«Զվարճանալու համար նրանք ՊՍԺ-ում չեն»

«Զվարճանալու համար նրանք ՊՍԺ-ում չեն»
17.06.2019 | 22:50

Վերջին տարիներին տրանսֆերային շուկայում իր ակտիվ քաղաքականությամբ ու մեծագումար գնումներով էր առանձնանում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», որի սեփականատերը՝ Նասեր Ալ-Խելաիֆին, ակնհայտորեն համոզված էր, որ փողի զոռով ամեն ինչ էլ կարելի է անել։ Սկզբունքորեն նրան այդ ամեն ինչը հաջողվեց, սակայն Ֆրանսիայի մակարդակով, որտեղ թիմն իսկապես մրցակից չունի, իսկ ավարտված մրցաշրջանում արդեն իսկ սկզբից այնպիսի տիերզերական արագություն էր հավաքել, որ չեմպիոն դառնալը, փաստորեն, էն գլխից էր, որպես հարց, օրակարգից հանել։


Սակայն բոլորին էլ հասկանալի էր, որ թիմի սեփականատիրոջ նպատակը միայն ֆրանսիական առաջնությունը չէր։ Շատ ավելի առանցքայինը եվրոպական խաղարկություններն էին, իսկ շատ ավելի կոնկրետ՝ Չեմպիոնների լիգան, որտեղ թիմը սպասված մակարդակով չի կարողանում իրեն դրսևորել; Այդ չկարողանալու պատճառներից մեկն էլ ֆուտբոլիստների կամային դրսևորումներն են, իրենց պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Պատահական չէ, որ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հրաժարվելու աստղային ֆուտբոլիստների ծառայություններից, եթե նրանք չեն ցանկանում ինչպես հարկն է կատարել իրենց աշխատանքը։ «Ֆուտբոլիստները պետք է իրենց պարտականությունները կատարեն այժմ ավելի շատ, քան նախկինում։ Նրանք պետք է աշխատանքի նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ունենան։ Պետք է նախկինի համեմատ ավելի շատ աշխատեն։ Զվարճանալու համար նրանք ՊՍԺ-ում չեն։ Եթե որևէ մեկը համաձայն չէ այս տեսակետին, խնդրեմ՝ դռները բաց են... Ես այլևս չեմ ցանկանում աստղերի կողմից նման անլուրջ վերաբերմունք տեսնել»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերել է France Football-ը։


Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ի նախագահն առաջնահերթ նկատի ունի Նեյմարին և Կիլիան Մբապեին, որոնց համար ակումբը հսկայական գումարներ է վճարել «Բարսելոնին» ու «Մոնակոյին»։ Չի բացառվում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այս ֆուտբոլիստները հեռանան փարիզյան ակումբից։
Ի դեպ, նրանց հեռանալը կարող է լինել ոչ միայն ֆուտբոլիստների նկատմամբ թիմի ղեկավարության փոփոխված վերաբերմունքի պատճառով։ Ակնհայտորեն «Պարի Սեն Ժերմենը» Նեյմարին չտվեց այն բավարարվածությունը, որ ֆուտբոլիստը կարող էր ունենալ. ի վերջո, հարցը միայն վաստակածդ գումարի չափը չէ։


Փոքր-ինչ այլ կտրվածքով է ներկայանում Կիլիան Մբապեի հարցը, որի գլուխը պտտեցրել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալու հեռանկարը, ինչը, կարծես, արդեն իսկ կայացած իրողություն է։ Մի խոսքով, հարցեր են, որոնց բազմաշերտությունից ֆուտբոլիստներն էլ չեն կարողանում գլուխ հանել, ուր մնաց մենք, որ միայն վայելքի մասնաբաժնի տերն ենք։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao