Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կուզեմ, որ ժողովրդիս հոգևորականներն ու հավատացյալներն իրենց կոչումին հավատարիմ մնան»

«Կուզեմ, որ ժողովրդիս  հոգևորականներն ու հավատացյալներն իրենց կոչումին հավատարիմ  մնան»
21.10.2014 | 12:29

Տարիներ առաջ էր։ Աշխատում էի առաջին հոգևոր բնույթի «Լուսավորիչ» թերթում։ Հարցազրույցի նպատակով հանդիպեցի ամենատարեց հոգևորականի՝ ՊՈՂՈՍ վարդապետ ԿԻԼԻԿԵՑՈՒ հետ, ով այդ ժամանակ 103 տարեկան էր ու բնակվում էր Զեյթուն թաղամասի իր սեփական տանը: Այդ նա էր, որ մինչ արցախյան գոյամարտը առաջինը քահանայական հագուստով կանգնեց Ազատության հրապարակի բեմահարթակին, իր պապենական խաչով օրհնեց դեռ նոր-նոր կոմունիստական անաստվածության թմբիրից արթնացող ժողովրդին ու քաջալերանքի խոսքերով հայորդիներին ապագա սխրանքների ճամփեց: Շատ, շատ էր պետք այդ պահպանիչ աղոթքը արյուն ու մահ, կյանք ու ազատություն սպասող մեր ազգին: Իր տարիքին անսովոր խրոխտ ձայնով նա աղոթեց. «Պահպանիչ ու հոյս հավատացելոց, պահպանեա ժողովուրդս հայոց ու համագումարեալ մարդկանց այս ընդ հովանեաւ սուրբ և պատվական խաչիդ Քո ի խաղաղութեան, փրկեա յերևելի ու աներևույթ թշնամւոյն և արժանաւորեա գոհությամբ փառաւորել զՔեզ ընդ Հոր եւ Հոգւոյդ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Չնայած հայր սուրբը գրաբարով աղոթեց, բայց բազմահազար միտինգավորները սրտով ըմբռնեցին ու հասկացան աղոթքի զորությունն ու մեծ նշանակությունը, և հավաքվածները միահամուռ բարձրաձայն գոչեցին. «Ամեեեն»: Ինքս ինձ շշնջացի. «Ժողովուրդս այս աղոթքով ու իր «ամենով» կփրկվի». այդպես էլ եղավ, նեղություններից, սովից ու պատերազմից հաղթական դուրս եկանք:
Եվ ուրեմն ձայնագրիչս առած գնացի իր տուն, և ըստ ընդունված կարգի ողջունեցի պատկառելի նահապետի արտաքինով հայր սրբին և իր օրհնանքը ստանալուց հետո ասացի այցելությանս բուն պատճառը: Նա հոժարությամբ ընդունեց առաջարկս, քանզի իր մեկդարյա հոգու շտեմարանից շատ բան ուներ հաղորդելու մեզ: Հարցազրույցը երկար տևեց։ Հագեցած էր հետաքրքիր պատմություններով։ Բայց այսօր մեջբերում եմ հարցազրույցի մի հատվածը միայն։

-Հայր սուրբ, ո՞րն է Ձեր ծննդավայրը։
-Չորքմազանից եմ, այժմ գտնվում է Կիլիկիայում:
-Ո՞ր թվականին եք ծնվել:
-1887-ին:
-Իսկ ամսաթիվն ու օրը հիշո՞ւմ եք:
-Որտեղի՞ց հիշեմ, մեկ դար է անցել:
-Երբ Աստծուն գտաք, երիտասա՞րդ էիք:
-Այո: Ծնողներս քահանաներ էին, և մեր ամբողջ սերունդը քահանաներ ու եպիսկոպոսներ էին:
-Ճիշտ է, բայց շատ հոգևորականների զավակներ կան, ովքեր Աստծուն դեռևս չեն ճանաչել ու աշխարհի մեջ են դեգերում:
-Այդ տրվում է ի վերուստ: Հիսուսն ինքն ասաց. «Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե հորիցս տրված չլինի նրան...»: Այդպե՛ս է:
-Գտաք Տեր Աստծուն։ Եվ ո՞ր տարիքում որոշեցիք ծառայել նրան:
-Ես գրեթե մանկությունից ասացի, որ հոգևորական պետք է դառնամ, այն էլ վարդապետ: Այս բանի համար շատ չարչարվեցի և ի վերջո նպատակիս հասա, ու Աստված ինձ Երուսաղեմ տարավ:
-Ե՞րբ Հայաստան վերադարձաք:
-1947-ի նոյեմբերի 18-ին:
-Ձեր լրիվ անուն-ազգանունն ի՞նչ է:
-Տեր-Նշանյան Պողոս վարդապետ:
-Երբևէ ամուսնացած եղե՞լ եք, որովհետև շատ քահանաներ իրենց կանանց մահից հետո Ձեր կարգավիճակին են անցնում:
-Հեռո՛ւ ինձնից: Բայց երբեմն ինձ հարցնում են` քանի՞ զավակ ունես։ Ասում եմ` ողջ հայ ժողովուրդը իմ զավակներն են:
Իմ բռնած ճյուղն այս է՝ քարոզել ազգի միասնականություն: Հնչակյան, ռամկավարական, և դաշնակցական, բոլորը երդվում են հավատարիմ մնալ ազգին ու ծառայել ժողովրդին: Ես նրանց ասում էի՝ չէ՛, այսպես չեղավ. խոսքով չէ, այլ գործով պետք է ապացուցել հավատարմությունը: Իրար դեմ կռիվ եք անում փառքի ու պաշտոնի համար: Այդպես չի՛ լինի: Մինչ մենք մեզ չկարողանանք պաշտպանել, օտարից հույս չկա: Միայն թե պետք է սիրենք իրար: Եթե երևացող եղբորդ չես սիրում, ինչպե՞ս կարող ես Աստծուն սիրել, ՈՒմ չես տեսնում: Որտե՞ղ մնաց սերը: Ինչպես Հիսուսը սովորեցրեց աշակերտների ոտքերը լվալով, ասաց` նույնն էլ դուք արեք: Մենք քրիստոնեական հոգին լավ չենք հասկանում: Անձամբ Աստված մեզ օրինակ է թողել միմյանց հետ եղբայրաբար վարվելու:
-Հայր սուրբ, Դուք անցյալ դարի (19-րդ դարի) ծնունդ եք, այն էլ Արևմտահայաստանից, ի՞նչ կասեք եղեռնի մասին: Ձեր կարծիքով` ո՞րն էր պատճառը այդ մեծ արհավիրքի, որ թափվեց մեր ժողովրդի գլխին:

(Այստեղ մեկդարյա ծերունական խորշոմների վրայով ներքին ցավի զգացողության նշմարելի ստվեր անցավ: ՈՒ այդ իմաստուն մարդու հոգու լռության միջից հանկարծ անզսպելի վրդովմունքի ալիք առաջացավ նահապետական խորշոմով ակոսված նրա դեմքին):
-Կարծում եմ` ամենամեծ պատճառն Աստծուց մեր ազգի հետզհետե հեռանալն է: Մարդիկ արդեն անհավատ էին դարձել. այն գյուղում, որ մենք էինք ապրում, հայրս քահանա էր, ես սարկավագ. եկեղեցի համարյա մարդ չէր գալիս: Շատ ժամանակ պատարագին ընդամենը մի քանի հավատացյալ էին լինում: Երբեմն էլ թուրքերը պատարագի երգերը լսելով, գլուխները եկեղեցուց ներս էին մտցնում ու կիսադատարկ սրահը տեսնելով, գլուխները տարուբերելով ու չարախնդալով, ասում էին. «Երևի հայերի Աստվածը մեռել է…»:
-Աստծուն մոռացե՞լ էին, ինչ է:
-Եղբայր (սրտնեղած-հեղ.), երիտասարդների էի հավաքում, երգչախումբ կազմում, եկեղեցասիրաց միություն էլ կազմեցի, որ օգնեմ ժողովրդին, որ իրենց երեխաներին հոգևոր դաստիարակություն տան Աստծո գաղափարով, բայց կռվում էին հետս, հակառակվում:
-Ովքե՞ր էին եկեղեցասիրաց միության անդամները, և ո՞րն էր նրանց գործունեության բնույթը:
-Հողագործ մարդիկ էին, իրենց պարտեզներում, կալվածքներում աշխատելուց հետո հավաքվում էին, Աստծո մասին էինք խոսում, աղոթում, օգնում եկեղեցուն ու կարիքավոր հիվանդ մարդկանց: ՈՒնեինք գանձանակ, այն ինձ մոտ էր, և կարողացածի չափ հիվանդներին, աղքատներին ու որբևայրիներին օգնում էինք:
-Երբ հայրենիք վերադարձաք, նախ որտե՞ղ ծառայեցիք:
-Գրիգոր Լուսավորչի եկեղեցում, սկզբում որպես սարկավագ ծառայեցի, հիմա այն քանդել են. Ամիրյան փողոցի վրա էր:
-Հիմա Չարենցի դպրոցն է տեղում:
-Հա՛, այնտեղ: Ափսոս, լավ եկեղեցի էր, մարմարակերտ պատերով: Երբ 1948-ին Զորավոր սուրբ Աստվածածնի եկեղեցին բացեցինք, այնտեղ ծառայեցի: Որից հետո Սուրբ Սարգիս եկեղեցում, բայց երկար չծառայեցի. ես գաղափարի մարդ եմ, այնտեղ իմ գաղափարը չկար:
-Այսինքն` ի՞նչը չէր համապատասխանում:
-Տեսա, որ հոգևոր կյանք չկար այնտեղ: 1956-ին Սուրբ Գեղարդ ուղարկեցին, մնացի մինչև 1962-ը: Շատ քարուքանդ էր: 1957-ին լեռներից ջուր բերեցինք մինչև վանք. այս անպիտան ծառան բերեց (իրեն է ցույց տալիս): 1966-ին կանչեցին Սուրբ Հռիփսիմե վանք: Դեռ փակ էր այդ ժամանակ, մեր ուժերով բացեցինք, հետո էլ Սուրբ Գայանեն ու Շողակաթը բացվեցին: Իսկ 1972-ին վեհափառը կանչեց, ասաց. «Հանգստի գնա», ես էլ գնացի, տարիքս արդեն մեծ էր:
-Հայր սուրբ, հիշում եմ, որ 1988-ին մեր հոգևորականներից առաջինը Դուք մտաք Ազատության հրապարակ և Ձեր պապենական խաչով օրհնեցիք հավաքված ժողովրդին։ Այդ պահին կարծես Աստծո օրհնությունն իջավ ժողովրդի վրա, և վերջում Ձեր պահպանիչ աղոթքից հետո ամբողջ ժողովուրդը միաբերան բացականչեց` ամե՜ն:
-Այդպես էր բանը: Ստամբոլցյան Խաչիկն այդ օրը հացադուլի էր նստել, ինքն էլ ասաց. «Հայր սուրբը եկավ, ուրեմն Աստված մեզ հետ է»: Դրանից հետո մեծ պաստառի վրա գրվեց. «ՓԱ՜ՌՔ ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ»:
-Հայր սուրբ, Դուք ասացիք, թե այն ժամանակ արդեն անհավատ ու թերահավատ էին դարձել հայերը։ Այժմ ի՞նչ կասեք մեր ժողովրդի մասին:
-Եղբա՛յր (չնայած ես հայր սուրբի թոռան տարիքին էի, բայց ինձ խոնարհաբար եղբայր կոչեց, քանզի Քրիստոս Տերն էլ Իր հետևորդներին ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ եք»-հեղ.), կոմունիստները եկան, ժողովուրդը վանքի դռան մոտով վախենում էր անցնել: Արգելված էր, 40 մլն մարդու գլուխ կերան: Մարդակեր գազաններ են նրանք իմ առջև:
Ինձ էլ քանի անգամ եկան վախեցրին, ուզում էին աքսորել: Բայց ազատվեցի, քանի որ մանկուց Աստծո փեշն եմ բռնել: Ես եթե թողնեմ էլ, ինքը չի թողնի, Հիսուսը ասաց` «Ես ձեզ չեմ թողնի»:
Մենք քրիստոնեական հոգին լավ չէինք հասկանում, նույնիսկ շատ հոգևորականներ: Ավետարանում գրված է. «Մի երեսիդ որ ապտակեն, մյուսն էլ դարձրու»։ Հա, եղբայր, բայց դա չի նշանակում, երբ թշնամին գա, թույլ տուր, որ քեզ սպանի: Դու Աստծո տաճար ես, չէ՞:
Եթե ինձ քրիստոնյա լինելու համար զարկեն, վնաս չունի, բայց եթե թշնամանքից, քմահաճույքից կամ թալանի համար ուզեն սպանել, ե՛ս կսպանեմ, քանի որ նա այդ ժամանակ ոչ թե մարդ է, այլ մի չար գազան, որին պետք է ոչնչացնել: Այդպես էլ պահել են հայոց ազգը մեր քաջ նախնիները:
-Հայր սուրբ, մեր ժողովուրդը հիվանդագին նյութապաշտության մեջ է, ի՞նչ խորհուրդ կտայիք այդ առթիվ:
- Նա, որ հարստություն գտավ, նրանից չի կարող բաժանվել երբեք: Այն կրակ է, ընկած տեղը կվառի, կմաշեցնի, կվերջացնի: Ճգնավորները իրենք իրենց առանձնացրել են ժողովրդի միջից, Աստծո հետ լինելու համար, աշխարհի ամեն բան փուչ և ունայն համարելով: Ժամանակին իսկական քրիստոնյա հոգևորականներ ենք ունեցել, որոնք ճշմարիտ քարոզներով ու աղոթքներով մեր ժողովրդին են պահել: Եթե քրիստոնյա չլինեինք, մենք կորած էինք՝ պարսիկ կլինեինք կամ թուրք, բայց հայ չէինք մնա:
Այս ամենը Աստծո ողորմությամբ ու մեր պապերի հավատարմությամբ:
Ինչպես Աստված պահել է մինչև հիմա, մինչև վերջ էլ պիտի պահի, միայն չմոռանանք Նրան: Իմ հավատը այսպես է: Այսպես եմ աղոթում միշտ:
-Հայր սուրբ, այսքան երկար, համարյա մեկ դարի հավատի մեջ Աստծո հայտնի այցելություն ունեցե՞լ եք:
- Այո՛, պատահել Է: Թուրքերը մեզ հալածում էին։ Մի քանի հոգով էինք։ Հանկարծ 66 թուրք մեր դեմ ելավ: Մտածեցինք` մեր վերջը եկավ: Աղոթեցինք: ՈՒ մեկ էլ սուրբ Սարգիսը հայտնվեց, նրանց մեծավորին կանչեց, ինչ-որ բան ասաց, նրանք էլ քաշվեցին գնացին: Թուրքերը կարծեցին, թե մոլլա է, բայց մենք իմացանք որ սուրբ Սարգիսն էր: Այստեղ` Երևանում, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայում էի, նորից եկավ ինքը: Նույնն էր, ինչ-որ այն ժամանակ:
-Որևէ բան ասա՞ց։
-Աղոթում էի մի հարցով, եկավ, կանգնեց, աղոթքի պատասխանը իմացրեց:
-Երանի՜ Ձեզ: Հայր սուրբ, գիտենք, որ Երևանում եկեղեցասիրաց միություն հիմնեցիք:
-Այո՛, Սիրիայից, Բեյրութից մեզ հետ եկած Ասատուրը, Խաչերը, աղոթք արեցինք, որ Աստված հաջողեցնի: Այդպես էլ եղավ, եկեղեցասիրաց եղբայրակցություն հիմնվեց 1948 թվին, ու հիմա էլ կա: Երիտասարդներ էլ շատ կան մեջները: Մի քանի ամիս առաջ քարոզեցի նրանց մոտ: Շատ եմ ուրախանում, որ երիտասարդները Աստծո ճանապարհ են բռնում: Աստծո վերջին այցելությունն է սկսվել աշխարհին, ով գտավ` կփրկվի: Մենք բոլորս այս մարմիններից պիտի ելնենք ու Նրա մոտ գնանք: Եթե հավատարիմ ծառայենք Աստծուն, կխնայի մեզ էլ, մեր ընտանիքներն էլ, մեր ազգն էլ: Կարևորն ա՛յս է: ՈՒրիշի հետևից պիտի չգնանք: Մեր Փրկիչը մեծ է, մարմնացյալ Աստված՝ Քրիստոսը: Այդքան չարչարանքներ քաշեցի, ինչեր եմ տեսել, լալով էի օրս անցկացնում, բայց Նա միշտ հավատարիմ է եղել ու ազատել է: Կաթողիկոսը (Վազգեն Ա-ն-հեղ.) երկու անգամ կանչեց, Աստված նրան առողջություն տա, ասաց` զգույշ եղիր, անաստված ժամանակներ են, կտանեն կչարչարեն: Ես ասացի` չեմ վախենում: Այս ազգիս համար եմ ծառայում: Վախը օգուտ չի բերում: Փա՜ռք Աստծո:
-Հայր սուրբ, Աստվածաշնչում գրված է, որ հրեա ժողովուրդը ընտրյալ էր Աստծո կողմից, երբ Աստծուց հեռանում էր և մյուս ազգերին նմանվելով կուռք էր պաշտում, ապա Տերը թույլ չէր տալիս, որ օտար ազգերը` ասորիները, բաբելացիները նեղեին նրանց, անգամ գերեվարեին իրենց հողից: Կարո՞ղ ենք մեր ազգի համար էլ նույնն ասել։
-Գրվա՛ծ է, գրվա՛ծ: Այդպես է, եթե մենք էլ հավատարիմ չլինենք Աստծուն, կնեղեն, կսպանեն, գերի էլ կտանեն: Պետք է այս բաների մասին շատ խոսել ժողովրդի հետ:
-Հայր սուրբ, մեր նորահաստատ խորհրդարանի մասին ի՞նչ կասեք, քանի որ, իմ կարծիքով, Ձեր լուման էլ կա դրանում` օրհնեցիք «Ղարաբաղ կոմիտեին» ու ժողովրդին:
- Եթե խղճները չկորցնեն, ժողովրդի հետ լինեն, լավ կլինի: Առանց ժողովրդի ոչինչ չեն կարող անել: Մեռնել, թե ազատվել, միասին լինի: ՈՒրիշ ճամփան սուտ է, օտարը սուտ է: Մի ձեռքը ծափ չի տա, իսկ երկուսը` ահա (ուժեղ ծափ է տալիս-հեղ.):
-Հայր սուրբ, մեր խորհրդարանի շատ անդամներ նույնիսկ Աստվածաշունչ չեն կարդացել ու անտեղյակ են Աստծո խոսքին, ինչպե՞ս պետք է քրիստոնյա ժողովրդին կառավարեն:
-Չե՛ն կարող: Կսխալվեն, եթե Աստծո վախն ու Նրա խոսքը սրտերում չլինեն:
-ՈՒրիշ ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
-Աստված պահի մեզ երևելի և աներևույթ թշնամիներից:
Երկու ուժ կա աշխարհում՝ չար ու բարի: Աստված բարիներին հաղթություն է տալիս: Պետք է գիտակցաբար ապաշխարենք, մեղա՛ գանք ու մաքրվենք մեր չար գործերից:
Հիսուսը քարոզում էր` ապաշխարեցեք, քանի որ Աստծո թագավորությունը մոտեցել է: Հիսուսի երկրորդ գալուստն էլ շատ մոտ է:
-Ի՞նչ ասել է ապաշխարություն:
-Կյանքի փոփոխություն: Հին մարդն իր գործերով սպանել, այսինքն` չար գործերից դեպի արդարն ու մաքուրը դառնալ, խավարից դեպի լույս: Պահեցե՛ք Քրիստոսի խոսքը. և մարդիկ կտեսնեն, որ սրբություն կա մեջդ, ու Աստծուն կփառավորեն:
Կուզեմ, որ ժողովրդիս հոգևորականներն ու հավատացյալներն իրենց կոչումին հավատարիմ մնան: Քրիստոսը մեզ Իր արյունով գնեց: Աստծուն ու իրար սիրենք: Ա՛յս է: Ամեն ինչ սրա մեջ է:
-Ներող եղեք, հայր սուրբ, հոգնեցրի Ձեզ հարցերով:
-Աստված Ձեզ օրհնի:
-Ամե՛ն:

Զրույցը`
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
1990 թ.

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ