրություն:

Եթե այո, ո՞ր երկրի փորձն է ուզում Հայաստանում տարածել, կա՞ տեղեկություն` ինչպե՞ս են այդ երկրում ավելորդ քաշի ու շաքարային դիաբետի դեմ պայքարում: Միայն sugar tax–ո՞վ, թե՞, այնուամենայնիվ, նաև այլ մեթոդներ կան: Այս ընթացքով դիաբետի կանխարգելման նպատակով նախարարը մտադիր չէ՞ առաջարկել բարձրացնել այն սննդատեսակների գները, որ մարդու օրգանիզմում նպաստում են խոլեստերինի կուտակմանը: Գուցե առաջարկի ընդհանրապես վաճառքից հանել սպիտակ հացը, աղը, մեղրը` հանուն ազգաբնակչության առողջության: Եվ` բյուջեի ավելորդ ծախսերի կրճատման: Իսկ գրիպի համաճարակների կանխման համար արդյունավետ տարբերակ է մարդկանց արգելել շնչել, կամ` օդի հարկ սահմանել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բժշկությունը ամբողջ աշխարհում զարգանում է: Մեծ Բրիտանիայում ՄԻԱՎ-ն են արդեն բուժում, քաղցկեղի որոշ տեսակներ են բուժում` նոր տեխնոլոգիաներ ու բուժման աննախադեպ միջոցներ են կիրառվում, օրինակ` Ռուսաստանում գլխուղեղի քաղցկեղը փորձում են օջախի սառեցումով ու քաղցկեղային բջիջների ոչնչացմամբ վերացնել: Հայաստանում գերադասում են կամ արգելել կամ հարկեր սահմանել, կամ ապավինել արտասահմանից Հայաստան եկող օտարերկրացի բժիշկներին, թեև նրանց ոչ բոլոր ախտորոշումներն ու վիրահատություններն են տեղին ու արդյունավետ: Մարդիկ փող են աշխատում ու տուն են վերադառնում` բարերարի համբավով: Ո՞վ, եթե ոչ նախարարը պիտի մտածի առողջապահության համակարգի կազմակերպման մասին և ե՞րբ պիտի Հայաստանում սկսեն բուժել ոչ թե հիվանդությունը, այլ` հիվանդին:

Դիտվել է՝ 1375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao