ReAnimania 2019
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը

Նիկոլ Փաշինյան. ՀՀ տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը
09.10.2019 | 13:57

Այս կարգի քննարկումները շատ կարևոր եմ համարում մտագրոհի տեսակետից, որովհետև այս քննարկումներն ու բանավեճը ավելի մեծ էներգիա են տալիս տնտեսական զարգացման և ընդհանրապես պետության զարգացման մասին մեր մտածումներին՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրային տրամադրությունները, հանրային սպասումներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունները, և այս քննարկումները մեզ համար կարևոր են այդ տրամադրությունների ստեղծման համար: ՀՀ տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման հիմքում մենք տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները»,- ասաց նա: Վարչապետի կարծիքով՝ 2019-ը և ընթացիկ տնտեսական իրավիճակը և ցուցանիշները գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, որը էլի նույնն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար:


«Ես կարծում եմ, որ Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունը ամրապնդելը: Իհարկե, կան բազմաթիվ կանոնակարգումների, կարգավորումների հարցեր, պարզեցումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ամրապնդելու, տնտեսական գործունեության մեջ ներգրավված սուբյեկտների, անձանց համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականները, որոնք մեզ համար առաջնահերթություն են, գաղափարական նշանակություն ունեն, և նաև նման քննարկումներում մենք պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որ լինենք առավել ճշգրիտ և արդյունավետ»,- շեշտեց նա:


Վարչապետն ընդգծեց, որ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» գիրքը կարդացել է ամբողջությամբ դեռ հունիս-հուլիսին, և քննարկումներն այսքան ուշացել են զուտ տեխնիկական պատճառներով:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao