ReAnimania 2019
 

Արքայից արքա՝ Վահե Գրիգորյան

Արքայից արքա՝ Վահե Գրիգորյան
21.06.2019 | 13:05

Որ ՔՊ-ն Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ է տեսնում, պարզ էր դեռ նրա ՍԴ դատավոր ընտրվելուց առաջ: Խնդիրը ժամանակն ու ձևն էր: Դատարանների շրջափակմանը հաջորդեց ԲԴԽ-ի ինքնալուծարումը: ԲԴԽ-ի կազմի փոփոխությանը պիտի հաջորդեր ՍԴ կազմի փոփոխությունը: Ակնկալվում էր՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Բայց նա կամ ՍԴ որևէ այլ անդամ ու դատավոր հրաժարական չտվեցին: Հրայր Թովմասյանը Գագիկ Հարությունյանի նվիրական ոտնահետքերով չգնաց, ասել է՝ կամ մարտն ընդունել է, կամ սպասում է փոխհատուցման:


Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը փայլուն է աշխատում:
Երեկ ԱԺ-ն ԲԴԽ նոր անդամ ընտրեց՝ Գրիգոր Բեքմեզյանին:
Երեկ Աժ նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երդվեց։ Մինչև երդվելը ելույթ ունեցավ՝ ասելու. «Սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։…Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ Այս անցումային տրամաբանության մեջ Սահմանադրական դատարանը իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբում քննարկել իմ գործընկերների՝ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, այնուհետև՝ նրանց հետ համատեղ, ծայարահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնմամբ և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ։ Այսօր այս երդումը տալով, դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը, դուք չեք սխալվում լսելով այն, ինչ ես ասում եմ, ես դառնալու եմ երկրորդ դատավորը։


Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։ Այս բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ՝ մենք տալու ենք սրանց պատասխանը։ …Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»։


ՍԴ-ի նախագահ դառնալու հայտարարությունը, միանշանակ, անսպասելի էր: Նույնիսկ ՔՊ-ի համար՝ ինչպես իրենք են ասում, բայց չեն մեկնաբանում ու հասկանալի չէ՝ ընդունում են, թե ոչ: Իսկ Հրայր Թովմասյա՞նը: Մի՞թե նա իր իր գրած Սահմանադրության զոհն է դառնում: Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է, ոչ դատավոր, Սահմանադրությամբ որոշումներ կարող են կայացնել միայն դատավորները, ոչ անդամները: Իսկ մյուս անդամնե՞րը: Գնալու են ԲԴԽ-ի ճանապարհո՞վ: Ընտրվելու են նոր՝ հեղափոխական անդամնե՞ր։ Արմեն Դիլանյանից ու Վահե Գրիգորյանից բացի մյուսները ՍԴ դատավոր չեն, Սահմանադրությունը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով ՍԴ անդամները համարվում են դատավորներ: Ստացվում է՝ նրանք այլևս կարգավիճակ չունեն և Վահե Գրիգորյանը կամավոր, Արմեն Դիլանյանի արձակուրդից օգտվելով, ինքն իրեն հռչակում է ՍԴ նախագահ: Իսկ երբ նա վերադառնա արձակուրդից ու ասի՝ ոչ, նախագահը ե՞ս եմ: Հիմա սա տրամաբանակա՞ն, թե՞ կամայական մեկնաբանություն է: Համենայն դեպս՝ Սահմանադրությունը նաև չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը օրինական է: Օրինակ՝ նույն տրամաբանությամբ՝ նա կարող է իրեն հռչակել արքայից արքա, հիմնավորելով, որ արքայական տոհմը Հայաստանում ընդհատվել է ու ինքն է շարունակողը, որովհետև այլ թեկնածու չկա: Սա մոտավորապես նույնն է՝ ինչ ՍԴ-ի շրջափակումը: Հետաքրքիր է՝ իսկ ինքնահռչակ նախագահը ինչպե՞ս է վերաբերվելու այն որոշումներին, որ ՍԴ-ն ընդունել է անցած մեկ տարում: Իրավաբանները հայտարարում են, որ ՍԴ անդամի ու ՍԴ դատավորի տարբերություն չկա: Վահե Գրիգորյանը գոնե մեկ րոպե մտածե՞լ է, որ իր ինքնահռչակումը, նույնիսկ եթե հեղափոխական Հայաստանում ընդունվի, կառույցն անվավեր է դարձնում միջազգային ատյաններում ու Հայաստանում դատաիրավական համակարգի փոփոխությունները ինչ գնահատականներ են ստանալու՝ նման քայլերի հետևանքով: Մենք մանրից դառնում ենք անակնկալների զարդատուփ, որտեղից երբեք չգիտես՝ ով դուրս կթռչի ու ինչ կպահանջի կամ կպարտադրի: Պատկերացնու՞մ եք՝ ՄԻԵԴ-ի վճիռները:
Կամ՝ Վահե Գրիգորյանը պատրաստվում է հարցը քննարկել ՍԴ մյուս դատավորի ու անդամների հետ՝ համաձայնության գալու համար: Իսկ եթե չգան, փակելու է դատարանի դռները, ներս չի՞ թողնելու: Թե՞ ինքնաբուխ շրջափակվելու է ՍԴ շենքը ու պահանջելու են Վահե Գրիգորյանից բացի՝ բոլորի հրաժարականը: Ասենք՝ մի 2000 սահմանադրագետների՝ ՀՀ հպարտ քաղաքացիների տեսքով: Ինքնին հասկանալի է, որ Վահե Գրիգորյանը իր հայտարարությունը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ: Տարօրինակ էր, որ նրա հայտարարությունից հետո ԱԺ պատգամավորներից ոչ մեկը հարց չունեցավ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հունիսի 17-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր նախաձեռնությամբ հանդիպել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Բնականաբար՝ հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների հետ հանդիպումների շարքում՝ ինչպես ընդունված է: Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ հրավիրվելը, երկրորդ նախագահի հետ հանդիպումից հետո, ոչինչ չի նշանակել դեսպանի համար: ՙՆերքին գործերին չմիջամտելու համատեքստում»՝ նա շարունակում է հանդիպել հենց այն մարդկանց, ում հետ հանդիպումներն ինքնին վերածվում են ներքին գործերին միջամտության: Բայց դա չէ ինտրիգը: Ինտրիգը Ռոբերտ Քոչարյանի գործն է, որ գտնվում է Սահմանադրական դատարանում: Եվ Հրայր Թովասյանի նախագահած ՍԴ-ի հույսին չի թողնվում վճիռը: Երեկ դատապաշտպանները ապացուցում էին, որ դատավորն իրավունք ուներ գործը ՍԴ ուղարկել: Փաստացի՝ նրանց բոլոր փաստարկները կախվում են օդում: Որովհետև առաջին պահից ակնհայտ էր, որ դատապաշտպանների փաստարկները ջուրն են ընկնում, եթե ՍԴ-ն գործը վարույթ չի ընդունում: Ոչ ոք չզարմացա՞վ, որ դատավոր Արմեն Դանիելյանը գործի քննությունը հետաձգեց մինչև հունիսի 25-ը, ժամը 16.00-ն:

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao