Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
21.06.2019 | 02:12

(Նախորդ մասը)


Չնայած մեր ընթերցողները շատ են շտապում իմանալ, թե ես ինչպես եմ անզգուշաբար կործանել ԽՍՀՄ-ը, բայց ստիպված եմ նրանց համբերություն մաղթել ու այդ փաստը բացահայտել ուշ, որովհետև Հայաստանում ավելի կարևոր զարգացումներ են ընթանում, որոնք հրատապ լուսաբանման կարիք ունեն:
Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը կանգնեցրել է նոր մարտահրավերների առաջ ու պետք է ելք գտնել, երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Հայաստանի տնտեսական անհաջողություններից բացի, նկատելի է հասարակության բարոյական գահավիժումը, որն այնպիսի մակարդակի է հասել, որ առաջնային եմ համարում խոսել Հայաստանի անխուսափելի քաղաքական ու տնտեսական կոլապսի մասին։ Մեր երկրի ներքաղաքական զարգացումները նոր, առավել կարևոր խնդիրներ են առաջ քաշում, որոնց էությունը պետք է հասկանալ ու գնահատել, քանի որ դրանք գալիս են մեր խորհրդային կյանքից՝ որպես անցանկալի ժառանգություն, ավելի խորացած ու անտանելի դարձած: Խոսքը, իհարկե, կոռուպցիոն երևույթների ու թալանի մասին է, որոնք դեռ կան, շարունակում են զարգանալ յոթմղոնանոց քայլերով ու դեռ տեմպերն արագացնելու միտում ունեն՝ մի կողմ դնելով Հայաստանի գոյության համար անհրաժեշտ խնդիրների լուծումը:


Հունիսի 18-ին լրատվություն տարածվեց, որ Հայաստանի համահայկական հիմնադրամն ամփոփել է հերթական տարվա արդյունքները: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` գործերը սկսել են լավանալ, հեղափոխությունը ազդել է նաև այս ճակատի վրա, արդյունքները լավ են ընթանում, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանից ազատվելուց հետո մեծացել է մարդկանց վստահությունը, պետք է ակտիվանալ, նոր թափ հավաքել ու 15 միլիոն դոլարի փոխարեն դրամահավաքների ծավալները հասցնել աստղաբախշական թվերի՝ ընդհուպ մոտեցնելով Հայաստանի բյուջեի մակարդակին:


Հայաստանի երկու լիդերներին լսելուց հետո ես հարցադրում եմ` նրանք անձամբ հավատու՞մ են իրենց խոսքերին, հավատու՞մ են, որ հայրենիքում ու սփյուռքում իրենց հավատացողներ կան և հետևորդներ կլինեն: Անձամբ ես նրանց անկեղծությանը չեմ հավատում, որովհետև իրական կյանքից նրանք շատ են կտրվել, սուտ են խոսում կամ «բլեֆ» են անում: Մեր երկրի նորաթուխ ղեկավարներին կոչ եմ անում, մինչև իրենց նվիրական իղձերին հասնելը, փորձեն մաքրել ու ազատվել իրենց շրջապատի կեղտից՝ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը սկսել իրենցից, իրենց գրասենյակներց: Դավիթ Սանասարյանին «հայտածելուց» հետո հույսեր փայփայել, թե մյուս կոռուպցիոներները ևս ի հայտ կգան, առավել ևս` կպատժվեն, կկանգնեն հայկական «արդար դատարանի» առաջ, շատ է ծիծաղելի: Օրերս լրատվություն տարածվեց, որ հաշվետվությունից հետո ՀՀ նախագահը գնալու է Paris Air Show 2019 Le Bourget-53: Հարց՝ Հայաստանին ի՞նչ կտա Ֆրանսիայում կազմակերպված աշխարհի ամենախոշոր, ամենահեղինակավոր, ամենառոմանտիկ ավիասալոնը՝ բացի արտառոց տեսարան լինելուց ու ներկաներին մեծագույն հաճույքներ պատճառելուց: Իհարկե, ես դեմ չեմ, որ Լե Բուրժեում կարող են տեղի ունենալ պետական նշանակության գաղտնի ու օգտակար հանդիպումներ, բայց ի՜նչ օգուտ նման հանդիպումներից, եթե մեր երկիրը շարունակում է քայքայվել, իսկ մեր մութ ղեկավարները շարունակում են գաղտնի խաղեր տալ ու դեռ հայտնի չէ, թե դեպի ուր են մեզ գլորելով տանում, ուր են առաջնորդում: Մինչև հաշվետվությունն ու Փարիզ ուղևորվելը, ս.թ. մայիսի 17-ին ՀՀ նախագահին այսպիսի նամակ հղեցի.
«ՀՀ նախագահ
պ-ն Արմեն Սարգսյանին
Երևան, Բաղրամյան 26
Մեծարգո պարոն Նախագահ
Որոշում եմ ընդունել, մինչև արդյունքների ամփոփումը, լքել 2019 թվականի ՀՀ Նախագահի մրցանակի հավակնորդների շարքը՝ երկու մոտիվացիայով.
ա) հիմնավոր պատճառներ ունեմ կասկածելու, որ «Պողոսյան» հիմնադրամի մրցութային հանձնաժողովը հավատարիմ է մնացել իր նախկին «ատկատային» աշխատաոճին, որը դեմ է իմ սկզբունքներին: Բազմաթիվ հրապարակային ելույթներում մշտապես քննադատել ու շարունակում եմ քննադատել կոռուպցիոն ու «ատկատային» երևույթները՝ համոզված լինելով որ դրանցով է պայմանավորված Հայաստանի ներկայիս տնտեսական ամլությունը: Հույս ունեի, որ Ձեր օրոք «նախագահականում» դրանք այլևս չեն լինի, սակայն դա միամտություն էր:
բ) Այդպիսի մրցութային հանձնաժողովի սուբեկտիվ պատկերացումներն ու տված գնահատականները, առավել ևս շնորհված մրցանակը, չեն կարող կողմնորոշիչ խրատ դառնալ երկրների հելիոֆիկացիայի ծրագրի նկատմամբ, կնսեմացնեն հարցի կարևորությունը՝ որպես Հայաստանի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու իրատեսական միջոցի, կնվազեցնեն ծրագրի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը:


Հույս ունեմ, որ ապագայում առիթներ կունենանք Ձեզ հետ քննարկելու Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրն ու գտնելու դրա իրականացման օպտիմալ ճանապարհները: Բարձր եմ գնահատում արհեստական բանականության վերաբերյալ Ձեր ռազմավարական դատողությունները, բայց այսօր մենք ավելի պարզ տակտիկական խնդիրների լուծման կարիք ունենք, թե ինչպես բավարար աշխատատեղեր ստեղծել ու ապրելու հնարավորություն տալ հայկական բանակին զինվորներ մատակարարող ընտանիքներին: Երկրների հելիոֆիկացիայի ծրագիրը թույլ կտա լուծել այդ և մնացած խնդիրները, որոնք ունեն սոցիալական, տնտեսական, գիտական, ռազմական, քաղաքական, համազգային և միջազգային նշանակություն:
Հարգանքով՝
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյան
Երևան, Մոսկովյան 21, բն. 9
Հեռ. 56-44-69; 093-35-95-53
17.05.2019 թ.
E-mail: Technostandard@mail.ru»։


Անցել է մեկ ամիս, բայց նամակիս պատասխանը դեռևս չեմ ստացել: Սկզբում ինձ հայտնեցին, թե նամակը չեն ստացել «հավանաբար ուրիշ արկղի մեջ եք գցել»,- ասացին։ (ՀՀ նախագահին գրած նամակները տեղում չեն գրանցվում, գցվում են անցագրային բյուրոյում տեղադրված արկղերի մեջ, դրանք երեքն են): Երեք նամակ պատրաստեցի՝ յուրաքանչյուր արկղի համար առանձին, մի պատվիրված նամակ էլ փոստի միջոցով ուղարկեցի, որից հետո նամակը տեղ հասավ ու գրանցվեց Տ 20-1042 համարի տակ: Կսպասենք պատասխանին:
Նախագահի մրցանակի չարաբաստիկ խնդիրը ձեռնարկեց իմ գործընկեր Գրիգոր Մնացականյանը:
-Մեզ 10 հազար դոլար է պետք՝ 50 կՎտ հզորության արևային սարքի նմուշը պատրաստելու համար, ճիշտ է, ես գտել եմ այդ գումարը, ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթ է հայտարարվել, մրցանակային գումարն ուղիղ 10 հազար դոլար է, կարող ենք մասնակցել ու տեխնիկական գիտությունների անվանակարգում մրցանակ շահել, ողջ գումարը կտրամադրենք նոր նմուշի պատրաստմանը:
-Դա համահայկական հիմնադրամն է, այնտեղ միայն «ատկատներով» են աշխատում, ես դեմ եմ, չեմ մասնակցի:
-Չէ, չէ՜, հիմա ուրիշ է, ֆիզիկոս նախագահ ունենք, ՀՀ մտավորականների խորհրդի հետ կայացած հանդիպման ժամանակ դու տեսար, թե որքան էր հետաքրքրված մեր հելիոֆիկացիայի ծրագրով, խոստովանեց, որ Դավոսում եղել է էներգետիկ հանձնաժողովի նախագահ, խնդիրն իրեն ծանոթ ու հոգեհարազատ է, կօգնի, կստանանք:
-Չեմ հավատում, բայց փորձենք, փորձը փորձանք չէ:
Կազմեցի պահանջվող փաստաթղթերը՝ վեց գիտնականի դրական կարծիքներով, պահանջվող 3-ի փոխարեն, ներկայացված աշխատանքների ներդրման ակտով ու հանձնեցի մրցութային հանձնաժողովի աշխատանքները համակարգող Աիդա Խաչիկյանին։ Սպասում էինք մրցութային հանձնաժողովի որոշմանը ու... մրցանակին, բա՞յց...
Հասկացա, ավելի ճիշտ կլինի ասել, հիշեցի, որ մայր Հայաստանում եմ ապրում, սա Ռուսաստանը չէ, այստեղ Պուտին չկա, հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ մրցանակի հարցը լուծված է եղել մինչև մեր հայտ ներկայացնելը, այն ստանալու է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը:


Ես չեմ խոսի Արա Ավետիսյանի գիտական աշխատանքի կարևորության, գիտական արժեքավորության կամ այլ առանձնահատկությունների մասին։ Ներկայացված աշխատանքը կոչվում է «Դինամիկական համակարգերի ղեկավարելիությունը Գրինի ֆունկցիաների կիրառմամբ»: Այստեղ մի նրբություն կա, Գրինի ֆունկցիաների կիրառմամբ բազմաթիվ խնդիրներ են լուծվում, դրանք վերաբերում են բարձրագույն մաթեմատիկա առարկային, բայց ոչ երբեք տեխնիկական գիտություններին:
Տեխնիկական գիտությունների միակ նպատակը կոնկրետ արդյունքի հասնելն է՝ մաթեմատիկական հաշվարկների, ֆիզիկայի օրենքների և տեսական այլ դիսցիպլինների կիրառմամբ: Արա Ավետիսյանն ուղղակի սխալ անվանակարգ էր ընտրել, մտել էր տեխնիկական գիտությունների բնագավառը ու կտրել մյուսների ճանապարհը: Ապագայում կփորձեմ լրագրական հետաքննություն նախաձեռնել ու պարզել տեխնիկական գիտությունների բնագավառում մաթեմատիկական բնույթի խնդրին նախագահի մրցանակ տրամադրելու օրինականությունը: Այդ անվանակարգում հայտ ներկայացրած մյուս հավակնորդներին կոչ եմ անում կապվել ինձ հետ ու մեր աշխատանքների կոլեկտիվ քննարկումներ կազմակերպել՝ ՀՀ նախագահի մրցանակից դուրս, միգուցե համատեղ աշխատանքի ու համագործակցության նոր եզրեր գտնենք՝ մեր աշխատանքները ներդնելու, կյանքի կոչելու հարցերում: Ի վերջո, մեր նպատակը, նաև «Պողոսյան» հիմնադրամը հիմնած Պողոսյան եղբայրների նպատակը եղել է Հայաստանի մատից փուշ հանելը, բայց ոչ «ատկատային» գործի արմատավորումն ու զարգացումը, որը մեր երկրում առանց իրենց էլ բարձր մակարդակի է հասել:


«Պողոսյան» հիմնադրամի նպատակը նոր գաղափարների ի հայտ բերումն ու հայ մասնագետների աշխատանքները Հայաստանում ներդնելն է՝ ֆինանսական աջակցություն ցույց տալու միջոցով:
Նախագահի չկայացած մրցանակը երկու դուռ բացեց երկրների հելիոֆիկացիայի ծրագրի առաջ.
ա) ճանապարհից հեռացվեց բարոյական այն մշտական բարդույթն ու խոչընդոտը, որ ծրագրի իրականացումը անպայմանորեն պետք է սկսվի Հայաստանից ու Արցախից: Հիմա այն կարող է սկսվել, օրինակ, Ռուսաստանից ու Ղրիմից: Այսպիսի հարցադրումով ես արդեն դիմել եմ Վլադիմիր Պուտինին, պատասխանն ակնկալում եմ ստանալ նրա մեծ պրես-կոնֆերանսի ժամանակ կամ ավելի ուշ։
բ) Ժնևում կբացենք համահայկական վիրտուալ ԳՀԻ՝ սփյուռքի, Հայաստանի ու Արցախի մասնագետների մասնակցությամբ, որը հնարավորություն կտա գիտահետազոտական աշխատանքներ նախաձեռնելու աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը կորցրել է իր անցած-գնացած տեխնիկական ու տեխնոլոգիական պոտենցիալը՝ համատարած թալանի պատճառով։


Իսկ դրանց վերականգնումը անհնարին է դարձել ներկայիս կոռումպացված չինովնիկության ու անպտուղ գիտական հանրության պատճառով: Աստված տեսնում է, թե մենք որքան ենք տառապել հանուն մեր երկրի մի օգտակար բան անելու համար, բայց խնդիրների լուծման բանալիները գտնվում են երկրի տիզերի ու բոռերի մոտ, չեն թողել ու չեն էլ թողնի, որ Հայաստանում դրական մի տեղաշարժ տեղի ունենա:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao