ReAnimania 2019
 

«ՈՒնի շենք, չունի շենք»

«ՈՒնի շենք, չունի շենք»
09.07.2019 | 02:45

Երևանի մնջախաղի պետական թատրոնը պարբերաբար բախվում է նույն խնդրին` ունի շենք, չունի շենք: Վերջին հանգրվանը, թվում էր, Մոսկովյան 5 հասցեում գտնող շենքն էր (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր հանրապետական զինկոմիսարիատը): Թատրոնի տնօրենությունը համաձայնել էր: Սակայն, ըստ ամենայնի, նոր հասցեն փոխվելու է: Տարածքը առաջարկել էր մշակույթի նախարարությունը: Շենքն ամրակցված է պաշտպանության նախարարությանը, որը հրաժարվել է շենքը փոխանակելուց ու այն տրամադրելուց թատրոնին։ «Ի՞նչ է սպասում թատրոնին» հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխնախարար ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ: «Ես կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել մնջախաղի պետական թատրոնի հարցում: Մենք ինտենսիվ աշխատում ենք պատասխանատուների հետ, որ օր առաջ սկսեն շինարարությունը, որովհետև իսկապես մնջախաղի թատրոնը պետք է տարածք ունենա: Չեմ ուզում շտապել և ինչ- որ բաներ ասել, թե ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք արել, ես ուզում եմ այս մասին խոսել այն ժամանակ, երբ վերջնականապես կմեկնարկեն շինարարական աշխատանքները»: Փոխնախարարը այլ մանրամասներ չհաղորդեց, միայն փաստեց, որ նոր տարբերակի վրա են կանգ առել:


Թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, շենքի կառուցման համար թատրոնին տարածք էր հատկացվել Հյուսիսային պողոտայում: 2017-ին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել էր ազգային գրապալատի շենքը։ Թատրոնը ստեղծվել է 1974-ին, այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Ամբողջական զրույցը Արա Խզմալյանի հետ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao