«Մեր իշխանությունները միշտ էլ ծանր կացության մեջ են հայտնվել, երբ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները լարվել են»

«Մեր իշխանությունները միշտ էլ ծանր կացության մեջ են հայտնվել, երբ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները լարվել են»
25.06.2019 | 01:09

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը բավական թեժ է, ընդդիմությունը շարունակում է հանրահավաքներ անել։ Տպավորությունն այնպիսին է, թե ռուս պատվիրակության հետ տեղի ունեցած միջադեպն ընդամենը պատճառ էր, որ ներսում եղած ըմբոստությունը գլուխ բարձրացնի։ Վրացական զարգացումների, եփվող տարածաշրջանի շուրջ զրուցել ենք վրացագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑԻ հետ։

-Ի՞նչ է կատարվում Վրաստանում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
-Վրաստանում, մասնավորապես Թիֆլիսում, պահպանվում է լարված վիճակը։ Ինչպես կանխատեսելի էր, ամեն ինչ պայմանավորված է իշխանության քայլերով, ընդդիմության հրաժարականի պահանջների մի մասը լուծվեց. ԱԺ խոսնակը հրաժարական տվեց։ Պահանջում են նաև ներքին գործերի նախարարի հրաժարականը, սակայն գերնպատակը համամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է։ Երեկ արդեն Բիձինա Իվանաշվիլին հայտարարեց, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հենց այդ տարբերակով։ Սրանով լարվածությունը թուլացնելու փորձ է արվում։ Սա նաև ընդդիմությանը ձեռնտու տարբերակ է։
-Սակայն ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքները։ Ի՞նչը չի գոհացնում։
-Ընդդիմությունը հայտարարում է, օրինակ, որ պետք է անմիջապես սկսվի այդ գործընթացը, քաղաքական ուժերի հետ կոսուլտացիաներ պետք է մեկնարկեն, որպեսզի ամեն ինչ ճիշտ ընթանա։ Այսինքն, ըստ իրենց հայտարարությունների, իրենք այսօրվանից սկսած շատ ավելի հետևողական են լինելու, ցույցերի շարունակությունը հենց դրանով էլ պայմանավորված կլինի։ Իշխանություններին հասկացնում են, որ ձեռքը պուլսի վրա են պահում, և իշխանությունը չի կարող նահանջել։
-Այս օրերին շատերը վրացական հանրահավաքները համեմատում են մեկ տարի առաջ Հայաստանում կատարված իրադարձությունների հետ։ Ըստ Ձեզ, ի՞նչ առումով ենք մենք շահեկան վիճակում հայտնվել։ Ի դեպ, տեսանք, թե ինչպես ոչ մեծ հանրահավաքի, ըմբոստության ալիքի պարագայում որքան մարդ վիրավորվեց։
-Այո, այնտեղ եղան ուժի կիրառում, վիրավորներ, բազմաթիվ ձերբակալվածներ, իսկ այդ ամենն ընդամենը, այսպես ասած, հակառուսական տրամադրությունների համատեքստում էր։ Տարբերություններն ակնհայտ են։ Վրաստանում իրավիճակը լրիվ այլ է, 2012-ի իշխանափոխությունից հետո և նախագահներ, և վարչապետներ են փոխվել, և համակարգային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս առումով Հայաստանի հետ չենք կարող համեմատել։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք, Վրաստանում ամեն ինչ հանդա՞րտ կանցնի, ամեն ինչ կգնա՞ դեպի 2020-ը, թե՞ անսպասելի զարգացումներ կլինեն։
-Ներքաղաքական զարգացումների առումով հանդարտվելու հավանականությունն ավելի մեծ է, քան արտաքին աշխարհի, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս առումով սկսվում է մի նոր փուլ, որը դեպի վայրէջք է տանում։ Վերջին տարիներին կողմերի միջև բավականին ակտիվացել էին շփումները, խոսք կար այլընտրանքային ճանապարհների բացման, վիզային ռեժիմի վերացման մասին։ Հիմա այդ ամենը ձախողվեց, կողմերի հարաբերություններում մեծ նահանջ է լինելու։ Կանխատեսելիության առումով բարդ չէ նկատելը, որ ռուս-վրացական լարվածությունը մեծանալու է, դժվար չէ նաև հասկանալ, որ այդ հարաբերությունները կարճաժամկետ հեռանկարում չեն կարող վերկանգնվել։
-Ռուս-վրացական լարված հարաբերություններից Հայաստանը միշտ տուժում է։ Այս անգամ ի՞նչ վնասներ կարող ենք ունենալ։ Առանց այն էլ օրումեջ փակվող Լարսը կարո՞ղ է մշտապես փակվել։
-Վրաց-ռուսական ցանկացած լարվածություն Հայաստանի համար ցանկալի չէ, ավելին, հղի է մեծ վտանգներով, ընդհուպ մինչև ճանապարհների փակում։ Սակայն այս պահին նման բան բացառում են։ Բայց ոչինչ չպետք է բացառել, և մենք պետք է դիտարկենք նաև այդ հանգամանքը։ Հայկական կողմն այս ամենում պետք է իր ներգրավվածությունն ունենա, առնվազն տեղեկացվածության, քաղաքական, դիվանագիտական մակարդակով, որ հնարավոր վտանգները մեզ համար կանխատեսելի լինեն։
-Հայաստանի իշխանությունները միշտ էլ ծանր կացության մեջ են հայտնվել, երբ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները լարվել են։ Մի կողմից մեր հարևան երկիրն է, մյուս կողմից՝ ռազմավարական գործընկերը։ Այս իրավիճակում, հատկապես երբ վրացական ըմբոստության կայծը եղան հակառուսական տրամադրությունները, ինչպե՞ս պետք է իրեն պահի Հայաստանի իշխանությունը, ինչպե՞ս արձագանքի զարգացումներին, որպեսզի կողմերից ոչ մեկի հետ հարաբերություններ չփչացնի։
-Հայաստանն անկախ պետություն է և ունի իր շահերը, պետք է գործի իր շահերին համահունչ։ Այլ հարց է, որ և Ռուսաստանի, և Վրաստանի հետ ունենք քաղաքական, տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ։ Հայկական կողմը պետք է խոհեմություն, հավասարակշռություն դրսևորի, դա կլինի հայտարարությունների մակարդակում կամ շփումների ժամանակ։ Չեմ կարծում, որ սա շատ դժվար բան է, քանի որ կողմերն էլ են հասկանում, թե նման դեպքերում ինչպիսին կարող է լինել Հայաստանի դիրքորոշումը։ Սա նաև հանդուրժելի է նրանց համար։ Չեմ կարծում, թե այս պարագայում Հայաստանը պետք է կողմերից մեկին պաշտպանի կամ չպաշտպանի։
-Այսօր տարածաշրջանը եռացող կաթսա է հիշեցնում. մի կողմից Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքական խնդիրներ և, ի վերջո, արցախյան հակամարտությունը։ Հնարավո՞ր է տարածաշրջանում լինեն վերադասավորումներ, ազդեցությունների գոտիների վերաբաշխում։
-Ողջ տարածաշրջանը կոնֆլիկտներով եռում է։ Իրանի հետ կապված վերջին զարգացումները է՛լ ավելի են լարում իրավիճակը։ Սրան գումարվում են նաև Վրաստանի ներքաղաքական խնդիրները։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ տարածաշրջանում, կոնֆլիկտների հաղթահարման, խաղաղության նահանջ ենք ունենում։ Այս տարածաշրջանում կան նաև մեծ տերությունների շահեր, ու նաև դրանով է պայմանավորված, թե իրադարձությունները հետագայում ինչպես կզարգանան։ Գուցե փոքր կոնֆլիկտներն առաջին հայացքից լուրջ չթվան, սակայն դրանք կարող են այնպես ընթանալ, որ հանգեցնեն վտանգավոր հետևանքների։ Թեև այս պահին ծայրահեղ վտանգավոր տեղաշարժեր չեմ կարծում, թե կլինեն։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao