Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
25.06.2019 | 02:02

(Նախորդ մասը)


Առաջին դեպքը չէր, երբ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արա Ավետիսյանը կանգնում է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ճանապարհին: Ռեկտոր եղած ժամանակ նա խաբեց ու խանգարեց, որ «հԼծ-1» օպտիկական սարքը տեղափոխվի Աբովյանի կրթահամալիր՝ աշակերտների համար օպտիկական լաբորատորիա կազմակերպելու նպատակով: Չնայած նրան, որ արևային տեխնիկայի բնագավառում նշանակալի արդյունքներ ունենք, տեխնիկապես պատրաստ ենք սկսելու հելիոտեխնիկական սարքերի արտադրությունը, իրականացնելու Հայաստանի ու Արցախի հելիոֆիկացիան, մեր արտադրանքով դուրս գալու միջազգային ասպարեզ, բայց մեկ կարևոր բացթողում ունենք. նոր ոլորտի համար չենք կարողացել կազմակերպել երիտասարդ կադրերի՝ բանվորների, ինժեներների ու գիտնականների պատրաստման գործընթացը, առայժմ հայտնի չէ, թե այդ գործերում ովքեր են մեզ փոխարինելու: «հԼծ-1» սարքը (стол интерференционный-оптический)) ունիկալ լաբորատոր տեխնիկա է, որը նախատեսված էր բարձր ճշտության չափումներ կատարելու, օպտիկական փորձերի, նաև հոլոգրաֆիայի բնագավառում հետազոտական աշխատանքներ կատարելու համար:


1978 թվականին, տ.գ.թ. Ռուբեն Մարտիրոսյանի հետ, Նովոսիբիրսկից բերեցինք երկու նման սարք՝ Աբովյանի «Սիրիուսի» հոլոգրաֆիայի լաբորատորիայի համար, որոնցից մեկը, ամբողջությամբ կոմպլեկտավորված, նվիրեցինք Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտին՝ ուսանողական լաբորատոր աշխատանքներ ու ասպիրանտական գիտական փորձեր կատարելու համար: ԽՍՀՄ-ում ու աշխարհում դա եզակի մասնագիտացված լաբորատոր սարքավորում էր, որը գտնվում էր դեֆիցիտ տեխնիկայի ցուցակում, ֆոնդավորված էր ու տրվում էր միայն մինիստր Շոկինի հատուկ թույլտվությամբ, դրանց գործարանային արժեքը կազմում էր մոտ 20 հազար դոլար՝ սեղանի ու ճշգրիտ օպտիկական սարքավորումների հետ: «հԼծ-1»-ը գտնվում էր պոլիտեխնիկական ինստիտուտի 5-րդ մասնաշենքի նկուղային հարկում, անկախությունից հետո չէր օգտագործվում, ուսումնական պրոցեսների համար այլևս պետք չէր, ավելորդ տեղ էր զբաղեցնում, պետք էր լաբորատորիայից ազատել, պատրաստ էին բալանսից բալանս տալու ՀՀ ԳԿ նախարարության ցանկացած հիմնարկի, վաճառել չէին կարող, դրա համար պետք էր անցնել նախարարության հատուկ պրոցեդուրաներով, ինչը դժվար էր՝ ապակոմպլեկտավորված լինելու պատճառով, դետալների մեծ մասը հասցրել էին յուրացնել ու թալանել:


Օպտիկական ու տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ մեծ էր պարսիկների հետաքրքրությունը, ողջ Հայաստանով մեկ նրանք շրջում ու իրենց գիտական կենտրոնների համար ձեռք էին բերում գիտության ու տեխնիկայի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր խորհրդային սարքավորումները, իսկական որս էր գնում: Աբովյանի կրթահամալիրի տնօրեն Գրիգոր Մնացականյանը ՀՀ ԿԳ նախարարությունում համաձայնեցրել էր «հԼծ-1»-ը Աբովյան տեղափոխելու հարցը, նախապատրաստել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ բալանսից բալանս փոխանցելու համար: Մնացել էր լուծել մեկ տեխնիկական խնդիր. սեղանը, որի քաշը կազմում էր մոտ 3 տոննա, պետք էր դուրս բերել լաբորատոր սենյակից՝ ձեռքով, առանց հատուկ տեխնիկայի կիրառման: Ստեղծված պայմաններում դա գրեթե անհնարին էր, որը, այնուամենայնիվ, մենք կարողացանք փայլուն ձևով կազմակերպել ու կատարել: Հատուկ հաշվարկներ կատարեցինք, հենարանների նոր կոնստրուկցիա մշակեցինք, երկու կողմից չորս ոտքեր ու ամբարձիչներ դրեցինք, 3-տոննանոց սեղանը տեղում պտտեցրինք ու շրջեցինք այնպիսի անկյան տակ, որ դռնախորշով անցնի: Պատկերացնում էինք, որ աշխատանքը խիստ վտանգավոր է, եթե ծանր սեղանը ընկներ մեզանից մեկի վրա կամ մեկիս ձեռքն ու ոտքը տակը թողնեինք, ապա փրկությում չէր լինի, առանց հատուկ տեխնիկայի կիրառման, որը չկար ու չէր էլ լինի, հնարավոր չէր այդ քաշը բարձրացնել ու տուժածին տակից հանել: Մի պահ ամեն ինչ թարս գնաց, սեղանը վայր էր ընկնում, բայց Աստծո օգնությունը մեզ հետ էր, իրավիճակը կարգավորվեց, ու սեղանը հանգիստ տեղափոխեցինք միջանցք: Մեր բոլոր պրոբլեմները սկսվեցին սեղանը հանելուց հետո, ասում են. եզը ընկավ, դանակավորները շատացան:


Որտեղից որտեղ հայտնվեց հարևան ամբիոնի վարիչը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Վարդանյանը:
- Ես թույլ չեմ տա, որ այդ սեղանը տանես, ես գիտեմ, դու քո արևային գործերի համար ես տանում,- այս ու այն կողմ վազելով, հաշվապահությունն ու ռեկտորատը իրար խառնելով պրոֆեսորը հասավ իր նպատակին. մեզ թույլ չտվեցին, որ օպտիկական սեղանը տեղափոխենք Աբովյանի կրթահամալիր:


Առողջ բանականությամբ հիմա էլ է դժվար հասկանալ, թե ինչու էր հարգարժան պրոֆեսորն իրար խառնվել, ինչու էր դեմ, որ Աբովյանի կրթահամալիրի աշակերտները օպտիկայի կամ արևային տեխնիկայի ուղղությամբ հետազոտական աշխատանքներ կատարեին, եթե ինստիտուտի ուսանողներին այդ տեխնիկան այլևս պետք չէր, ապա ի՞նչն էր խանգարում, որ դրանից օգտվեին Աբովյանի կրթահամալիրի աշակերտները՝ ապագա ուսանողները, ապագա ինժեներները կամ արևային տեխնիկայի բնագավառի ապագա գիտնականները, արդյո՞ք նրանք մեր հայ երեխաները չէին: Այս երկար պատմությունն արեցի մեկ նպատակով. փաստելու, որ անկախություն ստանալուց հետո մեր որոշ գիտնականների մոտ շատ բան է փոխվել, առաջ է եկել մյուսների աշխատանքները արգելափակելու, խոչընդոտներ ստեղծելու, միմյանց խանգարելու, իրար չօգնելու, ուրիշների գործերին վնաս հասցնելու անցանկալի հետխորհրդային հոգեբանությունը:


Մեր պատերազմող երկրի պարագայում վատ միտում է, երբ հայ գիտնականները սկսում են պայքարել միմյանց դեմ: Մենք դրա հնարավորությունն ու բարոյական իրավունքը չունենք: Փոխարենը անթաքույց ցանկություն է առաջացել առաջ շարժվողներին «ոտք գցելու», այնպիսի խոչընդոտներ տեղծելու, որ ոչ ոքի մոտ ոչինչ չստացվի: Թուրքերն էլ են անհամբեր դրան սպասում, որ Հայաստանի գիտական միտքը պարպվի, վերջնականապես մեռնի, արդյունաբերության ու տնտեսության համար ոչինչ չարվի, որ անխուսափելիորեն գնանք ինքնալուծարմանն ու վերջնական վախճանին:


Սա նոր երևույթ է, անկախության ձեռքբերովի ծանր հիվանդություններից մեկը, խորհրդային տարիներին այդպես չէր, տարբեր հարցերով մեր գիտնականները մշտապես միմյանց օգնության ձեռք են մեկնել, օրինակ, թանկագին սարքը, առանց որևիցե շահադիտական նպատակների, որտեղից որտեղ բերել ու նվիրել էինք Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտին, Ռուբեն Վարդանյանին օգնել եմ դոկտորական դիսերտացիայի պաշտպանության հարցում՝ որպես հանձնաժողովի անդամ ու օպոնենտ, լավ աշխատանք էր ներկայացրել, տեխնիկական ու գիտական հարցերում կոնսուլտացիաներ եմ արել, քննարկել ենք նրան հետաքրքրող արտադրական հարցերը, իսկ նա պայքարում է ի՞մ դեմ: Ոչ, ես համոզված եմ, որ նա պայքարում է իմ հելիոֆիկացիայի ծրագրի դեմ։ Ինչի՞ համար, որ Հայաստանում արևային գործը չզարգանա՞, որ մեռնի-վերանա՞: Հետխորհրդային ինչ-որ նոր երևույթ է առաջացել, որի իմաստը այդպես էլ չհասկացա, թե ում պատվին կամ ում պատվերով էին այդպիսի թշնամական դիրք գրավել պրոֆեսոր Վարդանյանը և ինստիտուտի ղեկավայր այրերը:


Տարիներ առաջ առիթ ունեցա մասնակցելու ամբիոններից մեկի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին, վերջին օրը գործերս բերեցի ընդհանուր բաժին՝ գրանցելու:
-Չեմ ընդունի, ինչ մրցույթ, ինչ բան, ռեկտորի (Յուրի Սարգսյանի, դարձյալ ակադեմիկոս) օգնականն է ընտրվելու,- զայրացած խոսում էր ընդհանուր բաժնի պետը։- Այստեղ մի մարդ է եկել, գործերն է բերել.... տո չգիտեմ ով է:
Փորձեց իմանալ իմ «ով»ությունը, թույլ չտվեցի, թղթապանակը հետ քաշեցի, գնացի ու փոստից ուղարկեցի: Համաձայն ՀՀ գործող օրենքների՝ պետական բուհերի ամբիոնների վարիչները պետք է ունենան դոկտորական կոչումներ, եթե դոկտորները չեն ներկայանում, ապա հայտարարվում է նոր մրցույթ՝ գիտության թեկնածուների մասնակցությամբ: Իմ գործերը, այնուամենայնիվ, վերցրին, ինձնից թաքուն իմ հարցը քննարկեցին ու որոշեցին, որ Համազասպյանի թեկնածությունը չի անցնում, որովհետև մեզ արհամարհել է ու հանձնաժողովի նիստին չի ներկայացել: Հետագայում ամբիոնի վարիչ դարձավ Յուրի Լևոնովիչի օգնականը՝ թեկնածուի կոչումով: Փորձեցի գնալ մինչև վերջ, դիմեցի ՀՀ ԿԳ նախարարին, ինձ ընդունեց Արա Ավետիսյանը:


-Նույն բանը կատարվել է ինձ հետ, այսպիսին են մեր բարքերը:
Իմ անկաշառ, անկախ ու անհնազանդ լինելը դարձել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի վերնախավի պրոբլեմը, կամաց-կամաց ինձ դուրս մղեցին դասախոսական աշխատանքից, այստեղ ընդունված էր կազմակերպված ձևով ուսանողներից կաշառք ստանալ ու անվերապահորեն ենթարկվել, գնալ ռեկտորատի քթի ջրով, մյուսները թշնամի էին հայտարարվում ու կոպիտ ձևով դուրս մղվում ՀՀ արդյունաբերության համար ինժեներներ պատրաստող մեր գլխավոր բուհից:
Խորհրդային տարիներից սկսած, մշտապես աշխատել եմ ժամավճարով՝ ԳՀԻ-ի տնօրենի պաշտոնին զուգահեռ, մեկ նպատակ եմ հետապնդել. իմ գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցել ուսանողներին՝ ապագա ինժեներներին ու գիտնականներին, Հայաստանում արմատավորել Մոսկվայի անկաշառ բուհերի դրական փորձն ու... լավագույն կադրերին վերցնել ինձ մոտ՝ աշխատանքի ու ասպիրանտուրա: Այդ ճանապարհով ինձ մոտ հայտնվեցին շատ ու շատ ազնիվ ու գերազանցիկ ուսանողներ, որոնց մեջ ես կառանձնացնեմ Վալերի Մարգարյանին՝ «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի ապագա գլխավոր ինժեներին, որն իր մարդկային ու մասնագիտական հատկանիշներով գերազանցում էր բոլորին, նաև ինձ՝ իր սկզբունքայնությամբ ու անալիտիկ մտածողությամբ, այդ ամենը նա ժառանգել էր իր ծնողներից: Նրա հայրը՝ Կոստյա Մարգարյանը, եղել է Երևանի ինքնուս ինժեներներից մեկը, որն անվճար կոնսուլտացիաներ էր տալիս երիտասարդներին՝ տեխնիկայի ցանկացած բնագավառում:


Հելիոֆիկացիայի ուղղությամբ իմ կատարած աշխատանքները հանգիստ չեն տալիս ինստիտուտի ղեկավարությանը, նրանք չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ նախագահի մրցանակով հաստատվեր իմ ծրագրի կարևորությունը և իր վրա հրավիրվեր ՀՀ իշխանությունների ու սփյուռքի գործարար աշխարհի ուշադրությունը: Մրցանակի հարցը քննարկվել է ռեկտորատի մակարդակով, ու որոշվել, որ տեղ չտան իմ գործերին, որոնք ծանրակշիռ էին ու երկրի համար անհամեմատ ավելի կարևոր, քան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բոլոր ամբիոններում տարվող բոլոր գիտատեխնիկական աշխատանքները միասին: Պատկերացրեք, ներկայացրել էի հինգ աշխատող համակարգեր, որոնք կարող էին աշխատեցնել նույնքան գործարաններ, էլ ի՞նչ էր պետք, ո՞րն էր կարևորը և ի՞նչ իմաստ ուներ այն թողնել «Պողոսյան» հիմնադրի «պոլիտեխնիկական» հանձնաժողովի դատին:

(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao