«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում

Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում
17.07.2018 | 00:06

Ինչու՞ է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը ամենաաններելի մեղքը: Ո՞վ է Սուրբ Հոգին:
Սկսենք սկզբից, իսկ սկզբում. «Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1.2):


Աստված Իր Խոսքով ստեղծեց և Իր Հոգով շնորհազարդեց տիեզերքը` օժտելով բանական գեղեցկությամբ: Հին ուխտի մարգարեներից Զաքարիան ասում է. «Սա Տիրոջ խոսքն է՝ ասված ոչ թե մեծ զորությամբ և ուժգնությամբ, այլ իմ Հոգո՛վ,- ասում է ամենակալ Տերը» (Զաքարիա. 4.6): Սա ուղղակի վկայություն է «Եհովայի վկաների» այն զառանցանքի դեմ, թե իբր Սուրբ Հոգին ոչ թե աստված է, այլ սոսկ աստվածային զորություն:
Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Նրա վրա պիտի իջնի Աստծո Հոգին, իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի ու զորության Հոգին, գիտության և աստվածպաշտության Հոգին. Աստծո երկյուղի Հոգին պիտի լցնի նրան» (Եսայի.11.2): Սա վերաբերում է Նոր կտակարանի` Մատթեոս 3.16-ին. «Նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա»:


Սուրբ Հոգու մեկ այլ պատմություն է Հոգեգալուստը, երբ Սուրբ Հոգին հրե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա (Գործք առ.1.1-4): Պետրոս առաքյալը, խոսելով Հոգեգալստյան մասին, բացահայտում է մի բան, որ առաջին հայացքից այնքան էլ ակնհայտ չէ. Սուրբ Հոգին ներկա է Սուրբ գրքի յուրաքանչյուր դրվագում և մարդկության պատմության յուրաքանչյուր հանգրվանում. «Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ Նրա փառքի մասին: Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մե՛զ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց Երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել» (Ա Պետրոս 1. 11-12): Իսկ դա հնարավոր եղավ Հիսուս Քրիստոսի խոստման շնորհիվ. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք. 1. 8): Հետևապես մենք Քրիստոսի` ճշմարտության վկաներն ենք և ո՛չ մտացածին ինչ- որ անվան, որի հետևում չգիտես թե ով է ծպտված:


Տերը նաև խոստացավ, որ ճշմարտության Հոգին մեզ մոտ պիտի բնակվի և մեր մեջ պիտի լինի, ամեն բան կուսուցանի, կհիշեցնի Հիսուսի խոսքերը, ճշմարտության Հոգին կվկայի Նրա մասին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի, գալիք բաների մասին կպատմի, ինչպես օրինակ. «.... և Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա» (Ա Տիմոթեոս.4;1), նա Հիսուսին պիտի փառավորի (Հովհ. 14.17, 26.15, 26-27, 16.13,14), ինչպես կարող է մեկն ընդունել Սուրբ Հոգուն, եթե մտադիր չէ Տիրոջը փառավորել, քանզի «եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում», և «ոչ ոք, ով Աստծո Հոգով է խոսում, չի ասի, թե` նզովյալ է Հիսուս, և ոչ ոք չի կարող ասել` Հիսուս Տեր է, եթե ոչ Սուրբ Հոգով» (Հռոմ. 8. 9, Ա Կորնթ. 12. 3):


Ինչևէ Պողոս առաքյալը քրիստոնյաներին վստահեցնում է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3.16): Իսկ ինչու՞ «Եհովայի վկաները» չի ընդունում Սուրբ Հոգուն, «քանզի ոչ հոգևոր մարդը Աստծո Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար. և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք» (Ա Կորնթ. 2.14), այսինքն, նրանք ընդհանրապես չեն ընդունում «հոգի» գաղափարը, այնինչ Տերը ասում է. «Հոգին է կենդանարար. մարմինը, որ ոչ մի բան չի կարող անել: Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, Հոգի է և կյանք» (Հովհ. 6. 6 4), նրանք հեռու են հոգուց, հոգևորից և կյանքից, քանզի Սուրբ Հոգին կենդանի ջրի աղբյուր է. «եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ.7.3)։


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ

որ իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am