Բենի Գանցը պատրաստ է լինել Նետանյահուի կառավարության անդամ

Բենի Գանցը պատրաստ է լինել Նետանյահուի կառավարության անդամ
28.03.2020 | 12:20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի քաղաքական գլխավոր ընդդիմախոս, «Կախոլ-Լավան» ձախ կենտրոնամետ ալյանսի ղեկավար Բենի Գանցը, թերևս, կհամաձայնի լինել «Լիկուդի» կազմած ազգային միասնության կառավարության անդամ: Հինգշաբթի շատերի համար անսպասելի Բենի Գանցն ընտրվեց Կնեսետի նախագահ: Փորձագետների խոսքով՝ դա վկայում է, որ Գանցն ու Նետանյահուն բանակցում են: Եթե ամեն ինչ տեղի ունենա նման իրավիճակներում նախատեսված սցենարով, Գանցի ու Նետանյահուի միջև կսահմանվի ռոտացիա: Իսրայելի ԶԼՄ-ները հաղորդում են, որ կարծես թե Կնեսետի նախագահի աթոռին Գանցը երկար չի մնա, մինչև այն պահը, երբ կնշանակվի ԱԳ նախարար Նետանյահուի կառավարությունում, իսկ 2021-ի սեպտեմբերին ինքը կդառնա վարչապետ: Կառավարության ձևավորման բանակցությունները դեռ չեն ավարտվել: Նախկինում Գանցը կտրականապես հրաժարվում էր Նետանյահուի հետ կոալիցիա կազմել, ում մեղադրում են կոռուպցիայի և իրավասությունների գերազանցման մեջ: Դատավարությունը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Բենի Գանցի որոշումը փոխելը հանգեցրեց նրան, որ «Կախոլ-Լավանի» մի քանի հայտնի քաղաքական գործիչներ ցուցադրաբար հեռացան Կնեսետի նիստերի դահլիճից՝ նրա ընտրությունից հետո և մտադիր են դուրս գալ ալյանսից: «Մենք ստեղծել ենք կենտրոնի կուսակցություն, օրինավոր, իրական արժեքների վրա հիմնված: Ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ Իսրայելը ունի դրա կարիքը՝ ինչպես թթվածնի: Մենք փոփոխություններ էինք ուզում, ուզում էինք հույս բերել, նոր ճանապարհ ցույց տալ: Բենի Գանցը այսօր վճռել է կործանել «Կախոլ-Լավանը», որպեսզի սողոսկի Նետանյահուի կառավարություն: Բենի Գանցը հանձնվեց առանց մարտի: Միացավ էքստրեմիստների ու օրթոդոքսների դաշինքին»՝ ասել է Գանցի նախկին զինակիցներից Յաիր Լապիդը: «Սա սև օր է մեզ համար»՝ ասել է ձախ Մերեց կուսակցության նախագահ Նիցան Գորովիցը, որ Գանցին վարչապետ էր տեսնում: Ինչու՞ Բենի Գանցը վճռեց զիջել: Քաղաքական ճգնաժամը, որ ծագել է Իսրայելի երկու ամենամեծ քաղաքական ուժերի պայմանավորվել չկարողանալու պատճառով, երկիրը փակուղի է մտցրել: Մեկ տարում համապետական 3 ընտրությունները Իսրայելի բյուջեին հարյուր միլիոնավոր դոլարներ արժեցան: Երկիրը փաստացի ամբողջ տարին ապրել է առանց նորմալ գործող խորհրդարանի, նոր օրենքների ու բարեփոխումների:

Քաղաքագետների խոսքով՝ պետական բյուջեն զրոյի վրա է, իսկ հիմա, կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով լրացուցիչ ծախսեր են պահանջվում: Չորրորդ ընտրությունների հեռանկարը ռեալ սպառնալիք է երկրի համար: «Արտառոց ժամանակներ են, որ պահանջում են անսովոր որոշումներ: Այդ պատճառով ես մտադիր եմ դիտարկել ցանկացած հնարավորություն և ամեն կերպ առաջ մղել ազգային միասնության արտակարգ կառավարության արագ ձևավորումը»՝ հինգշաբթի հայտարարել է Բենի Գանցը: Սակայն նախկին կողմնակիցները հակված չեն հավատալ Գանցին, նրանց կարծիքով՝ իր դերն է խաղացել բացառապես քաղաքական ամբիցիաները բավարարելու և վարչապետի աթոռին նստելու ցանկությունը: Մարտի սկզբին վերջին ընտրություններում Նետանյահուի «Լիկուդ» կուսակցությունը Գանցի ալյանսից առաջ անցավ նվազագույն տարբերությամբ, բայց այդ արդյունքը բավարար չէր խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար: 2019-ի սեպտեմբերին Գանցի «Կախոլ-Լավանն» էր մեծամասնություն ստացել, նա նույնպես չկարողացավ կոալիցիա ձևավորել: Իսրայելի Կնեսետում կա 120 պատգամավոր, մեծամասնության կամ կոալիցայի համար պետք է 61 մանդատ:
BBC


Հ.Գ. Երբ չորեքշաբթի հրաժարական տվեց Կնեսետի նախագահ, Բենյամին Նետանյահուի զինակից Յուլի Էդելշտեյնը, ոչ ոք չէր ենթադրում իրադարձությունների այս զարգացում: Նա հրաժարականը պատճառաբանեց Գլխավոր դատախազության որոշումով: Էդելշտեյնը գտնում էր, որ Կնեսետը, ինչպես Իսրայելի ժողովուրդը, պետք է լինի, կորոնավիրուսի պատճառով, արտակարգ իրավիճակում և չաշխատի: Կնեսետի չաշխատելը լրացուցիչ ժամանակ էր Բենյամին Նետանյահուի համար՝ կառավարության ձևավորումը երկարացնելու, բայց, փաստորեն, պայմանավորվածությունը կայացել էր: Դեռ հինգշաբթի պատգամավորները կարծում էին, որ «Կախոլ-Լավանը» պատրաստվում է օրինագիծ անցկացնել Կնեսետում, որը քրեական հանցանքներում կասկածյալ Բենյամին Նետանյահուին թույլ չի տա նոր կառավարություն ձևավորել: Սպասվում էր նաև, որ «Կախոլ-Լավանը» Կնեսետի նախագահի թեկնածու կառաջադրի Մեիր Կոենին: Ի զարմանս բոլորի՝ Բենի Գանցն առաջադրեց իր թեկնածությունը: Կա ենթադրություն, որ «Լիկուդը» սպառնացել է միասնության կառավարության ձևավորման բանակցություններն ավարտել, եթե Կնեսետը գլխավորի Մեիր Կոենը: Գանցին 120 պատգամավորներից կողմ է քվեարկել 74-ը, դեմ՝ 17-ը, ձեռնպահ՝ 29: Կողմ քվեարկածներից են «Լիկուդի» ու կրոնական կուսակցությունների պատգամավորներ, որ դեռ վերջերս Բենի Գանցին մեղադրում էին Միացյալ արաբական ցուցակի կուսակցությունների հետ համագործակցության համար:


Եթե իսկապես Իսրայելը խուսափի խորհրդարանական չորրորդ ընտրություններից և վերջապես հաջողվի ազգային միասնության կառավարություն ձևավորել, ու այդ կառավարությունը կարողանա աշխատել, ոչ թե 1-2 շաբաթում պառակտվի ու խորհրդարանը նորից ցրվի, կորոնավիրուսը կլինի քաղաքական գործոն: Փաստացի՝ հրեաները կարողանում են նույնիսկ չարիքից օգուտ քաղել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ