Ընտանիքն առնչվող լուրերն անպատասխան չթողնող Փաշինյանն այսօր լռեց

Ընտանիքն առնչվող լուրերն անպատասխան չթողնող Փաշինյանն այսօր լռեց
16.05.2020 | 17:54

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու հերթական 100 փաստն այս անգամ մյուսներից առանձնացավ մի հետաքրքիր դրվագով։ Հարցերը նա նախապես գիտեր, պատրաստվել էր, խուսափեց հաթաթաներ տալուց, ավելի հանգիստ էր։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ ասելիքը խոցելի չէր։ Այն, ինչ ասաց նա, այլևս չենք կարող մտածել, թե էմոցիայի տակ կամ հանպատրաստի ասված խոսք է։ Նա արցախյան հակամարտության շուրջ խոսելուց կիրառեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ», ոչ թե Արցախի իշխանություն։ Սա սայթաքում չէ, սա արդեն մտածողություն է ու վերաբերմունք։ Նա դատաիրավական համակարգի բարեփոխումներից(սկզբում ուղղված հարցերից մեկի ժամանակ) սկսած ողջ ասուլիսում մի ինքնատիպ օրինակ էր գտել։ Էլի ուտելու ու էլի խորովածի մասին։ Խորովածը չպիտի թեժ կրակին խորովել ու վառել, պիտի «դանդաղ» խորովել, որ մեջը եփվի։ Ու այս համեմատությունը կարմիր գծի պես անցնում էր 5 ժամից ավելի տևող ասուլիսում։
Թվում էր, թե ասուլիսում կհնչի Փաշինյանին ուղղված վերջին օրերի բավական ծանր մեղադրանքների պատասխանը։ Սակայն այս առումով առավել քան քչախոս էր վարչապետը։ Տարբեր ձևակերպմամբ լրատվամիջոցներից ստացած այս հարցը մնաց օդում, Փաշինյանը դրանք թողեց իրավապահներին՝ հայտարարելով, թե գործ է հարուցված ու պիտի հետևել դրանց։ Բավական անհաջող շրջանցում էր։ Այն մարդը, որն նախկինում հավաստիացնում էր, որ իր ընտանիքին վերաբերվող որևէ լուր չի մնալու անպատասխան, այսօր ասում է, թե իրավապահները կտան դրա պատասխանը։ Իսկ նրանից ընդամենը պահանջվում էր, ասել, օրինակ, իր գիտությամբ ու հրհանգո՞վ է Արթուր Վանեցյանը հանդիպել Միքայել Մինասյանին։ Էլ չենք խոսում մաքսանենգ ծխախոտի ու ադամանդների մասին։ Բայց նա լռեց ու քողարկեց ամեն ինչ՝ հանրության շրջանում կասկածներն ավելի խորացնելով։


Ի դեպ, այս ասուլիսը հետաքրքիր էր նաև այն պատճառով, որ Փաշինյանը մոռացել էր իր նախկին ելույթները, որակումները։ Չհիշեց, որ պատերին ծեփելու ու կորոնավիրուսը պինցետով հանելու ու օղիով դիզինֆեկցիա անելու «փառահեղ» մտքերի հեղինակն ինքն է։ Ամնեզիան վատ հիվանդություն է, Փաշինյանը գոնե հիշու՞մ է, թե ինչ հրահանգ է տվել երեկ իր ենթականներին։ Ի դեպ, գուցե սա լավ տարբերակ է նաև հետագայում հայտարարելու, թե Արթուր Վանեցյանին նա ոչ մի հրահանգ չի տվել, ո՞վ է ասել, որ նման բան է եղել, ի՞նչ հրահանգ, ի՞նչ սիմվոլիկ գումար ու հիմնադրամի փոխանցում։
Իսկ ինչ վերաբերում է 100 փաստին, դրանք այնքան խղճուկ էին, որ անգամ ընձառյուծի «հայտնաբերումն» ու Աննա Հակոբյանին տուգանելն էին ձեռքբերում դիտարկվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ