Yerevan Perspectives International Music Festival
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
23.07.2019 | 00:52

(Նախորդ մասը)

Եթե ինձ հարց տային, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին հասցված ամենանենգամիտ հարվածը, ապա ես առանց վարանման կասեմ. դա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գլխատումն էր: Միայն այդպես եմ որակում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին պաշտոնանկ անելն ու նրա փոխարեն, ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնում, Ֆադեյ Սարգսյանի նշանակումը: Մեր հանրությանը Վիկտոր Համբարձումյանին հատուկ ներկայացնելու կարիքը չկա, համաշխարհային գիտությանն ու հայրենիքին մատուցած նրա ծառայությունների ցուցակը երկար է, շատ երկար, դրանք թվարկելու փոխարեն ավելի պատկերավոր կլինի ասել, որ նա ուղղակի Վիկտոր Համբարձումյանն էր, միջազգային ճանաչում ստացած տաղանդավոր գիտնական, խոր հայրենասեր, ազգի խնդիրներով ապրող ու տառապող հայ մարդ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից բացի, նա զբաղեցրել է Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտի ու Գիտական միությունների միջազգային խորհրդի պրեզիդենտի պաշտոնները, եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ: Խորհրդային գիտության զարգացմանը վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը մշտապես լուծվել են Վիկտոր Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ:

Վիկտոր Համբարձումյանի պաշտոնանկ անելը և, կլասիկ առումով, գիտությունից հեռու կանգնած տնտեսական փորձառու գործչին այդ պաշտոնին նշանակելը մեծ սխալ էր, որը բացասաբար անդրադարձավ Հայաստանում գիտության հետագա զարգացման վրա: Այդ ազդեցությունը զգացվում է այսօր, երբ ակադեմիական գիտության խիստ պահանջարկ կա, զգացվելու է նաև ապագայում: ՀՀ ԳԱ-ն ակադեմիական կազմակերպությունից վերածվել է մի անհասկանալի կոնգլամերատի, որի ներկայիս արժեքն ու արժանիքը ակադեմիայի հոյակապ շենքն է մնացել, որը գտնվում է տարբեր կազմակերպությունների առևտրային ծրագրերի նշանակետում ու բիզնես պլաններում: Ստացվեց այնպես, որ ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից Վիկտոր Համբարձումյանի հեռացումը գիտական հանրության, և, ընդհանրապես, հայ հասարակության մեջ չնկատվեց, արձագանք չգտավ, հանրության կողմից չքննարկվեց, ընկալվեց որպես շարքային մի երևույթ, որը կարող էր կապված լինել նրա տարիքային առանձնահատկությունների կամ առողջական խնդիրների հետ, այդ ժամանակ նա 85 տարեկան էր: Վիկտոր Համբարձումյանի հաստատումը ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահի պաշտոնում կարելի է դիտարկել որպես փոքրիկ խորամանկություն ու տակտիկական քայլ՝ խնդիրը հասարակական ու միջազգային լայն քննարկումների առարկա չդարձնելու համար: Հիշեցնեմ, որ մեկ այլ աշխարհահռչակ գիտնական, ՈՒկրաինայի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Բորիս Պատոնի համեմատ, Վիկտոր Համբարձումյանի 85 տարին կարելի էր երիտասարդ համարել: 1962 թվականից մինչ օրս ակադեմիկոս Պատոնը գլխավորում ուկրաինայի գիտությունների ակադեմիան, վերջին ընտրություններում նա վերընտրվել էր 95 տարեկան հասակում և շարունակում է պաշտոնավարել՝ լինելով 101 տարեկան ու դառնալով աշխարհի ամենատարեց ու ամենաերկարակյաց պաշտոնյան (57 տարի անընդմեջ):

Այդ պաշտոններում կարևորը մարդու տարիքը կամ կենսախնդությունը չեն կարևորը, այլ այն բարձր հեղինակությունը, որը նրանք ունեն գիտական աշխարհում և հասարակության մեջ: Այնպես որ պաշտոնից հեռանալու (հեռացնելու) որոշումը Վիկտոր Համբարձումյանի տարիքի հետ անմիջական կապ ունենալ չէր կարող, նա կարող էր շարունակել իր պաշտոնավարումը, եթե դեմ չգնար ՀՀՇ-ի ու անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսին: 1989 թվականին 81-ամյա գիտնականը Մոսկվայում անժամկետ հացադուլ հայտարարեց՝ իր աջակցությունը հայտնելով անկախություն ու Հայաստանի հետ միացում պահանջող Ղարաբաղի բնակչությանը: 1989 թվականի հունվարի 12-ին Գորբաչովի որոշմամբ Ղարաբաղում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) մտցվեց կառավարման հատուկ ձև, ստեղծվեց կառավարման հատուկ կոմիտե՝ Արկադի Վոլսկու գլխավորությամբ, որը անմիջականորեն ենթարկվում էր Կրեմլին: Հետագայում այն, փաստորեն, սկսվեց ենթարկվել Հայաստանին՝ բոլոր գործողությունները համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ: Վիկտոր Համբարձումյանի մոսկովյան հացադուլը ցույց տվեց, որ հայկական հարցերում հնարավոր չէր նրա նկատմամբ «մտրակի ու քաղցրահացի» քաղաքականություն վարել և ինչ-ինչ ոչ հայանպաստ որոշումներ անցկացնել, որոշակի կոմպրոմիսների տանել, նրանից ոչ ԼՏՊ և ոչ էլ Նիկոլ Փաշինյան կստացվեր: Հայտնի է քաղաքական հացադուլ սկսելու Վիկտոր Համբարձումյանի մոտիվացիան, որը նա նամակով հայտնել էր Գորբաչովին ու դիմել աշխարհի առաջադեմ մարդկությանը. «Ղարաբաղում քայլ առ քայլ վերացվում են խորհրդային իշխանության մարմինները, ԽՍՀՄ ներքին զորքերի ու բանակի ստորաբաժանումները կատարում են ոչ թե ԽՍՀՄ պրեզիդենտի, այլ ադրբեջանական իշխանությունների հրահանգները՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքները: Դա ինձ ստիպեց գնալ ծայրահեղ միջոցի` հայտարարել քաղաքական հացադուլ»:

Վիկտոր Համբարձումյանի հացադուլը վճռական դեր ունեցավ ղարաբաղյան խնդիրը միջազգային ճանաչման ու քաղաքական օրակարգում պահելու գործում, այն այնպիսի ազդեցություն թողեց Գորբաչովի վրա, այնպես կանգնեց նրա կոկորդում, որ ստիպված եղավ Ղարաբաղում սահմանափակել ադրբեջանական իշխանությունների ազատ գործելու հնարավորությունը, որոնք, անշուշտ, ուղղված էին ինքնավար մարզը հայաթափ անելու վատ քողարկված ծրագրերին: Աշխարհը չէր կարող մոռանալ ու հաշվի չառնել, որ, Ղարաբաղի դեպքերից դեռևս երկու տասնամյակ առաջ, Վիկտոր Համբարձումյանը հանդես եկավ գերտերությունների ղեկավարներին ուղղված հայտնի պահանջով, որի ազդեցությունը աշխատում է մինչ օրս. «Դադարեցրեք ձեր փորձարկումները, դուք երկիրը դուրս կբերեք իր ուղեծրից»: Վիկտոր Համբարձումյանի միջազգային բարձր հեղինակությունն էր պատճառը, որ այս կոչը գերտերությունների ղեկավարների համար դարձավ հետագա գործողությունների նշանաբան: Համայն մարդկությունը պետք է շնորհակալ լինի Վիկտոր Համբարձումյանին, որը կարողացավ աշխարհը փրկել անդարձելի աղետից՝ կասեցնելով ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Չինաստանի կողմից ատոմային ու ջրածնային ռումբերի ինտենսիվ փորձարկումները, որոնք կատարվում էին՝ օդում, ջրում և գետնի տակ: 1960-ական թվականներին այդ փորձարկումները հասել էին իրենց գագաթնակետին, այնպիսի սպառնացող մակարդակի, պայթեցվող ռումբերի և հզորության, և քանակի առումով, որը լուրջ սպառնալիք էր դարձել մեր մոլորակի ֆիզիկական գոյության համար: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ Երկիր մոլորակի հետ, եթե այն դուրս գար իր ուղեծրից՝ մոտենալով կամ հեռանալով Արևից: Այստեղ տեղին կլիներ խոսել այն մասին, որ Երկրի բնակչությունը ուղղակի կոչնչանար դժոխային պայմաններում՝ սառչելով մինչև -273 0C-ը (Արևից հեռանալու դեպքում) կամ տաքանալով 6000 0C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում (Արևին մոտենալու դեպքում):

Նման պատկերավոր հեռանկարը հասկանալի դարձավ ատոմային մրցավազքով տարված գերտերությունների ղեկավարներին. ատոմային փորձարկումների մրցավազքը կամաց-կամաց դադարեցվեց ու հետագայում արգելվեց միջազգային համաձայնագրերով: Հիմա այդ փորձարկումներն ու ատոմային զենքի նոր տեսակների ստեղծման ու հետազոտությունների գործը կատարվում են կոմպյուտերային մոդելավորման միջոցով՝ առանց էկոլոգիական ռիսկերի ու հսկայական ծախսերի: Ահա թե ինչ կարևոր նշանակություն ունեցավ աշխարհահռչակ գիտնականի 9 բառից կազմված հայտարարությունը: Արդյո՞ք անկախ Հայաստանի իշխանությունները հիշեցին կամ հասկացան Վիկտոր Համբարձումյանի կարևոր դերն ու նշանակությունը միջազգային ասպարեզում, մտածեցին այն մասին, որ մեր երկրին պետք կլինի ունենալ աշխարհի գիտական հանրության լայն աջակցությունը վայելող մի մարդու, որի կարիքը դեռ երկար ժամանակ կունենան՝ Հայաստանն ու Ղարաբաղը։ Իհարկե ոչ: ԼՏՊ-ի ժամանակ, առավել ևս այսօր, ավելի կարևոր է համարվում լրատվությունների միջոցով մարդկանց ականջները ողողելը՝ իշխանական անիմաստ ու դավաճանական բնույթի զազրախոսություններով, ինչն ընդունելի չէր Վիկտոր Համբարձումյանի նման մեծության կողմից: «Տղաս, - 1989 թվականի իր հացադուլի օրերին Վիկտոր Համբարձումյանը այսպես է ասել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Նորիկ Մուրադյանին,- սա ծրագիր է, սա Հայաստանը քանդելու ծրագիր է, որն արվում է ՀՀՇ-ի միջոցով»: Այդ թվերին ԼՏՊ-ն Հայաստանում հատուկ ծրագիր էր իրականացնում, որի մանրամասները, թերևս, միայն իրեն էին հայտնի (ինքն էլ կարող էր չիմանալ, արտասահմանյան մանիպուլյատորներին դա պետք չէր), բայց շատերս էինք զգում ու տեսնում, թե երկրում ինչեր են կատարվում, ինչ կազմակերպվածությամբ են երկիրը քանդում՝ վերացնելով արդյունաբերությունը և լավ, թե վատ ձևով կազմակերպված գյուղատնտեսությունը: Ժողովրդի մեջ Վիկտոր Համբարձումյանի նման մեծ հեղինակություն վայելող մարդիկ կարող էին խոչընդոտ դառնալ քանդման գործընթացին, դրա համար էլ նրանք, պարտադիր կարգով, պետք է ասպարեզից հեռացվեին:

Ժողովրդի մեջ հեղինակություն վայելող մարդկանցից էր նաև իմ մանկության ընկերը՝ Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ Նորայր Մուրադյանը: Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքների վերացման գործում նա մեծ հաջողությունների հասավ, 1989-90 թվականներին արդեն հասցրել էին կառուցել 18 արտադրական օբեկտներ, ևս 1-2 տարի և կարելի կլիներ խոսել Սպիտակի աղետի գոտու արդյունաբերության վերականգնման ու բնակարանային շինարարության ավարտի մասին, բայց դա չեղավ՝ դարձյալ ԼՏՊ-ի մեղքով, որին չէին բավարարում Նորայր Մուրադյանի ցույց տված կոնկրետ արդյունքներն ու աճող հեղինակությունը: «Ինքներս կկառուցենք մեր երկիրը, ռուսները թող հեռանան», -սա ԼՏՊ-ի հայտարարություններից է: Ժողովրդական պատգամավորների հայկական խմբի հետ կայացած հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը այսպիսի մի միտք էր արտահայտել, որ Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններում նա կցանկանար տեսնել Նորայր Մուրադյանի թեկնածությունը:

Խոսրով Հարությունյանը այս լուրը անմիջապես հասցրել էր ԼՏՊ-ին, որն էլ որոշում էր կայացրել Նորայր Մուրադյանին Հայաստանից անհապաղ հեռացնելու մասին: «Չի գնում, ինչ անում ենք, չի գնում»: «Մի տղային որ գողանաք, կգնա»` Նորայր Մուրադյանի տղային գողանալու գործը հանձնարարվում է կիրովականցի մի «օրենքով գողի», որն էլ դրա մասին տեղյակ է պահում Մուրադյանին. «Ժամանակին դու իմ ընտանիքին մեծ լավություն ես արել, ես ո՞նց դա անեմ, բայց սա է Երևանից եկած հանձնարարությունը»: «Մի քանի օր Գրիգորս (Նորայր Մուրադյանի մեծ տղան է, որը երկրաշարժից հետո սովորում էր Երևանի Պուշկինի անվան դպրոցում՝ աղջկաս դասարանում, հիմա տնտեսագետ-գիտնական է, սովորել է Լոնդոնում) ատրճանակով դասի գնաց, հետո որոշեցինք, որ այսպես շարունակել չի լինի,-պատմում է Նորայր Մուրադյանը,-ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, և 1991 թվականի դեկտեմբերին աշխատանքի անցա Ռուսաստանի արտաքին առևտրի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, այնտեղից նյութական ու տեխնիկական մեծ օգնություն եմ ցույց տվել Ղարաբաղի տղաներին՝ օգտագործելավ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հետ ունեցած ընկերական հարաբերություններս, նաև իմ նախկին արտադրական կապերը: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների միջոցով կարողանում էինք Ղարաբաղի օգտին քվեարկություններ անցկացնել ու որոշումներ կայացնել»:


Մի քանի խոսք՝ օրվա թեմաներով: Իջևանի հայտնի դեպքերի առիթով մեր ընթերցողներին շատ է հետաքրքրում, թե նոր իշխանություններն ինչպես են վերաբերվում մեր արևային ծրագրերին, օգնում են, թե դեռևս ոչ, չէ որ Հայաստանի, նաև Տավուշի մարզի, հելիոֆիկացիայի պարագայում վառելափայտի ու, ընդհանրապես, գազի ծախսատար խնդիրները չէին առաջանա: Աքսիոմատիկ սպասում ունեի, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության գաղափարը ֆունկցիոնալ կապի մեջ կդնի հելիոֆիկացիայի ծրագրի հետ ու հիմա, տասնամյակներ շարունակ իրենց հացի խնդիրը անտառափայտի միջոցով լուծող մարդկանց գող չէր անվանի: Փաշինյանին, Վանեցյանին ու Օսիպյանին խորհուրդ կտայի, որ իրենց արտահայտություններում, նաև գործողություններում մի քիչ զգույշ ու չափավոր լինեն. գործազրկության ու աղքատության ճիրաններում հայտնված մարդիկ գողեր չեն, նրանք իրենց ընտանիքների համար «հացի խնդիր» լուծող մարդիկ են և դրա գոնե բարոյական իրավունքը ունեն՝ տեսնելով, թե ինչպես է Աննա Հակոբյանը օրը երեք թանկարժեք զգեստ փոխում: Հիշենք Մարիա-Անտուանետայի հայտնի խոսքը` եթե ժողովուրդը հաց չունի, թող գաթա ուտի: Այս առիթով պապիս խոսքերն ավելի տեղին են` ուզողին մի տուր, սովորածին մի կտրիր: Այստեղ կա պատճառահետևանքային կապի խնդիր: Անտառների վայրենի հատման պատճառը իշխանությունների հանցավոր գործունեությունն ու անգործությունն են, որոնք սկսվել են ԼՏՊ-ի օրոք ու շարունակվում են մինչ օրս: 1988-93 թվականներին Սպիտակում մի ամբողջ անտառ խուզվեց՝ վառելիքի պակասը լրացնելու նպատակով: Անտառները փրկելու և այլընտրանքային էներգետիկան զարգացնելու նպատակով Հայաստանում ստեղծվեց «Էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի» հիմնադրամ, որը սնվում էր արտասահմանյան բանկերից և, մասնավորապես Տավուշի մարզում, զբաղվում էր բնակիչներին ձրի վառելափայտ բաժանելով՝ հետևյալ «ատկատային» փիլիսոփայությամբ. ստանում ես 8 խորանարդ մետր վառելափայտ, ստորագրում՝ 20 խորանարդ մետրի ստացականի տակ:

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը ստեղծել ենք մեր կնճռոտ էներգետիկ խնդիրները լուծելու համար: Եթե իշխանությունները նպատակային խոչընդոտներ չստեղծեին, հանդես գային պետական շահերի տեսակետից, ապա հնարավոր կլիներ խուսափել տավուշյան, ըստ էության, սոցիալական բունտից ու, միաժամանակ, արագ քայլերով լուծել տնտեսության զարգացման ու ՀՀ քաղաքացիների, նաև տավուշցիների համար բարձր վճարվող աշխատատեղերով ապահովելու հարցն այնպես, որ բանակից զորացրված հայ երիտասարդը չասեր. վեց ամիս է, եկել եմ սահմանից, բայց հազար դրամ չեմ կարողացել աշխատել: Մեծ ամոթից բացի, այստեղ ազգային անվտանգության խնդիր կա, որի լուծման բանալին գտնվում է Փաշինյանի, Վանեցյանի և Օսիպյանի գլուխներում. իրենք դա չեն հասկանում ու սեփական մեղքն ուրիշների վրա են գցում: Ի՞նչն էր պատճառը, որ այդ «հրաշալի եռյակը» չարձագանքեց իմ ու սպիտակցիների խնդրանքներին, որ չքանդեն երկրաշարժից հետո կառուցված մեխանիկական գործարանի հզոր մասնաշենքերը (մետաղի ջարդոնի համար), որտեղ ես ծրագրել էի կառուցել հելիոտեխնիկական սարքերի գործարանը, 1-2 տարում լուծել բնակարանների արևային ջեռուցման խնդիրները և, այնուհետ, աշխատել արտահանման ուղղությամբ՝ առաջընթաց տեմպերով զարգացնելով աղետի գոտու արդյունաբերությունը: Իշխանությունների անհասկանալի վարքը պարզաբանելու համար մեջբերեմ 2019 թվականի հուլիսի 18-ին կայացած կառավարության նիստի սղագրությանը: Խոսում է տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը. «Պարոն վարչապետ, մարզերում հետզհետե ավելանում են արևային սարքերից օգտվողները, եթե տեղերում լինում ենք որոշ ուշացումներով, ապա նկատվում է օգտագործողների զգալի աճ»: Նիկոլ Փաշինյանը փորձում է իր համար որոշակի ճշգրտումներ մտցնել. «Արևային սարքեր կան, որ հոսանք են տալիս, կան, որ տաք ջու՞ր». «Ճիշտ այդպես, բայց ջրատաքացուցիչները չեն կարող լուծել բնակարանների ջեռուցման խնդիրը»: Եթե ես ներկա լինեի կառավարության նիստին, ապա անմիջապես կարձագանքեի, որ Սուրեն Պապիկյանը սուտ է խոսում, սխալ ինֆորմացիա է տալիս վարչապետին, հայ հասարակությանը և մեր տեխնիկայի ապագա սպառողներին՝ չտիրապետելով հելիոֆիկացիայի կարևոր խնդիրներին, որտեղ շեշտադրված է արևի էներգիայով գյուղական բնակարանների ջեռուցման խնդիրների լուծումը: Կարճ ու կոպիտ ասած. ամռան արևի էներգիան կարելի է կուտակել ՝ ձմռանը օգտագործելու համար: Բայց նախարար Պապիկյանը այն հիմարը չէ, որ հենց այնպես ի պոչով սուտը ասի՝ թյուրիմացության մեջ գցելով իրեն կառավարական աթոռին նստեցրած վարչապետին: Այստեղ պետք է փնտրել ու գտնել նախարարի անձնական շահը:

Մի կողմից նա գովազդում է արտասահմանյան արևային տեխնիկա (հիմնականում չինական ջրատաքացուցիչներ ու ֆոտոպանելներ) ներկրող հայկական ֆիրմաներին, մյուս կողմից ապատեղեկություն է տարածում և փորձում է հնարավորինս խանգարել հայկական ծագմամբ արևային կոմբինացված հելիոհամակարգերի ներդրմանը՝ խանգարել տեղական արտադրողին ու, ՀՀ վարչապետի գիտությամբ ու մասնակցությամբ, կանաչ ճանապարհը թողնել միայն ներմուծող կազմակերպություններին: Այնպես որ վարչապետի խոսքը կարելի է լսել, բայց չհավատալ, որովհետև տնտեսական հեղափոխությունները ոչ թե խոսքերով, այլ գործերով են անում: Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի վրա ես ժամանակավոր մեծ խաչ եմ քաշում՝ սպասելով այս անգրագետ-ավանտյուրիստական իշխանության մոտալուտ վախճանին: Թող Նիկոլի հետ քայլողներն ինձ ներող լինեն ու իմ ասածը նախիմացությում չհամարեն. ամեն ինչ հիմնավորված է իմ ճշգրիտ հաշվարկներով: Փոխարենը ես շուտով կներկայացնեմ Արցախի հելիոֆիկացիայի ծրագիրը, որը, տնտեսականից բացի, կունենա կարևոր քաղաքական նշանակություն՝ Արցախը ներկայացնելով որպես էկոլոգիական աղետից մարդկությանը փրկող, պետություններին օրինակ ծառայող ու ճիշտ ճանապարհ ցույց տվող առաջին, բայց դեռևս չճանաչված երկիր: Արցախի հելիոֆիկացիայի ծրագիրը կարելի է իրականացնել քայլ առ քայլ, գյուղ առ գյուղ՝ ծախսելով չնչին գումարներ:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao