Չե՞ք կարող, չե՞ք ցանկանում, թե՞ անտեղյակ եք

Չե՞ք կարող, չե՞ք ցանկանում, թե՞ անտեղյակ եք
21.06.2019 | 02:08

Օրերս ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկու ժամից ավելի քննարկում էր 21-րդ դարի հիվանդության՝ գովազդի հարցը:
Հնչեցին տարբեր, ինչ-որ չափով իրարամերժ կարծիքներ, բարելավման անշուք փորձեր՝ գովազդի տևողության, ձևաչափի և այլնի հետ կապված: Սակայն ոչ մեկի խոսքում չնշմարվեց այն անհանգստության երանգը՝ կապված մոլուցքներ պարունակող գովազդերի հետ։ Նորություն չէ, որ օրական հարյուր անգամ գրեթե բոլոր հեռուստաալիքներով գովազդվում են բուքմեյքերական գրասենյակների ընտրանիներ, լոտո կոչեցյալներ, որոնք գործում են այն հին ու ծեծված «կրկին փորձիր» լոզունգով: Ի միջի այլոց նշեմ նաև, որ ժամանակին ձեռնարկվել էր տարբեր անպատեհ վայրերից (շուկաներ, գազալցակայաններ) հեռացնել «կազինո» համարվող խաղային ապարատները, որոնք հաճախ մինչև վերջին կոպեկը «խլում են», այսպես կոչված, «ազարտնիկների» ձեռքից, բայց դրանք այսօր էլ շարունակում են գործել: Քննարկումը, ըստ էության, ուղղակի պարտականություն էր, խոսեցին, խոսեցին, իսկ գործ, կարծես՝ սմարթֆոնները պետք է անեն։ Իհարկե, մեր Ազգային ժողովում արդեն երկար տարիներ դա չգրված օրենք է, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, չէ՞։ Եթե հնարավորություն լիներ, ես նիստի մասնակիցներին մի քանի կարևոր հարց կտայի։


Օրինակ՝ մենք ի՞նչ եզրակացնենք ձեր նիստից. որ դուք տեղյակ եք այս ամենի մասին, բայց ոչինչ անել չե՞ք կարող, չե՞ք ցանկանում, թե՞ անտեղյակ եք հայկական գովազդային իրականությունից, որը նույնքան պարսավելի է, քանզի այդ դեպքում ինչ գործ ունեք այդ նիստին ձեր պինդ-պինդ կապած փողկապներով: Մենք ձեր նիստի ժամանակ չլսեցինք գովազդի պաստառային տեսակի (զանազան առևտրային կետերում և ոչ միայն) խնդրի շահարկումը: Քանի որ դուք նորաթուխ եք, տիկնայք և պարոնայք, աղջիկներ և տղաներ, ասեմ, որ դրսում փակցված անհաշիվ գովազդային ցուցանակները, որոնք պատկանում են ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԱՁ և այլնին, պետք է լինեն հայերեն, իսկ զուգահեռ օտարալեզու գրառումները պետք է լինեն հայերենից մի քանի անգամ փոքր, այլապես ենթակա են տուգանման: Ապա մի դուրս եկեք զբոսանքի՝ տուն չեք հասնի, եթե հետևեք օրինազանցություններին, ահա և ձեզ պատրվակ՝ տուգանելու և բյուջե «լցնելու», թե չէ ձեր կարթը ողջ ձկնակույտից դեմ է առել փոքրիկ կարասիկներին։ Ասել է, թե խնդիրները թողած՝ մանրուքներով եք զբաղված: Դուք ոչ գովազդի ձևին եք նայում, ոչ բովանդակությանը, բայց ամեն օր խոսում եք դրանից։ Շատ բարձր ձայնով, գրեթե ամեն օր, խոսում եք նաև քաղաքավարությունից ու պարկեշտությունից, տեսե՞լ եք հեռուստաեթերով ինչ ապրանքանիշերի գովազդեր են անում, անունները չթվարկեմ, բայց մեկ տասնյակի հասնող հիմնական հեռուստաալիքներով արվող գովազդի զգալի մասը, բացի այն, որ աղբ է, նաև ամոթալի է, անպարկեշտություն, տիղմ։
Կարևորեք առաջին հայացքից մանր թվացող հարցերը, քանզի դրանց տակ կործանարար խարխլումներ են թաքնված, հակառակ դեպքում կկարծենք, թե դրանք ի շահ ձեզ են:


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao