«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում

«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում
06.12.2019 | 20:14

Դեկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով, որը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ՝ «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. «Ընտանիքի տարի» հռչակելու շրջանակներում:


Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը. «Գիտաժողովի սիրելի՛ մասնակիցներ, Հոգու բերկրանքով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին և այսօր մատենադարանի կամարների ներքո համախմբվել եք այս գիտաժողովին՝ նվիրված «Էջմիածին» ամսագրի 75-ամյակին: Ուրախ ենք, որ 2019-ը «Ընտանիքի տարի» հռչակված լինելու առիթով գիտաժողովը կարևորելու է «Էջմիածին» ամսագրում և Մայր Աթոռի հրատարակություններում հայրենիքի և ընտանիքի գաղափարների արծարծումը: Արդարև, ազգը ամուր է ընտանիքով, և հայրենիքն ու պետությունը ամուր են ընտանիքներում խնամված արժեքներով ու սնուցված ոգով: Աստվածամերժ տարիներին ընտանիքներում պահպանված քրիստոնեական ավանդներով մեր ժողովուրդը չհեռացավ իր Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ միշտ անսալով իր հավատքի դարավոր օրրանի հոգեխնամ ձայնին և օրհնաբեր ներկայությանը իր կյանքի բոլոր բնագավառներում:


«Արարատ» ամսագրի ընդհատված լուսավորչական առաքելության շարունակողը և Հայ Եկեղեցու վերազարթոնքի բարելուր խորհրդանիշը դարձավ «Էջմիածին» ամսագիրը: Երկրորդ աշխարհամարտի ծանր տարիներին երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով վերահաստատված Մայր Աթոռի պարբերականը՝ հակառակ արգելքներին ու հետապնդումներին, համարձակ խոսեց իր հավատավոր զավակների հետ, նրանց ճամփելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենարար հավատքի լույսը, որը փոխանցել են մեր սուրբ հայրերը: Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր խոսքը, գիտական միտքը շարունակեցին պտղաբերել նվիրյալ ու լուսամիտ եկեղեցականաց շնորհիվ, որոնք Աստծու բարերար կամոք այդ բարդ ժամանակներում կարգվել էին հովվելու Տիրոջ հոտը:


Եկեղեցականների և մտավորականների հոգևոր, բարոյախրատական քարոզների, աստվածաբանական, հայագիտական, արժեքավոր ուսումնասիրությունների շնորհիվ անխաթար մնաց մեր ժողովրդի կապն ու հաղորդակցությունը նախնյաց սրբազան ժառանգության հետ: Ինքնաճանաչման ու շարունակ հոգևոր նորոգության ու զարգացման այս ուղիով մեր ժողովուրդը պիտի մնա հզոր մշակույթ և հոգևոր ուրույն դիմագիծ ունեցող ազգերի շարքում՝ միշտ հավատարիմ իր հավատքին ու սրբություններին, Արարատահայաց իր հայրենիքին, իր ինքնությանն ու արժեքներին:


Հայրենիքի խաղաղ կյանքն ու առաջընթացը և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբումը հայրենիքի շուրջ մշտապես եղել և մնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության կարևոր հանձնառություններից: Այդ առաքելությունից անմասն չեն մնացել Մայր Աթոռի պաշտոնական ամսագիրն ու մնացյալ հրատարակությունները:
Սուրբ Էջմիածնի ինչպես պարբերական, այնպես և ոչ պարբերական հրատարակություններում չեն պակասել հայրենաճանաչությանը, մայր հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի, ազգային ինքնության ձևավորմանը վերաբերող նյութերը: Այդ ոգով «Էջմիածին» ամսագիրը իր նպաստն է բերել մայր հայրենիքում և սփյուռքում ազգային դիմագիծ ու գիտակցություն ունեցող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի բնորոշմամբ՝ ամսագիրը այն միջոցն էր, որը պետք է համախմբեր սփյուռքի բոլոր հայերին իրենց սրբազան հայրենիքի ու Մայր Աթոռի շուրջ:


Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հայրենիքի և ընտանիքի ազգային մեր ընկալմանն առնչվող արժեքները տարատեսակ մտայնությունների և ազատական գաղափարախոսությունների պատճառով ենթարկվում են մշտական հարձակումների ու հարվածների: Եկեղեցին, որպես հոգևոր անառիկ բերդ և ազգային միասնության ու ամրության անխախտ պատվար, պիտի շարունակի իր ջանքերը այդ արժեքների անխաթար ու հարատև պահպանման և, եթե հարկ է, նաև՝ առողջացման համար: «Էջմիածին» ամսագրի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը և նման նախաձեռնությունները նույնպես կոչված են ծառայելու հոգևոր և ազգային մեր դարավոր ժառանգության պահպանման ու զարգացման և սերնդեսերունդ փոխանցման բարձր նպատակին», - ասաց Վեհափառ Հայրապետը:


Նորին Սրբությունը, ջերմորեն շնորհավորելով Հրատարակչական բաժնի տնօրենին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրին և ողջ խմբագրակազմին պարբերականի համար պատկառելի այս տարիքի առիթով, իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերեց Մայր Աթոռի հրատարակչական աշխատանքներում ներգրավված նախկին և ներկա բոլոր աշխատակիցներին, աղոթքով հիշեց նաև բազմամյա այս ծառայության ընթացքում նվիրումով և սիրով ամսագրի անխափան լույս ընծայման պատասխանատվությունը ստանձնած բոլոր երախտարժան խմբագիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բարձրյալի օրհնությունը հայցեց գիտաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին` գիտաժողովի աշխատանքներին մաղթելով արդյունավոր ու բարի ընթացք:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao