Չինաստանը ասիական ՆԱՏՕ-ի ստեղծման կոչ է անում

Չինաստանը ասիական ՆԱՏՕ-ի ստեղծման կոչ է անում
18.06.2019 | 11:18

Ասիայում վստահության միջոցների փոխգործակցության հարցերով սամիթում, որ տեղի ունեցավ հունիսի 15-ին՝ հաջորդելով Շանհայի համագործակցության կազմակերպության սամիթին, Պեկինը կարևոր առաջարկ արեց: Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Ասիայի երկրներին կոչ արեց ստեղծել անվստանգության կառույց, ինչպես ՆԱՏՕ-ն: Սին նշեց, որ Ասիայի երկրները պետք է ձևավորեն նոր, իրենց անվտանգության կառույցը: Դուշանբեում իր ելույթում Սի Ձինպինը ուշադրություն հրավիրեց Ասիայի երկրների անպաշտպանության վրա բազում առումներով: «Մենք գտնում ենք, որ պետք է նորովի ու ավելի լայն շրջանակներում վերաբերվենք Ասիայի երկրների անվտանգությանը: Ասիայի երկրները պետք է ձեռք ձեռքի տված արձագանքեն մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին:

Անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը պետք է հենվի երկրների միջև հաճախակի շփումներին ու փոխվստահության սկզբունքին»: Ռուս դիտորդները Չինաստանի նախագահի խոսքերը գնահատեցին իբրև ուղղակի մարտահրավեր ԱՄՆ-ին ու եզրակացրին. «Դուշանբեի սամիթում Չինաստանը նոր քայլ արեց՝ առաջարկելով ստեղծել «ասիական ալյանս», որ կարող է դիմակայել ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սամիթում իր ելույթում աջակցեց Սիին և քննադատեց ԱՄՆ դիրքորոշումը, որ վերջին ժամանակներս գործում է՝ շրջանցելով բոլոր կանոնները: Պուտինը նշեց, որ աշխարհը նախևառաջ տնտեսական հարաբերություններում դառնում է առանց կանոններով մարտերի ասպարեզ. «Համաշխարհային տնտեսության մեջ արդարացի փոխգործակցության վերականգնման համար անհրաժեշտ է լայնամասշտաբ համագործակցություն շահագրգռված երկրների միջև: Անհապաղ պետք է հրաժարվել ներկա՝ առանց կանոնների մարտերից: Հիմա, ինչպես երբեք, պահանջարկված են կոլեկտիվ ջանքերը՝ այդ լուրջ պրոբլեմների լուծումներ գտնելու համար: Առաջին փուլում պետք է պատժամիջոցների սահմանափակումներից դուրս բերել սոցիալ-հումանիտար ոլորտը, օրինակ, դեղերն ու բուժսարքավորումները»։ Պուտինը նաև հիշեցրեց, որ անվտանգության ամրապնդումը դարձել է կարևոր խնդիրներից մեկը Ասիայի բազմազգ մայրցամաքում. «Ասիայի երկրների օրակարգում լուրջ խնդիր է նաև ահաբեկչության դեմ պայքարը: Ամեն օր ավելի մեծ է ռիսկը, որ ահաբեկչական խմբավորումների ձեռքը կանցնեն կենսաբանական, քիմիական ու զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներ: Ի պատասխան այս լուրջ սպառնալիքների պետք է անհապաղ որոնել լուծումների ճանապարհներ լայն համագործակցության շրջանակներում»:
Ներդուն Հաջիօղլու, Hürriyet (Թուրքիա)


Հ.Գ. Ասիայում վստահության միջոցների փոխգործակցության հարցերով սամիթի, որ այս տարի Դուշանբեում կայացավ 5-րդ անգամ, գաղափարը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջադրել է 1992-ին: Միությանն անդամակցում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Բահրեյնը, Վիետնամը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Հորդանանը, Իրաքը, Իրանը, Ղազախստանը, Կամբոջան, Կատարը, Ղրղզստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Արաբական Միացյալ Էմիրաթները, Պաղեստինը, Պակիստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, Ուզբեկստանը, Շրի Լանկան: 32 երկրներից Դուշանբեի սամիթին պետության ղեկավարներ մակարդակով մասնակցում էին 13 երկրներ՝ Ադրբեջանը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Իրանը, Ղազախստանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Շրի Լանկան:


ԱՄՆ-ի հայտարարած առևտրական պատերազմը Չինաստանին, հարաբերությունների վատացումը ԵՄ-ի հետ, Պեկինին մղում է առաջին ջութակ վերցնել նաև անվտանգության ոլորտում: ԽՍՀՄ-ի օրոք ՆԱՏՕ-ի հակընդդեմ ռազմական կառույցը Վարշավայի պակտն էր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծվեց ՀԱՊԿ-ը, որ ընդգրկում է հետխորհրդային տարածքի երկրներին: Հետաքրքիր է, որ Դուշանբեում անվտանգության մասին խոսելիս Պուտինը չի հիշել ՀԱՊԿ-ը և միանգամից համաձայնել է նոր կառույցի ստեղծման գաղափարին: Չինաստանն ունի ֆինանսներ ու զինտեխնիկա՝ գլխավորելու նոր կառույցը, որ նաև քաղաքական ազդեցության հնարավորություն է տալիս: Փաստացի՝ սա Մետաքսի ճանապարհի՝ Պեկինի քաղաքական ազդեցությունը տնտեսության զարգացմամբ տարածելու, ռազմական տարբերակն է: Առաջարկը հնչել է, մնում է, որ 32 երկրների գոնե կեսը, չզգուշանալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելուց, ընդունեն Սի Ձինպինի հեռագնա առաջարկը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao