ReAnimania 2019
 

«Նախկինում գրադարան գործել է և՛ աջ ափում, և՛ ձախ ափում»

«Նախկինում գրադարան գործել է  և՛ աջ ափում, և՛ ձախ ափում»
26.07.2019 | 02:23

Գրադարանային հավաքածուն համալրելու մեխանիզմների, շենքային պայմանների, գրադարանային միջավայրը արդիականացնելու, ինչպես նաև Ջերմուկի աջափնյակում այլևս չգործող գրադարանի մասին է մեր զրույցը Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


-Տիկին Սարգսյան, ի՞նչ պարբերականությամբ է համալրվում գրադարանը նոր գրքերով:
-Ջերմուկի քաղաքային գրադարանի հավաքածուն համալրելու կոնկրետ պարբերականություն չկա: Ամեն տարի համայնքի բյուջեում որոշակի գումար է նախատեսվում` 500000 դրամից մինչև 1000000 դրամ: Տարվա ընթացքում գրքերի ընտրություն ենք կատարում հրատարակչությունների հրապարակած գրացուցակներից: Այս տարի գրքեր ենք ձեռք բերել «Անտարես» հրատարակչությունից, Ջերմուկի գրախանութից: Արդեն կազմել ենք նոր գրքերի պատվեր՝ «Էդիտ պրինտ» հրատարակչությունից գրքեր ստանալու համար:
-Պահանջված գրքերը ձեռք բերելու ի՞նչ մեխանիզմներ կան:
-Նախ` գրադարանավարները հաշվառում են հաճախակի պահանջվող, սակայն գրադարանի հավաքածուից բացակայող գրքերը: Ընթացիկ գնումներ կատարելիս մենք այդ գրքերը որոնում ենք հրատարակչությունների ու գրախանութների համացանցային գրացուցակներում, այդպիսիք լինելու դեպքում գնման հայտ ենք ներկայացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
-Գրքերի գնման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հրատարակչություններից գնում է մի շարք գրքեր և դրանք բաշխում գրադարաններին: Գոհացուցի՞չ է նոր ծրագիրը: Ի՞նչ բացեր կան:
-Նշված ծրագրից մենք օգտվում ենք միջնորդավորված ձևով` մարզային գրադարանի միջոցով: Մինչ օրս ստացել ենք նախորդ տարիներին հրատարակված և նախարարության պահեստներում կուտակված գրքերից: Ճիշտ կլիներ, որ այդ գրքերի ցուցակները առաքվեին գրադարաններ, և ընտրությունը կատարեին գրադարանները:
-Շենքային պայմանները գոհացուցի՞չ են:
-Գրադարանը վերանորոգված և կահավորված է, ունի ջեռուցման անհատական համակարգ, սակայն գրապահոցը նեղվածք է, ընդարձակելու հնարավորություն կա. քաղաքապետարանը պլանավորել է կցակառույցով կրկնակի մակերես ապահովել:
-Ի՞նչ թիվ են կազմում գրքերը:
-Մոտ 25000:
-Տարեկան քանի՞ ընթերցող է ունենում գրադարանը:
-Գրադարանն ունի 650-700 ընթերցող (2018 թ.՝ 687 ընթերցող):
-Գրադարանը նախկինում գործել է Ջերմուկի աջ ափում, և բնակիչների շրջանում կա դժգոհություն, որ գրադարանի նախկին տարածքը այլ նպատակի են ծառայեցրել` գրադարանը տեղափոխվելով ձախ ափ: Գուցե պետք է մասնաճյու՞ղ բացվեր տեղափոխության փոխարեն:
-Նախկինում (մինչև 2011 թ.) գրադարաններ գործել են և՛ աջ ափում, և՛ ձախ ափում, երկու դեպքում էլ՝ բնակելի շենքերի առաջին հարկերում «ծվարած», առանց ջեռուցման ու խոնավության զգալի միջավայրում: Վերին հարկերի բնակիչների անփութության, ինչպես նաև ջրագծերի ու կոյուղագծերի վթարների հետևանքով զգալի վնասներ կրեցին գրադարանային հավաքածուները: Աջափնյակի գրադարանի ռուս գրականության դարակների գրքերը շարքից դուրս եկան: Մեղավորներին պատժելը մեր կորուստները հետ չէր բերի: Բացի այդ, աջ ափի բնակարանների 25-30 տոկոսը դարձել են սեզոնային, այդ բնակարաններում միայն հուլիս-օգոստոս ամիսներին դրսեկ բնակիչներ են հանգրվանում, մյուսներում հիմնականում տարեցներ են բնակվում: Երեխաների թվի նվազման պատճառով տարիներ առաջ փակվել է մանկապարտեզը: Ներկայումս քննարկվում է աջ ափի դպրոցի գործել-չգործելու հարցը: Գրադարանի ընթերցողների թիվը 2010 թվականին ամսական 25-30 էր, միջին հաշվով՝ օրական մեկ ընթերցող: 2011 թվականից մինչ օրս ոչ մի ընթերցողի կողմից դժգոհություն չի եղել, քանի որ աջ ափ-ձախ ափ տրանսպորտային ակտիվ կապ կա: Աջ ափի ու ձախ ափի գրադարանները միավորվել են և գործում են ձախ ափի մանկապարտեզից առանձնացված, վերանորոգված ու կահավորված մասնաշենքում: Աշխատանքային ճկուն գրաֆիկով ներկա գրադարանը գործում է առանց հանգստյան օրերի ու ընդմիջման: Գրադարանի աջ ափի տարածքը մինչ օրս որևէ ձևով չի օգտագործվում, ավերված վիճակում է, և խոշոր ներդրումներ են պետք այն ինչ-որ նպատակի ծառայեցնելու համար:
-Ժամանակակից ի՞նչ մեթոդներ եք կիրառում գրադարանն ավելի ինտերակտիվ դարձնելու, ընթերցող-գրադարան կապը ամրացնելու համար:
-Գրադարանը ունի բավարար թվով համակարգիչներ, տպող և բազմացնող սարքեր, ինտերնետ կապ, կայք և ֆեյսբուքյան էջ: Կայքում ներմուծել ենք ողջ գրադարանային հավաքածուն, լուսաբանում ենք գրադարանային միջոցառումները, նոր ստացված գրականությունը, գրադարանից օգտվելու կանոնները և այլն: Գրադարանում գրանցվելու պահին բոլորին տրվում է կայքի հասցեն և անհրաժեշտ տեղեկություն: Ընթերցողը որևէ գրքի առկայության մասին կարող է տեղեկանալ իր տանը կամ աշխատավայրում՝ օգտվելով կայքի որոնման համակարգից:
Ի լրումն ասվածի՝ գրադարանի աշխատակիցները վերջին երեք տարիներին վերապատրաստում են անցել Ազգային գրադարանի «Վարպետաց դասեր» ծրագրով:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao