Ճգնաժամային ղեկավարների անեծքը

Ճգնաժամային ղեկավարների անեծքը
29.05.2020 | 09:36

Թերևս ճակատագրական անխուսափելիություն է՝ մեծ ճգնաժամերի՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, իշխանափոխությունից, հիմա նաև գլոբալ պանդեմիայից հետո, իշխանություն ունեցողներին, պետությունների նախագահներին ու վարչապետերին մերժում են այն ժողովուրդները, որոնց նրանք գլխավորել են դժվարությունների ժամանակ: Դա վերաբերում է նրանց, որ ձախողվել են, ու նրանց, որ դիմադրել են ծանր փորձություններին, նրանց, որ պարտվել են ու նրանց, որ հաղթել են, նրանց, որ իրենց հերոսաբար են պահել ու նրանց, որ չեն կատարել իրենց պարտքը: Նապոլեոնը պարտվեց հոյակապ կազմակերպված պաշտպանական մարտերից հետո, երկու անգամ ստիպված էր գահից հրաժարվել: Նապոլեոն 3-րդը շռնդալից ջախջախվեց 1870-ին ու արտաքսվեց: Վիլհելմ 2-րդը 1914-ին պատերազմ հայտարարեց ու պարտվելով՝ ստիպված էր գահից հրաժարվել: Իրադարձությունների այդ հորձանուտում տարբեր ժամանակներում հայտնվել են Ռուսաստանի ցարերն ու Ավստրո-Հունգարիայի կայսրերը՝ գրում է Ալեն Դյումելը Liberation-ում:


Եղուկ պարտվածներին, բայց եղուկ և հաղթողներին: Հատկապես Ֆրանսիայում: Գեներալ Շառլ դե Գոլը, որ Ֆրանսիայի մարամնավորումն էր, 1946-ի հունվարին գերադասեց հրաժարականը տեղում դոփելուց: Հինգերորդ Հանրապետության լավագույն վարչապետին՝ Ժորժ Պոմպիդուին, անակնկալ փոխարինեց Մորիս Կուվ դե Մյուրվիլը,, որովհետև 1968-ին ավելի լավ էր տիրապետում իրավիճակին, քան ծերացող գեներալ դե Գոլը: Ֆրանսիայի ճգնաժամի ժամանակ գլխավոր մա՞րդն էր, ուրեմն արժանացավ անշնորհակալ վերաբերմունքի: Այդպես է ոչ միայն Ֆրանսիայում: Ուինստոն Չերչիլը, բոլորից ընդունված, երկրորդ աշխարհամարտի մեծագույն մարդը, հաղթանակից հետո ընտրություններում պարտվեց մայոր Էտլիին, կարծես մարդիկ գերմարդկային ջանքերից հետո ձգտում էին վերադառնալ առօրյայի հուսալի ձանձրույթին: Թուլացող տնտեսությունը իր խիստ քայլերով վերածնած Մարգարետ Թետերին իշխանազրկեց սեփական կուսակցությունը: Նա պետք էր ճգնաժամի ժամանակ, հետո սկսել էր բոլորին խանգարել: Գերմանիայում Գերհարդ Շրյոդերին, որ քաջություն ունեցավ ոչ պոպուլյար, բայց փրկիչ բարեփոխումների, լքեցին ընտրողները, որոնց հանել էր ճգնաժամից: Բարեփոխիչ Միխայիլ Գորբաչովը, որ հուղարկավորեց ափսոսանքի քիչ տեղ թողած ԽՍՀՄ-ին ու սոցիալ-դեմոկրատիայի երազանքները իր երկրում, հիմա մերժված է, ցեխին խառնված ու բացարձակ դավաճան է համարվում: Լեհաստանի ազատագրման հերոս Լեխ Վալենսան ի վերջո նույնպես մերժվեց: Ճգնաժամերը կուլ են տալիս իրենց խաղացողներին՝ թե փրկիչներին, թե գերեզմանափորերին:


Այս ամենը ակնհայտորեն լավ ոչինչ չի խոստանում նրանց, որ այսօր իշխանություն են՝ Ֆրանսիայում ու ամենուր: Կորոնաճգնաժամը նախադեպ չունի արդիականության մեջ: «Իսպանական գրիպը», իհարկե ավելի կատաղի ու մահացու էր, բայց այն ժամանակ համաճարակին նայում էին իբրև ճակատագիր՝ ինչպես տարերային աղետի տեսակ, որ փլուզվում է մարդկանց վրա, և ոչ ոք չէր ձգտում մեղավորներ ու պատասխանատուներ որոնել: «Իսպանկան» շատ ավելի համեստ տեղ ուներ մամուլում ու հրապարակային կյանքում: Այսօր հակառակն է: Ամենուր, համենայն դեպս՝ ժողովրդավարական երկրներում, կորոնաճգնաժամը փոթորկում է ԶԼՄ-ներում ու գերակայում քաղաքական դեբատներում: Եվ դա միայն սկիզբն է: Երբ պանդեմիան խաղաղվի, փոթորկելու է նրա հարուցած տնտեսական ու սոցիալական ճգնաժամը: Եվ նույնպես լինելու է ատիպիկ: Սկզբունքները, կանոնները ու տնտեսական ստանդարտները անակնկալ ցույց են տալու խնդիրներ լուծելու իրենց անկարողությունը: Հանկարծ՝ որոշ ժամանակ առաջ անհավանական համամասնությունների է հասնում սոցիալական համերաշխությունը, ծնծղաների տակ վերադառնում է դիրիժիզմն ու պետության պաշտամունքը: Բոլորը սպասում են գործազրկության կտրուկ աճի ու սնանկությունների հարահոսի: Մենք փոխում ենք տիեզերքը: Մենք գիտենք՝ ինչից ենք հեռանում, բայց չգիտենք՝ ուր ենք գնում: «Ինչ գին էլ ունենան» հոմերական մասշտաբներ է ստանում, իսկ վերաիմաստավորումը բացում է անհայտ հեռանկարների ճանապարհը: Եթե ճգնաժամային ռազմավարությունը ձախողվի, հնչելու է պոպուլիստների ժամը: Եթե հաջողության հասնի, մեծագույն անակնկալ կլինի, երբ հաղթողը նաև բենեֆիս է ստանում:
Ալեն Դյուամել, Libération


Հ.Գ. Ինչու՞ ոչ: Գին ունի ոչ միայն պարտությունը, այլև՝ հաղթանակը: Մարդիկ կայուն ու հաստատուն չեն իրենց նախընտրություններում: Երբ Նապոլեոնը դուրս էր եկել Էլբայից, նա դեռ դավաճան էր, երբ անցավ Ժուանի նեղուցը ու մոտեցավ Փարիզին, արդեն հրաշափառ ու սպասված կայսր էր, որը չխանգարեց 100 օր հետո նրան իշխանազրկելուն: Գալիպոլիի պարտությունը Չերչիլին ներվեց, Հիտլերին հաղթելը՝ ոչ: Երբ ռուսները առաջին աշխարհամարտում սկսել էին հաղթել, բոլշևիկները սեփական պետության պարտության կոչ արեցին, հետո Իպատևյան անտառում գնդակահարեցին Նիկոլայ երկրորդին՝ ընտանիքի ու անգամ դայակների ու բժշկի հետ: Իսկ նրա գնդակահարության հրամանը տված Լենինը մինչև օրս գերեզմանի չի արժանացել: Ռուսաստանում այսօր նույնքան դավաճան է առաջին նախագահ Ելցինը, որքան ԽՍՀՄ-ի միակ նախագահ Գորբաչովը:


Կորոնավիրուսի առողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո գալու է տնտեսական ու քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պահը, ամբողջ աշխարհում բազում պաշտոնանկություններ և հրաժարականներ են լինելու, եթե ոչ առաջին դեմքների, ապա՝ անմիջական պատասխանատուների: Հենց առաջին ընտրություններում կորոնաճգնաժամը վերապրածները փակելու են հաշիվները իրենց նախկին սիրելիների հետ ու գտնելու են նորերին, որ ոչնչով ավելին չեն: Պարզապես եկել է իրենց աստեղային ժամը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ